Ե՞րբ 44-օրեային առնչուող բոլոր հարցերին վերջակէտ կը դրուի

Փետրուարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ զինուած ուժերում կադրային նոր նշանակումներ եղան, եւ տեւական ժամանակ յետոյ վերջապէս ունեցանք ՀՀ ԶՈւ օպերատիւ գլխաւոր վարչութեան պետ:

Իսկ իշխանութեան ներկայացուցիչները մէկ շաբաթ է՝ այս նշանակումները քարոզչական նպատակների են ծառայեցնում, մամուլում էլ հրապարակումներ են լինում, թէ դրանք «ՆԱՏՕ»-ական նշանակումներ են, ինչը պրոֆեսիոնալ չէ: Անկախ նշանակուածների փորձառութիւնից, կենսագրութիւնից, թերեւս, ճիշդ չէ յստակ պնդումներ անելը եւ գնահատականներ տալը, երբ մարդիկ դեռ նոր են նշանակուել:

Բանակին առնչուող այս եւ այլ հարցերի շուրջ 168.ամ-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկեանի հետ:

– Միայն այն փաստը, որ ամիսներ շարունակ թափուր մնալուց յետոյ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիւ գլխաւոր վարչութեան պետ նշանակելու փաստը Անդրանիկ Քոչարեանը համարում է մեծ երեւոյթ, ու ինձ է յիշեցնում, որ պարբերաբար խօսել եմ այդ մասին, արդէն տխրեցնող է։

«Լաւ է ուշ, քան երբեք» սկզբունքը Զինուած ուժերի կադրային նշանակումների ոլորտում որեւէ արդարացում չունի։ Անգամ բնականոն պաշտօնէական առաջխաղացումը, կադրային համալրումը իշխանութիւնները փորձում են շոուի էլեմենտներով լրացնել, ներկայացնում աշխարհացունց երեւույթ։ Մոռանում են, սակայն, որ բազմաթիվ փորձառու, տաղանդաւոր սպաներ, բարձրաստիճան զինուորականներ քաղաքական նպատակներով հեռացուել են բանակից։

Նոր նշանակումները, որքան էլ արժանաւորների մասին խօսենք, չի կարող համարուել եղած բոլոր հիմնախնդիրների լուծում եւ փրկութիւն։ Դեռ չլուծուած բազում հիմնական հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք միտումնաւոր աչքաթող են արւում։ Իսկ նշանակումները ներկայացնել իբրեւ բարեփոխումներ, այն էլ՝ ՆԱՏՕ-ական (աւելի յիմար գնահատում դժուար է պատկերացնել), հիմնազուրկ է եւ անտեղի։

– ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը, իշխանական այլ պատգամաւորներ նեղսրտում են, որ առաջնագծում կամ երկրորդ գծում ամրաշինական, ինժեներական աշխատանքների մասին իմանալով, դրանք տեսնելով, լաւի մասին չէք խօսում, բայց բացթողումների մասին խօսում էք: Նախկինո՞ւմ էլ է Գեղամ Մանուկեանն այսքան ակտիւ եղել բանակի խնդիրների բարձրաձայնման առումով:

– Քոչարեանի խնդիրն է բարձրաձայնումներս տեսնելը կամ լսելը։ Չի եղել որեւէ օր, որ այդ խնդիրների մասին չխօսեմ։ Աւելին, Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգութեան ծնող պատճառների մասին ինչպէս փակ, այնպէս էլ բաց ռեժիմով Ազգային ժողովի ամբիոնից խօսել եմ, նոյն Փաշինեանի կամ Պապիկեանի ներկայութեամբ։

– 2021 թ. Փետրուարի 25-ին ՀՀ զինուած ուժերը պահանջեցին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Այդ ժամանակ հասարակութիւնը եւ ընդդիմութիւնը յոյսեր էին կապում ԶՈւ ղեկավարութեան հետ, բայց յետոյ եղաւ այն, ինչ եղաւ: Երբ յետադարձ հայեացք էք նետում, ի՞նչ արձանագրում էք անում, փոխուե՞լ են ձեր պահանջներն ու սպասելիքները:

– Սա համապարփակ եւ շատ աւելի տարողունակ պատասխան ենթադրող նիւթ է։ Մէկ բան, սակայն, կ’ուզեմ շեշտել՝ զինուորականներն իրաւունք ունէին ու պէտք է իրենց անհանգստութիւններն այդ կերպ արտայայտէին։ Ընդհանրապէս մեր երկրում բանակը պէտք է շատ աւելի նախանձախնդիր եւ ակտիւ հանդէս գար ու գայ երկրի կարեւորագոյն հարցերի շուրջ։

– 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ յանձնաժողովի նիստերին ընդդիմութիւնը չմասնակցելու քաղաքական որոշում կայացրեց: Մի առիթով մեզ ասել էիք, որ «Քննիչ յանձնաժողովի ողջ նիւթերի պահպանման համար ԱԺ աշխատակազմում կայ յատուկ բաժին, սակայն Անդրանիկ Քոչարեանը որոշել է այն դարձնել անձնական սեփականութիւն»: Հարցաքննութիւնների արձանագրութիւններին հասցրեցի՞ք ծանօթանալ, յատկապէս ԳՇ նախկին պետի եւ Դաւիթ Տոնոյեանի փակ հանդիպման արդիւնքներին:

