ԱԱԾ-ն չի մեկնաբանում, թէ երբ եւ ինչ հիմքով է Մուրադ Փափազեանը Հայաստանի համար ճանաչուել անցանկալի անձ
NEWS.am-ը գրում է․
«Ազգային անվտանգութեան ծառայութիւնը չի մեկնաբանում, թէ երբ եւ ինչ հիմնաւորմամբ է Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը Հայաստանի համար ճանաչուել անցանկալի անձ։ NEWS.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից յայտնում են, որ հայցուող տեղեկութիւնը խախտում է Մուրադ Փափազեանի անձնական կեանքի գաղտնիութիւնը, հետեւաբար այն չի կարող տրամադրուել։
Մեր հարցին, թէ կա՞ն այլ սփիւռքահայ գործիչներ, որոնք եւս Հայաստանի համար ճանաչուած են անցանկալի անձ, ԱԱԾ-ն եւս չի պատասխանում՝ նշելով, որ այդ մասին հաշուառում չի իրականացւում։
Յիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ ԲԻւրոյի անդամ Մուրադ Փափազեանն ընտանիքի հետ Յուլիսի 14-ին ժամանել էր Հայաստան, սակայն «Զուարթնոց» օդանաւակաեանում ԱԱԾ աշխատակիցներն արգելել էին Փափազեանի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, թէ ինքն անցանկալի անձ է Հայաստանի համար։ Մուրադ Փափազեանը ստիպուած է եղել ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա»։