Ստամբուլի շուկան ու ՍՈՔԱՐ-ի էժան բենզինը

Նայեցի «Ազատութիւն» ռադիոկայանին Ժիրայր Լիպարիտեանի տուած հարցազրոյցը։ Վստահ եմ, որ արտայայտած մտքերին շատ արձագանգներ կը լինեն ու չեմ ուզում ծաւալուել։ Գաղափարները նոր չեն. մարդիկ 25 տարուց աւելի նոյնն են ասում։ Հիմա զգուշացնում է նաեւ պատերազմից յետոյ ստեղծուած ողորմելի իրավիճակի մասին ու կոչ անում «մեղմել» ակնկալիքները։ Բայց մի քանի կէտի վրայ կը ցանկանայի սեւեռել ձեր ուշադրութիւնը։

1. Պատահական չէր, որ Պրն. Լիպարիտեանը խօսեց երէկ։ Իր հարցազրոյցի հետ նոյն ժամանակային տիրոյթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուն յայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ բանակցութիւններ սկսելու մասին։ Անկասկած մեզ սպասում են նոր հայ-թուրքական արձանագրութիւններ, որոնք շատ աւելի կործանարար են լինելու քան 2008-ին ստորագրածը (եթէ կեանքի կոչուէին)։ Ժողովրդին պէտք է պատրաստել նոր շոկի ու նոր պարտութեան։

2. Փաշինեանն այսօր ու վաղը Պրիւքսէլում հանդիպում է Ալիեւի հետ։ Որեւէ դրական սպասում չկայ։ Կա՛մ մոսկովեան բանակցութիւններում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների սցենարը կը կրկնուի, կա՛մ կ’ունենանք պայմանաւորուածութիւն, որն էլի կը հարուածի մեր շահերին։ Ի դէպ, երկրորդ սցենարն աւելի հաւանական է։ Չմոռանանք, որ Պրիւքսէլում է որոշուելու 2,6 մլրդ եւրոն տալ-չտալու հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ալիեւի հետ բանակցութիւններն արդիւնք ունենան։ Լաւ, թէ վատ, Եւրոպային կարող է շատ չյուզել էլ, բայց կոնֆլիկտային գօտիում ոչ ոք փող չի դնի։ Սա աքսիոմ է։ Պարտուած ջարդուած Փաշինեանը հազիւ թէ կարողանայ փորձառու ու յաղթանակից «հաբռգած» Ալիեւից ինչ-որ դրական բան պոկել։ Կապը տեսնո՞ւմ էք։ Եթէ Արցախի հարցը, միեւնոյն է, անլուծելի է, ապա ինչու 2,6 մլրդ եւրոյից հրաժարուել։ Ինչո՞ւ ոչ, կարելի է նաեւ Պրն. Լիպարիտեանի փաստարկներն էլ յիշատակել հերթական կապիտուլեացիան արդարացնելու համար (չնայած, արդարութեան համար ասենք, որ Ժիրայր Լիպարիտեանը, մեղմ ասած, «նախշեց» Փաշինեանին)։

3. Պրն. Լիպարիտեանը խօսեց Կոսովոյի եւ Աբխազիայի ու Օսեթիայի մասին, բայց չխօսեց Հիւսիսային Կիպրոսի մասին։ Ի դէպ, Կոսովոյի օրինակն իր իսկ առաջադրած թէզի ժխտումն էր։ Հիւսիսային Կիպրոսը ճանաչուել է միայն Թուրքիայի կողմից։ Բանակցութիւնները համարեա 50 տարի է շարունակւում են։ Հորիզոնի վրայ պարբերաբար յայտնւում են «լուծման» տարբեր այլընտրանքներ, բայց դա Կիպրոսի թուրքերին չի խանգարում ապրել փաստացի անկախ կարգավիճակով։ 2000-ականների սկզբի աժիոտաժը չկայ, բանակցային տենդն անցաւ, բայց դա թուրքերին շատ քիչ է յուզում, աւելին՝ նրանց շահերից է բխում։

4. Պրն. Լիպարիտեանը արտաքինից շատ ռացիոնալ, բայց խորքի մէջ շատ վտանգաւոր թէզ է շարունակում խրախուսել. Արցախի տերիտորիալ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որը հնարաւորութիւն կը տայ հայերին ապրել ապահով, նոյնիսկ բարեկեցիկ ու երջանիկ։ Վերջինս, սակայն, չի անդրադառնում ադրբեջանցիների իրական ցանկութիւններին՝ հայաթափել Արցախն ու փաստացի ոչնչացնել Հայաստանը։ «Հայերը 3,000 տարի ապրել են Արցախում եւ կարեւոր է, որ էլի 3,000 տարի ապրեն» (բառացի չեմ յիշում, բայց գաղափարը դա է)։ Ադրբեջանցիք շատ լաւ հասկանում են, որ հայերը չեն հանդուրժելու ադրբեջանական գերիշխանութիւնը։ Արցախը միշտ է պայքարել օտար տիրապետողների դէմ։ Ուրեմն ինչո՞ւ հանդուրժել, որ Արցախի հայութիւնը հանգիստ ապրի ու զարգանայ իր պապենական հայրենիքում։ Եթէ կարմիր եղեռնը չյաջողի, կը գործարկուի սպիտակ եղեռնի տարբերակը։ Միգուցէ դրա համար աւելի երկար ժամանակ պահանջուի, բայց վերջնարդիւնքը նոյնն է լինելու՝ Արցախն առանց հայերի։ Նախիջեւանը հայաթափուեց 70 տարում, Արցախի հայաթափման համար կարող է պահանջուել 170 տարի։ Յետոյ ի՞նչ։ Պրն. Լիպարիտեանը չէր կարող այսքանը չգիտակցել։ Ուստի իր առաջարկը ոչ այլ ինչ է քան Արցախից «անցաւ ու աննկատ» հրաժարում։

5. Եւ վերջապէս պատահական չէր Պրն. Լիպարիտեանի նուրբ ակնկարկը, որ Արցախի իշխանութիւններն իրենց քաղաքականութիւնն են վարում։ Միջին վիճակագրական քաղքենուն ուղղուած այս խօսքերը մէկ բան են նշանակում. «ղարաբաղցիք իրենց գլխի ճարը կը տեսնեն, դու քո դարդը լացիր»։ Սա «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ քաղաքականութեան շարունակութիւնն է, որը թուլացնում է մեր ազգի կարողունակութիւնը։ Դէ եթէ ղարաբաղցիք իրենց հարցերը լուծում են, հայաստանցիներն ինչո՞ւ չպէտք է ադրբեջանցիների ու թուրքերի հետ «նորմալ» չապրեն։ Հետեւաբար, պէտք չէ Պրիւքսէլում պայքարել յանուն Արցախի (2,6 մլրդ եւրոյի մասին չմոռանաք), իսկ թուրք բանագնացներին պէտք է ջերմ ընդունել ու պատուել, որ թողեն Ստամբուլում հայերն առեւտուր անեն ու Անթալիայում հանգստանան, իսկ Սոքարից էժան բենզին գնեն։

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Leave a Comment

You must be logged in to post a comment.