​Ես որևէ մէկին թոյլ չեմ տայ բանակցել իմ որդու արեամբ պահած թէկուզ մէկ կտոր հողի համար. Կարին Տօնոյեան

«Այսօր վտանգի տակ է մեզ համար ամէնաթանկը՝ մեր հայրենիքը»,- Հանրապետութեան հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հաւաքի ընթացքում ասաց «5165» կուսակցութեան նախագահ Կարին Տօնոյեանը։

Նա յիշեցրեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինեանից հրապարակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև  սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը, սակայն այսօր արդէն ևս մէկ տագնապ է առաջացել: Կ. Տօնոյեանն ասաց, որ այսօր յայտնի դարձաւ՝ ՀՀ իշխանութիւնները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց սկսելու պատրաստակամութեան մասին:

«Այդ ի՞նչ առանց նախապայմանների, այդ ի՞նչ պայմաններ էք մի կողմ դնելու: Ես չեմ պատրաստւում հրաժարուել որևէ կտոր հողից:

Այո, այսօր մենք կանգնած ենք այս հայրենիքը կորցնելու վտանգի առաջ, բայց չի նշանակում, որ այդ վտանգից պէտք է կորցնենք մեր ամբողջ հայրենիքը կամ այս մի կտորը պահելու համար պէտք է տանք ամբողջը, ինչպես իրենք են իրենց մտքերում արձանագրում: Չի կարող այդպիսի բան լինել՝ մարդն իր ձեռքը փրկելու համար ամբողջ մարմինը չի տալիս»,- ասաց Կ. Տօնոյեանը:

Նա նշեց, որ գնալու են մինչև վերջ՝ մինչև երկիրը չազատեն այս ազգադաւներից:

«Ես որևէ մէկին թոյլ չեմ տայ բանակցել իմ որդու արեամբ պահած թէկուզ մէկ կտոր հողի համար և դիմում եմ բոլորին՝ գիտնականին, գիւղացուն, ուսուցչին, բժշկին, շինարարին՝ դուք բոլորդ մէկ կտոր հողի վրայ էք ապրում, այդ ձեր տան կտորի համար իւրաքաչիւրը պէտք է պայքարի:

Իմ թոռնիկը պէտք է ազատ Հայաստանում ապրի, որովհետև իր հայրն է պահել այդ հայրենիքը»,- ասաց Արցախում անմահացած հերոս Մենուա Յովհաննիսեանի մայրը՝ Կարին Տօնոյեանը:

Նա ընդգծեց, որ որևէ մի փաստաթուղթ որևէ իշխանաւոր իրաւունք չունի ստորագրելու, եթէ ժողովուրդն իրեն չի տուել այդ իրաւունքը:

«Սահմանադրութեամբ մեր իրաւունքն է՝ տարածքներին վերաբերող իւրաքանչիւր հարց պէտք է հանրաքուէով անցնի: Ուրեմն բացէք այդ փաստաթուղթը: Այդ վարչապետը թող ոչ մի թուղթ մեր փոխարէն չստորագրի, թող այդ մեծ պատասխանատուութիւնը չվերցնի իր վրայ: Մենք իրեն ազատում ենք այդ մեծ հոգսից: Թող այդ թուղթը մեզ ցոյց տայ, և մենք որոշենք՝ ստորագրենք, թէ ոչ:

Մեր վարչապետ կոչուածին կոչ ենք անում՝ դուրս արի այստեղ: ««Լայւի» ետևում մի թաքնուէք, դուրս եկէք ու առանց ոստիկանների կանգնէք ժողովրդի մէջ ու պատասխանէք մեր հարցերին: Միայն այդպէս կարող ենք լսել ձեր պատասխանները, հակառակ դէպքում ձեր պատասխանները միայն ձեր սարքովի հարցերի, ֆէյքերի հարցերի համար է:

Այլևս չկայ այդ միամիտ ժողովուրդը, ձեզ այլևս ոչ ոք չի հաւատում այս երկրում»,- ասաց Կարին Տօնոյեանը:

 

Աղբիւր` Panorama.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.