Այսօր մեզ անհրաժեշտ է ազգային առողջ գիտակցութիւն ունեցող ուժերի համախմբում. Յակոբ Տէր-Խաչատուրեան

«Երկրի հիւրասրահ»-ում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Զրոյցն ընթացել է ՀՅԴ գործունէութեան երեք հիմնական ուղղութիւնների շուրջ` Արցախ, Հայաստան և Սփիւռք: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը խօսել է Արցախ կատարած իր վերջին այցի, տեղի ունեցած հանդիպումների և Արցախում մեկնարկած նոր քաղաքական գործընթացների մասին: Նա վստահեցրել է, որ Արցախի խնդրի հետ կապուած Դաշնակցութեան դիրքորոշումներում որևէ փոփոխութիւն չկայ, և ՀՅԴ-ն շարունակում է պայքարը յանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի և Արցախի անկախութեան ճանաչման:

Խօսելով Արցախում տեղի ունեցող վերջին կադրային փոփոխութիւնների մասին` Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ ՀՅԴ-ն ողջունում է դրանք և լիայոյս է, որ նորանշանակ պաշտօնեաներն իրենց հայրենասիրութեան ու նուիրումի շնորհիւ կը կարողանան շտկել ստեղծուած իրավիճակն ու աշխուժացնել հասարակական կեանքը:

«Մենք պէտք է կարողանանք կրկին միջազգային օրակարգ բերել Արցախի հարցը և վերականգնել հարցի կարգաւորման մինչ այս եղած ձևաչափերը` գործադրելով բարեկամ երկրների հետ մեր ունեցած բոլոր կապերը»,- նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը և յաւելել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի յայտարարութիւնները Արցախի հարցը փակուած լինելու և ՀՀ իշխանութիւնների՝ Արցախի ինքնորոշման իրաւունքից հրաժարուելու գնով խաղաղութեան պայմանագիր ստորագրելու մասին յայտարարութիւնները կեղծ օրակարգեր են և անընդունելի ՀՅԴ-ի համար:

Անդրադառնալով Սփիւռքի կացութեանը` Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ հակառակ վերջին տարիներին Սփիւռքում ՀՀ իշխանութիւնների պառակտիչ գործունէութեանը, արտերկրում ազգային և համահայկական կառոյցները կանգուն են և շարունակում են իրենց գործունէութիւնը ի նպաստատ Հայաստանի և Արցախի, ի նպաստ Հայ դատի աշխատանքների: Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքով` Սփիւռքը գիտի ինքզինքը կազմակերպել և դժուարին կացութիւններում հայրենիքին նեցուկ կանգնելու յենարաններ ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է միասնութիւն: Այս ճգնաժամային օրերին մեզ անհրաժեշտ է ազգային առողջ գիտակցութիւն ունեցող ուժերի համախմբում:

Յակոբ Տէր-Խաչատուրեանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին: Նա ճիշդ քայլ է որակել ընդդիմութեան վերադարձը խորհրդարանական աշխատանքներին` նշելով, որ դա պայքարը շարունակելու և «Դիմադրութիւն» շարժումն իր տրամաբանական աւարտին հասցնելու համար լրացուցիչ գործիք կը դառնայ ընդդիմութեան ձեռքին:

Մանրամասները՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.