Վարչապետի 100 փաստերին իրական հակափաստարկներ

Տնտեսութեանը վերաբերող

Օրերս վարչապետի տուած երկարաժամկէտ խոստումների շարքում իմացանք, որ մինչեւ 2050 թուականը ունենալու ենք ՀՆԱ-ի (Համախառն Ներքին Արդիւնք) 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնուազն 9,5 տոկոս աճ: Բայց որպէս դրական փաստ՝ անհասկանալիօրէն ներկայացւում է 2019 թուականի 7 ամիսների տնտեսական ակտիւութեան ցուցանիշը՝ 6,8 տոկոս: Սա էլ այն դէպքում, երբ 2018 թուականի առաջին կիսամեակին այդ ցուցանիշը եղել է 9,1 տոկոս:
Փաստում են, որ օտարերկրեայ ուղղակի ներդրումների ներհոսքը աճել է: Բայց չեն նշում, որ դրանց ծաւալը՝ զուտ հոսքերի (ներհոսքից հանած արտահոսք) տեսանկիւնից 30 միլիարդ դրամով կրճատուել է: 2019 թուականի առաջին 6 ամիսներին զուտ հոսքերը եղել են ընդամէնը 7,8 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում՝ 38,6 միլիարդ դրամ:
Պետական պիւտճէի հարկային եկամուտները 2019 թուականի 7 ամիսներին յաւելեալ աճել են 57 միլիարդ դրամով, իսկ տարին խոստանում են ապահովել 62 միլիարդ դրամ: Նոյնիսկ խոստացածը կատարելու պարագայում՝ 2018 թուականի համեմատ կը լինի ընդամէնը 15 տոկոս աճ: Նախորդ 2-3 տարիներին արձանագրուել են համադրելի աճեր՝ 10-11 տոկոս: «Բա ո՞ւր մնաց 40-50 տոկոս հարկային ստուերը, որի տեղն օրուայ իշխանութիւնը գիտէր եւ խոստացել էր օր առաջ վերացնել»:

Ասում են՝ իշխանափոխութիւնից յետոյ աննախադէպ աւելացրել է օրինական գրանցուած աշխատողների թիւը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թուականի Մայիսից մինչեւ Օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչեւ իշխանափոխութիւնը՝ 2018 թուականի Յունուար-Ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխութիւնից յետոյ այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նուազել է 43 տոկոսով:

Զուգահեռաբար՝ անհասկանալի բացատրութիւններով փորձում են արդարացնել վերջերս իրենց նախաձեռնած հարկային փոփոխութիւնները, որի հետեւանքը լինելու է այդ համակարգից սոցիալական բաղադրիչի ի սպառ վերացումը: Այս մասին եւս բազմիցս ներկայացրել ենք հիմնաւորուած փաստարկներ:
Պետական պիւտճէի կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը (65 միլիարդ դրամի չափով) բացատրում են հնարաւոր կոռուպցիոն ռիսկերով: Պարզ հարց է առաջանում. «Ինչո՞վ էք զբաղուած եւ ինչո՞ւ չէք ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ՝ երկրի տնտեսական զարգացման համար առանցքային այս խնդիրը լուծելու նպատակով»:

Կառավարութիւնն իր հնգամեայ «ծրագրով» խոստացել էր՝ մեր երկիրը պէտք է ունենայ արտահանմանը միտուած տնտեսական զարգացման մոտել: Բայց 2019 թուականի առաջին կիսամեակում արտահանումը նուազել է 0,5 տոկոսով, իսկ 7 ամիսների տուեալներով աճել է ընդամէնը 3 տոկոսով: Սա էլ այն դէպքում, երբ 2018 թուականի առաջին կիսամեակում արտահանումն աճել է շուրջ 25 տոկոսով:

Սոցիալական ոլորտին վերաբերող

Օրուայ իշխանաւորները հեռահար խոստացան 2050 թուականին 2,5 միլիոն մարդու դարձնել զբաղուած: Նորից «բայց»՝ 2019 թուականին զբաղուածութեան մակարդակը նուազել է 0,2 տոկոսային կէտով, գործազուրկների թիւն աճել է 16 հազարով, գործազրկութեան մակարդակը դարձել է 22 տոկոս՝ աճելով շուրջ 1 տոկոսային կէտով: Իսկ բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թուականին զբաղուածութեան պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադէպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նոյնիսկ եղած սուղ հնարաւորութիւնների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարաւոր աջակցութիւն պետութիւնից եւ չեն դարձել զբաղուած:

Այս իրավիճակը բացատրելու փոխարէն՝ «100 փաստի» 47-րդ կէտից տեղեկանում ենք, որ զբաղուածութեան պետական ծառայութեան մասնագէտները կապ են հաստատել շուրջ 12000 գործատուների հետ, ներկայացուել են 7488 թափուր աշխատատեղ, պետական ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղաւորուել շուրջ 1008 աշխատանք փնտռող: Ի հարկէ, այստեղ էլ կան անպատասխան թողնուած առարկայական հարցեր: «Դրական փա՞ստ է, որ շուրջ 300 աշխատողներ ունեցող զբաղուածութեան պետական ծառայութեան աշխատողները 7 ամսուայ ընթացքում կապ են հաստատել գործատուների ընդամէնը 25 տոկոսի հետ, որը նրանց հիմնական գործառոյթն է»: Փաստօրէն, պետական այդ ծառայութեան 1 աշխատողը 1 ամսուայ ընթացքում կապ է հաստատել ընդամէնը 5 գործատուների հետ: «Ինչպէ՞ս բացատրել նաեւ հետեւեալ փաստը. պաշտօնական վիճակագրութեամբ 2019 թուականի 7 ամիսներին վարձու աշխատողների թիւն աճել է 40 հազարով, իսկ զբաղուածութեան պետական ծառայութիւնը հաւաքագրել է ընդամէնը 7488 թափուր աշխատատեղ (ենթադրեալ 40 հազար թափուր աշխատատեղերի ընդամէնը 18 տոկոսը)»: Ի դէպ՝ զբաղուածութեան պետական ծրագրերով 2019 թուականին աշխատանքի տեղաւորուած անձանց թիւը նախորդ 2-3 տարիների միջին ցուցանիշի համեմատ նուազել է շուրջ 3 անգամ: Եւ վերջապէս՝ «Ի՞նչ եղան իշխանափոխութեան օրերին խոստացուած «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրի, «մշակելու ենք զբաղուածութեան նոր ռազմավարութիւն», «որակեալ կրթութեան միջոցով խթանելու ենք արժանապատիւ աշխատանքը», «ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «աղքատութիւնը հանելու ենք մարդկանց գլուխներից» եւ նմանատիպ բովանդակութեամբ միւս խոստումների իրական արդիւնքները:

Իշխանափոխութիւնից յետոյ բազմիցս, ինչպէս նաեւ «100 փաստի» 53-րդ կէտով խոստացւում է բարձրացնել նուազագոյն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից 68 հազար դրամ, որը կը վերաբերի մասնաւոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու: Փաստն այն է, որ նուազագոյն աշխատավարձը չի բարձրացել 2015 թուականից եւ արդէն 15 տոկոսով ցածր է 1 անձի հաշուով նուազագոյն սպառողական զամբիւղի արժէքից: Ի դէպ, այս հարցի շուրջ օրուայ իշխանութիւնների քննարկումներին հետեւելով՝ կարելի է հիմնաւոր եզրակացնել, որ այս խոստումը եւս լիարժէք կեանքի չի կոչուելու:

Միւս կողմից. «Ո՞ւր մնաց պետական հատուածում կառավարութեան խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»: Ի հարկէ, լաւ է, որ վերջերս գոնէ 10 տոկոսով բարձրացան ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձերը: Սակայն մտահոգիչ է այն, որ օրուայ իշխանութիւնները հետեւողական են ուսուցիչների թուի էական կրճատման իրենց մտադրութեան մէջ: Դրան էլ զուգահեռ, ղեկավար պաշտօն զբաղեցնողների ամսական վարձատրութիւնը կրկնապատկել են արատաւոր պարգեւատրումներով: Վերջին ամիսներին արդէն պրակտիկա են դարձրել ամսական պարբերականութեամբ առաւելագոյն պարգեւատրումները «ընտրեալներին»: Փաստօրէն, ղեկավար պաշտօն ունենալը դարձել է պարգեւատրման հիմք:
«100 փաստն» այդպէս էլ չի անդրադառնում աշխատանքային իրաւունքի պաշտպանութեան ոլորտում առկայ բազմաթիւ խնդիրներին: Առանցքային այս ոլորտը ընդհանրապէս դուրս է օրուայ իշխանութեան օրակարգից՝ անհասկանալի պատճառներով բարեփոխումները կասեցուած են:

Կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների չափերի՝ խոստացուած բարձրացումները չկան: Աշխատանքային գրքոյկների թուայնացումը, անապահովութեան գնահատման համակարգի խոստացուած բարեփոխումները անընդհատ յետաձգւում են, ինչը թոյլ կը տար վերացնել ստաժերի անօրինական յաւելագրումները, բարձրացնել նպաստների հասցէկանութիւնը: Արդիւնքում՝ մի քանի անգամ աւել կը լինէր պետական պիւտճէի խնայողութիւնը, քան այն խիստ համեստ չափը, որ ներկայացուած է «100 փաստի» 86-րդ կէտում՝ 3.8 միլիարդ դրամ: Ի դէպ, մինչեւ իշխանափոխութիւնը եւս՝ այս ոլորտում այս չափից էապէս աւել խնայողութիւններ են եղել:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարէն էլ՝ գործող իշխանութիւնները կոսմետիկ փոփոխութիւններով արմատաւորեցին այն եւ լիարժէք գործադրեցին: Իսկ «100 փաստը» չի արձանագրում՝ 2019 թուականին պետական պիւտճէից այս համակարգի ֆինանսաւորման համար յատկացուել է 56 միլիարդ դրամ, որը 2018 թուականի համեմատ աճել է 12 միլիարդ դրամով: Այս գումարը կարող էր ուղղուել կենսաթոշակների բարձրացմանը:

Օրուայ իշխանաւորները հեռահար խոստացել են նաեւ, որ 2050 թուականին մեր երկրի մշտական բնակչութիւնը դառնալու է 5 միլիոն: Սակայն «100 փաստում» ոչ մի խօսք չկայ ժողովրդագրական խորացող խնդիրների վերաբերեալ: Իսկ 2019 թուականի ժողովրդագրական ցուցանիշներն իրականում մտահոգիչ են՝ ծնուածների թիւը նուազել է 150-ով, մահացածների թիւն աճել է 572-ով, միկրացիայի բացասական մնացորդը նոյնն է, ինչ 2018 թուականին՝ -6,0: Մշտական բնակչութեան թիւը նուազել է 8200-ով: Իսկ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման նպատակով խոստացուած ռազմավարական ծրագիրը չկայ ու չկայ: Բազմազաւակ ընտանիքների աջակցութեան օրէնքը եւս չկայ, որը Սահմանադրութեան 83 եւ 86-րդ յօդուածների պահանջն է: Փոխարէնը առաջ են տանում մեր ազգային եւ ընտանեկան աւանդոյթներին ու արժէքներին հակասող Սթանպուլեան կոնվենցիան:

Ամփոփում

«100 փաստը» ներառում է վիճակագրական բոլոր այն ցուցանիշները, որոնք որոշակի դրական միտում են ունեցել: Իսկ իրավիճակն առարկայական բնութագրող հիմնական փաստերը կա՛մ լրիւ անտեսուած են, կա՛մ էլ ներկայացուած են դրուագային՝ խնդիրների բուն էութիւնից կտրուած: Հետեւաբար՝ այս մօտեցմամբ իրավիճակային գնահատումներն ու եզրայանգումները չունեն նաեւ մասնագիտական առարկայական հենք:

Ակնյայտ է դառնում՝ «100 փաստ» ձեւաչափով օրուայ իշխանութիւնները ջանում են խնամքով թաքցնել մեր երկրում հետեւողականօրէն չլուծուող սոցիալական ու տնտեսական խնդիրները: Խնդիրներ, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումների հենքով մեր երկրում փոխուեց իշխանութիւնը: Խնդիրներ, որոնք վերաբերում են իւրաքանչիւրիս կեանքի որակին:
Օր օրի մեր երկրում կուտակուող այդ խնդիրների իրական եւ խորքային գնահատականները, դրանց մտահոգիչ միտումները պարբերաբար ներկայացրել ենք նաեւ իշխանափոխութիւնից յետոյ՝ նախընտրական փուլում, կառավարութեան հնգամեայ «ծրագրի» հաստատման, հակասոցիալական հարկային փոփոխութիւններ կատարելու եւ նմանատիպ մնացած առիթներով:

Ցաւօք, իշխանութիւնների պատասխանը լայն իմաստով մնում է նոյնը. «ընտրութիւններում ունեցել ենք ջախջախիչ յաղթանակ, եւ ուրեմն՝ մի օր բոլորի համար ամէն ինչ լաւ է լինելու, որովհետեւ մեր քաղաքական ուժը բոլորից զօրեղն է, ամենա … է, ամենա … է, միայն մենք ենք հասկանում ժողովրդի տարտն ու ցաւը, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դէպքում անխուսափելիօրէն ամէն ինչ ծայրայեղ վատ է լինելու»: Ի հարկէ, սա որեւէ կապ չունի ժողովրդավարութեան հաստատման եւ ամրապնդման հետ եւ՝ ընդհակառակը: Սա ուղղակի անսահման բոբուլիզմի դասական օրինակ է, որը որեւէ արդիւնք չի կարող ապահովել հանրային համընդհանուր շահի տեսանկիւնից:

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի
ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Leave a Comment

You must be logged in to post a comment.