– Քննիչ յանձնաժողովի գործունէութեան աննորմալութիւններից մէկը՝ եղած կանոնակարգերի եւ օրէնսդրական պահանջների ոտնահարումն է։ Աննախադէպ երեւոյթ է Ազգային ժողովի պատմութեան մէջ, երբ գաղտնիութեան ռեժիմ ունեցող փաստաթղթերը պահւում են ոչ թէ համապատասխան ստորաբաժանման մօտ, այլ այն Քննիչ յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը որոշել է դարձնել անձնական սեփականութիւն։ Որպէս յանձնաժողովի անդամ, մենք իրաւունք ունէինք այդ փաստաթղթերին ծանօթանալ, սակայն անօրէն հանձնաժողովի նախագահը թաքուն է պահում դրանք։

– Ամենայն հաւանականութեամբ, 44-օրեայ պատերազմին առնչուող զեկոյցը հետագայում լրիւ փակ կը լինի: Այս դէպքում չպէ՞տք է ռազմական նախկին ղեկավարութիւնը հանրութեան համար որոշակի հաշուետուութիւն ներկայացնի:

– Կարծում եմ, որ հնարաւոր չի լինի բաց եւ համապարփակ նման զեկոյց պատրաստել եւ հրապարակել։ Մօտեցումս այլ է՝ հարկ է բարձրագոյն սպայական կազմի շրջանում, անխտիր բոլորի մասնակցութեամբ փակ դռների ետեւում մեծ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ-ԶԻՆԱԺՈՂՈՎ։ Օտար աչքերից հեռու, առանց տեսախցիկների, քարոզչութեան, շահադիտութեան լաւ իմաստով հաշիւների մաքրում իրար միջեւ: Դա նման կը լինի ցարական Ռուսաստանի սպայական ժողովի գաղափարին, բայց աւելի լայն, բարձր մակարդակով։ Զինաժողովով հնարաւոր կը լինի աւարտին հասցնել պատերազմական գործողութիւնների ժամանակ վիճայարոյց, տարբեր գործողութիւնների շուրջ եղած ասեկոսեներին, քաղաքական կամ մարդկային շահարկումներին։ Վերջակէտ դնելով բոլոր այդ հարցերին, ի վերջոյ, հնարաւորութիւն կը լինի անցնել լիարժէք գործողութեան։ Հիմա վիճակն այլ է՝ ամէն մէկի գլխին կախուած են մնում բազում քրէական գործեր կամ քննութիւններ, արդիւնքում՝ աւելի շատ մտածում են դրանց մասին, քան՝ ծառայութեան։

– Անդրանիկ Քոչարեանը վերջերս յաճախ ասում է, որ սպառազինութեան մասով արձանագրումներ են լինելու զեկոյցում՝ անորակ հրթիռներից մինչեւ անարդիւնաւէտ գնումներ:

– Չեմ էլ ցանկանայ անդրադառնալ քննիչ յանձնաժողովի աշխատանքներին, քանի որ այն ամբողջապէս քաղաքականացուած, փաշինեանական կառավարումն արդարացնող փաստաթուղթ է լինելու։

– Ի դէպ, Դուք ի՞նչ հարց կը տայիք Օնիկ Գասպարեանին եւ Դաւիթ Տոնոյեանին, եթէ չլինէր քաղաքական որոշում՝ չմասնակցելու Քննիչ յանձնաժողովի նիստերին:

– Չեմ մեկնաբանում։

– Լաւ, վերադառնանք բուն անվտանգային խնդիրներին եւ դրանով ամփոփենք: ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելութիւնը մէկ տարեկան է, ի՞նչ կարող ենք արձանագրել, իրականում որքանո՞վ ԵՄ դիտորդները նպաստեցին սահմանային դէպքերի նուազմանը, անվտանգութեան միջավայրի բարելաւմանը: Ի դէպ, Ներքին Հանդի դէպքին անդրադառնալով՝ առաքելութեան ղեկավարութիւնն արդարացել է, թէ ռուս զինծառայողներն իրենց չեն թողել մտնել Ներքին Հանդ, քանի որ դա իրենց պատասխանատուութեան գօտին է եղել: Նոյն միտքը կրկնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը:

– Առաջին իսկ օրից շեշտել ենք, որ պէտք է յստակեցուի դիտորդների մանդատի հարցը։ Ցաւօք, սահմանային մի շարք միջադէպերի պայմաններում ակնառու դարձաւ, որ մանդատը յստակ չէ, նրանք վճռական ներկայութիւն չունեն եւ չեն կարողանում ազդել հրադադարի ռեժիմի պահպանման վրայ։ Կայ եւս մէկ ցաւալի եւ վտանգաւոր միտում՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից փորձ՝ հակադրելու ՀԱՊԿ եւ ԵՄ դիտորդներին, ՌԴ սահմանապահներին եւ դիտորդներին։ Սա կրկին Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական հակասութիւնների վտանգաւոր դաշտ, որը խնդրայարոյց է մեր անվտանգային միասնական համակարգի համար։

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Comments are closed.