Արդէն քսան տարի սահմանամերձ Չորաթանում գործում է «Մխիթար» երիտասարդական կեդրոնը

2001 թուականին սահմանամերձ Տաւուշի մարզի Չորաթան բնակավայրում գտնուող կինոյի շէնքը, որը լքուած էր, Մխիթարեան միաբանութեան եւ որոշ բարերարների ջանքերով վերակացուցուեց, վերանորոգուեց, ապա անհրաժեշտ գոյք ձեռք բերուեց, եւ հենց նոյն տարում բացուեց «Մխիթար» երիտասարդական կեդրոնը։ Այն անուանուել է ի պատիւ նշանաւոր հայագէտ, Մխիթարեան միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացու։

2021 թուականի Գանատայի «Յալքեզեան» հիմնադրամի ջանքերով կեդրոնը կրկին վերանորոգուել է, ջեռուցման համակարգն է նորացուել։
«Գանատայում ապրում են Մխիթարեան միաբանութիւնում սովորած հայորդիներ՝ Հրաչ Գասպարը, Ալֆրէտ Բաղուզեանը, որոնց շնորհիւ մենք կարողացանք կապ հաստատել Յայքեզեան հիմնադրամի հետ։ Դիմեցինք հիմնադրամին, ծրագիր ներկայացրինք, եւ սկիզբ առաւ մեր արգասաբեր համագործակցութիւնը», «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց «Մխիթար» երիտասարդական կեդրոնի տնօրէն Էտկար Քալանթարեանը։
Դպրոցից յետոյ երեխաները, պատանիներն այցելում են կեդրոն։ Մօտ 11 տարի է, այն ղեկավարում է Էտկար Քալանթարեանը։

«Մխիթարեանները դարեր շարունակ հայ ժողովրդի համար կարեւոր գործունէութիւն է ծաւալել։ «Մխիթար» կեդրոնի հիմնական առաքելութիւնը մշակութային գործունէութիւն ծաւալելն է, նոր սերունդին որպէս արժանապատիւ եւ ազգային գաղափարախօսութիւն կրող, հաւատաւոր քրիստոնեայ դաստիարակելը», մանրամասնում է Էտկար Քալանթարեանը։

Սահմանամերձ Չորաթանում, բնականաբար, նաեւ զբաղուածութեան խնդիր կայ։ «Մխիթար» կեդրոնը որոշակիօրէն նաեւ այս խնդիրն է լուծել։ Կեդրոնում այժմ 11 քաղաքացի է աշխատում (իսկ երկուսը երեխայի խնամքի արձակուրդում են գտնւում)։ Նրանցից ոմանք կեդրոնի նախկին սաներն են։ Կեդրոնը ջանում է երիտասարդների համար ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան շարունակել ապրել հարազատ գիւղում եւ, արարել, ամուր պահել սահմանը։

Կեդրոնում գորրծում են մշակութային, սպորտային օտար լեզուների խմբակներ՝ նկարչութեան, գորգագործութեան, երգի, պարի, ճատրակի, քարաթէի, համակարգչային հմտութիւնների, անգլերէնի, ռուսերէնի։ Քանի որ գիւղում օտար լեզուի մասնագէտ գտնելը դժուար է եղել, կեդրոնն այլընտրանքային լուծում է գտել․ երեւանաբնակ մասնագէտն առցանց տարբերակով է դասընթացներն անցկացնում։

«Մխիթար» կեդրոնում ուսանելն անվճար է։ Բոլոր ծախսերը հոգում են Մխիթարեան միաբանութիւնն ու բարերարները։ Չորաթան համայնքի դպրոց է յաճախում շուջ 90 աշակերտ։ Գրեթէ բոլորը յաճախում են «Մխիթար» երիտասարդական կեդրոն։ 2024 թուականի Փետրուարից կեդրոնը ձեռք է բերել աւտոբուս, որը հնարաւորութիւն է տուել, որ Չորաթանի հարեւան բնակավայրերից՝ Նորաշէնից եւ Արծուաբերդից էլ աշակերտներ յաճախեն կեդրոն։ Նորաշէնից մօտ 90 աշակերտ է յաճախում կեդրոն, իսկ Արծուաբերդից քարաթէի խումբն է կեդրոն յաճախում՝ 18 աշակերտ։

«Մխիթար» կեդրոնի մասին նկարահանուել է կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ, որը, ըստ Էտկար Քալանթարեանի, շատ կարեւոր է։ Մարդիկ պէտք է իմանան, որ սահմանամերձ Տաւուշում երիտասարդական կեդրոն կայ, որտեղ հրաշալի, տաղանդաւոր երեխաներ են սովորում։
«Մխիթարեան միաբանութիւնը նաեւ հայորդաց կեդրոններ է հիմնել, սփիւռքում եւս լայն գործունէութիւն է ծաւաում։ Այս առաքելութիւնն, իսկապէս, անգհնահատելի է», ասաց Էտկար Քալանթարեանը։

