Անվտանգութեան գօտու պահանջ Սիւնիքի մարզի սահմանամերձ գիւղերի բնակիչներից
Հայաստանի հարաւում գտնուող Սիւնիքի մարզի մի քանի գիւղ 44-օրեայ պատերազմից յետոյ կրկին սահմանամերձ են դարձել Ադրբեջանի հետ։ Դրա հետևանքով տարբեր գիւղերի բնակիչների մօտ նոյն խնդիրներն են առաջացել։ Մարդիկ ապրում են Ադրբեջանի զինուած ուժերի դիրքերի հարևանութեամբ ու զինուորականների մշտական հսկողութեան տակ և չեն կարողանում ազատ տեղաշարժուել, զրկուել են արօտավայրերից ու անասնապահութեամբ զբաղուելու հնարաւորութիւնից։ Բոլոր գիւղերում խօսում են իրենց բնակավայրերի շուրջ անվտանգութեան գօտի ստեղծելու անհրաժեշտութեան մասին։
Արցախում 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմից յետոյ Հայաստանի կողմից վերահսկուող տարածքներն անցան Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Արդիւնքում՝ կողմերի շփման նոր գիծը դարձաւ նախկին միութենական հանրապետութիւնների միջև խորհրդային հին սահմանը։ Բացի այդ, 2021թ․ մայիսից Ադրբեջանի Զինուած ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք և մինչ օրս հրաժարաւում են լքել այն։ Այսպիսով, Սիւնիքի որոշ գիւղերի բնակիչների տների հարևանութեամբ ադրբեջանական ԶՈւ դիրքեր յայտնուեցին։
Արաւուս
Լեռան բարձունքին թիկնած Սիւնիքի մարզի Արաւուս գիւղում ենք։ Դրա ողջ երկայնքով իրարից 10-20մ հեռաւորութեան վրայ տեղակայուած ադրբեջանական և հայկական 12 դիրքերը փոքրացրել են գիւղի վարչական սահմանները։ Անասնապահութեամբ ապրող գիւղը զրկուել է արօտավայրերից։
Գիւղի գոմերի մօտ հաւաքուած տղամարդիկ փորձում են գտնել իրենց տնտեսութիւնները վերականգնելու բանաձևը։
Պատերազմից յետոյ իր քառասուն անասուններին վաճառած Արթուր Բազեանը հիմա ունի ընդամէնը տաս գլուխ անասուն։
«Հիմա անասունին կերակրելու համար խոտի տուկը գնում եմ երկու հազարով, երեք անգամ աւելի թանկ։ Մարդ կայ իր հարիւր գլուխ անասունը վաճառեց, իսկ գիւղը հիմնականում ապրում էր անասնապահութեամբ: Վաճառուած անասունների գումարներով դեռ եօլայ են գնում»,- ասում է երեք երեխաների հայրը։
60-ամեայ Կարինէ Ասրեանը թոռների ու հարսի հետ տան բակում է։ Նախկինում փոքր անասնապահական ֆերմա ունեցած ընտանիքն այսօր ընդամէնը երեք կով ունի։
«Գիւղացին պէտք է անասուն պահի, որ ապրի։ Արօտավայր չկայ, ո՞նց պահենք, ո՞ւր տանենք այդ անասունը խոտ ուտի։ Քառասուն կով ունէինք։ Լաւ էինք ապրում։ Հիմա գնում եմ Գորիսում լաւաշ եմ թխում, որ գումար վաստակեմ։
Բացի էս, բա մեր անվտանգութի՞ւնը։ Ամուսինս գիւղի հովիւն է։ Անցեալ գարնանը ադրբեջանցիները ամուսնուս էին մօտեցել, վախեցրել, ծեծել, էն դէպքում, որ մեր տարածքում է եղել։ Մեր զինուորականների մօտենալուց յետոյ էին միայն հեռացել։ Յետոյ էլ ասում են՝ խաղաղութեան դարաշրջան է բացւում, պէտք է ապրեք խաղաղութեան մէջ: Էս ասողները հաւատո՞ւմ են իրենց ասածներին»,- հարց է տալիս Կարինէ Ասրեանը։
Իսկ նրա հարսը, 32-ամեայ Մելինէ Առաքելեանը անհանգստանում է երեխաների համար, թոյլ չի տալիս նրանց երեկոյեան վեցից յետոյ դուրս գալ տանից․
«Կայ անապահովութեան զգացում, մեծերով էլ աշխատում ենք տանը մնալ երեկոյեան, չնայած գիտենք, որ մեր զինուորները գիւղի տղամարդկանց հետ հսկում են սահմանները։ Մեր հայրենիքը մենք չենք լքելու, բայց պէտք է մեզ համար էլ պայմաններ ստեղծեն ապրելու համար։ Անվտանգութեան գօտու ստեղծումը այսօր խիստ անհրաժեշտ է։ Մեր ծնողները ապրեցին այս պատերազմով, յետոյ մենք, հիմա էլ մեր երեխաները, որ արդեն տարբերում են զէնքերի ձայները»։
