Փաշինեանին իշխանութեան են բերել, որ Հարաւային Կովկասում բացառեն ռուսական գործօնը

Արդէն 102 օր է՝ Արցախի Հանրապետութիւնը շրջափակուած է Ադրբեջանի կողմից։ 120 հազար արցախահայեր զրկուած են արտաքին աշխարհ դուրս գալու հնարաւորութիւնից, ադրբեջանական կեղծ «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ իշխանութիւնները սկսեցին խօսել «Արցախում ապրող հայերի իրաւունքների և անվտանգութեան» ապահովումից, չբարձրաձայնելով ինքնորոշման իրաւունքի մասին, մինչդեռ Արցախը պաշտօնապէս յայտարարել է, որ արցախահութեան իրաւունքների ու անվտանգութեան միակ երաշխիքն ինքնորոշման իրաւունքի ճանաչումն է։

Իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինեանը և իշխանութիւնները յայտարարում են, որ Արցախում պէտք է լինի միջազգային խաղաղապահ զօրակազմ՝ կրկին չյիշատակելով ինքնորոշման իրաւունքի մասին։

Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիյեանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր յայտարարութիւններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարուել է Արցախից։

«Արցախի հարցի լուծման միջազգայնօրէն ընդունուած միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որն աշխարհն այսօր ճանաչում է։ Այդ ձևաչափում Արցախի բանակցային գործընթացը տարւում էր երեք հիմնական սկզբունքների վրայ՝ ազգերի ինքնորոշում, ուժի և սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականութիւն։ Բայց այսօր Նիկոլ Փաշինեանն առհասարակ «ինքնորոշման իրաւունք» բառը չի օգտագործում, միայն խօսում է «Ղարաբաղում ապրող հայութեան իրաւունքներից ու անվտանգութիւնից»։ Այսինքն՝ պարզ է, թէ ՀՀ իշխանութիւնները ում ծրագրերն են առաջ տանում, ու այդ ամէնն ունի մէկ նպատակ՝ վերջնականապէս այնպէս անել, որ Հայաստանը դադարի Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելուց»,- նշեց Արթուր Մոսիյեանը։

Նրա բնորոշմամբ, եթէ չեն խօսում ինքնորոշման իրաւունքից, բայց պարբերաբար կրկնում են, թէ «մտահոգւում» են արցախահայութեան անվտանգութեան հարցով, ապա դրանք ամբողջովին մանիպուլիացիաներ են։

Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ ուժերի ներկայութեանն Արցախում, այդ թւում՝ ՆԱԹՕ-ի խաղաղապահ ուժերին, ապա մեր հարցին՝ այդ դէպքում արցախահայութիւնն անվտանգ կը լինի՞, Արթուր Մոսիյեանը պատասխանեց.

«ՆԱԹՕ-ի խաղաղապահ ուժերը հիմա գտնւում են Քոսովոյում, ինչպիսի՞ իրավիճակ է այնտեղ տիրում, սա է այդ հարցի պատասխանը։ Նիկոլ Փաշինեանին իշխանութեան են բերել նաև նրա համար, որ ռուսական գործօնը բացառեն Հարաւային Կովկասում։ Փաշինեանն իր արևմտեան տէրերի օգնութեամբ հենց այս գիծն է առաջ տանում՝ օգտագործելով տարբեր մանիպուլիացիաներ»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.