Քեզ բնաջնջելու ելածների հետ տնտեսական կապեր խորացնելը ևս մէկ ռումբ է. տնտեսագէտ

Թշնամի երկրների հետ տնտեսական յարաբերութիւններ զարգացնելու որևէ դրսևորում, որևէ փորձ ուղղակի անթոյլատրելի է. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ, ԵՊՀ  կառավարման և գործարարութեան ամբիոնի վարիչ Կառլէն Խաչատրեանը՝ անդրադառնալով շրջանառուող լուրերին, թէ ադրբեջանական պետական նաւթային SOCAR ընկերութիւնը փորձում է մտնել Հայաստան։

«Այս պայմաններում բարդ է պատկերացնելը, թէ ինչպէս կարող է ադրբեջանական որևէ ընկերութիւն գործունեութիւն ծաւալել Հայաստանի տարածքում։ Եթէ նման լուրեր են շրջանառւում` ենթադրում եմ, որ դրա օբյեկտիւ հիմքերը կան. պաշտօնական որոշակի թոյլտուութիւններ կամ համաձայնութիւններ, այդուհանդերձ, ձեռք են բերուել։ Ամէն գնով պէտք է թոյլ չտալ նման ընկերութիւնների կամ, առհասարակ, ադրբեջանական, թուրքական կապիտալի որևէ ներկայութիւն մեր տնտեսութիւնում։ Գաղտնիք չէ այն թշնամական վերաբերմունքը, որ ունեն այդ երկրները մեր նկատմամբ. մէկ, մէկուկէս տարի առաջ գործնականում համոզուեցինք դրանում։ Մեզ այս տարածաշրջանում բնաջնջելու ձգտում ունեցող երկրների հետ տնտեսական յարաբերութիւններ խորացնելը ևս մէկ ռումբ է, և  պէտք է թոյլ չտանք, որ  այդ ռումբը տեղադրուի»,- ասաց տնտեսագէտը։

Կառլէն Խաչատրեանի կարծիքով` Թուրքիայի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելը չէ, Թուրքիայի նպատակը մեզ այս տարածաշրջանից դուրս մղելն է` թէ՛ բնաջնջման եղանակով, թէ՛ տնտեսական կամ այլ հնարաւոր գործիքներով։

«Վստահ եմ` Թուրքիան թէ՛ ռազմական, թէ՛ դիւանագիտական, թէ՛ տնտեսական բոլոր հնարաւոր լծակները օգտագործելու է մեզ` որպէս իր թշնամու, տարածաշրջանից դուրս մղելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հետ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւններին, ապա նորից կ’ասեմ, որ անհնար է թշնամական երկրի հետ տնտեսական յարաբերութիւններ զարգացնել։ Թուրքիան, վստահաբար,  ունի մեծ ցանկութիւն մտնելու Հայաստանի տնտեսութիւն, ներդրումներ կատարելու և այլն, բայց դրա հիմանական նպատակը ոչ թէ Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելն է, այլ Հայաստանում տնտեսական լծակներ ունենալը և այդ եղանակով մեզ թուլացնելն ու ճնշելը»,- ասաց բանախօսը։

Տնտեսագէտն առաջ է բերում Վրաստանի և Ուկրանիայի օրինակը, որտեղ, այսպէս կոչուած, թաւշեայ յեղափոխութիւններից յետոյ իշխանութեան են եկել քաղաքական ուժեր, որոնք ակնյայտօրէն հակառուսական քաղաքականութիւն են իրականացրել։ Այդ քաղաքականութեան արդիւնքում հետզհետէ դուրս է մղուել ռուսական կապիտալը, և բացը լրացրել է թուրքական կապիտալը։ Վրաստանի թիւ մէկ առևտրատնտեսական գործընկերը Թուրքիան է։ Վրաստանը Թուրքիայի համար դարձել է հանքահումքային կցորդի նման մի բան։

«Մեր տնտեսութիւնը շատ աւելի փոքր է, ներկայ իրողութիւններում՝ շատ աւելի թուլացած, և մօտաւորապես կարելի է պատկերացնել, թէ ինչ կը լինի դրա հետ  թուրքական կապիտալի ներկայութիւնից յետոյ կամ Թուրքիայի հետ յարաբերութիւնների զարգացման արդիւնքում»,- նշեց տնտեսագէտը։

Արդեօ՞ք Հայաստանի տնտեսութիւնը հաւասարը հաւասարի նման կարող է մրցել թուրքական և ադրբեջանական տնտեսութիւնների հետ: Տնտեսագէտի կարծիքով` ո՛չ, քանի որ վերջին մի քանի տարիներին տնտեսական քաղաքականութեան վարման արդիւնքում մենք ո՛չ ռազմավարական նպատակներ ենք մեր առջև դնում, ո՛չ երկարաժամկէտ պլանաւորում։

«Մենք ընթացիկ ծագող խնդիրներին փորձում ենք էպիզոդիկ լուծումներ տալ, ինչի արդիւնքում ունենք այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Տնտեսութեան ներկայիս իրավիճակը բաւական մտահոգիչ է, և այս պայմաններում մրցել կամ յարաբերութիւններ խորացնել երկրների հետ, որոնք ուղղակիորէն քեզ բնաջնջելու նպատակ ունեն, կործանարար կարող է լինել մեր երկրի համար»,- եզրափակեց Կառլէն Խաչատրեանը։

Լենա Կարապետեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.