Վկան Մայիսի 28-ը

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Անվիճարկելի պէտք է համարել փաստը, որ 1918 թուականի մայիսի 30-ին Հայաստանի  անկախութեան յայտարարութեան ընդունումը նախ եւ առաջ ուղղակի արդիւնքն է  մայիսեան հերոսամարտերի: Այսինքն եթէ չլինէին այդ յաղթանակները, Թիֆլիսի Հայոց ազգային կենտրոնական խորհրդի որեւէ յայտարարութիւն աւելին չէր արժենայ քան այն թուղթը, որի վրայ  տուեալ յայտարարութիւնը գրուել էր: Միւս կողմից, ըստ արժանուոյն չգնահատել գերագոյն ճիգով ձեռք բերուած յաղթանակները, կը նշանակի հաւատալ, թէ թուրքերը շահագրգիռ էին մայիսի 28-ին հայկական պատուիրակութեան մեկնումով  Պաթումի` ոչ թէ պատերազմական պայմաններում իրենց կամքը պարտադրելու համար, այլ անկեղծօրէն ձգտում էին հայոց պետականութեան վերականգնմանը:  Իրականում  Ցեղասպանութեան ոճրագործի նպատակն էր անկախացման ճանապարհով  հայութեան բեկորներին  լիարժէքօրէն կտրել հնարաւոր դաշնակիցներից, վերջնականօրէն յօշոտելու համար: Ինչո՞ւ պէտք է թուրքերը շահագրգիռ լինէին Հայաստանի արեւելեան մնացեալ հատուածը բաժան-բաժան անելով եւ հայութեան վերջնական կործանմամբ: Նախ նրանց համար աւելի քան ակնյայտ էր, որ չնայած աշխարհագրական սահմանները բաժանել էին հայ ժողովրդին, սակայն վերջինս միշտ ապրել էր մէկ ժողովուրդ` մէկ պայքար ճշմարտութեամբ: Մի՞թէ թուրքերը բոլորից լաւ տեղեակ չէին, որ Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի համազգային կուսակցութիւնը ստեղծուել էր Կովկասում, արեւելահայերի կողմից, եւ արեւելահայ յեղափոխական երիտասարդութիւնը նետուել էր  արեւմտահայոց ապստամբութիւնների բոցերի մէջ ուս-ուսի կազմակերպելու եւ կռուելու համար, որ 1905 թուականին արեւմտահայ մարտական գործիչներ շտապեցին Կովկաս մասնակցելու հայ-թաթարական ընդհարումներին, 1914 թուականին արեւելահայութիւնը, կամաւորական գնդեր կազմելով, մեկնեց  արեւմտահայ արիւնակիցներին փրկելու, իսկ Ցեղասպանութիւնից յետոյ արեւմտահայ ֆիտայութեան մնացորդացը,  գաղթելով Արեւելահայաստան,   մասնակցեց Արեւելահայաստանի մաքրագործմանը, պետականութեան համար մղուող հերոսամարտերին ու թուրք եւ պոլշեւիկ զաւթիչներից նորելուկ հանրապետութեան սահմանների եւ գոյութեան պաշտպանութեանը: Հայութեան համար հայրենիքը, պայքարն ու ճակատագիրը նոյնական էին եւ դարաւոր թշնամին չէր կարող համոզուած չլինել, որ քանի դեռ որեւէ տեղ կը շարունակի գոյութիւնը հայ հաւաքականութեան որեւէ հատուած  պայքարը շարունակուելու է եւ հայկական հարցը  չի մեռնելու: Միւս կողմից թէկուզ փոքր, թէկուզ նուազ Հայաստանը բաժանարար պատնէշ էր լինելու համաթուրանականութեան յաւակնութիւնների ճանապարհին:

Ընդամէնը  10-12 հազար քառակուսի քիլոմեթրի վրայ ստեղծուող երկրի առաջնորդները,  պատմական խիստ աննպաստ իրողութիւնների պայմաններում հռչակելով  պետութեան ծնունդը, նրա ֆիզիքական սահմանների հարցը թողնելով անորոշ,  իրենց յայտարարում էին. «Հայկական գաւառների գերագոյն ու միակ իշխանութիւն»: 1918 թուականի օգոստոսի 1-ին Երեւանում, հայոց պառլամենտի` Հայաստանի խորհրդի նիստը բացելով, Ազգային խորհրդի կողմից իր ելոյթի ժամանակ Աւետիք Սահակեանը, ի լուր    օտարերկրեայ, այդ թւում թուրքական պատուիրակութեան յայտարարեց. «Այո՛, մեր հանրապետութիւնը փոքր է եւ նեղ իր սահմաններով, նա զրկուել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորել ամբողջ ազգաբնակութիւնը եւ, կարծես թէ, պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ.  ես հաւատում եմ, որ մեր երկրի սահմանները  կ՛ընդարձակուեն կեանքի երկաթէ ուժով…» («Զանգակ», 4-ը օգոստոսի 1918թ., «Հորիզոն», 9 օգոստոսի, 1918թ.):

Որ այս  յայտարարութեան ետեւում կանգնած ազգային առաջնորդները անիրատես երազողներ չէին վկայում 1919 թուականի մայիսի 28-ին ՀՀ կառավարութեան, իսկ աշնանը կառավարող կուսակցութեան կողմից Անկախ եւ Միացեալ Հայաստանի նպատակի հռչակումը, երկու եւ կէս տարիների ընթացքում երկրի փաստացի տարածքը 70.000 քառակուսի քիլոմեթրի հասցնելը, իսկ 20 թուականի ամրանը եւ աշնանը սկզբում Սեւրի պայմանագրով, այնուհետեւ Միացեալ Նահանգների կողմից իրաւարար վճռի ստորագրմամբ, հասնելու Արեւմտահայաստան տարածքի  90.000 քառակուսի քիլոմեթրի վրայ սեփական պետութիւն ստեղծելու իրաւունքին:

Այս նիւթի ամենասկզբում նշուեց, որ Հայաստանի անկախ պետականութեան ստեղծումը նախ եւ առաջ պայմանաւորուած էր մայիսեան յաղթանակներով, իսկ ընդհանրապէս ոչ միայն դրանցով: 19-րդ դարի վերջից Սան Սթեֆանոյի եւ Պերլինի բանակցութիւններով հայկական հարցը լուծում չէր ստացել, սակայն ընդգրկուել էր միջազգային օրակարգեր: 20-րդ դարասկզբում մեծ տէրութիւնների ուշադրութեան աւելացումը, Արեւմտահայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը, որի վերահսկողութեան նպատակով էլ Առաջին աշխարհամարտի նախօրեակին այստեղ էին գալիս եւրոպացի երկու կառավարիչները, վկայում են հայութեան դարաւոր իղձերի իրականացմանը տանող գործընթացների մասին:  Իսկ այս իղձերի  հոգեւոր ու ֆիզիքական բիւրեղացման գործնական ընթացքը սկսուել էր, սրանից էլ առաջ, 19-րդ դարի երկրորդ կէսին` ազգային սահմանադրութեան որդեգրման օրերից, հայութեան արեւելեան ու արեւմտեան հատուածների ազգային, հոգեւոր ու մշակութային կեանքի վերազարթօնքի ընթացքի հետ:

Մարդկութեան անցած ճանապարհին նայելով տեսնում ենք, որ ինչ որ անգուշակելի նախախնամութեամբ, որոշակի պատմական պահերի տեղի են ունենում ժողովուրդների  ոգեղէն պոռթկումները, հրապարակ են իջնում մտաւոր, զինուորական, քաղաքական ու հասարակական վառ ընդունակութիւններով օժտուած հայրենանուէր սերունդներ, որոնք պատմութիւն են կերտում ծնելով ազգերի, ստեղծելով ու վերստեղծելով պետութիւններ, վերածնութեան ու լուսաւորութեան դարաշրջաններ, որդեգրելով հոգեւոր վարդապետութիւններ, ձեւաւորելով ազգային, հոգեւոր ու քաղաքական ինքնուրոյնութեան կռուաններ: 19-րդ դարի երկրորդ կէսին ասպարէզ իջան իրերայաջորդ սերունդներ, որոնք պէտք է նախապատրաստէին հայոց նոր պետականութեան ձեւաւորման անհրաժեշտ նախադրեալները: Բանահաւաքները, պատմագիրները, բանաստեղծները, երգահանները, ճարտարապետները, ազգային-հասարակական ու քաղաքական գործիչները, մտաւորականն ու մարտիկը փշուր-փշուր  հաւաքում էին հոգեւոր ու ֆիզիքական Հայաստանը` նախապատրաստելով նոր վերածնունդը: Վերածնութեան այդ ալիքն այնքան հզօր էր, որ անգամ թռիչքի պահին թեւերը կտրելուց յետոյ էլ  պատմութեան բեմի վրայ պիտի մնար հայոց անկախութեանը ձգտող ժողովուրդը:

Գերտէրութիւնների մեծ  առեւտրի հետեւանքը դարձաւ տրամաբանական սահմանների մէջ  հզօր Հայաստանի գաղափարի վիժեցումը, բայց հայ ժողովուրդը երբեք չհաշտուեց իրեն պարտադրուած ճակատագրի հետ: Անգամ խորհրդային դաժան վարչակարգի ժամանակներում, առաջին իսկ հնարաւորութեան դէպքում, ժողովուրդը պոռթկում էր, պահանջելով հայութիւնից խլուած իրաւունքները իր պատմական բնօրրանի նկատմամբ: Այդ նպատակի շուրջ հնարաւոր դարձաւ որպէս մէկ հաւաքականութիւն ձեւաւորել  Հայոց  դատի պայքարի ունակ  սփիւռքահայութիւնը: Պատահականութիւն պէտք չէ համարել, այլ տրամաբանական օրինաչափութիւն, որ խորհրդային կայսրութեան թուլացմանը զուգահեռ հայ ժողովուրդը առաջինը դուրս եկաւ միաժամանակ Արցախի ազատագրութեան եւ Հայաստանի անկախացման պայքարի:

Այսօր էլ ակնառու են փորձերը հայութեանը շեղելու իր պատմական շահերի հետապնդումից, հարուածելով  ինքնութիւնը պայմանաւորող հոգեկերտուածքին եւ արժէքներին, բայց եթէ հայ ազգը երբեւէ չհեռանայ իր ինքնութիւնից` ազգային պահանջատիրական ձգտումները մնալու են նրա ընթացիկ կեանքի եւ առաջընթացի հիմնական բաղկացուցիչները: Իրերայաջորդ հայ սերունդները դրա մէջ են գտնելու իրենց արժանապատիւ եսի կայացումը եւ ապրելու նպատակը: Պատահական չէ, որ Արցախ նահատակութեան մեկնեց մի սերունդ, որից թաքցուել էր Արցախի պատմութիւնը, որի շատ ներկայացուցիչներ նախապէս գրեթէ ոչինչ չգիտէր հայոց հայրենիքի այս հատուածի մասին:

Ցեղասպանութիւնը հայոց կենսագրութեան մէջ երբեւէ տեղի ունեցած ամենաողբերգական  իրադարձութիւնն էր, բայց հայութիւնն իր պատմութիւնը շարունակեց ոչ թէ 15, այլ 18 թուականի ճամբաբաժանից: Եւ որքան էլ,  որ ներսից ու դրսից փորձեն շեղել, դանդաղեցնել կամ կասեցնել բնականոն զարգացման ընթացքը, ուժերի կուտակման շրջանից յետոյ, հայութիւնը պէտք է իրականացնի իր նոր վերածննդի առաքելութիւնը: Վկան` Մայիսի 28-ը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.