Արտահերթ ընտրութիւնների գնալն արհեստական օրակարգ է. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան
ArmLur.am-ի զրուցակիցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանն է:
– Պարո՛ն Սաղաթէլեան, Նիկոլ Փաշինեանը օրերս ծաւալուն հարցազրոյց տուեց՝ խօսելով Արցախի եւ բանակցային գործընթացի մասին, հետեւե՞լ էք հարցազրոյցին, ի՞նչ արձանագրումներ էք արել նրա յայտարարութիւններից:
– Նիկոլ Փաշինեանը շարունակում է արդարանալ, իր հարցազրոյցում նա փորձում էր հանրութեանը համոզել ու հերթական անգամ մոլորեցնել, որ այն ինչ պատահել է մեզ հետ, անխուսափելի էր, ինչն ամբողջութեամբ կեղծ է, քանի որ այդ ամէնի պատասխանատուն հենց ինքն է: Նիկոլ Փաշինեանը երկու նպատակ ունէր՝ փորձում էր մարսել այն բոլոր յանցագործութիւնները, որոնք իրականացրել է Արցախի մասով, նաեւ շարունակում էր լեգիտիմացնել Ալիեւի վարած ագրեսիւ քաղաքականութիւնը եւ Արցախում իրականցրած էթնիկ զտումը: Հասարակութեանը փորձում է խաղաղութեան թէզի տակ նոր կապիտուլիացիայի տանել:
– Իր հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանն այսպիսի մի յայտարարութիւն արեց, որ եղել են մարդիկ, ովքեր պլանաւորել են Արցախի հայաթափումը եւ այսպիսով նպատակ են ունեցել Հայաստանի անկախութեան հարցը: Ո՞ւմ նկատի ունէր նա:
– Արցախի հայաթափումը պլանաւորել են Նիկոլ Փաշինեանը եւ Ալիեւը համատեղ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանութեանը՝ Նիկոլ Փաշինեանն այդ ինքնիշխանութիւնը վաղուց ոչնչացրել է, թշնամու զօրքերը գտնւում են Հայաստանի տարածքում, ատրպէյճանցի զինծառայողներն այսօր Գեղարքունիքում, Սիւնիքում են, ու այս ամէնը տեղի է ունեցել այս իշխանութեան գործունէութեան ու վարած քաղաքականութեան արդիւնքում:
– Պարո՛ն Սաղաթէլեան, վերջին օրերին թեժ խօսակցութիւններ են նաեւ գնում, որ իշխանութիւնները մտադիր են 2024 թ.-ին գնալ արտահերթ ընտրութիւնների, ի՞նչ էք կարծում՝ կը գնա՞ն այդ ճանապարհով իշխանութիւնները:
– Դա պարզ հարց չէ, խորքային է, բայց չեմ կարծում, որ իրենք կը գնան այդ ճանապարհով՝ նկատի ունենալով թէ՛ սոցիալ-տնտեսական կանխատեսումները, որոնք սպասւում են մեր երկրում, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական դասաւորութիւնները, նաեւ մի շարք այլ հանգամանքները: Բացառուած սցենար չէ, որ փորձեն նոր ընտրութիւնների գնալ՝ յոյս ունենալով, որ այդ ճանապարհով կը վերարտադրուեն
– Իսկ ընդդիմութիւնը պատրա՞ստ է նոր ընտրութիւնների:
– Սա ինչ-որ տեղ նաեւ արհեստական օրակարգ է՝ բոլոր հարցերն ու խնդիրներն այլ ուղղութեամբ տանելու համար, հետեւաբար, աւելի առաջնային խնդիրներ կան, այս պահին պէտք է կեդրոնանալ դրանց վրայ:
– Պարո՛ն Սաղաթէլեան, ընդդիմութիւնը թէ՛ խորհրդարանում, թէ՛ փողոցում շատ պասիւ է, միայն յայտարարութիւններ են հնչում առկայ վտանգների ու քայլերի մասին, բայց կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկւում:
– Վերջին շրջանում, տեսել էք՝ ինչ ակտիւ գործունէութիւն է ծաւալում ընդդիմութիւնը, սկսած անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ Արցախի հետ կապուած հարցերով, բոլոր խնդիրները բարձրաձայնւում են, սուր քննադատութիւններ են հնչեցւում՝ փորձելով ժողովրդին ներկայացնել իշխանութեան ղեկին յայտնուածների վարած քաղաքականութիւնը: Զուգահեռ, մենք գրեթէ ամէն շաբաթ այցելում ենք տարբեր մարզեր՝ Սիւնիք, Գեղարքունիք, վերջին մէկ ամսուայ ընթացքում իմ գործընկերների հետ 7-8 մարզերում եղել ենք, հանդիպել ենք այնտեղի բնակչութեանը, խօսել խնդիրների մասին: Այս պահին մեր խնդիրը ամէնօրեայ աշխատանքն է ժողովրդի հետ, որպէսզի նրանց բացատրենք այս իշխանութիւնների վարած կործանարար քաղաքականութեան հետեւանքները եւ համախմբենք մարդկանց՝ ազգային օրակարգի շուրջ:
Քրիստինա Մուշեղեան
Comments are closed.