Արցախի պետականութեան պատմութեան էջերից՝ 33 տարի առաջ այս օրերին

1992 թ․ Յունուարի 8-ին Արթուր Մկրտչեանն ընտրուել է ԼՂՀ Գերագոյն Խորհրդի նախագահ։ Արթուր Մկրտչեանը ղեկավարեց ընդամէնը 97 օր։ Նա իրենից յետոյ թէեւ ոչ մեծ, բայց թողեց քաղաքական եւ բարոյական ժառանգութիւն. նա աւանդոյթներ ստեղծեց, որոնք պահպանուեցին մինչեւ Գէորգի Պետրոսեանի հրաժարականը, որը տեղի ունեցաւ արդէն պաշտօնական Երեւանի հետ ծանր պայքարի պայմաններում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին գումարման Գերագոյն խորհրդի ընտրութիւններից յետոյ Յունուարի 6-ին, Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, «Հայր մեր» տէրունական աղօթքով աշխատանքն սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Յունուարի 7-ի նիստում պատգամաւորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրութեան հարցի լուծմանը: Առաջադրուեցին 7 թեկնածուներ` Լէոնարտ Պետրոսեան, Օլէգ Եսայեան, Ռոպերթ Քոչարեան, Արթուր Մկրտչեան, Լեւոն Մելիք-Շահնազարեան, Արկադի Մանուչարով եւ Շահէն Մեղրեան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ յայտարարեցին, եւ մնացին Արթուր Մկրտչեանն ու Լէոնարտ Պետրոսեանը: Մի քանի անգամ քուէարկութիւն կատարուելուց յետոյ 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրուեց ՀՅԴ անդամ, պատմական գիտութիւնների թեկնածու, 33-ամեայ Արթուր Մկրտչեանը:

Արթուր Մկրտչեանի ընտրութիւնը շատերի համար անսպասելի էր: Ըստ ԼՂՀ առաջին գումարման ԳԽ պատգամաւոր, «Արցախի ժողովրդական ճակատ» կազմակերպութեան ղեկավար Մուրատ Պետրոսեանի. «Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտօնը պէտք է զբաղեցնի Քոչարեանը, որին, ամէն ինչից բացի, աջակցում էր պաշտօնական Երեւանը: Բայց Ռոպերթը մինչեւ նիստն սկսուելը յայտարարում է. «Նախագահի պաշտօնի համար առաջադրուելու է Լէոնարտ Պետրոսեանը»: Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ «Լէոնարտը չի անցնի», անօգուտ եղաւ: Մեր կանխագուշակումը հաստատուեց. Պետրոսեանն ընդամէնը 8 ձայն հաւաքեց: Քոչարեանն ու շատերը շոկի մէջ էին ոչ միայն Մկրտչեանի սենսացիոն ընտրութիւնից: Պարզուեց, որ խորհրդարանի պատգամաւորների կէսը Դաշնակցութեան անդամներ են» (Յակոբեան Թ., Կանաչ եւ սեւ: Արցախեան օրագիր, Եր., 2011, Էջ 181-182):

Ստեղծուեց նաեւ Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատուեց Օլէգ Եսայեանը, իսկ տեղակալ` Բորիս Առուշանեանը: Ընտրուած պատգամաւորների մեծամասնութիւնը ՀՅԴ անդամներ էին, եւ ԳԽ նախագահի ընտրութիւններում յաղթանակ տանելով, ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունութիւնը պահպանելու, ինչպէս նաեւ ՀՀ իշխանութիւնների հետ կանոնաւոր յարաբերութիւններ ստեղծելու նպատակով՝ մի շարք կարեւոր պաշտօններ, այդ թւում ՆԽ նախագահինը, յանձնել միւս քաղաքական ուժերին: Նաեւ ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչեանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտօնի համար առաջադրուեց Ռոպերթ Քոչարեանի թեկնածութիւնը, սակայն փակ գաղտնի քուէարկութեան ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քուէներ չստացաւ: Նախագահի առաջին տեղակալի պաշտօնը մնաց թափուր (Յակոբեան Տ., ԼՂՀ հռչակումը եւ պետական շինարարութեան գործընթացը (1991-1994 թթ.), Եր., 2011, էջ 37):

Յունուարի 17-ի նիստում ՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրուեց ՀՅԴ անդամ Գէորգի Պետրոսեանը, քարտուղար՝ պատմական գիտութիւնների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Յակոբեանը (Յակոբեան Տ., նշու. աշխ., էջ 38):

ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչեանը Յունուարի 26-ից Փետրուարի 2-ը կատարեց առաջին պաշտօնական այցը Երեւան: Պաշտօնական տեղեկագրերում մանրամասութիւններ չեն պահպանուել նաեւ այդ այցի վերաբերեալ: Սակայն գոյութիւն ունեն տեսակէտներ այն մասին, թէ ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը Արթուր Մկրտչեանին ընդունել է խիստ սառը եւ պահանջել հրաժարական տալ (Յակոբեան Տ., նշու. աշխ., էջ 42):
Հատուածներ իմ գիտական յօդուածից՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) փոխյարաբերութիւնները եւ դրանց ազդեցութիւնը Արցախում պետական շինարարութեան գործընթացի վրայ (1991-1992 թթ.), ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», Ստեփ., 2022, պրակ 2, էջ 131-147)

Տարօն Յակոբեան

Comments are closed.