Ցեղասպանութեան Ուրուականը Բերձորի (Լաչինի) Միջանցքում

ՎԼԱՏԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Արցախի Հանրապետութեան վաստակաւոր իրաւաբան

(Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանութեան զոհերուն նուիրուած խաչքարը, որ կը գտնուէր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցւոյ բակին մէջ)

Արցախի Հանրապետութեան ժողովրդի համար 2022 թուականի դեկտեմբեր ամիսը բուռն իրադարձութիւններով  բաւական յագեցուած էր:

Դեկտեմբերի 3-ին Պաքուն պաշտօնական յայտարարութիւն տարածեց, որ Ազրպէյճանի Հանրապետութեան Քելբաջարի շրջանում սկսում են նախնական դիտարկում` ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերն Ազրպէյճանի այն տարածքում, որտեղ ժամանակաւորապէս ռուսական խաղաղապահ զօրախումբ է տեղակայուած (նկատի է առնուել Արցախի Հանրապետութեան ներկայիս Մարտակերտի շրջանի հիւսիսային մասը): Նոյն օրը մի խումբ ազրպէյճանցիներ  փորձեցին մտնել Մարտակերտի շրջանի Կաշէնի հանքավայր, սակայն չի յաջողուել, քանի որ հանքը շահագործող ընկերութեան անվտանգութիւնը կանգնեցրել եւ չի թողել, որ մուտք գործեն հանքի տարածք: Չհասնելով իրենց նպատակին` նոյն օրը Ստեփանակերտ – Գորիս մայրուղու Շուշի – Քարինտակ հատուածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ազրպէյճանցիներ, կեղծ «բնապահպանական» պատճառաբանութեամբ, փակեցին Ստեփանակերտ – Գորիս մայրուղին:

Ռուսաստանի Դաշնութեան խաղապահների աւելի քան երեք ժամ տեւած բանակցութիւններից յետոյ ճանապարհը երկուստեք բացուեց:

2022 թուականի դեկտեմբերի 12-ի առաւօտեան դարձեալ մի խումբ ազրպէյճանցիներ նոյն  պատճառաբանութեամբ, Ստեփանակերտ – Գորիս մայրուղու Շուշի – Քարինտակ հատուածում հերթական անգամ փակեցին ճանապարհը, իսկ դեկտեմբերի 13-ին Ազրպէյճանը  խափանեց Հայաստանից Արցախ գնացող կազի մատակարարումը: Այն վերականգնուեց դեկտեմբերի 16-ին:

Ազրպէյճանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, գործողութիւններ իրականացնող բնապահպանների պահանջը ռուս խաղաղապահ զօրախմբի հրամանատարի հետ հանդիպումն էր, քանի որ նախօրէին նրանց չի յաջողուել մեկնարկել դիտարկումը Մարտակերտի շրջանի Դրմբոնի եւ Կաշէնի հանքավայրերում: Կայացած հանդիպումն որեւէ արդիւնք չի տուել, եւ «բնապահպանները»  օրօրի  նաեւ քաղաքական  պահանջներ են հնչեցնում` կապուած Քաշաթաղի (Լաչինի) շրջանում Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան եւ մաքսային կոմիտէի կէտերի տեղադրման, տարածաշրջանից ռուսական խաղաղապահների հեռացման, Սիւնիքի մարզի հարաւային մասով միջանցքի տրամադրման եւ այլ հարցերի հետ: Ակնյայտ է, որ «բնապահպանների» վերջնական թիրախը`  Արցախը հայաթափելուց յետոյ Սիւնիքով (Զանգեզուր)  «միջանցք» տրամադրելու պահանջն է, մեծ հաշուով` թուրանական ծրագրի իրականացման միջոցով հայկական պետութեան  վերացումը:

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծուած իրադրութիւնը` ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մ. Զախարովան  դեկտեմբերի 15-ին յայտարարեց, որ այն պայմանաւորուած է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնութիւններով:  Տարօրինակ այդ մօտեցման կապակցութեամբ հետագայում համանման միտք են արտայայտել նաեւ արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովը եւ Կրեմլի խօսնակ Տ. Փեսքովը, ըստ որոնց, տարաձայնութիւնները ծագել են կողմերի, այսինքն` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ:  Փաստօրէն խաղաղապահ եւ միջնորդ Ռուսաստանն Արցախի Հանրապետութիւնը դիտում է (եւ միշտ էլ դիտել է) որպէս բանակցութիւնների առարկայ, այլ` ոչ կողմ: Վերջինս 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ դիտւում է որպէս աշխարհագրական տարածք: Այստեղ զարմանալու ոչինչ չկայ, եւ պատահական չէ, որ  Ռուսաստանի ղեկավարները, առիթն եղած դէպքում չեն զլանում յայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը  գտնւում է Ազրպէյճանի սահմաններում: Դեռ աւելին, Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հաղորդագրութիւններ է տարածում, որ ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտում խախտումներ չեն արձանագրուել (կարծես ճանապարհի արգելափակումը եւ Արցախի 120.000 բնակչութեանը սովամահ անելը խախտում չի հանդիսանում), եւ որ` ռուս խաղաղապահների հրամանատարութիւնը շարունակում է բանակցութիւնները հայկական եւ ազրպէյճանական կողմերի հետ` Ստեփանակերտ – Գորիս ճանապարհի երթեւեկութիւնը վերականգնելու համար:

Դեկտեմբերի 23-ին, Մոսկուայում Ռուսաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, Ս. Լաւրովը Լաչինի միջանցքի արգելափակման կապակցութեամբ առանց վարանելու յայտարարել է, որ` «Հանքերը, որոնց մասին խօսք է գնում, շահագործուել են դեռ խորհրդային ժամանակներից: Խորհրդային տարիներին այնտեղ (երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ազրպէյճանի ԽՍՀ կազմի մէջ) կային ձեռնարկութիւններ (այժմ, ըստ երեւոյթին, դրանք վերածուել են պիզնեսի): Նրանք դեռ այնտեղ են: Սա ժառանգած խնդրի մի մասն է: Այն կարող է վերջնականապէս լուծուել միայն խաղաղութեան պայմանագիր կնքելով եւ այս իրաւական հարցում վերջակէտ դնելով»: Իսկ Ազրպէյճանի ԱԳ նախարար Ճ. Պայրամովը կրկնել է իր երկրի նախագահի ծեծուած խօսքերն այն մասին, որ Ազրպէյճանում «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միաւոր չկայ, ուստի տարածաշրջանի հայ բնակչութիւնը պէտք է վերահամարկուի Ազրպէյճանի հասարակական կեանքի մէջ: Հանդիպման ընթացքում Լաւրովը նոյնպէս զերծ է մնացել «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթն օգտագործելուց:

