Արմատական գործողութիւնները դեռ տեսնելու էք՝ Սփիւռքի և ՀՅԴ համար սա կարմիր գիծ է․ Իշխան Սաղաթելեան

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում դրուած է շատ կարևոր և սկզբունքային հարց և ճիշտ է, որ խորհրդարանում բովանդակային քննարկում լինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը։

«Այն բոլոր սադրանքները, որ փորձում են գցել ընդդիմութեան գրպանը, թե ընդդիմութիւնը պատրաստ չէ բովանդակային քննարկման և այլն, այդ իրենք պատրաստ չեն։ Այս խորհրդարանին բնորոշ սադրանքները և գործընթացները տեղի են ունենում հենց այդ նպատակով։ Խորհրդարանը պէտք է բովանդակային և մանրամասն քննարկի և հանրութեանը տեղեկացնի, թէ ինչպիսի ծանր օրակարգի առջև է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը»,- ասաց նա։

Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման և սահմանի բացման վերաբերեալ իրենց դիրքորոշմանը, Սաղաթելեանը նշեց, որ այդ բոլոր գործընթացները պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մէջ։ «Մենք դէմ չենք այդ յարաբերութիւնների հաստատմանը, բայց խնդիրն այն է, թէ ինչի գնով և ինչի հաշուին։ Մենք գտնում ենք, որ այս իշխանութիւնները պատրաստ չեն պաշտպանել ՀՀ շահերը նոյնիսկ ամենամեծ ցանկութեան դէպքում։ Ասում են` նախկինում ևս եղել են բանակցութիւններ Թուրքիայի հետ, փաստն այն է, որ նախկինում Ադրբեջանի հետ էլ են եղել բանակցութիւններ, բայց զիջումներ և կորուստ չենք ունեցել։ Թուրքիան նոյն Թուրքիան է, բայց Հայաստանը այլևս նոյն Հայաստանը չէ պատերազմից յետոյ, հետևաբար իրենք երկիրը տանում են մի շատ նոր վտանգաւոր գծի մէջ։ Եթե իրենց բանակցութիւնների արդիւնքում ունեցանք պատերազմ և Արցախի կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյութիւնն է դրւում հարցականի տակ»,-ասաց նա։

Այն հարցին` ինչու ՀՅԴ-ն արձագանգ չի տուել դեռևս 2007թ-ին Ռոբերտ Քոչարեաննի օրոք տեղի ունեցած Թուրքիայի հետ գաղտնի շփումներին և բանակցութիւններին, Սաղաթելեանը շեշտեց. «Անկախ նրանից, Դաշնակցութիւնը եղել է ընդդիմութիւն, թէ մաս է կազմել իշխանութեանը, իր հարցերի և տեսակէտների մէջ երբեք փոփոխութիւն չի ունեցել։ Դաշնակցութիւնը ծրագիր, գաղափարախօսութիւն և կարմիր գծեր ունեցող կուսակցութիւն է, ի տարբերութիւն իրենց։ Իրենք մինչև իշխանութեան գալը, յիշում էք ինչպէս էին արտայայտւում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Դաշնակցութիւնը, երբ իմացել է այդ բանակցութիւնների մասին, արտայայտել է իր դիրքորոշումը, մշտապէս եղել ենք նոյն սկզբունքի տէրը։ Ինչ վերաբերվում է այդ գաղտնի բանակցութիւններին, արդէն ասուել է դրա մասին, այդ նամակը մամուլով հրապարակուել է, Նիկոլ Փաշինեանը կարո՞ղ է նման բովանդակութեամբ նամակ ուղարկել Էրդողանին։ Անցած 30 տարիներին մենք ըմբռնումով ենք մօտեցել ՀՀ-ի վարած Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցութիւնների քաղաքականութեանը։ Այսօրուայ իրողութիւնը համեմատել այն ժամանակուայ հետ աբսուրդ է, փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարեանի օրով իրօք այդ զիջումները չեն եղել, յայտնի նամակի մէջ շատ յստակ գրուած է` մեր ժողովուրդների ներկան և ապագան չեն կարող որոշել պատմաբանները, սա նաև պատմական քայլ է։ Այսօր այս ամէն ինչը շուռ տալ Դաշնակցութեան դէմ, ճիշտ չէ»։

Սաղաթելեանը նշեց, որ հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցը իրենց համար կարմիր գիծ է, և շեշտեց, որ այս մասով արմատական գործողութիւններ կը լինեն։ «Մենք ձախողելու ենք այս օրակարգը, այս ամէն ինչը վիժեցնելու ճանապարհը դիմադրողականութիւնն է, ինչպէս 2009թ-ին և դրանից առաջ Սփիւռքը, Հայ Դատի գրասենեակները, ՀՅԴ-ն իր համահայկական կառոյցով և ազգային բազմաթիւ ուժեր այս օրակարգը չեն հանդուրժելու, որովհետև սա Հայաստանը ծնկի բերելու և թրքացնելու ծրագիր է։ Լաւ ապրելու լոզունգների տակ Հայաստանը տանելու են թրքացման։ Մեր դիերի արիւնը դեռ չի չորացել, այս մարդիկ խօսում են բժշկական ծառայութիւններ մատուցելու, ավիաընկերութիւններ բացելու մասին։ Լոզունգներով խաբելու են ժողովրդին, որպէսզի այս օրակարգը քայլեցնեն»,-ասաց նա։

 

https://www.youtube.com/watch?v=CDDE7jqPrr0

Leave a Comment

You must be logged in to post a comment.