Արաւուսի բնակիչներից 36 ամեայ Ժաննա Մինասեանն էլ անհանգստանում է տղայի ու միւս դպրոցականների համար, որոնք ամէն առաւօտ ոտքով դասի են գնում հարևան Տեղ գիւղի դպրոց․
«Երկար է ճանապարհը։ Քառասուն րոպէ քայլում են երեխաները։ Վախենում ենք, բայց ինչ անենք, հո երեխեքին չենք զրկելու կրթութիւն ստանալուց։ Գոնէ տրանսպորտ լինէր, երեխեքին դպրոց հասցնէին առաւօտները։ Նախկինում այստեղ անգամ սահման չկար, հիմա եկել նստել են մեր քթի տակ»։
Ժաննայի ամուսինը, Գարիկը, ձիով ջուր է բերում գոմերում մնացած մի քանի անասունի համար։
«Արաւուսից տղամարդ չի եղել, որ չմասնակցի պատերազմին, բոլորը կամաւոր գնացին։ Դժուարութիւնները շատ են, բայց էս գիւղից գնացող չկայ»,- ասում է նա։
Խոզնավար
Սիւնիքի մարզի ամենահեռաւոր գիւղերից մէկը ձորի մէջ փռուած Խոզնավարն է։ Չնայած գիւղի գարնանային խաղաղութեանը, գիւղացիները անհանգիստ են ու լարուած։
«Այստեղ ապրելը դժուարանում է, երեք կողմից շրջապատուած ենք հակառակորդով։ Գիւղը ձորում է, բարձունքները իրենցն են, պատերազմից յետոյ անցաւ իրենց։ Մութն ընկաւ՝ տանից դուրս չենք գալիս։ Առաջ ո՞վ էր վախում, իսկ հիմա ի՞նչ գիտես, ինչ կը պատահի, գլխներիս վերևը նստած են։ Մեր տանից նայում եմ, երևում են դիրքերը»,-պատմում է գիւղացիներից Շուշիկ Ալավերդեանը։
Հայկական յենակէտերից էլ զինծառայողներն են հսկողութիւն իրականացնում սահմանին։ Իսկ գիշերները գիւղի տղամարդիկ էլ են հերթապահում, ասում է Խոզնավարի վարչական շրջանի պատասխանատու Վահան Զաքեանը․
«Յանկարծ հակառակորդը փորձ անի սադրել, անակնկալի չգանք»։
Անասնապահութեամբ զբաղուող գիւղը պատերազմից յետոյ գրեթէ կիսով չափ կրճատել է անասնագլխաքանակը։
«Առաջ մարդիկ 10 կով էին պահում, հազիւ էին ծերը ծերին հասցնում, հիմա 3-4 կով պահելով, ո՞նց ապրեն։ Հայկական և ադրբեջանական դիրքերի արանքում չէզոք գօտի կայ, որտեղ գիւղացիների արօտավայրերն են, և անասնակերը հիմնականում այդ հատուածից ենք հնձել: Այսօր, սակայն ադրբեջանցիները թոյլ չեն տալիս, որ մարդիկ այդտեղ հունձք կատարեն: Վերևը՝ Սև լճի մօտ, մի 100 հեկտարի չափ էլ էդ տարածքում է մնացել թուրքերին։ Մեր համայնքի հողերն էին, ժողովուրդը հիմնականում այստեղից էր խոտը բերում,- ափսոսանքով պատմում է Վահան Զաքեանը։ — Հովիւները մշտապէս լարուած են լինում, որ շատ առաջ չգնան, աշխատում են սահմանին մօտ չարածեցնել»։
Խոզնավարում ապրում է 76 ընտանիք` 350 բնակչով: Չնայած սահմանային անհանգստութիւններին կեանքը գիւղում շարունակւում է, սկսուել են մանկապարտէզի կառուցման աշխատանքները։ Դպրոցում սորւում է 38 աշակերտ:
«Մեր դպրոցը 6 առաջին դասարանցի ունի: Չունենք 8-րդ և11-րդ դասարաններ, ինչը նշանակում է, որ այս տարի աւարտական դասարան չենք ունենալու: Մեր երեխաներին դասաւանդող 17 ուսուցիչները ամէն օր գալիս են Գորիսից»,- պատմում է դպրոցի տնօրէն Վոլոդիա Զախարեանը։
Խոզնավարի քառասուն տարուայ բուժքոյր Սիլվա Ներսիսեանը արցախեան երեք պատերազմ է տեսել, ասում է, որ պատերազմի ձայնը դեռ ականջներում է․
«90-ականներին ամբողջ գիւղը տարհանել էին, միայն ես մնացի որպէս բուժաշխատող։ Յետոյ քառօրեան տեսանք, 44-օրեան։ Սև ջրի մօտ ամէն գարուն գնում էինք աւելուկ հաւաքում, էդ մասում մենք ահագին դաշտեր ունէնք, հիմա չեն թողնում գնանք։ Մեզ շրջապատել հսկում են, բայց մենք ուրիշ տեղ չունենք գնալու, էս մեր գիւղն է, մեր հողը»։
Մի ցանկութիւն ունի, որ Խոզնավարում արտադրամաս բացեն, մարդիկ աշխատանք ունենան, տուն պահեն։
Խնածախ
67-ամեայ Սերոբ Ադամեանը Խնածախում ապրում է կնոջ հետ։ Երեք աղջիկներին վաղուց ամուսնացրել է, տղան էլ աշխատում է Կապանում։ Ցոյց տալով իր տան վերանորոգուած պատերը, ասում է.