Ի դէպ, Հայաստանի պահանջով դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել է Հայաստանն Արցախին կապող ճանապարհին ստեղծուած իրավիճակը: Միջանցքի վերաբերեալ որեւէ բանաձեւի ընդունումը տապալուել է` չորս երկրների` Ալպանիայի, Ռուսաստանի, Արաբական Միացեալ Էմիրաթների եւ Մեծ Բրիտանիայի ժխտական պահուածքի շնորհիւ: Ինչպէս նախկինում, Ազրպէյճանի ներկայացուցիչն այդ նիստում եւս շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղ» կոչուող տարածքն Ազրպէյճանի ինքնիշխան տարածքն է, որը ճանաչուած է միջազգային մակարդակով:

Բերձորի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ Արցախի Հանրապետութեան կառավարութեան 28.12.22 թ. տարածած յայտարարութեան մէջ մէկ անգամ եւս վերահաստատուել է, որ Արցախում հանքարդիւնաբերութիւնը իրականացւում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցուած են նաեւ ոլորտի օրէնսդրութեամբ սահմանուած կարգաւորումները: «Հաշուի առնելով, սակայն, հարեւան երկրի «էքոաքթիւիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրութեանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացուել դիմել միջազգային կազմակերպութիւններին` «Պէյզ մեթըլզ» ընկերութեան գործունէութեան հետ կապուած միջազգային բնապահպանական փորձաքննութիւն իրականացնելու համար»:  Ընկերութեան ղեկավարութեան հետ համատեղ որոշում է կայացուել ժամանակաւորապէս դադարեցնել ընկերութեան հանքավայրի շահագործումը` մինչեւ փորձաքննութեան աւարտուելը: Միեւնոյն ժամանակ Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառոյցներին եւ միջազգային միւս մասնագիտական կազմակերպութիւններին` փորձաքննութեան իրականացումը սեղմ ժամկէտներում կազմակերպելու համար:

Թւում է` ամէն ինչ պարզ է, սակայն` առաջին հայեացքից: Արցախցիներն իրենց կաշուի վրայ վաղուց են զգացել Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը եւ նոր չեն հասկանում,  որ հակառակորդն առաջին հերթին ձգտում է Արցախի բնակչութեանը ենթարկել ցեղային զտման եւ հայրենազրկման, իսկ Հայաստանից` նորանոր տարածքների զաւթման: Օրինական հարց է ծագում`  որքանո՞վ են հիմնաւորուած ազրպէյճանցիների` Արցախի տարածքում գտնուող հանքավայրերի մշտադիտարկման, գոյքագրման եւ շրջակայ միջավայրի հետաքննութեան ու դրանից բխող հաղորդակցութեան միջոցների վերաբերեալ  հարցադրումները, ի՞նչ նպատակներ է հետապնդում Պաքուն, ու՞մ է պատկանում Արցախի հողը եւ նրա ընդերքը, այդ առումով`   ի՞նչ ծանրակշիռ փաստեր եւ իրաւական արձանագրութիւններ ունեն թէ՛ Արցախը եւ թէ՛ Ազրպէյճանը, որքանո՞վ են դրանք հիմնաւորուած` միջազգային իրաւունքի տեսանկիւնից, միջազգային փաստաթղթերում ի՞նչ է նկատի առնւում «Լեռնային Ղարաբաղ»  հասկացութեան կամ հիմնահարցի տակ: Դիմենք անառարկելի փաստերին:

Պատմական Արցախի տարածքում սփռուած տասնեակ քարագիր արձանագրութիւնները եւ վանքերում գրուած  մատեանները վկայում են, որ տարածաշրջանի հողը, անտառները եւ ջրերը` հնուց ի վեր պատկանել են հայկական վանքերին, տաճարներին եւ եկեղեցիներին, ինչպէս նաեւ` երկրի աշխարհիկ տէրերին ու նրանց ենթակայ գիւղացիներին: Գանձասարի վանքի տաճարի արեւմտեան պատի վրայ Արցախի ինքնակալ Հասան Ջալալը եւ նրա Աթաբէկ որդին արձանագրութիւն են թողել (13-րդ դար), որտեղ  սերունդներին աւանդել են թոյլ չտալ` երկրամասի հողերը մահմետականների սեփականութիւնը դառնան: Հասան – Ջալալեան տոհմը կարծես կանխատեսել էր, որ վաչկատուն ցեղերը միշտ դրան են ձգտելու: Աւա՜ղ, այդպէս էլ եղաւ: Յուսանք, որ չի  շարունակուի:

Թուրքական քոչուոր տարրը, դաւաճան Մելիք – Շահնազարի օգնութեամբ, Արցախական աշխարհի լեռնային մասում բնաւորուեց 18-րդ դարի 50-ական թուականներին` հիմնադրելով  Շուշիի խանութիւնը: Վերջինիս  հիմնադիր Փանահ խան կոչեցեալը չէր միջամտում երկրի հողային խնդիրներին, որովհետեւ նա իր հետ Արցախի դաշտային մասից անգամ մի թիզ հող չէր բերել, իսկ երկրամասի հողային հարցը կարգաւորուել է հայոց վաղեմի սովորութիւններով: Հէնց դրանով պէտք է բացատրել, որ Շուշիի խաները եւ նրանց սպասաւորները  Լեռնային Արցախի տարածքում անգամ սեփական գերեզմանատեղի չեն ունեցել եւ յուղարկաւորուել են դաշտային բնակավայրերի մօտ:  Երկրամասում միայն 18-րդ դարի 90 – ական թուականների աղէտալի անցքերը (սով, ժանտախտ, Գանձասարի վանքի կողոպուտը, Դիզակի մելիքի աքսորը, Խաչէնի մելիքի սպանութիւնը, Գիւլիստանի եւ Վարանդայի մելիքների`  հպատակների հետ միասին Ղարաբաղից դուրս գալը  եւ Վրաստանում բնակուելը, Աղա-Մահմատ խանի արշաւանքները  եւ այլն) առիթ տուեցին Շուշիի Իպրահիմ եւ Մեհթի կուլի խաներին նենգութեամբ իրաւունք ձեռք բերել դատարկուած հայոց հողերի նկատմամբ եւ իրենց թուրքալեզու ցեղակիցներին  բնակեցնել դրանց  մի մասի վրայ:

Ռուսական կայսրութեան անդրկովկասեան արշաւանքների արդիւնքում 19-րդ դարի սկզբին նուաճուեց նաեւ Ղարաբաղի խանութիւնը, որը հիմնականում ներառում էր պատմական Արցախի եւ Սիւնիքի տարածքները: Ցարական Ռուսաստանի եւ շահական Պարսկաստանի միջեւ Արցախի Գիւլիստան գաւառում 1813 թ. հոկտեմբերի 13-ին կնքուած պայմանագրում որեւէ խօսք չկայ «ազերի» կամ «Ազրպէյճան» ցեղային-տարածքային եզրոյթների մասին: Դրանք Անգլիայի եւ Թուրքիայի կողմից մոգոնուեցին Ղարաբաղը Ռուսաստանին կցուելուց աւելի քան մէկ դար յետոյ: Այդ տարիներին երկրամասը բազմիցս ենթարկուել է վարչա-տարածքային փոփոխութիւնների: Վերջին անգամ նրա հիմնական մասը գտնւում էր Շուշիի գաւառի մէջ, որի բնակչութեան 58,2% – ը հայեր են եղել:

1917 թ. ռուսական փետրուարեան եւ հոկտեմբերեան յեղափոխութիւնները տակնուվրայ արեցին կայսրութիւնը: Այդ դէպքերից զերծ չմնաց նաեւ Շուշիի գաւառը: Երբ պոլշեւիկների կողմից կազմալուծուեց կովկասեան ռազմաճակատը, երկրամասը յայտնուեց սովի եւ մեկուսացման ճիրաններում: Ամէնուրեք վխտում էին թուրք-թաթարական հրոսակախմբերը, որոնց նպատակը` Արեւմտեան Հայաստանի պէս հայ ժողովրդի արեւելեան հատուածի ոչնչացումն էր:

Թուրանական ծրագրին կուլ չգնալու եւ անկախութիւնը վերականգնելու համար հայ ժողովուրդը լարեց իր բոլոր ուժերը: 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղն ինքնուրոյն վարչա-քաղաքական միաւոր էր հանդիսանում Անդրկովկասում եւ ունէր իր կառավարութիւնն ու Ազգային խորհուրդը (խորհրդարանը): Երկու տարուայ ընթացքում Ղարաբաղի հայութեան 10 համագումար է հրաւիրուել, որոնցում, բացի 7-րդ համագումարից, մերժուել են մուսաւաթական Ազրպէյճանի հետ առնչութիւն ունենալու որեւէ վարչական ծրագիր: Յատկանշական է, որ անգլիացիները, եօթ ամիս մնալով Ղարաբաղում, բոլոր միջոցներով փորձում էին երկրամասը բռնակցել Ազրպէյճանին: Եւ երբ այդ հարցում մերժում ստացան Ղարաբաղի հայութեան 5-րդ համագումարի կողմից, անգլիական զօրքերի հրամանատար Շաթելուորթը յայտարարել է. «Ի նկատի ունեցէք, որ ձեր ճանապարհները կարող են փակել, այն ժամանակ դուք որտեղի՞ց մթերք կը ստանաք, ինչպէ՞ս կը պահպանէք հաղորդակցութիւնն արտաքին աշխարհի հետ: Կարող են ձեզ տնտեսապէս պոյքոթ յայտարարել, կարո՞ղ էք առանց հացի ապրել: Եւ եթէ յուզուած, զինուած ամբոխը յարձակուի ձեզ վրայ, կարո՞ղ էք պաշտպանուել»: Շաթելուորթի այդ դասը` թէ ի՞նչ պէտք է անել Ղարաբաղի ժողովրդին հպատակեցնելու համար, լաւ են իւրացրել այսօրուայ թուրք-ազերիները, ինչն էլ ներկայումս  փորձարկում են մեր նկատմամբ:

Քեմալական Թուրքիայի եւ պոլշեւիկեան Ռուսաստանի սիրախաղերի արդիւնքում Խորհրդային Ազրպէյճանը պատմական Արցախի լեռնային մասին տէր դարձաւ ՌԿ(բ)Կ Կովպիւրոյի 1921 թուականի յուլիսի 5-ի կուսակցական որոշման հիման վրայ, մի փաստաթուղթ, որը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից, կանոնական իրաւական արձանագրութեան ուժ չունէր: Այդ փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղը թողնուեց Ազրպէյճանի սահմաններում` տրամադրելով նրան մարզային ինքնավարութիւն: Սակայն Ազրպէյճանը յապաղեց եւ նոյնիսկ դիմեց Անդրերկրկոմին` Ղարաբաղին ինքնավարութիւն տալու հարցը վերանայելու խնդրանքով: Այն մերժուեց եւ Անդրերկրկոմի 1923 թ. յունիսի 23-ի որոշմամբ յանձնարարուեց Ազրպէյճանի իշխանութիւններին` ստեղծուելիք Ինքնավար Մարզի հռչակագրի մէջ մարզի տարածքի հողի ու ջրի տէր համարել նոյն տարածքի հայ բնակչութեանը: Եւ ահա Ազրպէյճանի Կենտգործկոմի 1923 թ. յուլիսի 7-ի ընդունած հռչակագրի 1-ին կէտով շեշտուել է` «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից կազմել Ինքնավար Մարզ…», իսկ 3-րդ կէտի ծանօթագրութեամբ նշուել, որ` «Բոլոր արօտավայրերը, անասունները, այգիները եւ հողի ու ջրի փաստական տնօրինութիւնը պահպանւում է ներկայիս տէրերի ձեռքում»:

ԼՂԻՄ-ի իրաւական կարգավիճակի վերաբերեալ առաջին փաստաթուղթը Խորհրդային Ազրպէյճանի կողմից 1924 թ. յուլիսի 4-ին  Ինքնավար Մարզին շնորհուած «Սահմանադրութիւնն» էր: Ճիշդ է` այդ փաստաթղթում որեւէ խօսք չկար Ինքնավար Մարզի հողերի պատկանելութեան մասին, սակայն նրա 3-րդ յօդուածն ամրագրել էր, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Խորհրդային Ազրպէյճանի բոլոր մարմիններում համեմատական չափի սկզբունքով: Իրաւական տեսանկիւնից սա մեծ կռուան է եւ նշանակում է, որ Խորհրդայի Ազրպէյճանի տարածքում պետական իշխանութեան կրողներից մէկն էլ Արցախի հայ ժողովուրդն էր:

ԼՂԻՄ-ի իրաւական կարգավիճակի վերաբերեալ վերջին փաստաթուղթը` «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» Ադր. ԽՍՀ 1981 թ. յունիսի 16-ի օրէնքն էր (այսուհետ` Օրէնք), որը մշակուել էր ԽՍՀՄ 1977 թ. եւ Ադր. ԽՍՀ 1978 թ. սահմանադրութիւններին համապատասխան: Մի քանի խօսք` նշուած օրէնքի մասին: Վերջինս մշակուել էր ԽՍՀՄ սահմանադրութեան 86 եւ 87-րդ յօդուածների դրոյթների հիման վրայ, որոնց համաձայն, ինքնավար մարզը խորհրդային ինքնավարութեան ձեւ է, որի մասին օրէնքը` Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների խորհրդի ներկայացմամբ, ընդունւում է այն միութենական հանրապետութեան կողմից, որի կազմում Ինքնավար Մարզը մտնում էր: Խօսք չկայ, որ ԽՍՀՄ եւ Ադր. ԽՍՀ սահմանադրութիւններին համապատասխան` ԼՂԻՄ-ը գտնւում էր Ադր. ԽՍՀ-ի կազմում: Միեւնոյն ժամանակ Օրէնքից նկատելի է, որ Ինքնավար Մարզի կարգավիճակն առաջին հերթին որոշւում էր ԽՍՀ Միութեան օրէնսդրութեամբ:

Յատկանշական է Օրէնքի 3-րդ յօդուածը, որի համաձայն` «Ինքնավար Մարզի տարածքը չի կարող փոփոխուել առանց ժողովրդական պատգամաւորների  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդի համաձայնութեան»: Իրաւաբանօրէն դա նշանակում է, որ ԽՍՀՄ շրջանակներում Լղիմ-ն իր տարածքի նկատմամբ օժտուած է եղել այնպիսի գերիշխանութեամբ, ինչպիսին ունեցել է իր տարածքի նկատմամբ Խորհրդային Ազրպէյճանը` Ինքնավար Մարզի սահմաններից դուրս: Բացի դա` մարզի գերիշխանութիւնն իր տարածքի նկատմամբ ինչ-որ առումով բացարձակ է եղել, քանի որ առանց նրա համաձայնութեան` Ինքնավար Մարզի սահմանները չէին կարող փոփոխուել: Նոյնիսկ միութենական եւ հանրապետական մարմիները լիազօրուած չեն եղել ինքնավար մարզի սահմանները փոփոխելու: Այդ իրաւունքը պատկանել է միայն Ինքնավար Մարզի, տուեալ դէպքում` Արցախի ժողովրդին: Այդ առումով, Օրէնքը մանրամասնել է, որ Ինքնավար Մարզի սահմանների փոփոխումը, շրջանների, քաղաքների, աւանների եւ միւս բնակավայրերի անուանումը եւ վերանուանումը, կատարւում է ԽՍՀ Միութեան եւ Ադր. ԽՍՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով:

Ամէն պարագայում, Ինքնավար Մարզի վարչատարածքային հարցերը լուծուել են` հաշուի առնելով Ինքնավար Մարզի համապատասխան պետական մարմինների կարծիքները:

Օրէնքում աներկբայ շեշտուել է, որ ԽՍՀՄ եւ Ադր. ԽՍՀ սահմանադրութիւններին համապատասխան` պետական իշխանութեան բարձրագոյն մարմինը` ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ Խորհուրդն Օրէնքով իրեն վերապահուած լիազօրութիւններն իրականացնում է «իր տարածքում»:

Լիազօրութիւնների մի բնագաւառն էլ նախատեսուած էր Օրէնքի 22-րդ յօդուածով, ըստ որի, Մարզային խորհուրդը պետական կառավարում եւ պետական վերահսկողութիւն է իրականացնում մարզի տարածքում ջրերի, անտառների, ընդերքի, մթնոլորտային օդի եւ կենդանական աշխարհի օգտագործման ու պահպանութեան բնագաւառում… վերահսկում է ընդերքի օգտագործման ժամանակ խախտուած հողամասերը անվտանգ վիճակի մէջ բերելու, ինչպէս նաեւ` հողերի վերամշակման միջոցառումների իրականացումը:

Խորհրդային պետականութեան բոլոր ձեւերը ներկայացուած էին ԽՍՀՄ օրէնսդրական մարմնում, չնայած` նրանցից ոչ մէկը միջազգային իրաւունքի ինքնուրոյն գործօն չի հանդիսացել: Այն հանգամանքը, որ ԽՍՀՄ սահմանադրութեան 110-րդ յօդուածին համապատասխան, ԽՍՀՄ Գերագոյն խորհրդում ԼՂԻՄ-ից ընտրուել է հինգ պատգամաւոր, իսկ Ինքնավար Մարզի դատախազը նշանակուել է ԽՍՀՄ գլխաւոր դատախազի կողմից, վկայում է, որ մարզի վրայ տարածուել է նաեւ ԽՍՀ Միութեան օրէնսդրութիւնը:

Մարզը Խորհրդային Ազրպէյճանի ազգային պետական կառուցուածքում` որպէս հայ ժողովրդի ազգային պետականութեան ձեւ, ամրագրուած էր ոչ միայն հանրապետութեան Գերագոյն խորհրդում, նրա բարձրագոյն օրէնսդրական մարմնում ներկայացուած լինելու իրաւունքով, այլեւ նրանով, որ Ազրպէյճանի Գերագոյն խորհրդի նախագահի տեղակալներից մէկն ընտրուել է Ինքնավար Մարզից: Իսկ դա նշանակում է, որ հանրապետութեան պետական իշխանութեան պաշտօնների աստիճանակարգում Ինքնավար Մարզի ներկայացուցչի կարգավիճակը սահմանադրօրէն ամրագրուած է եղել:

Օրէնքը տարընթերցումների տեղիք չի տալիս, այլ միայն վկայում է, որ ԽՍՀՄ միասնական իրաւական տարածքում  ԼՂԻՄ-ի եւ  Խորհրդային Ազրպէյճանի կարգավիճակները,  խորհրդային պետականութեան ձեւերի տեսանկիւնից շատ չեն տարբերուել իրարից:

Խորհրդային Միութեան փլուզման նախօրեակին նրա բարձրագոյն պետական մարմինը` ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդը, 1990 թ. ապրիլի 3- ին ընդունեց օրէնք` ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու կարգի մասին: Ընդ որում, դուրս եկող հանրապետութեան կազմում գտնուող ինքնավար կազմաւորմանն իրաւունք էր վերապահւում ինքնուրոյն որոշելու իր ճակատագիրը` ԽՍՀՄ կազմում մնա՞լ, թէ՞ գնալ դուրս եկող հանրապետութեան հետեւից:

Ինքնավար Մարզին յարակից, հայերով բնակեցուած Շահումեանի շրջանը չնայած վարչականօրէն ԼՂԻՄ կազմում չի եղել, սակայն  շրջանի վրայ նոյնպէս տարածւում էր ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի ապրիլի 3-ի օրէնքի 3-րդ յօդուածի պահանջը, որում ասւում էր. «Միութենական հանրապետութիւնում, որի տարածքում կան տուեալ տեղանքում բնակչութեան մեծամասնութիւն կազմող հաւաք բնակուող ազգախմբեր, հանրաքուէի արդիւնքներն ամփոփելիս այդ տեղանքներում քուէարկութեան արդիւնքները հաշուարկւում են առանձին»:

1991 թ. օգոստոսեան (օգոստոսի 18-21-ը) պետական խռովութիւնը ազդարարեց Խորհրդային Միութեան հոգեվարքը: Օգոստոսի 30-ին Ազրպէյճանի Գերագոյն խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունուեց հռչակագիր` «Ազրպէյճանական պետութեան անկախութեան վերականգնման մասին»: Հռչակագիրը, յայտարարելով Ազրպէյճանի անկախութեան վերականգնման մասին, վկայակոչել է 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ազրպէյճանական Ժողովրդական Հանրապետութեանը: Իսկ դրանք այն տարիներն էին, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղը, հանդիսանալով արդէն իսկ ինքնորոշուած վարչաքաղաքական միաւոր, Ազրպէյճանի կազմի մէջ չէր մտնում:

Ուստի Արցախի հայութիւնը զգաց պահի լրջութիւնը եւ դիմեց միակ ճիշդ քայլին: Ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Մարզային եւ Շահումեանի Շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, բոլոր մակարդակների պատգամաւորների մասնակցութեամբ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունեց հռչակագիր` Ինքնավար Մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու մասին: Համաձայն հռչակագրի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքում մինչեւ ԼՂՀ սահմանադրութեան եւ օրէնքների ընդունումը` գործում են ԽՍՀՄ սահմանադրութիւնը եւ օրէնսդրութիւնը, ինչպէս նաեւ` ներկայումս գործող այն միւս օրէնքները, որոնք չեն հակասում սոյն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին եւ հանրապետութեան առանձնայատկութիւններին»:

Այսպիսով, Արցախն իր անկախութիւնը հռչակել է դեռեւս գոյութիւն ունեցող Խորհրդային Միութեան օրէնսդրութեան տառին ու ոգուն համապատասխան` չխախտելով որեւէ օրէնք եւ ընթացակարգ: Այն անթերի է եւ անխոցելի:

Ազրպէյճանը, չյայտարարուած պատերազմի մէջ մտնելով  նորաստեղծ Արցախի Հանրապետութեան հետ եւ ստանալով արժանի  հակահարուած, դիմեց լկտի  քայլի.  նրա Գերագոյն խորհուրդը 1991 թ. նոյեմբերի 23-ին ընդունեց օրէնք` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու, «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կազմաւորելու մասին» Ադրկենտգործկոմի 1923 թ. յուլիսի 7-ի հռչակագիրը եւ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» 1981 թ. յունիսի 16-ի Ադր. ԽՍՀ օրէնքն ուժը կորցրած ճանաչելու մասին: Այդ հրէշաւոր օրէնքով Արցախի Հանրապետութեան Ստեփանակերտ, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքները վերանուանուեցին համապատասխանաբար` Խանքենդի, Աղդարա եւ Խոջավանդ թրքահունչ անուններով:

Նախկին Ինքնավար Մարզի տարածքը մտցուեց Աղդարայի, Խոջավենդի, Խոջալուի եւ Շուշիի շրջանների մէջ: Վերացուեցին Հադրութի եւ Ասկերանի շրջանները:

Այդ այն դէպքում, երբ համաձայն  Օրէնքի 3-րդ յօդուածի` «Ինքնավար Մարզի տարածքը չի կարող փոփոխուել առանց ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խորհրդի համաձայնութեան»:  Վերոնշեալ օրէնքն անօրինական էր եւ իրաւական ուժ չունէր նաեւ այն առումով, որ հակասում էր ինչպէս դեռեւս գործող  ԽՍՀՄ սահմանադրութեան 87-րդ յօդուածին, որը երաշխաւորում էր Ինքնավար Մարզի կարգավիճակը, այնպէս էլ ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի` ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու մասին օրէնքին: Այդ առումով, Հադրութի եւ Ասկերանի շրջանների վերացումը նոյնպէս իրաւական ուժ չունէր: Եւ պատահական չէ, որ  Ինքնավար Մարզը լուծարելու մասին Ազրպէյճանի կողմից ընդունուած օրէնքն ընդամէնը 3 օրուայ կեանք ունեցաւ: Այն ճանաչուեց հակասահմանադրական եւ վերացուեց ԽՍՀՄ սահմանադրական հսկողութեան կոմիտէի 1991 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ: Սակայն այդ որոշումն Ազրպէյճանի համար մեռեալ փաստաթուղթ էր, եւ  նա աւելի լկտի քայլ կատարեց` խորհրդարանի 1992 թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ Մարտակերտի շրջանը նոյնպէս վերացուեց` տարածքը բաժանելով Քելբաջարի, Թարթառի եւ Աղդամի շրջանների միջեւ:

Ազրպէյճանի այն պատճառաբանութիւնը, որ ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին օրէնքն Ինքնավար Մարզի խորհրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն հռչակելու լիազօրութեամբ չի օժտել, անհիմն է եւ չի համապատասխանում իրականութեանը, քանի որ մարզի համար այդ` լիազօրութիւնը ծագել է  1981 թ. օրէնքի ընդունումից իննը տարի անց, այսինքն` 1990 թուականին: Բացի այդ, 1981 թ. Օրէնքում յատուկ նշուած է, որ Ինքնավար Մարզի խորհուրդն իրականացնում է նաեւ այլ լիազօրութիւններ` նախատեսուած ԽՍՀՄ եւ Ադր. ԽՍՀ օրէնսդրութեամբ:

Խորհրդային Միութեան փլուզումից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում անցկացուեց անկախութեան հանրաքուէ, որի արդիւնքում բնակչութեան մեծամասնութիւնը կողմ արտայայտուեց Ազրպէյճանից անկախանալու օգտին: Դրանից անմիջապէս յետոյ կազմաւորուեցին պետական իշխանութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմինները:

Երկրի օրէնսդիր մարմնի` 1992 թուականի յունուարի 6-ին ընդունուած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասին» սահմանադրական օրէնքի  6-րդ մասի համաձայն, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հողը, ընդերքը, անտառները, բնական միւս պաշարները հանրապետութեան ազգային հարստութիւնն են, նրա պետական սեփականութիւնը ու պատկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդին»:

Սահմանադրական օրէնքի այդ դրոյթը հետագայում տեղ գտաւ երկրի Հիմնական օրէնքում եւ մի շարք նորմատիւ իրաւական արձանագրութիւններում: Այսպէս, Արցախի Հանրապետութեան սահմանադրութեան բաղկացուցիչ մասը կազմող նախաբանում, որպէս սահմանադրութեան ընդունման հիմնարար փաստաթուղթ, վկայակոչւում է նաեւ ԼՂՀ օրէնսդիր մարմնի կողմից 1992 թուականի

յունուարի 6-ին ընդունուած` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական անկախութեան մասինէ» հռչակագիրը: Իսկ սահմանադրութեան 10-րդ յօդուածի 2-րդ մասն ուղղակի հռչակում է, որ` «Ընդերքը եւ ջրային պաշարները պետութեան բացառիկ սեփականութիւնն են»:

«Ընդերքի մասին» ԼՂՀ օրէնսգրքի համաձայն (գործում է 2014թ. յունուարի 1-ից)` ԼՂՀ ընդերքը պետութեան բացառիկ սեփականութիւնն է, որը կարող է տրամադրուել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրութիւնների եւ օգտակար հանածոների արդիւնահանման նպատակներով:

Ընդերքի տեղամասերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրաւի առարկայ կամ օտարուել այլ ձեւով:

«Բնապահպանական վերահսկողութեան մասին» օրէնքը (գործում է 2006 թուականից) կարգաւորում է ԼՂՀ-ում բնապահպանական օրէնսդրութեան կանոնների կատարման նկատմամբ վերահսկողութեան կազմակերպման ու իրականացման խնդիրները եւ սահմանում է ԼՂՀ-ում բնապահպանական օրէնսդրութեան կանոնների կատարման նկատմամբ վերահսկողութեան առանձնայատկութիւնների, կարգերի, պայմանների, դրանց հետ կապուած յարաբերութիւնների եւ բնապահպանական վերահսկողութեան իրաւական ու տնտեսական հիմքերը:

Օրէնքի համաձայն,   բնապահպանական վերահսկողութեամբ լիազօրուած է միայն հանրապետութեան բնապահպանական պետական տեսչութիւնը:

Այսպիսով, Արցախի Հանրապետութիւնը փաստացիօրէն (տէ ֆաքթօ) իր անկախութիւնը հռչակել է միջազգային  իրաւունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ կանոններին համապատասխան, սակայն իրաւապէս (տէ ժիւրէ)  որեւէ մէկի` նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան կողմից նրա անկախութիւնը չի ճանաչուել: Որպէս ինքնիշխան պետութիւն` Արցախն ունի պետականութեան բոլոր վաւերապայմանները` դրանից բխող հետեւանքներով: Իր հերթին, Ազրպէյճանն աշխարհում փաստացիօրէն եւ իրաւապէս ճանաչուած պետութիւն է` անդամակցելով միջազգային մի շարք կառոյցների: Ստացւում է, որ Արցախի օրէնսդրութեամբ`  ընդերքը պետութեան բացառիկ սեփականութիւնն է, իսկ Ազրպէյճանի օրէնսդրութեամբ` նրա սեփականութիւնը, ելնելով նրանից, որ Ազրպէյճանում Լեռնային Ղարաբաղէ վարչատարածքային միաւոր ընդհանրապէս գոյութիւն չունի:

Ազրպէյճանի նախագահը, համարելով, որ պատերազմի դաշտում վերջնականապէս լուծել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը,  2021 թ. յունիս 8-ի հրամանագրով Ազրպէյճանի վերահսկողութեան ներքոյ անցած ԼՂՀ տարածքը բաժանել է երկու տնտեսական շրջանների` Ղարաբաղեան` ներառելով Աղտամի (նաեւ Մարտակերտի շրջանի մի մասը), Շուշիի, Ֆիզուլիի (Մարտունու շրջանի մի մասը եւ Վարանդայ բնակավայրը), Թարթառի (նաեւ Մարտակերտի շրջանի մի մասը), Խոջավենդի (Հադրութի եւ Մարտունու շրջանները), Խոջալուի (Ասկերանի շրջանը) շրջանները ու Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը եւ Արեւելա-զանգեզուրեան` ներառելով Ջէբրայիլի (Հադրութի շրջանի հարաւային թեւը` Ջրական բնակավայրով), Զանգելանի (Քաշաթաղի շրջանի հարաւային թեւը` Կովսական բնակավայրով), Ղուբաթլուի (Քաշաթաղի շրջանի հարաւային թեւը` Սանասար բնակավայրով), Լաչինի (Քաշաթաղի շրջանը` Բերձոր շրջկենտրոնով) եւ Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի մասը):

Ահա գործ ունենք մի այնպիսի հարեւանի եւ հակառակորդի հետ, որի համար «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անուանունը հակացուցական է: Ազրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքային նման վերաձեւումները չեն նպաստում արցախեան հիմնահարցի արդարացի լուծմանը, այլ  միայն հայատեացութիւն  են սերմանում եւ երկրամասը հայաթափելու նպատակ են հետապնդում: Ի՛նչ քայլի էլ որ դիմեն` «Լեռնային Ղարաբաղ» եզրոյթը պատմութեան երեսից ջնջել չի լինի, այն, որպէս վարչատարածքային միաւոր, քաղաքական իմաստով առաջին անգամ արձանագրուել է Ազրպէյճանի Հանրապետութեան կառավարութեան եւ Ղարաբաղի հայ բնակչութեան միջեւ 1919 թ. օգոստոսի 19-ին կնքուած համաձայնագրում: Այդ փաստաթղթում նշուել են նաեւ այն հայաբնակ տարածքները, որոնք դեռեւս այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի մաս են համարուել.  դրանք են` Շուշիի գաւառի մաս կազմող Դիզակի (ներկայիս Հադրութի շրջանը), Խաչէնի (ներկայիս Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների մի մասը), Ջրաբերդի (ներկայիս Մարտակերտի շրջանի մի մասը) եւ Վարանդայի (ներկայիս Շուշի շրջանը, Մարտունու եւ Ասկերանի շրջանների մի մասը) գաւառակները: Հետագայում խորհրդային եւ միջազգային բոլոր փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» վարչաքաղաքական միաւորը կեանքի իրաւունք ստացաւ հէնց այդ սահմաններում: Այն բազմիցս արձանագրուել է Միաւորուած Ազգերի կազմակերպութեան, Եւրոպական Միութեան, Եւրոպայի Խորհրդի, Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (Մինսկի խումբ) փաստաթղթերում եւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ազրպէյճանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի  Յայտարարութիւնում (վերջին փաստաթղթում` 4 անգամ) եւ  այլն:

Յետպատերազմեան իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ Ազրպէյճանը եւ Թուրքիան, համատեղ քաղաքականութեամբ, ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին` թուրանական ծրագրի մէջ խրուած արցախեան եւ զանգեզուրեան սեպերը վերացնելու հեռանկարով: Վտանգն ակնյայտ է եւ իրական:  Այդ` այն դէպքում, երբ վերջին պատերազմը   աղէտալի  հետեւանքներ ունեցաւ հայ ժողովրդի համար, որոնք դեռեւս իրենց զգացնել են տալիս: Սակայն որքան էլ աղէտալի լինեն հետեւանքները, պէտք չէ լալկանութեամբ զբաղուենք, այլ յընթացս ոտքի կանգնենք եւ առաջ շարժուենք: Շատ ազգեր են պարտութիւն կրել եւ անյայտացել պատմութեան թատերաբեմից: Բայց կան ազգեր, որոնք կուլ չեն գնացել անցեալին եւ իրենց յամառ ու քրտնաջան աշխատանքով բարձրացել են ընկած տեղից` վերաիմաստաւորելով իրենց պատմութեան ընթացքը: Դա, առաջին հերթին, վերաբերում է մեզ:

Եթէ  Ազրպէյճանի համար Լեռնային Ղարաբաղը սոսկ աշխարհագրական տարածք է, ապա այն հայ ժողովրդի անբաժան հայրենիքի  մի մասն է` իր հազարամեայ պատմութեամբ, կրօնով, մշակոյթով եւ ազգային ինքնատիպութեամբ: Դա անվիճելի է: Սակայն քաղագիտութեան պակասի պատճառով, առաջին պատերազմից յետոյ այդպէս էլ չկողմնորոշուեցինք` ո՞րն է մերը, որը` ոչ: Չհասկացանք նաեւ, որ, ինչպէս մինչ վերջին պատերազմը, այնպէս էլ դրանից յետոյ, ժամանակը մեր օգտին չի (չէր)  աշխատում: Պատրանքներից ու արկածախնդիր յայտարարութիւններից ներկայ իրողութիւնների դաշտ պէտք է տեղափոխուենք ` շրջափակման մէջ գտնուող Արցախի ժողովրդին սովի ճիրաններից փրկելու եւ անվտանգութիւնն ապահովելու համար: Հաշուի առնելով, որ միջազգային բոլոր փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» եւ նրա «տարածք» եզրոյթների տակ հիմնականում նկատի են առնւում 1923 թուականին ստեղծուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւ նրա սահմանները, եւ որ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հռչակուել է հէնց այդ սահմաններում, իսկ Ազրպէյճանը` Թուրքիայի օգնութեամբ կոպտօրէն խախտել է կրակը դադարեցնելու  պահպանման մասին 1994 թուականի մայիսի 11-ի պիշքեքեան համաձայնութեան պահանջները եւ ներխուժել տէ ֆաքթօ գոյութիւն ունեցող ԼՂՀ տարածքը ու վերահսկողութեան տակ վերցրել նրա մի մեծ մասը, ուստի, մեր կարծիքով, առաջնահերթ ռազմավարական խնդիրը Արցախի եւ Ազրպէյճանի իշխանութիւնների երկխօսութեան միջոցով կեանքի ճանապարհը բացելուն ուղղուած քայլերի կատարումն է, որից յետոյ`  հանրապետութեան կարգավիճակի ամրագրումը` նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման տեսլականում, ինչը հնարաւորութիւն կը տայ ներքին տեղահանուածներին անխափան վերադառնալու իրենց բնակավայրերը:

Ներկայ պայմաններում երազխաբութիւն կը լինի մտածել, որ «միջազգային կառոյցները»,  «առաջադէմ մարդկութիւնը», «միջազգային հանրութիւնը», «քաղաքակիրթ աշխարհը», կամ աղօթքներն ի զօրու են  արցախահայութեան հարցն այս կամ այն ձեւով լուծելու: Անգութ  այս աշխարհում միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքները  եւ կանոնները կաթուածահար վիճակում են, կամ էլ զոռպաների համար են գործում, լալահառաչ թոյլերի համար` հազար անգամ ոչ: Մենք բարեկամ, ընկեր չունենք այս անարդար աշխարհում: Ու՞ր են մեր բարեկամները, երբ ցեղասպանութեան եաթաղանը վերստին կախուած է հայ ժողովրդի գլխին: Եր՞բ պէտք է հասկանանք, որ աշխարհի ուժեղները զզուանքով են նայում մեր լաց ու կոծին եւ ճառ ասողներին` գերադասելով զինավառ եւ գործի մարդկանց: Վստահութիւն տածենք ո’չ թէ հիւսիսի կամ արեւմուտքի, այլ` սեփական ուժերի վրայ: Մեր միակ ընկերը մեր միասնութիւնը, համախմբուածութիւնը եւ մեր բազուկն է: Կան նպատակներ, որոնց համար մի քանի սերունդներ  են պայքարում: Այդպիսին է հէնց արցախեան հիմնախնդիրը: Որքան էլ մեզ համար ցաւալի լինի արցախեան հարցի արիւնածոր վիճակը, պէտք չէ մոռանալ Տրդատ Մեծի պատգամը սերունդներին` մարդկային գոյութեան բարձունքներում ուժեղն է արդարը:

Առայսօր Բերձորի միջանցքը  շարունակւում է մնալ փակ, եւ ըստ Ազրպէյճանի ղեկավարի յայտարարութեան,եթէ որոշ հայեր չեն ցանկանում ապրել որպէս Ազրպէյճանի քաղաքացիներ, նրանց համար ճանապարհը բաց է եւ հանգիստ կարող են հեռանալ… Դա ոչ այլ ինչ է, քան` պետական մակարդակով արտագաղթի, զտման կամ տեղահանման  քաղաքականութեան նախաձեռնում, որը մշակութային, լեզուական եւ կրօնական տարբերութիւնների հողի վրայ ուղղուած է Արցախի հայերին վտարելու իր պատմական հայրենիքից: Հասնելով Արցախի հողի մի մասի նկատմամբ իրենց նպատակին, որը ներկայումս ամայի է, այժմ Պաքուն խնդիր է դրել հայ ժողովրդի արցախեան միւս հատուածին իր պատմական բնօրրանից լրիւ արմատախիլ անել: Ո՞ւր են ՄԱԿ-ի անդամ պետութիւնները, երբ 1992 թ. դեկտեմբերի 18-ին բանաձեւ ընդունեցին, որի համաձայն, «Ցեղային զտումը ցեղասպանութեան տեսակներից մէկն է»: Ի հարկէ, նրանց հետաքրքրում է նաւթատոլարի զնգոցը, այլ  ոչ` թոյլի ծուոցը:

Խօսքը գործ դարձնելու համար ազրպէյճանական դիրքերից չեն դադարում պարբերաբար կրակոցները հայկական դիրքերի եւ գիւղերի ուղղութեամբ` ու, հնչող սպառնալիքները, որ հայերը հեռանան իրենց բնակավայրերից: Իսկ նոր տարում` նոր սպառնալիքներ հնչեցին. հակառակորդը յունուարի 9-ից ազրպէյճանական վերահսկողութեան տակ գտնուող տարածքից անջատել է Հայաստանից դէպի Արցախ եւ ելեկտրականութեան վառելքի. իսկ յունուարի 17-ից` կազամատակարարումը: Ելեկտրականութեան սնուցումն իրականացւում է միայն ներքին` խիստ սահմանափակ պաշարների հաշուին: Ուժանիւթի ճգնաժամի պատճառով պետական հաստատութիւններն աշխատում են յատուկ աշխատանքային դրութեամբ:  Բայց որքան էլ ոսոխը դաժան ու անմարդկային լինի, հնարաւոր չէ գլխատել հայ ժողովրդին: Ամէն դէպքում, օրակարգում հայ ժողովրդի առաջնահերթ ռազմավարական խնդիրը` սեփական հողում արցախահայութեան կեանքի անվտանգութեան ապահովումն է: Այս պահին որեւէ այլ հարց չի կարող կարեւոր լինել: Դրուած է պետականութեան գոյութեան հարցը: Նահանջի տեղ չունենք:

Հայ ժողովուրդը նման է վառուող պատրոյգի: Աւարառու ցեղերը որքան ցանկացել են հանգցնել այն, մոմն աւելի պայծառ է վառուել եւ հանգցնողների մօրուքը վառել: Ակնթարթի պէս կ՛անցնեն այս ծանր օրերը, կը բացուի կեանքի ճանապարհը, եւ հայ ժողովուրդը, իր աննկուն կամքի ու աշխատասիրութեան շնորհիւ` վերելք կ՛ապրի, իսկ Արցախն իր հպարտ տեսքով նորից վեր կը յառնի` ի հեճուկս չարակամների:

Ստեփանակերտ, Արցախ

Leave a Comment

You must be logged in to post a comment.