Դրսի բանակցութիւնները դատապարտուած են առանց ներսի կոնսենսուսի

 

Հարցազրոյց CM&Partners ընկերութեան աւագ խորհրդատու, բանակցային գործի մասնագէտ Արթուր Մարտիրոսեանի հետ (Բոստոն, ԱՄՆ)

– Աւանդաբար բանակցութիւնների նկատմամբ կայ իրաւական նիհիլիզմով պայմանաւորուած թերահաւատութիւն։ Արդեօք դրանք իրապէս կարո՞ղ են յանգեցնել որևէ կոնֆլիկտի լուծման, յատկապէս երբ կողմերի միջև առկայ է ուժային դիսբալանս։

– Ուժային դիսբալանսը նշանակում է, որ միւս կողմն ունի աւելի շատ ուժ՝ ոչ միայն ռազմական բնոյթի, այլև տնտեսական, դիւանագիտական, քաղաքական: Ճիշտ բանակցողները միշտ մտածում են ուժային դիսբալանսի մասին, վերլուծում այդ ուժը և աշխատում այլընտրանքների վրայ: Ի՞նչ է նշանակում այլընտրանք. արդեօք կողմերը պայմանաւորուածութիւն ձեռք չբերելու դէպքում կարո՞ղ են բաւարարել իրենց շահերը՝ առանց բանակցութիւնների: Եթէ դու չունես այլընտրանք, ինչպէս պնդում է պարոն Փաշինեանը, ուրեմն դու ստիպուած ես ընդունել այն, ինչ պարտադրում է միւս կողմը: Յաջորդ հարցը հետևեալն է՝ ե՞րբ բանակցել: Սխալ է «թոյլ ենք, չենք կարող բանակցել» մօտեցումը, քանի որ բանակցելը ոչ թէ միանշանակ համաձայնութիւն է, այլ՝ ընթացք, ուստի իւրաքանչիւրը կարող է բանակցել՝ կախուած նրանից, թէ ինչպէս և ինչ հարցերի շուրջ է բանակցում: Կարևոր է միշտ յիշել, որ բանակցութիւնների նպատակն է անել այնպէս, որ միւս կողմն անի այն, ինչ պէտք է քեզ, և գոհ մնայ։ Եթէ կարող ես հասնել դրան, բանակցի՛ր, եթէ չես կարող բանակցել, ապա քո այլընտրանքները շատ թոյլ են, ըստ էութեան՝ չունես այլընտրանքներ:

– Արդեօք բանակցութիւնները միջպետական յարաբերութիւնների կարգաւորման ինքնուրոյն կամ առանձին գործիք են, թէ՞ դրանք ի սկզբանէ դատապարտուած են, եթէ զուգահեռաբար չեն գործում պետական մնացեալ ինստիտուտներն ու ագենտները:

– Եթէ մենք խօսում ենք միջազգային հակամարտութիւնների մասին, ապա կողմերը շատանում են, քանի որ շատ դէպքերում բանակցութիւնները միջնորդութեամբ են լինում: Մեզ համար խնդիրներից մէկը եղել է հէնց այն, որ Ղարաբաղեան խնդրի կարգաւորմամբ զբաղուող միջնորդները ընթացքը ձևակերպել էին այնպէս, որ նախ ստատուս-քուօն պահպանուի, քանի որ այդ ստատուս-քուօն բոլորի շահերից էր: Իհարկէ, նկատի պէտք է ունենալ, որ բանակցելիս պետութիւնը՝ օրուայ իշխող ուժը, ունի պատկերացում շահերի մասին և կարող է պետութեան ներսում պարտադրել, որ բոլորի ընկալումն այդ շահերի մասին լինի նոյնը։ Հակառակ դէպքում պէտք է բանակցի նաև ներսում, որպէսզի ունենայ շահերի ընկալման բաւարար կոնսենսուս: Չեն կարող բանակցութիւններ վարել առանց այդ շահերի շուրջ ներպետական ինստիտուտների համաձայնութեան, ըստ էութեան՝ առանց ներսում բանակցելու: Բռնապետութեան դէպքում, իհարկէ, շահերը կարող են նաև պարտադրուել պետութեան ներսում և բանակցել դրսում դրանց շուրջ: Խնդիրն այն է, որ բանակցելիս իրենց շահերը ունեն նաև միջնորդները, և փաստօրէն շուրջ 25 տարի թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Եւրոպայի, թէ՛ ԱՄՆ-ի դէպքում միջնորդներին ձեռնտու էր ստատուս-քուոյի պահպանումը՝ իւրաքանչիւրի համար տարբեր շահերից ելնելով: Այդ ստատուս-քուօն ինչ-որ չափով բաւարարում էր նաև մեզ, բաւարարում էր նաև ադրբեջանական կողմին, մասնաւորապէս՝ Ալիևին, քանի որ թոյլ էր տալիս քաղաքական իշխանութիւնը վերարտադրել խոստումներով, որ մի օր ինքը կարողանալու է կա՛մ բանակցութիւններով, կա՛մ այլընտրանքային՝ ռազմական ուղով լուծելու խնդիրը: Ահա թէ ինչու պէտք էր հասկանալ, որ, ինչպէս ասում էր Մաքիաւէլին՝ «պատերազմը անխուսափելի է»։ Այո՛, դու բանակցում ես, կան միջնորդներ, ստատուս-քուօն պահպանւում է, բայց պատերազմ լինելու է, որովհետև երկու կողմն էլ պատրաստւում են պատերազմին՝ որպէս այլընտրանք: Ուստի պէտք է հասկանալ՝ արդեօք ունե՞ս դու բանակցային ուժի աղբիւրներ, որոնք կարող են թոյլ տալ հետաձգել պատերազմը կամ աւելի լաւ պատրաստուել պատերազմին: Նախորդ բանակցութիւնների արդիւնքը՝ փաթեթները, որոնք դրւում էին բանակցութիւնների սեղանին միջազգային հանրութեան կողմից, չէին կարող բաւարարել կողմերին, մասնաւորապէս՝ ադրբեջանական կողմին, քանի որ հայկական կողմն աւելի վստահ էր, որ եթէ նոյնիսկ խնդրի լուծումը լինէր Մադրիդեան սկզբունքներով, ապա շատ կարևոր, էական հայկական շահերը (Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքը – Մ․Մ․) պաշտպանուելու էին:

2018 թ․-ից յայտնուեցինք մի փուլում, որ նոր բանակցողը՝ պարոն Փաշինեանը, մերժեց միջնորդների կողմից նախկինում արուածը և «սկսեց զրոյական կէտից»: Վերջերս նոյնիսկ յայտարարեց, որ ինքը նոր մարդ էր և ուզում էր «լաւ հասկանալ Մադրիդեան սկզբունքները», քանզի բոլորս կարող ենք կարդալ հիմնական կէտերը և հասկանալ դրանք, իհարկէ եթէ իրապէս ունենք ցանկութիւն և հետևողականութիւն՝ պահպանելու բանակցութիւնների շարունակականութիւնը: Հարցերը պէտք էր տալ մե՛ր բանակցողներին, մինչդեռ Փաշինեանը դրանք տալիս էր միւս կողմին՝ Ալիևին, միգուցէ նաև միջազգային բանակցողներին: Ուստի ներսում չկար կոնսենսուս, իսկ Փաշինեանը հետապնդում էր իր քաղաքական շահերը՝ ցոյց տալու, որ ինքը կարող է այլ ձև բանակցել, քան նախկինները։ Վտանգաւոր մի մօտեցում է՝ մերժել միջնորդների առաջարկած տարբերակները այն դէպքում, երբ միջնորդներն էլ ունեն իրենց շահերը: Հէնց այս ապիկարութիւնը մօտեցրեց պատերազմը, մինչդեռ այլընտրանքների առկայութիւնը կարող էր հետաձգել այն և թոյլ տալ աւելի լաւ պատրաստուել:

Այսինքն՝ բանակցութիւններն ինքնուրոյն գործիք չեն, դրանք վարւում են և՛ դրսում, և՛ ներսում, ընդ որում՝ շատ յաճախ ներսում վարուող բանակցութիւններն աւելի կարևոր են: Հիմա էլ Փաշինեանը վարում է բանակցութիւններ՝ չունենալով ներսի կոնսենսուսը որդեգրուած նոր քաղաքականութեան, այսպէս կոչուած՝ «խաղաղութեան դարաշրջանի» շուրջ։ Մեղմ ասած՝ բոլորը չէ, որ համամիտ են այդ մօտեցմանը: Հնարաւոր չէ բանակցութիւններում հասնել յաջողութիւնների, երբ երկրի ներսում ունես խնդիրներ, մնում է միայն ընդունել այն, ինչ պարտադրում է միւս կողմը: Սա, ըստ էութեան, նշանակում է յայտարարել, որ դու չունես այլընտրանքներ։ Իսկ սա մէկ այլ սխալ մօտեցում է, քանի որ եթէ քո այլընտրանքները թոյլ են, դրանց մասին չպէտք է խօսել բացայայտ կերպով, այլ պէտք է խօսել այդ այլընտրանքները ներսում ուժեղացնելու մասին: Ըստ իս՝ պարոն Փաշինեանը և իր թիմը չեն էլ տեսնում այլընտրանքներ և դրանք ուժեղացնելու տարբերակներ, որովհետև դա անելու մեր միակ տարբերակը մարդկային կապիտալն է, որը 2018 թ.-ից սկսած մինչ օրս պառակտուած վիճակում է, իսկ ինքն այն առաջնորդը չէ, որ կարող է համախմբել և մոբիլիզացնել ազգի ամբողջ ուժը, հետևաբար նաև՝ մեր այլընտրանքները։

– Ի՞նչ տարբերութիւն կայ միջնորդի և առանց միջնորդի բանակցութիւնների միջև։

– Առանց միջնորդի բանակցելու դէպքում կողմերի միջև չպէտք է լինի սուր վստահութեան խնդիր: Վստահութիւնը հիմնուած է խօսքի և գործի միջև ճեղք չլինելու վրայ. ես ձեզ վստահում եմ, եթէ դուք խոստացել էք անել որևէ բան և անում էք դա: Սովորաբար, երբ կողմերի միջև պատերազմ է լինում, ամենամեծ խնդիրը դառնում է երկուստեք վստահութեան բացակայութիւնը: Այդ պատճառով՝ կողմերը ստիպուած են լինում դիմել միջնորդի, ում նկատմամբ երկուսն էլ ինչ-որ չափով ունեն վստահութիւն: Իսկ եթէ կա վստահութիւն, կողմերը կարող են բանակցել առանց միջնորդի և գտնել երկուսի շահերից բխող լուծում: Ինչպէս նշեցի, միջնորդներն ունեն իրենց շահերը: Մեր հակամարտութեան դէպքում այստեղ կայ մեծ խնդիր, քանզի բանակցային ամբողջ ընթացքը ձևակերպուած էր «սայլը ձիուց առաջ դնելու» տրամաբանութեամբ: Եթէ միջնորդները իրապէս ուզում էին որևէ ընդունելի լուծում գտնել կողմերի համար, անհրաժեշտ էր աշխատել հէնց վստահութեան վրայ, ինչը երկարատև գործընթաց է և չի նշանակում, որ անպայման կը գտնուի լուծում, բայց առանց այդ վստահութեան անհնար է գտնել լուծում: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում մեր դէպքում։ Միջնորդները չէին կարող պարտադրել կողմերին ընդունել այն, ինչ դրւում էր սեղանին, ուստի առաջ էին քաշում փաթեթներ և հարցադրում՝ ընդունելի՞ են արդեօք դրանք կողմերի համար, թէ ոչ: Կողմերը կամ կողմերից մէկը հրաժարւում էր, ուստի բանակցութիւնները շարունակւում էին, միջնորդները փորձում էին փոփոխել տարբերակները՝ դրանք կողմերի համար ընդունելի դարձնելու նպատակով: Այդպէս էլ չառաջարկուեց երկու կողմի համար ընդունելի տարբերակ:

Այս տեսանկիւնից շատ կարևոր են միջնորդների հետ յարաբերութիւնները: Չնայած Փաշինեանի յայտարարութիւններին, թէ դրանք բարելաւում են, 2018 թ.-ից բաւականին լարուած էին և՛ ռուսական կողմի, և՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ յարաբերութիւնները՝ հակառակ նրան, որ իշխանութիւնները յոյս ունէին, թէ Հայաստանը ժողովրդավար յայտարարելը հնարաւորութիւն կտայ արագ առաջընթաց գրանցել վերջին երկուսի հետ յարաբերութիւններում։ Սա մէկ այլ թիւրիմացութիւն է, քանզի միջազգային յարաբերութիւններում կողմերը խաղում են ո՛չ թէ իրենց յայտարարած արժէքներով, այլ հիմնականում շահերով: Ուստի, նոր իշխանութիւնները և՛ Ռուսաստանը կորցրին ինչ-որ չափով, և՛ չկարողացան իրենց կողմն ուղղել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Կարելի է երկար վերլուծել միջնորդների այդ պահին առկա շահերը կամ շահերի ընկալումը, քանի որ դրանք փոխւում են՝ կախուած քաղաքական ուժից կամ առաջնահերթութիւններից: Արդիւնքում Փաշինեանը մօտեցրեց պատերազմը: Ադրբեջանական կողմին պէտք էր գտնել յարմար պահ՝ գնալու ռազմական լուծման, իսկ դա անելու համար անհրաժեշտ էր, որ առաջինը՝ միջնորդները զբաղեցնեն չեզոք դիրք, խիստ չքննադատեն իրեն ուժի չկիրառման կարևորագոյն սկզբունքը խախտելու համար, երկրորդը՝ Թուրքիան կարողանայ ակտիւօրէն աջակցել և մասնակցել պատերազմին, երրորդը՝ Հայաստանը լինի իր երկրի ներսում պարտուած: Երեք պայմաններն էլ առկայ էին 2020 թ.-ի սեպտեմբերին:

– Ապրում ենք երկու տարբեր իրականութիւններում. մի կողմից Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետութեան շուրջ 75% և ՀՀ-ից առնուազն 70 քկմ, հանդէս է գալիս յայտարարութիւններով, թե ԼՂ հիմնախնդիրը լուծուած է, աւելին՝ ՀՀ-ն օկուպացրել է նաև Ադրբեջանի հետ ունեցած սահմանները, միւս կողմից՝ զուգահեռաբար ընթանում են բանակցութիւններ խաղաղութեան օրակարգով: Արդեօք միջնորդ կողմերը սա չե՞ն տեսնում: Նրանց վարքագիծը պէտք է բացատրել զուտ ռէալպոլիտիկո՞վ։

– Միջնորդների շահերին դա որևէ ձևով չի խանգարում: Մեր տարածքն է, մենք ենք կորցրել: Միջնորդները հետևում են զարգացումներին և իրենց շահերին: Ալէն Սիմոնեանը նորից յղում է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին այն դէպքում, երբ Մինսկի խումբ այլևս չկայ: Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման ներկայիս պայմաններում, դժուար է պատկերացնել, որ նրանք կը համագործակցեն, կը կոորդինացնեն համատեղ դիրքորոշում Ղարաբաղեան հարցում կամ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում: Միջնորդները նախկինում էլ ունէին տարբեր շահեր, իսկ հիմա դրանք աւելի սրուած և ակնյայտ են: Եթէ շատ կարճ դիտարկենք այդ շահերը, ապա՝

