Փաշինեանի կառավարութեան ծրագրում չի խօսւում Հայոց ցեղասպանութեան հետևանքների վերացման մասին

ԵՐԿԻՐ.- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հայկական կողմը չի համարում բանակցութիւն, բայց, միւս կողմից, խօսակցութիւններ են գնում, որից տպաւորութիւն ես ստանում, որ մատրիտեան սկզբունքներն այլևս գոյութիւն չունեն: Մասնաւորապէս` վերջերս «Սփութնիք Արմենիա»-ին տուած հարցազրոյցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլատիմիր Կարապետեանն այս առնչութեամբ ասել է՝ ո’չ հայկական կողմն է դրանց մասին խօսում, ո՛չ ադրբեջանական կողմը, ո՛չ էլ միջնորդները: Լրագրողների հետ զրոյցում նման տեսաէտ յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրոյ Մանոյեանը:

«Ադրբեջանը փորձում է ցոյց տալ, որ կարելի է, ուղղակիօրէն Հայաստանի հետ խօսելով և շփման գծում զինադադարի խախտումները նուազեցնելով, առնուազն շփուել, եթէ ոչ՝ բանակցել: Բայց սա շարունակութիւն չի կարող ունենալ, որովհետև Ադրբեջանն այնպիսի մօտեցումներ է ցուցաբերում, որ պարզ չէ` համաձայն լինելո՞ւ է, որ ձևաչափը փոխուի, և Արցախի իշխանութիւնները ևս մասնակցեն բանակցութիւններին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ վերամիաւորմանը, Կիրոյ Մանոյեանն ասաց, որ դրան միանգամից հասնել հնարաւոր չէ, և որ դա կարող է բարդութիւնների պատճառ դառնալ, ուստի առաջարկում են կնքել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք: «Նման պայմանագրի անհրաժեշտութեան մասին մենք արդէն 10-12 տարի բարձրաձայնում ենք: Հիմա առաւել քան կարևոր է այն, որովհետև վարչապետի արած յայտարարութիւնները պէտք է օրէնքով ամրագրել, այն է՝ Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, Հայաստանը չի կարող կարգաւորման բանակցութիւններում փոխարինել Արցախին: Այս ամէնը չպէտք է զուտ յայտարարութիւններ լինեն, այլ պէտք է օրէնքով ամրագրուեն»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, որ «Տարածքներ` խաղաղութեան դիմաց» բանաձևը չի կարող քննարկուել, և դրան ադրբեջանական կողմի արձագանգին` Կիրոյ Մանոյեանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծուած նոր իրավիճակն օգտագործել յօգուտ իրեն, ինչը որոշ չափով կը յաջողուի: «Կարծում եմ`Ալիևը շփոթմունքի մէջ է, քանի որ ՀՀ իշխանութիւններից միայն Լևոն Տէր-Պետրոսեանն է խօսել «Խաղաղութեան դիմաց` տարածքներ» բանաձևից, ինչի պատճառով ստիպուած եղաւ իր շրջապատի ճնշումների արդիւնքում հրաժարական տալ: Դրանից յետոյ որևէ իշխանութիւն, այդ թւում՝ Փաշինեանը, նման բան չի յայտարարել: Հիմք չկայ ասելու, որ ինչ-որ բան կը յաջողուի կորզել, բայց մենք Ադրբեջանին ակամայից աջակցում ենք, որ նա իր վարկը շտկի, թէ կարելի է, Հայաստանի հետ խօսելով, Ադրբեջանը մի քիչ խելօք նստի, կարելի է նոյնիսկ, առանց միջնորդների մասնակցութեան, երկուսով խօսեն: Եւ սա դրական կարծիք է ստեղծում Ադրբեջանի և դրա նախագահի նկատմամբ, ես կ՚ասէի՝ սա նրանց նուիրում ենք»,-նշեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարը:

Կառավարութեան ծրագրում չկայ «Արցախի Հանրապետութիւն» եզրոյթը, ինչպէս և չի եղել նախափաշինեանական կառավարութեան ծրագրում, մինչդեռ այս ձևակերպման առկայութիւնն անհրաժեշտ է, այլ կերպ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականութեան մի մասը միտուած լինի Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը ,- ասաց Կիրոյ Մանոյեանը՝ յիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսեանն ասում էր, որ Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից կը յանգեցնի պատերազմի վերսկսման:

ՀՅԴ Բիւրոյի անդամն ուշադրութիւն հրաւիրեց նաև այն փաստի վրայ, որ ինչպէս Սերժ Սարգսեանի կառավարութեան, այնպէս էլ Փաշինեանի կառավարութեան ծրագրում չի խօսւում Հայոց ցեղասպանութեան հետևանքների վերացման մասին, թէեւ նախկինների օրոք բառամթերքի մէջ մտել էր՝ «Ցեղասպանութեան ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում» ձևակերպումը:

«Ոչ Փաշինեանի նախորդ կառավարութեան, ոչ էլ դրանից առաջ կառավարութեան ծրագրերում այդ եզրոյթը չի մտել, բայց անհրաժեշտ է, որ մտնի: Այլ բան էր, որ Սերժ Սարգսեանը յայտարարել էր, այլ բան է կառավարութեան ծրագրում լինելը»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ եթէ Սերժ Սարգսեանի կառավարութեան ծրագրում ամրագրուած էր առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը, ապա Փաշինեանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի մասին ոչ մի խօսք չկայ, չնայած որ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում այդ մասին խօսւում է, որը հանդիսանում է կառավարութեան ծրագրի գաղափարական հենքը:

«Այնպես չէ, որ այս կառավարութեան կեցուածքը տարբեր է միւսներից, բայց թէ ինչու չկայ ծրագրում, պարզ չի: Մենք գտնում ենք, որ պէտք է դա ամրագրուի, այսինքն՝ ասուի, որ պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատմանը: Սա կարևոր է՝ ցոյց տալու, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները Հայաստանի համար կարևոր են, որովհետև Թուրքիայի համար կարևոր չեն դրանք, ուստի օրակարգում չունի Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարց, և եթէ մենք էլ չունենանք, ապա կը նշանակի՝ այդպէս էլ կը մնայ: Կառավարութեան ծրագրում այս հարցի չներառելը ցոյց է տալիս, որ մեզ համար էլ կարևոր չէ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը: Կարծում եմ Թուրքիայի վրայ կարելի է դանդաղօրէն և շարունակական ճնշում բանեցնել այլ պետութիւնների միջոցով, որ պէտք է Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել և վերացնել շրջափակումը»,-շեշտեց Կիրոյ Մանոեանը:

Անդրադառնալով Իրանի հետ յարաբերութիւններին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամը նշեց՝ այն, որ Փաշինեանը մինչ այս չի այցելել Իրան, արտաքին ճնշումների հետևանք է, ոչ թէ չկամութեան: «Որոշ յապաղումից յետոյ այս ամսուայ վերջ Փաշինեանը կ՚այցելի Իրան»,- նշեց նա՝ հաւելելով, որ կարևոր են Չինաստանի, Հնդկաստանի, Ճաբոնիայի հետ յարաբերութիւնների սերտացումը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.