«Տարածքներ` խաղաղութեան դիմաց» բանաձեւը յանգեցրել էր Լևոն Տէր-Պետրոսեանի քաղաքական ինքնասպանութեանը. Ա. Ռուստամեան

EADaily  պարբերականը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներուն մասին զրուցած է ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանի հետ:

– Վերջերս Ղարաբաղում անցկացուել է ՀՅԴ Ընդհանուր ժողովը: Ինչո՞ւ հենց Ղարաբաղում և հենց հիմա: Դա որոշակի մեսի՞ջ էր:

-Ոչ մի բան պատահական չէ: Ինչպես ասում են` պատահականութիւնն անհրաժեշտութեան արտայայտութիւնն է: Կար երկու պատճառ․ առաջինը` այսօրուան Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրաւէրները կապուած են ԼՂ հակամարտութեան հետ, ԼՂ հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ բանակցութիւններն ակտիվացել են: Այստեղ մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր և սպառնալիքներ:

Երկրորդ պատճառն այն է, որ արդէն 30 տարի է` գոյութիւնի ունի հայկական երկու պետութիւն, և մենք երբեք Արցախում չենք անցկացրել Բարձրագոյն կուսակցական ժողով։ Առաջին անգամ էր, երբ մենք այդ միջոցառումն անցկացրինք հայկական երկրորդ պետութեան տարածքում:

– Հաշուի առնելով այն, որ ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինեանը և նրա թիմից շատ այլ անձինք ժամանակին համագործակցել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի հետ, դուք ենթադրում էք, որ նրանք  նմանատիպ հայեացքներ ունեն ԼՂ հակամարտութեան հարցում: Դատելով Փաշինեանի յայտարարութիւններից` դա այդպէս չէ: Ի՞նչ էք կարծում:

– Մենք ունենք նման մտահոգութիւն, այդ պատճառով էլ բաւական թերահաւատօրէն ենք վերաբերւում այն ամէնին, ինչը ներկայումս կատարւում է Ղարաբաղի շուրջը: Ի հարկէ, մենք յոյս ունենք, որ գործող իշխանութիւնները չեն գնայ Տէր-Պետրոսեանի քաղաքական ճանապարհով: Միևնոյն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ ճնշումն ուժեղանում է. պահանջում են արդէն այս տարի անցնել խնդրի իրական լուծմանը: Ինչպէս պէտք է լուծուի ԼՂ հիմնախնդիրը՝  պարզ չէ:

 – Սպասէք, ո՞վ և ե՞րբ է պահանջել այս տարի անցնել հակամարտութեան լուծմանը: Մի՞թէ նման յայտարարութիւն հնչել է:

– Ես խօսում եմ միջազգային առաջնորդների լաւատեսական յայտարարութիւնների մասին: Ամենաթարմ օրինակը Գերմանիայի վարչապետ Անժելա Մերքէլի յայտարարութիւնն է, թէ Փաշինեանը «խիզախ» քայլերի է գնացել, և որ «հակամարտութեան կողմերը պետք է պատրաստ լինեն խօսքից գործի անցնելուն»: Մերքէլը նաև ասել է, որ Պաքուն պէտք է պատասխան քայլեր ձեռնարկի: Իսկ Պաքուն յայտարարում է, որ արդէն այս տարի խնդիրը կարող է լուծուել: Ի հարկէ, Ատրպէյճանը նկատի ունի խնդրի լուծումն իր «տարածքային ամբողջականութեան» շրջանակում, ինչը ենթադրում է հայկական զօրքերի դուրսբերում և տարածքների փոխանցում: Լաւ է գոնէ, որ Փաշինեանը հանդէս եկաւ յայտարարութեամբ, որ «Տարածքներ` խաղաղութեան դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար: Այդ դիրքորոշումը իսկապէս յոյս է ներշնչում, որ Հայաստանը չի յայտնուի բարդ բանակցային իրավիճակում: Ժամանակին այդ բանաձևը յանգեցրել էր Լևոն Տէր-Պետրոսեանի քաղաքական ինքնասպանութեանը. նա հրաժարական տուեց (1998 -ին — EADaily):  Անձը, որը հայկական իրականութիւնում կը փորձի նման կերպ լուծել խնդիրը, քաղաքական դիակ կը դառնայ:

Հարցազրոյցը ամբողջութեամբ՝ այստեղ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.