Տպաւորութիւն ունեմ, որ մեր իշխանութիւնները պատանդ են Ատրպէյճանի իշխանութիւնների ձեռքին

Վատ երազում էլ չէի տեսնի, որ գերիների հարցն ԱԺ-ում կարող են դարձնել իմ ու քո հարց. ՔՊ-ի կողմից «Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» ԱԺ յայտարարութեան նախագծի ընդունման տապալումից յետոյ լրագրողներին ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«20 տարուայ պատգամաւորական կենսագրութիւն ունեմ, բայց չէի պատկերացնում, որ ժողովը, որը կոչւում է ՀՀ Ազգային ժողով, կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլեւ մերժել։ Այսպիսի բան կարող էր լինել միայն Միլլի մեճլիսում։ Այստեղ, փաստօրէն, մենք ունենք իրավիճակ, որ ռազմագերիների հարցի մասով, որը մեր արժանապատուութեան հարցն է, որոշ մարդիկ յայտարարում են, որ ընդդիմութիւնն այս ամէնն անում է՝ թքած ունենալով գերիների վրայ։ Այսի՞նքն։ Մենք այնտեղ մօտիկ ընկերներ ունենք, որ այսօր գտնւում են բանտերում, ուրեմն Գեղամ Մանուկեանը թքա՞ծ ունի իր եղբօր ճակատագրի վրայ, ես թքա՞ծ ունեմ Բիւրոյի իմ գործընկեր Դաւիթ Իշխանեանի վրայ», ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ ռազմագերիների հարցն արժանապատուութեան հարցն է, անգամ մարդկանց լեզուն պտտւում է ասի՝ «ընդդիմութիւնը դա անում է՝ թքած ունենալով նրանց ճակատագրի վրայ»։

«Այսինքն մենք այնտեղ ունենք մեզ մօտիկ ընկերներ, մեր Գեղամ Մանուկեանը ուրեմն թքա՞ծ ունի իր եղբօր ճակատագրի վրայ։ Ես թքա՞ծ ունեմ մեր Բիւրոյի ընկերոջ՝ Դաւիթ Իշխանեանի ճակատագրի վրայ։ Լաւ, կարելի՞ է այդ աստիճանի անամօթ յայտարարութիւնել անել։

Իմ մօտ արդէն խորանում է այն տպաւորութիւնը, որ մեր իշխանութիւնները պատանդ են Ատրպէյճանի իշխանութիւնների ձեռքին։ Սրանք սպասարկում են Ատրպէյճանի շահերը։ Այս ամէնը հնարաւոր չէ այլ կերպ մեկնաբանել», նշեց նա։

Արմէն Ռուստամեանն ասաց, որ այս յայտարարութեան մէջ որեւէ ներքաղաքական խնդիր չկայ։

«Շատ տարաձայնութիւններ ունենք իրենց հետ, բայց իշխանութեանն ուղղուած որեւէ մեղադրանք չկար դրա մէջ», նշեց ընդդիմադիր պատգամաւորը։

Մանրամասները՝ տեսանիւթում.

Comments are closed.