Ամփոփագիր Հայ Դատի Գրասենեակների Եւ Յանձնախմբերի Կողմից Կատարուած Հիմնական Աշխատանքների

(17-30 Դեկտեմբեր 2020թ․)

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ եւ առաջադրուած խնդիրներին։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

 

ANCAԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունել է կոնգրէսական նախաձեռնութիւնը, որը ԱՄՆ հետախուզական ծառայութիւններից պահանջում է ղարաբաղեան վերջին պատերազմի վերաբերեալ գաղտնի տուեալների տրամադրում։ Այս նախաձեռնութեան նպատակներից մէկը նաեւ պարզելն է, թէ Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը ինչ ազդեցութիւն է ունեցել հարաւային Կովկասում ուժերի հաւասարակշռութեան խախտման վրայ։ Ըստ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանի՝ այս նախաձեռնութիւնը կարեւոր է նաեւ այն առումով, որ դրա արդիւնքներով Սպիտակ տան յաջորդ վարչակազմը կարող է դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան օգնութիւնը։

 

ԵՒՐՈՊԱ

 

EUROPEԵւրոպայի Հայ Դատի յանձնախմբի եւ Բելգիայի շրջանային յանձնախմբի գործուն ջանքերով պայմանաւորուած՝ Դեկտեմբերի 18ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձեւ, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչութեան դէմ Թուրքիայի իշխանութիւնների աջակցութեամբ եւ օտարազգի վարձկանների մասնակցութեամբ սանձազերծուած ադրբեջանական ռազմական ագրեսիան, ինչպէս նաեւ յստակօրէն պահանջում է, որ Ադրբեջանը եւ նրան սատարող ուժերը զօրքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նուաճուել է բռնի ուժի եւ բռնութեան գործադրմամբ։

Բանաձեւը նաեւ դատապարտում է խաղաղ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածուած յարձակումները եւ կաստետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Բանաձեւի նախաբանում խօսւում է նաեւ Արցախի հայ ազգաբնակչութեան ինքնորոշման իրաւունքի, ուժի չկիրառման մասին՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, եւ շեշտւում է, որ այդ սկզբունքները ոտնահարուել են Ադրբեջանի կողմից: Բանաձեւն անդրադարձ է կատարում նաեւ պատերազմում Թուրքիայի ներգրաւածութեան հարցին՝ ֆեդերալ կառավարութեանը կոչ անելով պահանջել Թուրքիային դադարեցնել միջամտութիւնը։

Բանաձեւում անդրադարձ է կատարւում նաեւ գերիների վերադարձի եւ հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին։

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը յայտնում է, որ UNESCO-ի գլխաւոր քարտուղարին ուղղուած նամակով է հանդէս եկել Սաթվորկի աւագ քահանան, ում միացել են նաեւ Լիդսի, Քաւենթրիի եւ Էբսֆլիթի քահանաները՝ ուշադրութիւն հրաւիրելով Արցախում հայկական միջնադարեան քրիստոնէական ժառանգութեան նկատմամբ բռնութիւնների կիրառման փաստերի վրայ։

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹԻՒՆ

 

RUSSIAՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի գրասենեակը Դեկտեմբերի 20ին Հայաստան է ուղարկուել հումանիտար նշանակութեան օգնութեան հերթական խմբաքանակը՝ ընդհանուր 15 տոննա քաշով։

Դեկտեմբերի 22ին հրապարակուած յայտարարութեամբ Մոսկուայի Հայ Դատի գրասենեակը, մտահոգութիւն է յայտնել Բերձորի ուղեկալում աադրբեջանցիների կողմից Արցախում հերթափոխի կազմակերպմանը խոչընդոտելու փաստի առթիւ։  Յայտարարութիւնը, նամակի տեսքով, փոխանցուել է ռուսական պատկան մարմիններին։

Դեկտեմբերի 17ին եւ 28ին գրասենեակի պատասխանատուն մասնակցել է Ռուսաստանի հայերի միութեան համառուսաստանեան տեսակոնֆորանսին, հանդէս եկել ելոյթներով, իսկ Դեկտեմբերի 24ին Հայ Դատի Մոսկուայի յանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում եւ առանձնազրոյց են ունեցել Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինի հետ՝ քննարկելով համատեղ հետաքրքրութեան հարցերի լայն շրջանակ։ Վերջին շաբաթուայ ընթացքում գրասենեակի ներկայացուցիչը հանիպել եւ զրուցել է ակադեմիկոս Վիտալի Նաումկինի, քաղաքագէտ Դմիտրի Պախոմովի, չինագէտ Նինոլայ Վաւիլովի եւ թուրք քաղաքագէտ Արիֆ Ասալիօղլուի հետ։ Զրոյցների տեսագրութիւնները հրապարակուել են «Պրօ Արմէնիա» համառուսաստանեան պորտալում։

Դեկտեմբերի 26ին Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի հովանու ներքոյ գործող «Լուսարձակ» դպրոցի սաներն իրականացրել են «Իմ գիւղը» խորագրով միջոցառումը։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք արդէն իսկ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունումների։

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենեակ

Leave a Comment

You must be logged in to post a comment.