«Այս իշխանութիւնը ստեղծել է խոհրդարանական ճգնաժամի նախահիմքերը». Արթուր Խաչատրեան

Ալիեւն ու Փաշինեանը համահունչ են խօսում, երկուսն էլ ասում են՝ որեւէ երաշխիք չկայ, որ Հայաստանը խաղաղութեան դարաշրջանին կը հասնի։ Փաշինեանը փորձում է ժողովրդին շանտաժի ենթարկել՝ եթէ մենք չգնանք խաղաղութեան ճանապարհով, ապա կը կորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ` Հայաստանը, բայց այդ ճանապարհն էլ ռիսկային է։ Ստացւում է՝ մենք զիջման գնալու ենք, Ղարաբաղը կորցնելու ենք։ Այս մասին  յուլիսի 8-ին MediaHub.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Յիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն Աւստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպմանը յայտարարել է՝ Հայաստանում որոշ շրջանակներ չեն ցանկանում, որ տարածաշրջանում խաղաղութիւն լինի, եւ ճնշում են գործադրում Երեւանի վրայ, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործում: Խաչատրեանը նշեց, որ Չաւուշօղլուն խօսել է հայաստանեան ընդդիմութեան մասին։

«Չաւուշօղլուի խօսքով՝ մենք խանգարում ենք թուրքերի եւ Փաշինեանի «սիլի-բիլիին»,- ասաց նա։

Խորհրդարան վերադառնալու մասին պատգամաւորը նշեց, որ բազմիցս են կրկնել՝ ԱԺ կը վերադառնան միայն իրենց օրակարգով։

«Այն իրավիճակը, որը ստեղծուել է ԱԺ-ում, պատասխանատու է միայն իշխանութիւնը, նրանք մեր բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւնները սպանում են յանձնաժողովների մակարդակով։ Իշխանութիւնը չի թողնում, որ մեր օրէնսդրական նախաձեռնութիւնները հասնեն ԱԺ լիագումար նիստ»,- նշեց Խաչատրեանը եւ օրինակներով ներկայացրեց, թէ, առհասարակ, ինչ կարեւոր հարցեր են անտեսուել իշխանութեան կողմից։

«Այն մարդիկ, որոնք ասում են՝ նստենք, իշխանութեան հետ հաւասարը-հաւասարի պէս խօսէք, նրանք չեն ուզում տեսնել, որ այս իշխանութիւնը ստեղծել է խոհրդարանական ճգնաժամի նախահիմքերը, երբ ընդդիմութիւնը տեսնում է, որ խորհրդարանում ոչինչ չի կարողանում անել՝ յետ է քաշւում փողոց, բայց ասում, որ կը վերադառնանք՝ մեր օրակարգով։ Իշխանութիւնը կոնտակտի չի գալիս»,- ընդգծեց պատգամաւորը։

Աղաւնոն, Բերձորը, Սուսը զիջելու մասին խօսելիս` Խաչատրեանը նշեց, որ չկայ որեւէ փաստաթուղթ, որտեղ ասւում է՝ Աղաւնոն, Բերձորը եւ Սուսը պէտք է յանձնուի թշնամուն։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում սեւով սպիտակի վրայ գրուած է՝ զօրքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնւում են փաստաթղթի սրոտագրման պահին։ Ինքն ասում էր՝ սա եղել է բանաւոր համաձայնութիւն, վստահեցնում եմ՝ փաստաթուղթ է եղել, ես դա տեսել եմ, չեմ կարող ասել, թէ ինչ է գրուած, բայց տեսել եմ»,-ասաց նա եւ յաւելեց, որ անգամ այս պայմանաւորուածութիւնը չի պահուել Ադրբեջանի կողմից։

Դիտարկմանը, թէ Փաշինեանը յայտարարեց՝ նշուած համայնքերի բնակիչները բնակարաններով կապահովուեն, վերջինս արձագանգեց․«Կը լինի՞ մենք նրան նոր տուն տանք, ինքը գնայ 3-րդ մասի տանը ապրի, որովհետեւ Կոնդի առանձնատանը ապրելով՝ ինքը միայն մարդկանց տներ է քանդում»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.