«Հա՛ խփել են, հա՛ էլ սարքել եմ։ Լինում է, գիշերներն էլ են կրակում, գուցէ օդ են կրակում, բայց մարդիկ գիւղում վախենում են։ Նայէք էն վերջին տունը, մի հարիւր մետր էն կողմ հայկական դիրքն է, մի երկու հարիւր մետր էլ վերև՝ իրենք են»,- ասում է Սերոբ Ադամեանը։
Ամենամօտը այդ դիրքին գիւղի 80 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցն է։
«Դպրոցը թիրախում է։ Բայց թէ ուսուցիչների, թէ աշակերտների վրայ դա չի ազդում։ Չի կարելի ասել, որ վախ բացարձակապէս չկայ, ի վերջոյ, հակառակորդ են։ Բայց մենք գիտենք, որ մենք էլ այնտեղ դիրքապահներ ունենք։ Մենք չենք լացում, չենք բողոքում, իրավիճակը ստեղծուել է մեզնից անկախ, մենք հարմարւում ենք»,- ասում է Խնածախի դպրոցի տնօրէն Աբրահամեանը։
«Նրանց դիրքերից մեր տուն 200 մետր էլ չկայ»,- ասում է գիւղի վարչական պատասխանատու Սէյրան Միրզոյեանը։
Գիւղապետարանի պատին փակցուած է Խնածախի արօտավայրերի քարտէզը, որի վրայ մատիտով նշում է արուած՝ «հանել ցուցակից»։ Սա այն արօտավայրերի մասին է, որոնք Խնածախը կորցրել է։ Միրզոյեանի խօսքով, ադրբեջանական հսկողութեան տակ է անցել գիւղի մօտ 22 հա հողատարածք․
«Պէտք է լինի չէզոք գօտի։ Մութն ընկաւ երեխաներին դուրս չենք թողնում: Ընդհանրապէս երեկոյեան ժամերին այլևս անվտանգ չէ գիւղում շրջելը։ Գիւղացիներից շատերի այգիները անմշակ են, որովհետև շատ մօտ են ադրբեջանական դիրքերին»։
Գիւղամիջում հաւաքուած տղամարդկանց խօսակցութեան թեման պատերազմն է ու դրա արդիւնքում իրենց գլխիվայր շուռ եկած կեանքը։
«Պետութիւնը պարտաւոր է լուծել բուֆերային գօտու հարցը։ Անհանգիստ ենք, բայց ի՞նչ անենք։ Երևան տեղ կա՞յ, գնամ էն պատի տակին նստեմ։ Մեր գիւղը պահելու ենք։ Մեր կեանքը պատերազմների մէջ անցաւ, ու հիմա էլ դեռ պատերազմի մէջ ենք։ Խաղաղութեան դարաշրջան թող բացուի՛, չուզողը մե՞նք ենք, ո՞վ չի ուզում խաղաղ ապրի»,- ասում է Սուրիկ Գասպարեանը։
Չնայած խնդիրներին ու փխրուն խաղաղութեանը Խնածախում մտածում են նաև տուրիզմ զարգացնել։
«Եթէ ճիշտ մատուցենք մեր գիւղի հնարաւորութիւնները զբոսաշրջիկներին, իհարկէ, կը գան։ Խնածախի գեղեցկութիւնը անթերի է։ Այստեղ ունենք քարանձաւներ, որտեղ ապրել են մեր նախնիները, ունենք հին հիւրատուն, պէտք է էլի հիւրատներ կառուցենք, փորձենք զարգացնել B&B մշակոյթը»,- ասում է Արտավազդ Աբրահամեանը։
Խնածախի դպրոցի տնօրէնը համոզուած է՝ գիւղը պահելու համար պէտք է այլընտրանք մտածել անասնապահութեանը․
«Թռչնաբուծութիւնը զարգացնեք։ Այնպիսի բիզնես է, որ արօտավայր չի ուզում ու հէնց յաջորդ օրուանից փող է բերում։ Ճագարաբուծութիւնը զարգացնենք։ Մարդիկ մտածում են գիւղից դուրս գան, գնան Քաջարան, հանքում աշխատեն, աշխատավարձ ստանան։ Ու չկայ այն մտածելակերպը, որ կարելի է տեղում դառնալ գործատու։ Ես շատ եմ մտածում այս ծրագրերի մասին, քանի որ շարունակելու եմ ապրել Խնածախում, պահելու եմ իմ գիւղը»։
jam-news.net