Արցախեան Հակամարտութեան Ազրպէյճանանպաստ Հանգուցալուծումը Թուրքիայի Համար Եղել Ու Մնում Է Հայաստանին Ներկայացուած Նախապայմաններից Ընդամէնը Մէկը

ՎԱՀՐԱՄ ՏԷՐ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող,
Պատմական գիտութիւնների դոկտոր, Հայաստանի ամերիկեան համալսարանի
քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչ  

Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղուած խաղաղութեան եւ կայունութեան մասին ուղերձների վերլուծութիւնը եւ այս փուլում դրանց վերաբերեալ խորը քննարկումների ծաւալումը կարեւոր է հանրային իրազեկման, հնարաւոր մարտահրաւէրների շուրջ լայն խորհրդակցութիւններ ծաւալելու եւ գիտական ու փորձագիտական շրջանակների կարծիքները եւ փորձը հաշուի առնելու առումներով:

Հայաստանի վարչապետի վերջին յայտարարութիւններից կարելի է դատել, որ այս պահին Հայաստանը չորս երկրների հետ աշխուժ բանակցութիւնների մէջ է տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման համար, քանի որ «մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»: Նման յայտարարութիւնները վերլուծելուց առաջ ցանկալի է իմանալ, թէ պատերազմից ու աւերից յետոյ, Հայաստանն ինչպէ՞ս է վերասահմանել իր երկարատեւ ռազմավարութիւնը, ի՞նչ հաշուարկներ են դրանում տեղ գտել, որպէսզի այժմ այն դառնայ ինքնասահմանուած պատասխանատուութիւն:

Տարակուսելի է նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանին հասցէագրուած ուղերձների տարընթերցումը: Եթէ «Թուրքիայից գալիս են դրական ուղերձներ» ասելով Փաշինեանը նկատի ունի Էրտողանի վերջին յայտարարութիւնները, ապա առնուազն մտահոգիչ է, որ Էրտողանի շարունակուող նախապայմանների լեզուն ընկալւում է որպէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման մասին խօսակցութիւնը վերագործարկելու ցանկութիւն: Գուցէ կան գաղտնի բանակցութիւններ եւ շփումներ, գուցէ ընթանում են քուլիսային հանդիպումներ, դժուար է ասել, սակայն եթէ այս պահին ունենք այն, ինչ որ հրապարակային է, ապա գործ ունենք գործընթացի մտահոգիչ մեկնաբանման հետ: Իրականում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ Թուրքիայի պատկերացումները չեն փոխուել: Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը շարունակում են դիտել նախ եւ առաջ երկկողմ պատմաքաղաքական, ապա նոր միայն` Կովկասում Թուրքիայի երկարաժամկէտ շահերի հետապնդման ու Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութիւնների տեսանկիւններից: Մինչդեռ Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ միջպետական յարաբերութիւնների կարգաւորումը դիտել 90-ականների սկզբին հաստատուած տրամաբանութեան դիտանկիւնից` կարծելով, որ արցախեան հարցը միակ խոչընդոտն էր, որպէսզի Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորուեն: Իրականում դա ամենաշատ քննարկուողներից ու բարձրաձայնածներից մէկն էր, բայց Թուրքիայի համար արցախեան հակամարտութիւնը եղել ու մնում է նախապայմաններից ընդամէնը մէկը: Իսկ իր կարեւորութեամբ, թերեւս, այն զիջում է, հայ-թուրքական եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների խորքում առկայ մի շարք արմատական բնոյթի հիմնահարցերին, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին 15 տարուայ ընթացքում եւ վերջերս ամփոփել լոյս տեսած իմ գիտական յօդուածում: Ցեղասպանութեան ու դրա հետեւանքների վերացման, սահմանների ճանաչման, գոյքային պահանջների վերաբերեալ մտահոգութիւնները, Ռուսաստան-Թուրքիա մրցակցային յարաբերութիւններում Հայաստանի տեղի ու դերի հարցերը շատ աւելի խորքային են ու բազմաշերտ: Պատահական չէ, որ Էրտողանը խօսում է յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը շտապողականութիւն է ցուցաբերում օր առաջ սկսելու «կարգաւորման մասին խօսակցութիւնները»: Էրտողանն ակնարկում է վստահութեան պակասի ու պատմութիւնը չքաղաքականացնելու մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը խօսում է արեւելքը արեւմուտքին, հիւսիսը հարաւին կապելու գործում Հայաստանի խաչմերուկ դառնալու մասին:

Իսկ իրականում Հայաստանը եւ Թուրքիան շարունակում են խօսել տարբեր լեզուներով, որովհետեւ տարիների ընթացքում առաջացած վիհը չի կարող փակուել տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան մասին ոչ հողեղէն պնդումների ազդեցութեամբ: Պաշտօնական Երեւանը պէտք է թուլացնի թափը, հաշուի նստի ներհայաստանեան հաստատութենական իրողութիւնների ու կարողութիւնների հետ եւ ճիշդ վերլուծի Թուրքիայից եկող յայտարարութիւնների առաջնային եւ երկրորդային շերտերը: Հեռու մնալու համար ցանկալին իրականութեան տեղ ընկալելու գայթակղութիւնից, դասեր քաղի վերջին 30 տարուայ ձեռքբերումներից ու սայթաքումներից: Հաշուի առնելով Թուրքիայի յաւակնութիւնները` անհեռանկարային է Թուրքիայի հետ խօսել տարածաշրջանում խաղաղութեան համահեղինակ դառնալու ակնկալիքով: Թուրքիան 30 տարի շարունակ Հայաստանին ենթարկել է շրջափակման, խոչընդոտել նրա զարգացմանը` չկրելով ոչ մի պատասխանատուութիւն: Արդեօք միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտմամբ իրականացուող այդ քաղաքականութեան հետեւանքների մասին խօսւում է խաղաղութեան առաքելութեան մասնակիցների կողմից: Իսկ յարաբերութիւնների վերաբերեալ Ռուսաստանից հնչած յայտարարութեանը եւս պէտք է վերապահումներով մօտենալ:

Թուրքիան խօսել է ու կը շարունակի Հայաստանի հետ խօսել նախապայմանների լեզուով, քանի դեռ Հայաստանը նման շտապողականութիւն է դրսեւորում: Եթէ ցիւրիխեան արձանագրութիւններում Թուրքիան դժուարութեամբ, սակայն հասաւ իր համար ցանկալի որոշ ձեւակերպումների, ապա այս անգամ նախկինում մերժուած եւ Հայաստանում ու սփիւռքում դիմադրութեան արժանացած թեզերը կը լինեն նրա նոր նախապայմանները: Արդեօ՞ք Հայաստանը պատրաստ է մտնել այդ գործընթացի մէջ` միաժամանակ շարունակելով Ազրպէյճանի հետ խաղաղութեան օրակարգը, որի մասին Փաշինեանն անընդհատ խօսում է: Քաղաքական յաւակնութիւններից ու կամքից բացի, արդեօ՞ք ՀՀ կառավարութիւնն ունի բաւարար մասնագիտական եւ դիւանակալական աջակցութիւն գործընթացն առաջ տանելու եւ ներսից ու դրսից եկող ճնշումներին դիմակայելու համար:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.