Ֆիլմի գլխաւոր ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր Լիլիթ Բարսեղեանը մեր թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ իր գործընկերոջ՝ Յակոբ Փափազեանի առաջարկով է այս ֆիլմի նկարահանումը նախաձեռնել։

«Պարոն Փափազեանը մօտ տասը տարի լուսաբանում է Մխիթարեան միաբանութեան կեանքը, նաեւ ֆիլմ է նկարահանել միաբանութեան մասին։ Այժմ նա գտնւում է ԱՄՆ-ում ու ինձ առաջարկեց զբաղուել այս ֆիլմի նկարահանման աշխատանքներով։ 2023 թուականի Նոյեմբերի 25-ին ֆիլմը նկարահանեցինք։ Այն դեռեւս չի ցուցադրուել, քանի որ Նոյեմբերի 17-ին մասնակցելու է Գանատայում տեղի ունենալիք կինոփառատօնին (Pomegranate Film Festival)։ Այն ներկայացուել է որպէս վաւերագրական կարճամետրաժ ֆիլմ։ Այս կինոփառատօնին մասնակցութեան յայտը Մխիթարեան միաբանութեան սաներն են ուղարկել, եւ ֆիլմն անցել է նախընտրական փուլը»,- պատմեց Լիլիթ Բարսեղեանը։

Ֆիլմի նկարահանման աշխատանքները, ստեղծագործական ընթացը հետաքրքիր են եղել։ Լիլիթ Բարսեղեանն առաջին մասնագիտութեամբ լրագրող է։ 2015 թուականից սկսած՝ սկսել է նաեւ երկրորդ մասնագիտութեամբ զբաղուել։ Հիմա առաւելապէս վաւերագրական ֆիլմերի նկարահանման աշխատանքներով է զբաղւում։ Նախկինում Լիլիթ Բարսեղեանը շատ է եղել մարզերում, ֆիլմեր նկարահանել, բայց Չորաթանում աշխատանքները շատ են տարբերուել։ Նկարահանման աշխատանքները կատարել են մի օրում։ Նկարահանումը սկսուել է վաղ առաւօտեան՝ լուսաբացին, աւարտել ժամը 22։30-ին։

«Նկարահանման օրը Չորաթանում էին նաեւ Մխիթարեան միաբանութեան սաներից ոմանք։ Ողջ օրուայ ընթացքում անդադար աշխատեցինք, միայն 15 րոպէ կարողացանք հանգստանալ։ Երեխաները ոգեւորուած էին, ամէն ինչ կազմակերպուած էր։ Այնտեղ այնպիսի էներգետիկա կար, որ առանց յոգնելու աշխատեցինք։ Ֆիլմի մոնտաժի աշխատանքներն, ի հարկէ, աւելի երկար տեւեցին»,- մանրամասնեց Լիլիթ Բարսեղեանը։

Նախատեսւում է, որ վաւերագրական ֆիլմի հանրահռչակումն աւելի արդիւնաւէտ դարձնելու համար այն կը թարգմանուի ոչ միայն անգլերէն, այլեւ իտալերէն, ֆրանսերէն։

Լիլիթ Բարսեղեանը տպաւորուել է չորաթանցի երեխաներով։ Ասում է՝ այդ կեդրոնն արդէն իրականացրել է բազմաթիւ երեխաների երազանքներ։ Նրանք արդէն աւելի մեծ իղձեր ու նպատակներ ունեն։

«Երեխաները երգել, նկարել, պարել, օտար լեզուներ, համակարգչից հմտօրէն օգտուել գիտեն, ոմանք հիանալի մարզական տուեալներ ունեն․․․ Քանի որ այդ երեխաներն արդէն մեծ պոտենցիալ ունեն, առաջիկայում կարող են վստահ քայլերով նոր կեանք մտնել եւ մասնագիտական, ստեղծագործական մեծ յաջողութիւնների հասնել։ Այս կեդրոնն, իսկապէս մեծ հնարաւորութիւններ է տալիս այդ երեխաներին»,- պատմեց Լիլիթ Բարսեղեանը։

Առաջիկայում ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրութիւնը «Մխիթար» երիտասարդական կեդրոնի առաքելութեան, կատարած աշխատանքների մասին կ’իմանայ կարճամետրաժ ֆիլմի միջոցով։ Եւ, ինչպէս կեդրոնի տնօրէնն է ասում, հիանալի կը լինի, որ աւելի շատ մարդիկ իմանան դարեր շարունակ ազգանպաստ գործունէութիւն ծաւալած Մխիթարեան միաբանութեան արգասաբեր աշխատանքների ու սահմանամերձ Չորաթանում գտնուող կեդրոնի, այնտեղ սովորող լուսաւոր ու տաղանդաւոր սաների մասին։

Յասմիկ Բալէեան

Comments are closed.