Արցախի ինքնորոշման հիմնարար սկզբունքը երբեք չի ստորադասուել տարածքային ամբողջականութեան սկզբունքին. Նիկոլ Փաշինեանի սուտը
Այսօր Նիկոլ Փաշինեանը կառավարութեան նիստում անդրադարձաւ Արցախում ստեղծուած իրավիճակին և Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու նպատակներին: Նա նշեց, որ Ադրբեջանի նման քայլերի նպատակը Հայաստանին խաղաղութեան օրակարգից շեղելն է, և այդ գործընթացը դելեգիտիմացնելը: Նիկոլ Փաշինեանը նշում է, որ այդ առաջարկներում անընդունելի ոչինչ չկայ, սակայն այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցէագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղութեան օրակարգի բոլոր հարցերը: Ուստի, հայկական կողմը նաև իր առաջարկներն է փոխանցել` համապատասխան լրացումներ անելով:
Փաշինեանը ուշադրութեան հրաւիրեց այն փաստի վրայ, որ հայկական կողմի յայտարարութիւնից դժգոհ է մնացել Հայաստանի «արմատական» ընդդիմութիւնը: Փաշինեանը իրեն յատուկ մանիպուլյատիւ ոճով սկսեց մեղադրել նախկին իշխանութիւններին Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու համար` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններում քննարկուել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հարցը: Նա շեշտեց 1999թ. ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունուած Ստամբուլեան խարտիան և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնը` այնուհետև նշելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը երկար տարիներ բանակցել է Ադրբեջանի հետ որպէս հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունք ընդունելով նաև տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Սա ոչ միայն մանիպուլյատիւ յայտարարութիւն է, այլ նաև Նիկոլ Փաշինեանը կեղծում է ողջ բանակցային գործընթացը, քանի որ նման մանիպուլյացիայի նպատակը ցոյց տալն է, որ նախորդ իշխանութիւնները խօսել են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումից: Իրականում, նախորդ բոլոր տարիների` յատկապէս Սերժ Սարգսեանի և Ռոբերտ Քոչարեանի վարած բանակցութիւններում որպէս հիմնարար, համահաւասար սկզբունքներ եղել են` տարածքային ամբողջականութիւն, ժողովուրդների ինքնորոշում և հաւասար իրաւունքներ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Ոչ մէկ անգամ և ոչ մէկ ամբիոնից Հայաստանի ղեկավարները, մասնաւորապէս վերջին շրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարել է, որ ԼՂ բանակցութիւններում ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը որևէ բանով չի խոչընդոտւում տարածքային ամբողջականութեան սկզբունքով, դրանք համահաւասար են: Աւելին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, ինքնին, ոչ մի առնչութիւն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ: Ի յաւելումն, բառացիօրէն երեկ երեկոյեան ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը, կապուած Արցախում ստեղծուած իրավիճակի հետ, հերթական անգամ փաստում է սոյն իրողութիւնը` «ադրբեջանական տարածքային ամբողջականութիւնը որևէ առնչութիւն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել»:
Նախ` 1999 թուականի Ստամբուլեան խարտիայի մասին.
