Գնացէք մարզեր, տեսէք քանի ծուխ կայ գիւղերում․ Արփինէ Վարդանեանը՝ արտագաղթի աղետալի պատկերի մասին

ԱԺ-ում յայտարարութեամբ հանդյս եկաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արփինէ Վարդանեանը․ ելոյթն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ձեր ուշադրութեանն եմ ուզում հրաւիրել արտագաղթի ահագնացող վտանգը, որը շարունակում է մնալ Հայաստանի գլխաւոր մարտահրաւէրներից մէկը: Կառավարութեան նիստերից մէկի ժամանակ այս իշխանութիւնները արձանագրեցին, որ իրենց վարած քաղաքականութեան արդիւնքում ունեցել են նախադէպը չունեցող ժողովրդագրական յաջողութիւններ: Հարց է առաջանում, ինչպիսի՞ յաջողութիւններ: Որքանո՞վ է բարելաւել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը եւ ի՞նչ քայլեր էք ձեռնարկում արտագաղթի ահագնացող ընթացքը կասեցնելու համար:

Նոյնիսկ այն պարագայում, երբ վերջին 1-2 տարիներում յայտնի պատճառներով ակտիւացել են Ռուսաստանից ինչպէս նաեւ այլ երկրներից եկող մարդկային հոսքը, Հայաստանում ժողովրդագրութիւնը շարունակում է վատթարանալ: Պաշտօնական վիճակագրութիւնը արձանագրել է, որ մարդկանց տեղաշարժի հաշուեկշիռը 2021 թուականին կազմել է շուրջ 73 հազար իսկ 2022 թուականին 27.947, եւ ոչ պաշտօնական տուեալներով 2023 թուականին Հայաստանը լքել են 28 հազար հայ եւ հազարաւոր արցախահայեր: Այս 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնից մեկնել են 112.629 հայ: Աւելի առարկայական հասկանալու համար ասեմ, որ Կիւմրու չափ բնակչութիւն ունեցող քաղաքը կը դատարկուէր: Եւ որպէսզի հասկանաք ուր էք տանում մեր երկիրը նմանատիպ ցուցանիշներով խորհուրդ եմ տալիս համեմատել այս վիճակագրութիւնը հարեւան երկրների հետ:

Այս կառավարութեան հիմնական առաքելութիւններից մէկը թւում է, թէ պէտք է լինէր ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին Հայաստանում պահելը, այլ նաեւ դրսում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելը: Սակայն տեղի է ունենում ճիշդ հակառակը՝ Սփիւռքը գնալով մեծանում է, իսկ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը փոխւում է այլազգիների հաշուին:

Երբ լսում ես Էկոնոմիկայի նախարարին, Սոցապ նախարարին կամ իշխանութեան այլ ներկայացուցիչներին, ովքեր խօսում են տնտեսութեան բարելաւումի, ՀՆԱ-ի աճի եւ այլ ցուցանիշների մասին հարց է առաջանում թէ ինչո՞ւմն է արտագաղթի նման ահագնացման պատճառը: Ըստ ձեզ՝ ժողովրդագրական կայուն զարգացման պայմաններում Հայաստանի բնակչութիւնը պէտք է հասնէր 5 միլիոնի, բայց այսօր պատկերը այլ է: Արտագաղթի թիւ 1 պատճառը անվտանգութեան հարցն է, ցածր կրթամակարդակը, բարձր գնաճը եւ աշխատանքի անցնելու լաւ հնարաւորութիւնը այլ երկրում:

Տրամաբանական է. որքան արտագաղթը շարունակուի, այնքան մենք աւելի քիչ զինուոր ենք ունենալու, իսկ մենք, կարծեմ, պատերազմող երկիր ենք: Գնացէք մարզեր, մտէք գիւղեր, տեսէք քանի ծուխ կայ գիւղերում, ու քանիսում են լիարժէք ընտանքիներ ապրում, քանի 25-60 տարեկան տղամարդ կայ մեր գիւղերում… մենք ունենք նաեւ որակեալ կադրերի արտահոսք, ու պատճառները կապուած չեն միայն սոցիալ-տնտեսական բարեկեցութեան հետ, այլ նաեւ սոցիալական արդարութեան բացակայութեան, բռնութեան, օրէնքի գերիշխանութեան դեֆիցիտի ու բազմաթիւ այլ հարցերի հետ: Իսկ մարդիկ արտագաղթում են իրենց երկիրց, որում ձեր խոստացուած պայծառ ապագան այդպէս էլ չի նշմարւում»:

 

Comments are closed.