Անփոխարինելի է մեր հայկական պարարուեստը
Համազգայինի «Անի» պարախումբը, Նոյեմբերի 20-ին, մասնակցեց «Folklore Canada» խրախուսելի մի մեծ միջոցառմանը: Շատ ուրախ եմ, որ պարախումբը, երկար դադարից յետոյ, վերսկսել է իր փորձերը եւ մասնակցեց բազմամշակութային, ինքնագործ խմբերի հետ, կողք-կողքի: Պարախմբի ելոյթները այնքանով էր տարբերուող, որ երբ բեմ դուրս եկան մեր խմբի մասնակիցները, բեմը ուղղակի լցրեցին երիտասարդական աւիւնով, առոյգութեամբ եւ իրենց գեղեցիկ կեցուածքով: Պրաւօ խմբին եւ, ի հարկէ, երիտասարդ պարուսոյց Լեւոն Արապեանին. ակնյայտ էր, որ նրա «աչքով» էր մշակուած եւ բեմադրուած երեք կատարումներն էլ, մեր ազգային էութեանն ու ինքնութեանը ամենաբնորոշ գեղեցիկ լուծումներով: («Անծանօթ սէր», «Հայաստանի աղջիկները» եւ «Եարխուշտա»):
Անփոխարինելի է մեր հայկական պարարուեստը, եւ այլն, մեծ դեր ունի անձի գեղագիտական զարգացման գործում: Այսօր, աւելի ու աւելի է կարեւորւում արուեստի նշանակութիւնը, որը ամենարդիւնաւէտ միջոցն է, առանձնապէս, երիտասարդութեան դաստիարակութեան գործում, այն օգնում է տեսնելու, հասկանալու գեղեցիկը, վեհը, եւ առաջնորդուել ըստ գեղեցիկի օրէնքների: Երիտասարդների հանգիստը լրացնող արուեստի որեւէ տեսակ, թէկուզ ոչ այնքան կատարեալ, պահանջում է կամքի ուժ, կազմակերպուածութիւն, ընկերասիրութիւն, կարգապահութիւն:
Խմբի բոլոր անդամները նուիրեալներ են, եւ իրենց հոգու պարտքն են կատարում: Առաջին համարը՝ «Անծանօթ սէր», չորս աղջիկների կատարմամբ, մէկը միւսից գեղեցիկ, ճկուն եւ թեթեւ շարժումներով, բեմը լցրեցին ականջ եւ աչք շոյող տրամադրութեամբ, իսկ պարող աղջիկներն էլ կարողացան հայկական պարին յատուկ նազանքով, հարազատօրէն մեկնաբանելու հայուհու կերպարը: Ես պարի ամբողջ ընթացքում, մտովի մրմնջում էի Եղիշէ Չարենցի հետեւեալ տողերը. «Ու նայիրեան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում»:
Կեցցէ՛ք, աղջիկներ, իրօք, անփոխարինելի է մեր հայկական պարարուեստը:
Յաջորդ համարներն էին «Հայաստանի աղջիկները» եւ «Եարխուշտա»: Տպաւորութիւնն աւելի հարուստ եւ ամբողջական դարձաւ, երբ բեմ դուրս եկան խմբի մասնակիցները հայկական հագուստներով, շատ գեղեցիկ էին, պարեցին միաձոյլ, կրակոտ, եւ պարի ոգին ու տրամադրութիւնն էլ փոխանցուեց հանդիսատեսին, աննկարագրելի էներգիա փոխանցելով ներկաներին, յատկապէս ներկայ գտնուող մեր հայրենակիցներին: Իրօք, շատ ողջունելի էր, կատարուել էր մեծ աշխատանք, շնորհաւորում եմ բոլոր մասնակիցներին եւ պարուսոյց Լեւոն Արապեանին, կատարուել էր մեծ աշխատանք, մեր ազգային ժառանգութիւնը փոխանցելու երիտասարդ սերունդներին:
Վերջին համարը՝ «Եարխուշտա», ազգագրական, Մշոյ եւ Սասունի պարերից, ռազմական պար, հիմնականում պարում են տղամարդիկ, զոյգերով: Մեր արծիւ տղաներն ու աղջիկները կրակոտ աւիւնով, աննկարագրելի էներգիա փոխանցեցին ներկաներին. ջան իմ հայ ազգ. հզօր ես քո պարով: Դրական զգացողութիւններով լի մի համերգ: Անշուշտ, այսպիսի համերգները կը մտապահուեն եւ կը լցուի երիտասարդների հոգին գեղեցիկ յիշողութիւններով: Ողջունում եմ միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին.
Մաղթում եմ բոլորին երկա՜ր տարիների փայլուն ելոյթներ, պրաւօ՛, ուղղակի հիացած եմ: Ազգայինը միշտ պէտք է թեւածի:
Անահիտ Չորբաջեան
Գեղագէտ, մանկավարժ