Տաւուշի կործանման ծրագիրը՝ գործողութեան մէջ

Վահէ Սարգսեան

Տաւուշի մարզի սահմանային իրավիճակի շուրջ տեղեկատուական դաշտում ստեղծուած լարուածութիւնն սկիզբ առաւ այն բանից յետոյ, երբ ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ատրպէյճանի ղեկավարների՝ 2020 թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան աշխատանքային կամ նախնական տարբերակում տարածուեց հետեւեալ դրոյթը. «Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկւում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձւում են Ատրպէյճանին մինչեւ Նոյեմբերի 20-ը» (2-րդ կէտ): Եւ չնայած յայտարարութեան վերջնական տարբերակում այն փոփոխուեց, հանուեց Ղազախի շրջանին վերաբերող մասը (Աղդամի շրջանը վերադարձւում է Ատրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի Նոյեմբերի 20-ը), այդուհանդերձ, մտավախութիւնները չանհետացան:

Տաւուշում տարածքների յանձնման մասին տեղեկութիւնները կրկին խորացրին լարուածութիւնը 2021 թ. առաջին ամիսներին, երբ Փաշինեանի շարունակական յանձնման քաղաքականութեան պայմաններում CaucasusWarReport տեղեկատուական պորտալը հաղորդեց, որ Բարխուդարլի գիւղը եւ Սովետական Ատրպէյճանի Ղազախի շրջանի գիւղերը հայկական ուժերի կողմից ռուս խաղաղապահների միջնորդութեամբ պէտք է յանձնուեն  Ատրպէյճանին:

Գտնուելով նախընտրական փուլում՝ ՀՀ իշխանութիւններն ամէն կերպ փորձեցին քողարկել գործընթացը՝ յայտարարելով, թէ, իբր, նման բան գոյութիւն չունի, իսկ վտանգների մասին խօսողները պիտակաւորուեցին իբրեւ անբարոյականներ կամ 5-րդ շարասեան ներկայացուցիչներ:

Մարտի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինեանի ասուլիսը վերացրեց ամէն կասկած. ՀՀ իշխանութիւնները պատրաստ են յանձնելու նաեւ նշուած «անկլաւները», ռազմավարական նշանակութեան կէտեր, որոնց օտարման արդիւնքում կը կազմալուծուեն Տաւուշի եւ Արարատի մարզերի անվտանգութեան համակարգերը, թշնամուն կ’անցնեն նաեւ միջպետական նշանակութեան ճանապարհները: Կարճ ասած՝ ՀՀ-ն կը դադարի լինել կենսունակ պետութիւն, իսկ թշնամին նոր հնարաւորութիւններ կը ստանայ ՀՀ-ն քարտէզի երեսից բնաջնջելու իր ծրագրերում:

Ստորեւ անդրադառնանք Տաւուշի մարզին, որտեղ գործ ունենք պայմանականօրէն երկու գիւղախմբի հետ:

Առաջինը Սոֆուլու եւ Բարխուդարլու գիւղերն են, որոնք խորհրդային տարիներին եղել են ատրպէյճանաբնակ: Դրանց աւերակները գտնւում են Ազատամուտ եւ Կայան գիւղերի մէջտեղում՝ Իջեւան-Բերդ ճանապարհահատուածի աջ եւ ձախ կողմերում: Նշեալ գիւղերի տարածքների հենքի վրայ՝ ամերիկեան GPS նաւիգացիոն համակարգով ցուցադրուող անկլաւն ամբողջովին վերահսկում է Իջեւան-Բերդ ճանապարհի տուեալ հատուածը: Աւելի պարզ՝ Ազատամուտը Կայանին կապող մօտաւորապէս մէկ կմ երկարութեամբ տուեալ ճանապարհահատուածն ամբողջովինյհանձնուելու է Ատրպէյճանին, եթէ ՀՀ իշխանութիւններն այստեղ եւս առաջնորդուեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադէպ սկզբունքներով, ինչը եղաւ Սիւնիքի մարզի պարագայում եւ այլուր: Աւելին՝ ելնելով նշուած համակարգի այսօրուայ գծանշումից՝ Ատրպէյճանին են անցնելու նաեւ Կայան բնակավայրի կէսը եւ Ազատամուտ գիւղի արեւելեան թաղամասեր:

Յաջորդ պայմանական գիւղախումբը գտնւում է Նոյեմբերեանի շրջանի Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս գիւղերով պարփակուած հատուածում, որոնք տեղակայուած են Իջեւան–Նոյեմբերեան ճանապարհահատուածին երկայնքով:

Բերդ-Նոյեմբերեան խաչմերուկից դէպի Նոյեմբերեան տանող ճանապարհահատուածում խնդրոյ առարկայ առաջին գիւղը Խեյրիմլին է, որը գտնւում է Կիրանց գիւղի հարեւանութեամբ՝ Ոսկեպար գետի վրայ գտնուող կամրջին յարակից հատուածում: GPS համակարգը այս հատուածը, ներառեալ՝ միջպետական մայրուղին եւ Կիրանցից որոշ տներ, համարում է Ատրպէյճանի տարածք:

Յաջորդ գիւղը Վերին Ոսկեպարն է (ատրպԵուխարը Ասկիպարա), որը գտնւում է Ոսկեպարի արեւմուտքում, եւ GPS նաւիգացիոն համակարգով այն ատրպէյճանական անկլաւ է ՀՀ-ի կազմում: «Անկլաւի»՝ Ատրպէյճանին յանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակութեան Ոսկեպար գիւղն ինքնին վերածւում է իւրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշուած գօտին թշնամուն յանձնելու պարագայում ատրպէյճանական զինուժն ընդհուպ մօտենում է Լոռու մարզին եւ վերահսկողութեան տակ վերցնում Թեղուտի անտառները:

Միւսը՝ Ներքին Ոսկեպարը (ատրպ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնւում է Ոսկեպարից արեւելք՝ Սբ Աստուածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ատրպէյճանաբնակ գիւղն այժմ հայկական տիրապետութեան տակ է, գտնւում է ՀՀ-Ատրպէյճան սահմանային դիրքերի հատուածում:

Յաջորդ գիւղը Բաղանիս Այրումն է, որը գտնւում է Իջեւան–Նոյեմբերեան ճանապարհահատուածի աջ կողմում՝ Բաղանիս եւ Ոսկեվան գիւղերի հարեւանութեամբ: Խորհրդային տարիներին Նշուած հայաբնակ գիւղերի եւ Բաղանիս Այրում ատրպէյճանաբնակ գիւղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթէ GPS համակարգի հենքի վրայ վերստին վերականգնուի խորհրդային պատկերը, կը ստացուի այնպէս, որ Ատրպէյճանի սահմանային խրամատները կը փորուեն հենց Բաղանիսի եւ Ոսկեվանի տների հարեւանութեամբ:

Մի կարեւոր խնդիր: Կիրանցի հարեւանութեամբ գտնուող Խեյրիմլի գիւղի պարագայում արդէն նշել ենք, որ ատրպէյճանական վերահսկողութեան տակ է յանձնւում նաեւ միջպետական մայրուղին: Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրայ սահմանագծման արդիւնքում թշնամուն են յանձնւում ոչ միայն յիշեալ գիւղատեղիները, այլեւ Երեւան–Թբիլիսի միջպետական մայրուղու եւս 4 նման հատուածներ Նոյեմբերեանի շրջանի Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս գիւղերով պարփակուած հատուածում: Այդպիսով՝ թշնամին 5 տեղից մուտք է գործելու Երեւան–Թբիլիսի միջպետական մայրուղու վրայ: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատուածում ի սպառ փակւում է Գորիս–կապան մայրուղու օրինակով:

Որպէս վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկեան նաւիգացիոն համակարգ է, որը տարբեր արբանեակների տուեալներով ֆիքսում է սարքի գտնուելու կէտը։ GPS-ը եւ միւս համակարգերը ՔԱՐՏԷԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող եւ, առաւել եւս, որոշող ծրագիր չէ։ Ընդամէնը նշում է այդ կէտի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կէտի վարչական պատկանելութեան հարցը որոշւում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթէ առկայ է տարաձայնութիւն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Յաւելենք նաեւ, որ որեւէ մէկի համար պարզ չէ, թէ GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտէզներն են մուտքագրուած, աւելին՝ արդեօ՞ք նշուած նաւիգացիոն համակարգի ետեւում կանգնած անձինք չեն կաշառուած ատրպէյճանական նաւթադոլարներով եւ Ատրպէյճանի օգտին չեն գծանշել սահմանները:

 

 

Comments are closed.