Գագաթնաժողովում ընդունուած փաստաթղթում անդրադարձ է կատարւում հետխորհրդային տարածքում գոյութիւն ունեցող հակամարտութիւնների մասին, օրինակ` Մոլդովայում, Հարաւսլաւիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, ՌԴ-ում, սակայն Ադրբեջանի վերաբերեալ որևէ խօսք չկայ: Հռչակագրում առանձին յօդուածով (յօդուած 20) նշւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին, սակայն ոչինչ չի ասւում Ադրբեջանի տարածքային ամոբղջականութեան մասին: Համեմատութեան համար նշենք, որ նշեալ փաստաթուղթը ենթադրում էր Վրաստանի տարածքային խնդիրների լուծում հէնց Վրաստանի կազմում: Այս առումով` Նիկոլ Փաշինեանը պարզապէս ստում է:
Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, անդրադարձաւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի վարած բանակցային գործընթացին: Պէտք է նշել, որ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում որպէս հիմք են ծառայել 2007 թուականին ներկայացուած «Մադրիդեան սկզբունքները»: Այս փաստաթուղթը փաստօրէն դարձաւ Ադրբեջանի ստորագրած առաջին փաստաթուղթը, որտեղ արձանագրուած էր, որ ԼՂ հակամարտութեան լուծման համար պէտք է կիրառուի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` հաւասարապէս միւս երկու սկզբունքների հետ։ Իսկ դա ակնյայտօրէն հաստատում էր Սերժ Սարգսեանի` բազմիցս արած յայտարարութիւնները, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում։
Նոյնիսկ Նիւ Եորքում ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսեանը իր ելոյթում խօսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան, արցախահայութեան ինքնորոշման պայքարի և ադրբեջանական յանցագործութիւնների մասին: Կազանեան գագաթնաժողովի տասնամեակի կապակցութեամբ հրապարակուած իր յօդուածում ՀՀ երրորդ նախագահը նշում է, որ «համանախագահների ու Հայաստանի մօտեցումները աւելի ու աւելի համահունչ էին դառնում, … Միջազգային հանրութիւնն ու Հայաստանը գործնականում սկսել էին խօսել նոյն լեզուով. խնդրի բացառապէս խաղաղ կարգաւորումը՝ հիմնուած Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգութեան երաշխիքների վրայ, այլընտրանք չունի»:
Նիկոլ Փաշինեանը մեղադրում է ՀՀ երրորդ նախագահին` Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքով առաջնորդուելու համար, սակայն հէնց ինքն է գլխաւորապէս սպասարկել և այժմ էլ շարունակում սպասարկել այդ սկզբունքը: Բաւական է միայն հերթականութեամբ ստուգել Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնները` ապացուցելու, որ համանախագահների բառապաշարում հիմնարար սկզբունքները ընդհանրապէս սկսեցին բացակայել, որը հնարաւորութիւն էր տալիս Ադրբեջանին առաջ շարժուել և պահանջել աւելին` աւելի ուշ նաև արդարացնելու Արցախի դէմ աւերիչ ագրեսիան, իսկ Հայաստանին էլ զրկում մտածելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման մասին: Աւելին, պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը ծաւալուն յօդուած էր հրապարակել` մեղադրելով նախորդ իշխանութիւններին Արցախի կարգավիճակի մասին մոռանալու համար, սակայն հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը` ինքը, հերքեց Նիկոլ Փաշինեանին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մշտապէս ներառուած է եղել նախորդ բանակցութիւններում:
Եւ վերջապէս, աւելորդ անգամ Նիկոլ Փաշինեանին յիշեցնենք հէնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստովանութիւնը` «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»: Իսկ այսօր, հակառակ Նիկոլ Փաշինեանի խօսքերի, ոչ ոք այլևս չի խօսում Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին, անգամ` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները: Աւելին, հէնց Նիկոլ Փաշինեանը մերժեց բանակցային գործընթացի ամբողջ ժառանգութիւնը` յայտարարելով բանակցութիւնները սեփական կէտից սկսելու մասին` այսպիսով Ադրբեջանին լայն հնարաւորութիւններ տալով յաջողութեան հասնելու համար:
Նիկոլ Փաշինեանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ձախողումը, պատերազմում պարտուելու մեղքը բարդել նախորդ նախագահների վրայ, դնել նրանց պատասխանատուութեան տակ, սակայն հէնց իր խօսքերն են ապացուցում նրա սուտը և մանիպուլյացիան` հերթական անգամ ցոյց տալով, որ միակը, որը մտածում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին` ի հաշիւ Հայաստանի և Արցախի, հէնց ինքը` Նիկոլ Փաշինեանն է:
Հեղինակ` Դաւիթ Ֆիդանեան
Աղբիւր` AntiFake.am