Ցաւօք, այսպիսի վատ յարաբերութիւններ Հայաստանի ու Արցախի միջեւ չեն եղել որեւէ կառավարման օրօք. Աշոտ Ղուլեան

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցութեան նախագահ Աշոտ Ղուլեանի գնահատմամբ՝ եթէ Արցախից բռնի տեղահանուած արցախահայութեան՝ Արցախ վերադառնալու մասին են խօսում, ապա դա անպայման պէտք է ինչ-որ ծրագրի տեսքով լինի։ Սակայն դրա համար անպայման պէտք է ունենալ Արցախի պետականութիւն։

«Որպէս Արցախի պետականութիւն՝ այն անպայման պէտք է լինի, որպէսզի մենք հարկ եղած դէպքում, երբ դրա անհրաժեշտութիւնը ծագի, կարողանանք այդ նոյն ժողովրդին կազմակերպել։ Արցախ վերադառնալու հետ է կապուած նաեւ այն, թէ մենք ինչպիսի կարգավիճակ ենք տալիս այսօր ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում բնակուող արցախցիներին։ Դա ժամանակաւո՞ր կարգավիճակ է, թէ՞ մենք ինչ-որ բան հիմնովին փոխում ենք, յետոյ շատ դժուար է լինելու նոյն վերադառնալու հետ կապուած մարդկանց իրաւաքաղաքական ներկայ կարգավիճակը մէկ անգամ էլ փոխել», «Արցախ. ընթացիկ հարցեր եւ հեռանկարներ» քննարկման ժամանակ ասաց Աշոտ Ղուլեանը։

Ըստ նրա, տպաւորութիւն է, որ Հայաստանի գործող իշխանութիւնները շատ հապճեպ մի որոշում են ընդունել, որպէսզի արագ կարողանան ինչ-որ ձեւով մարդկանց տեղաւորել։ Եւ այդ հապճեպ ընդունուած որոշման արդիւնքում այսօր հազարաւոր մարդիկ չգիտեն՝ ինչպէս վարուել եւ ում դիմել։ Դիմելու դէպքում էլ ստանում են մերժում, որից յետոյ սկսում են փնտռտուքներ, թէ որտեղ կարող են ստանալ իրենց խախտուած իրաւունքների պատասխանները։

«Երեւի առաջին անգամ է, որ ես հրապարակային մասնակցում եմ քննարկումների, որովհետեւ երկու ամսուայ ընթացքում ես ինձ անընդհատ բռնում էի այն մտքի վրայ, որ պատրաստ չեմ խօսել։ Այն, ինչի միջով բոլորս անցել ենք՝ սթրեսային իրավիճակը, Սեպտեմբերի 19-ը եւ դրան յաջորդած օրերը։ Երկու ամիս է, արցախահայութիւնը Հայաստանում միայն տխուր իրադարձութիւնների է մասնակցում՝ հոգեհանգստի, յուղարկաւորութիւնների։ Նման իրավիճակում մարդիկ ոչ միայն այս մասին են մտածում, այլեւ, թէ որտեղ են ապրելու, աշխատելու։ Կարծում եմ՝ այս բոլոր հարցերի կարգաւորումները միայն պետական միջոցներով է հնարաւոր, այսօրուայ քննարկումների մակարդակով անհնար է գտնել։

Ցաւօք, այսպիսի վատ յարաբերութիւններ Հայաստանի ու Արցախի միջեւ չեն եղել որեւէ կառավարման էլիտաների օրօք», յաւելեց նա։

Արցախի Հանրապետութեան ԱԺ նախկին նախագահի կարծիքով՝ ի հարկէ, հասկանալի են այն նրբերանգները, որոնք ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաները փորձում են ներկայացնել, որ Արցախի թեման կարող է վնասել Հայաստանին։ Սակայն այստեղ խօսքը միայն պաշտօնական յարաբերութիւնների մասին չէ, այլ մարդկային, անձնական յարաբերութիւնների։ Հենց այստեղ կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ։

«Արցախի պետականութիւնը պահպանելու թեման այսօրուայ թեմա չէ միայն, այն ապագայի թեմա է։ Եթէ մենք մտածում ենք մեր ընդհանուր հայկական պետականութեան մասին, շատ կարեւոր է, որպէսզի Արցախի պետականութիւնը կարողանանք շատ պահել։ Ինձ համար զարմանալի է, որ կարծես մենք 10 օրում մոռացութեան ենք տուել այն, ինչը 30 տարի շարունակ եղել է մեր հայկական միասնական օրակարգում։ Մենք մոռացել ենք 1988 թուականի ազգային զարթօնքը, Արցախի տուած հպարտութեան զգացումը, որ ամբողջ Հայաստանը, սփիւռքը, հայկական բոլոր գաղթօճախները դրանով են ապրում։ Մենք 25 եւ աւելի տարիներ այդ հպարտութեան զգացումը կրել ենք։ Եթէ մենք այս հարցերը մեր մտքից հանենք, շատ դժուար է տեսնել մեր ժողովրդի ապագայ ստրատեգիան։

Ամէն մի արցախցու երազանքն է՝ վերադառնալ իր երկիր, ծննդավայր, իր տուն։ Ունենք տխուր իրողութիւններ, երբ մարդիկ տեսանիւթերով ստանում են իրենց տների թալանը, աւերումը։ Միամիտ է մտածել, որ Ատրպէյճանի ներկայացուցիչները փակում են հայերի դռները, կնքում են կամ յատուկ պահպանութեան տակ են առել։ Եթէ մենք վերադարձի իրաւունքի հետ չկարողանանք ապահովել մեր ինքնորոշման իրաւունքը, ապա մեզ սպասւում է հերթական հիասթափութիւնը», եզրափակեց Աշոտ Ղուլեանը։

Comments are closed.