ԱՄՆ-ի և Եւրոպայի շահերը, կարելի է ասել, համընկնում են։ Յատկապէս հիմա նրանց համար առաջնահերթ շահ է, որ նաւթը և գազը աւելի մեծ հոսքով դուրս բերուեն Թուրքիայի տարածքով դեպի Եւրոպա՝ որպէս այլընտրանք ռուսական էներգակիրներին։ Այստեղ Ադրբեջանն աւելի կարևոր խաղացող է, ահա թե ինչու ԱՄՆ և Եւրոպան լռում են մեր հարցի շուրջ, իսկ աղմկում, օրինակ, ուկրաինական հարցով: Ինչո՞ւ չեն միջնորդները քննադատում տեղի ունեցողը։ Նախ՝ միջնորդը պէտք է չխուսափի քննադատելուց, և մեզ համար չպէտք է ընդունելի լինի այն միջնորդը, որ չի շեշտում բնակացութիւնների հիմքում դրուած նոյն սկզբունքները: Ընդհանրապէս բանակցութիւններում շատ կարևոր է արդարութիւնը, որը ապահովում է որոշակի սկզբունքներով, մեր դէպքում՝ Հելսինկեան Եզրափակիչ ակտի 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը և ազգերի ինքնորոշումը, որոնք իշխանութիւնը հանել է օրակարգից՝ չխօսելով դրանց մասին որևէ բան, և մնացել է միայն երրորդ՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշուող տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Իհարկէ, իշխանական շրջանակներում կայ խօսոյթ, որ Արցախեան հիմնախնդիրը տարածքների հարց չէ, այլ «հայերի իրաւունքն է իրենց անվտանգութեան ապահովումը իրենց պատմական հողերում», սակայն սա կրկին ինքնորոշման մասին չէ, այլ անորոշ անվտանգ պայմանների մասին: Անվտանգ պայմաններ ստեղծելու համար պարտադիր չէ ինքնորոշումը, կարելի է նոյնիսկ ինքնորոշուել ինքնավարութեան տեսքով, բայց դուրս չգալ տարածքից։

Ռուսաստանի շահերից չի բխում, որ հարցն ստանայ վերջնական լուծում՝ յատկապէս Վաշինգտոնի կամ Բրիւսէլի միջնորդութեամբ: Հարցի լուծման դէպքում հարց է առաջանալու, թէ ինչ են անելու այստեղ գտնուող իր խաղաղապահ ուժերը: Ուստի՝ ռուսական կողմն ամէն ինչ անելու է, որ նախ՝ եթէ խնդիրը լուծուի, ապա դա տեղի չունենայ առանց իր մասնակցութեան, ապա՝ լուծուի այնպէս, ինչպէս դա պատկերացնում է ռուսական կողմը: Մի հարցում ներկայումս մեր շահերը համընկնում են ռուսական շահերի հետ, ինչը ներկայումս շատ քիչ է օգտագործւում՝ սկզբունքների ընկալումը։ Ռուսական կողմն Ուկրաինայի հարցում առաջ է քաշում ոչ միայն Դոնբասի, այլև նոր տարածքների ժողովրդի ինքնորոշման հարցը: Եթէ դա տեղի ունենայ և ընդունելի լինի միջազգային հանրութեան որոշ մասի կողմից, դա կը հակադարձի Փաշինեանի պնդմանը, թէ միջազգային հանրութիւնը պահանջում է իջեցնել նշաձողը։ Իսկ «նշաձողը» հէնց սկզբունքներն են: Պարոն Փաշինեանն ասում է, որ ինքնորոշումը չի նշանակելու սեցեսիա (անջատում), այսինքն՝ չենք խօսում նրա մասին, որ Արցախը պէտք է առանձնանայ, այլ կարող է մնալ Ադրբեջանի կազմում, անվտանգութիւնը ապահովուի և դրանով հարցը լուծուի: Հէնց այդ պատճառով էլ խուսափում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ բանակցութիւններում կայ Արցախը Ադրբեջանի կազմ յանձնելու տարբերակ, և այս հարցում ևս իրենք արդէն գնացել են զիջումների:

– Դուք ներկայացրիք երկրների շահերը, իսկ ո՞ր կողմի միջնորդութիւնն է ձեռնտու հայկական շահի տեսանկիւնից՝ հաշուի առնելով, որ Ռուսաստանն սկսել է դժգոհել, որ բրիւսէլեան վերջին յայտարարութիւնը յղումներ չի անում եռակողմ յայտարարութեանը և Մոսկուայի և Սոչիի հանդիպումներին։

– Ես կարծում եմ, որ հարցն ընդհանուր ռազմավարական է: Կոնկրետ այս դէպքում դա շատ լուրջ սխալ է: Ո՞րն է այս սխալի աղբիւրը: Փաշինեանն ու իր խումբը նայում են այս իրավիճակին ոչ միանշանակ կերպով՝ Ռուսաստան, արևմուտք, Ուկրաինա, ով կը յաղթի՝ հասկանալի չէ, ուրեմն եկէք խօսենք և՛ մէկի, և՛ միւսի հետ: Ընդհանուր առմամբ սա է եղել հայկական դիւանագիտութեան առաջնագծում նաև նախկինում: Հիմա կարծում են, որ ռուսների միջնորդութեան դէպքում կ’ասեն, որ երբեք չեն հերքել եռակողմ յայտարարութիւնը, այսօր էլ Ալէն Սիմոնեանը ասաց, որ ճանաչում են այն, իսկ Եւրոպացիների միջնորդութեան դէպքում կ’ասեն, որ միշտ եղել են նրանց կողքին և այլն: Բայց սա, ներեցէք ժարգոնիս համար, «փողոցային գցոցի» է, լուրջ դիւանագիտութեան մէջ այն չի աշխատում: Ռուսական կողմը հետևում է, ինչ է տեղի ունենում հիմա, որը իր համար հաստատումն է այն բանի, ինչն ադրբեջանական լոբբիստական խմբերը ասում էին Մոսկվային՝ «Հայաստանը ձեզ կը դաւաճանի, կը ստանայ այն, ինչ հիմա պէտք է, և միևնոյնն է՝ կը գնայ դէպի Եւրոպա»: Սա իջեցնում է քո վստահութիւնը դիմացինիդ նկատմամբ: Այսինքն՝ պէտք է յստակ սահմանել, ով է քեզ համար գլխաւոր խաղացողը, և չստեղծել տպաւորութիւն, թէ Մինսկի խումբը շարունակում է գոյութիւն ունենալ, երբ Մինսկի խմբի անդամներն իրենք են ասում, որ այն գոյութիւն չունի: Նրանք (ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնը – Մ․Մ․) սա անում են բոլորի հետ բանակցելու իրենց թուացեալ խորամանկ քաղաքականութիւնը կոծկելու համար: Մինչդեռ այստեղ անտեսւում է շատ կարևոր խնդիր. եթէ Ռուսաստանը յաղթի, աւելի ճիշտ է ասել՝ որտեղ կանգ կառնի Ռուսաստանը, նա իհարկէ կը յիշեցնի Փաշինեանի քայլերը Բրիւսէլում, և կ’արուի ամեն ինչ, որ ևս մէկ անգամ «պատժեն» հայկական կողմին բանակցութիւններում այսպիսի «թափառական» պահուածքի համար, որովհետև ստացւում է՝ մինչ Ռուսաստանը զբաղուած էր ուկրաինական հարցերով, Հայաստանը փնտրում էր նոր ուղիներ, նոր կողմեր: Այս իրավիճակում ճիշտ կը լիներ հետևել խաղաղապահներին Ղարաբաղում պահելու գծին՝ գործընթացը հիմա սառեցուած է, բայց պէտք է պնդել, որ բոլոր կողմերը անեն ամէն ինչ՝ ռազմական գործողութիւնները չվերսկսելու համար, ոչ թէ կարծել, որ իրենց ամենախելացին են և կարող են խաղալ բոլորի հետ:

 

Հարցազրոյցը վարեց միջազգայնագէտ Միլէնա Մքոյեանը

hayaliq.com

Leave a Comment

You must be logged in to post a comment.