Արցախի վտանգուած մշակութային եւ հոգեւոր ժառանգութիւն. Վանքասար

Վանքասար լերան գագաթին, մինչեւ 1980-ական թուականների սկզբները, կիսաւեր դրութեամբ պահպանւում էր մի եկեղեցի, որը, շնորհիւ իր պատկառելի հնութեան (6-7 դարեր) եւ յօրինուածքային առանձնայատկութիւնների (խաչաձեւ-գմբէթաւոր, եռախորան), արժանացել է պատմաբան-ճարտարապետների ուշադրութեանը: Այս եկեղեցու մասին գրաւոր առաջին խիստ թռուցիկ յիշատակութիւնը թողել է Սարգիս Արքեպիսկոպոս Ջալալեանցը. «Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»: Աւելի ուշ` Եղիշէ աւագ քահանայ Գեղամեանցը (Հայկունի) նշել է, որ «Յիշեալ մատուռին ժողովուրդը անուանում է «Լեւոնաբերդ»»:

1890-ականների սկզբներին հնավայր է այցելել նաեւ Խ. Վ. Դադեանը։ Նա առանց չափերը նշելու գծագրել է եկեղեցու յատակագիծն ու ընդօրինակել եկեղեցու մօտ գտնուած «4 արշին» երկարութեամբ մի խաչքարի արձանագրութիւն.
ԵՍ ՇԱՀԱՆՇԱՀ ՈՐԴԻ ԱՇՈՏԱՅ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀՈԳՒՈՅ ԻՄՈՑ, ՈՎ ԿԱՐԴԷՔ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ, ԹՎԻՆ ՉԺԲ(1263):

Մակար Եպիսկոպոս Բարխուդարեանը Վանքասարի եկեղեցու մասին ներկայացրել է մի քանի աւանդոյթներ: Ըստ դրանցից մէկի` եկեղեցու կառուցումը վերագրւում է Վաչէ Բ. գահերէց իշխանին (5 դար). «Աղուանից Վաչէ Բ. շինած մի խաչաձեւ մենաստան, որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապէս…»:

Տասնամեակներ անց, արդէն խորհրդային տարիներին, Վանքասարի եկեղեցուն նուիրուած մի յօդուած է հրապարակել Զ. Եամպոլսկին: Այստեղ ընդարձակ նիւթին առընթեր, առաջին անգամ հրատարակել են նաեւ եկեղեցու յատակագիծն ու լուսանկարները: Նշելով հայերէն արձանագրութեան ու հայատառ բազմաթիւ նշանագրերի գոյութեան մասին եւ շեշտելով եկեղեցու յօրինուածքային առանձնայատկութիւնների նոյնականութեան հանգամանքը հայկական վաղ միջնադարեան մի շարք այլ եկեղեցիների հետ` Եամպոլսկին, սակայն, տուրք տալով իւրաքանչիւր հայկական յուշարձան «աղուանական» յայտարարելու` Պաքուի «գիտնականների» նկրտումներին, միանգամայն անհիմն կերպով եկեղեցին «աղուանական» է համարել:
Ըստ էութեան խնդրի մէջ որեւէ պարզաբանում չի մտցրել նաեւ Հայաստանի եւ Կովկասեան Աղուանքի (Բուն Աղուանք) ճարտարապետական առնչութիւններին եւ մասնաւորապէս Վանքասարի եկեղեցուն նուիրուած հետազօտութեան մէջ Ա. Յակոբսոնը:

1986 թ. Սամուէլ Կարապետեանի եւ ճարտ. Ա. Ղազարեանի տեղում կատարած ուսումնասիրութիւնների ընթացքում, «վերականգնման» անուան ներքոյ արդէն զգալի չափով աղաւաղուած եկեղեցու արեւմտեան մուտքի հիւսիսային կողմում յայտնաբերուեց կիսաեղծ վիճակում գտնուող երկու արձանագրութիւն: Դրանցից առաջինը, որ եռատող փորագրուած է մի պարզ խաչաքանդակի կողքին, սկզբնամասից ի սպառ հողմնահար է.
…ՅԱ/ՂԱՒԹՍ ԻՇԵՍ/ՋԻՔ ՅՍ ՔՍ Ի ՏՐ:

Սրբատաշ երեսպատի քարերին, մէկ շարք ցած, նախորդ վիմագրի տակ, երկու տողով փորագրուած է.
…Ու Ս(Ր)ԲՈՅ ԵԿ/(Ե)ՂԵՑԻՍ ՅԱՂ(ՈՒ)ԹՍ ԻՇԷՋԻՔ:

Բացի այս երկու վիմագրերից, որոնց հնագրական առանձնայատկութիւնները թոյլ են տալիս դրանք համարել եկեղեցուն ժամանակակից վիմագրութիւններ, եկեղեցու պահպանուած որմերի վրայ նկատւում են նաեւ մի շարք այլ նշանագրեր: Դրանք հիմնականում 2 տիպի են` հայերէն տառաձեւերով եւ պատկերներով:

1986 թ. դրութեամբ Վանքասարի եկեղեցում «վերականգնողական» աշխատանքների ժամանակ արդէն տեղում չէր Խաչիկ Վարդապետի նկարագրած` 1263 թ. արձանագիր խաչքարը, բայց եկեղեցու բակում շինարարական մնացորդների մէջ Սամուէլ Կարապետեանն ու Ա. Ղազարեանը նկատել են գեղաքանդակ ու անարձանագիր մէկ այլ խաչքար, որը հետագայում թուրքերը տարել են Ակնա, իսկ Ակնայից պահպանութեան նկատառումներով տեղափոխուել է Ասկերանի եկեղեցու բակ:

Վանքասարի եկեղեցին տուժել էր նաեւ Արցախեան առաջին պատերազմի ժամանակ: Արեւմտեան ճակատում՝ բարաւորից վերեւ արկը բաւական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունութեանը։

Ակնայի ազատագրումից յետոյ, հնարաւոր եղաւ ուսումնասիրել ու մասամբ վերականգնել տարածքի պատմամշակութային յուշարձանները։
2011 թուականի աշնանը ԼՂՀ Զբօսաշրջութեան վարչութիւնը մաքրման, ամրակայման եւ բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ։ Մասնակի ամրակայման աշխատանքներն աւարտուել են 2012 թուականի Յունուարին, եւ եկեղեցու գմբէթին տեղադրուել է խաչ։ Վերաշարուել է արեւմտեան ճակատի քանդուած մասը։ 2020 թ.-ի Նոյեմբերի 20-ից անցել է Ատրպէյճանի հսկողութեան տակ:

Comments are closed.