Փաշինեանի հրաժարականի պահանջով համաժողովրդական հանրահաւաք եւ երթ Երեւանում

Երևանի Ազատութեան հրապարակում այսօր, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցաւ «Հայրենիքի փրկութեան շարժում» նախաձեռնութեան հանրահաւաքը: Շարժումը նախաձեռնել էին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցութիւնները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանի խօսքով՝ Ազատութեան հրապարակում հաւաքուել են հազարաւոր մարդիկ, մտքով ու հոգով ներկայ են նաև տասնեակ, հարիւր-հազարաւորներ՝ Սիւնիքից մինչև Տաւուշ, սփիւռքի բոլոր գաղթավայրերից մինչև Ջաւախք։

Ազատութեան հրապարակում հաւաքուած քաղաքացիները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհուած զինուորների եւ կամաւորների յիշատակը։

Դադիվանքի վանահայր Տէր Յովհաննէսը հանրահաւաքի մեկնարկը տուեց Տէրունական աղօթքով։

ՀՀ ԱԺ Բարգաւաճ խմբակցութեան պատգամաւոր Իվետա Տոնոյեանը ընթերցեց կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի ուղերձը։ Ելոյթներով հանդէս եկան արուեստի վաստակաւոր գործիչ, դերասան Վիգէն Ստեփանեանը, «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
Հանրահաւաքի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ ժամանակաւոր կառավարութեան վարչապետի միասնական թեկնածու, ՀՀ առաջին վարչապետ, Պաշտպանութեան նախկին նախարար Վազգէն Մանուկեանը։

Վերջում Գեղամ Մանուկեանը տեղեկացրեց, որ համապետական հանրահաւաքի վայրից սկսուելու է քայլերթ՝ Բաղրամեան պողոտայ-Պռոշեան փողոց-կառավարութեան ամառանոցներ երթուղով, որտեղ անմրջապէս Նիկոլ Փաշինեանին կը փոխանցուեն վերջինիս հրաժարականի յստակ պայմաններն ու վերջնաժամկէտը:

Երեւանի Ազատութեան հրապարակից մեկնարկած երթը ավարտուեց կառավարական առանձնատների մօտ, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց․ «Մենք այստեղ ենք, որ շատ մօտիկից Նիկոլ Փաշինեանին փոխանցենք մեր բոլորի պահանջը: Այդ պահանջը հետևեալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տայ և հեռանայ: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակւում ես կառավարական ամառանոցում: Մենք որևէ պայմանաւորուածութիւն, որևէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մէկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանայ և վերջ:

Մենք երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ, խոստանալ, որ ֆիզիքական հաշուեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.