Սիւնիքի նկատմամբ ատրպէյճանական յաւակնութիւնները եւ Նախիջեւանի խնդրի ազդեցութիւնը այդ ամէնի վրայ

Արտիոմ Տոնոյեան

Մի անգամ՝ 2018 թ., ԵՊՀ իրանագիտութեան ամպիոնում Հարաւային Կովկասի հարցերով մասնագիտացած իրանցի մասնագէտների հետ քննարկում էինք արցախեան հակամարտութեան հարցում իրանական դիրքորոշումը, եւ իրանցի մասնագէտներից մէկը մի միտք ասաց, որը 2019 թ. Դեկտեմբերին գրեթէ բառացի յիշել եւ մէջբերել եմ սոցիալական ցանցերից մէկի իմ էջում. «Երբեմն ձեզ՝ հայերիդ, որպէս հակամարտութեան կողմ, երբեմն էլ նաեւ ատրպէյճանական քարոզչութեան ազդեցութեամբ թւում է, որ արցախեան հիմնախնդիրն Ատրպէյճանի համար ամենակենսական խնդիրն է, այնինչ իրականում ամենակենսականը ոչ թէ Արցախն է, այլ Նախիջեւանը։ Արցախը այս պահին չկայ իրենց համար, բայց Նախիջեւանը դեռ կայ, ու դեռ պէտք է կարողանալ այն պահել։ Քանի դեռ Նախիջեւանը չունի ցամաքային սահման Ատրպէյճանի հետ, պոտենցիալ կորստեան ենթակայ տարածք է։ Նկատի ունեցէք, որ «արցախեան հակամարտութիւն» կոչուողը ձեր հակառակորդների համար ընդամէնը յարմար պատրուակ է իրենց թիւ մէկ խնդիրը լուծելու եւ յարմար առիթի դէպքում հերթական պատերազմի սանձազերծմամբ դէպի Նախիջեւան տանող ցամաքային ուղի որոնելու համար»։

Այս քննարկման ու իրանցի փորձագէտի ձեւակերպումների մասին հարկ եղաւ յաճախ յիշել, յատկապէս երբ պատերազմի աւարտից գրեթէ անմիջապէս յետոյ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսեց նախ խօսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա, ի թիւս ՀՀ այլ տարածքների, «պատմական ատրպէյճանական հող» անուանեց նաեւ Սիւնիքը՝ սեփական ժողովրդին խոստանալով շուտով վերադառնալ այդ տարածքներ։ Ատրպէյճանական կողմն այդ ամբողջ ընթացքում չբաւարարուեց միայն յայտարարութիւններով, այլ ձեռնարկեց նաեւ որոշակի իրական ու չափելի գործողութիւններ՝ սադրանքների դիմելով եւ զաւթելով ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատուածներ, այդ թւում նաեւ՝ Սիւնիքի մարզում։ Աւելին՝ Իլհամ Ալիեւը իր իսկ կողմից «պատմական ատրպէյճանական տարածք» յորջորջուած Զանգեզուրի զաւթման համար պատմագիտական եւ գաղափարական կեղծ լծակներ ստեղծելու նպատակով փոփոխութիւններ արեց Ատրպէյճանի վարչաքաղաքական քարտէզում՝ ստեղծելով «Արեւելեան Զանգեզուրի տնտեսական շրջան» անունով տարածքային միաւոր, իսկ աւելի ուշ արդէն բացայայտ յայտարարեց, որ եթէ կայ «Արեւելեան Զանգեզուր», կայ նաեւ «Արեւմտեան Զանգեզուր», որը նոյնպէս «պատմական ատրպէյճանական տարածք է»։ Ակնյայտ է, որ այստեղ եւս կիրառւում է այն յայտնի մոտելը, որը՝ որպէս փանթուրքականութեան եւ ատրպէյճանական ծաւալապաշտութեան բաղկացուցիչ մաս, կիրառուել է եւ այժմ էլ շարունակում է կիրառուել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Իրանի դէպքում։ Եթէ ՀՀ ողջ տարածքը Ատրպէյճանի պատմութեան դասագրքերում եւ այդ երկրի ԳԱ պատմութեան ինստիտուտի հրատարակած աշխատանքներում անուանւում է «Արեւմտեան Ատրպէյճան», ապա Իրանի հիւսիսային տարածքները կամ պատմական Ատրպատականը ողջ Ատրպէյճանում ճանաչուած է որպէս «Հարաւային Ատրպէյճան»։

Ըստ էութեան, ատրպէյճանական կողմը պատերազմի աւարտից յետոյ անում է հնարաւորն ու անհնարինը, անգամ սպառնում ուժի կիրառմամբ եւ նոր պատերազմով, որպէսզի, ի հաշիւ ՀՀ Սիւնիքի մարզի, ունենայ ցամաքային ուղիղ կապ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ, եւ այդ ցամաքային ճանապարհն ունենայ առնուազն միջանցքի կարգավիճակ, քանի դեռ չի յաջողուել բռնազաւթել ողջ Սիւնիքը։

Ալիեւի յայտարարութիւնները Սիւնիքի վերաբերեալ մեզանում յաճախ են մեկնաբանւում միակողմանիօրէն, պարզ ծաւալապաշտութեան եւ հակահայկականութեան համատեքստում, այնինչ դրանց ընդունումը դեռ չի նշանակում տեսնել խնդրի խորքը եւ էութիւնը։

ԽՍՀՄ փլուզումը եւ արցախեան հակամարտութեան ակտիւ պատերազմական փուլը, Հայտար Ալիեւի նախիջեւանեան ակտիւ գործունէութեան շրջանը (1990-1993 թթ.) եւ նոյն այդ ժամանակահատուածում Պաքուի անցած քաղաքական անկայունութեան եւ խոր ցնցումների փուլը ցոյց տուեցին, որ Ատրպէյճանի համար չլուծուած խնդիր է ոչ միայն Արցախեան հարցը, այլ նաեւ Նախիջեւանի հարցը։

Չունենալով ցամաքային սահման Ատրպէյճանի հետ՝ Նախիջեւանն ունի ցամաքային սահմաններ Ատրպէյճանի հետ հակամարտութեան մէջ գտնուող Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Թուրքիայի հետ։ Ընդ որում, միայն վերջին 100 տարուայ ընթացքում նշուած 3 պետութիւններից 2-ը՝ Հայաստանը եւ Թուրքիան, կարողացել են պարբերաբար իրենց վերահսկողութիւնը հաստատել ամբողջ Նախիջեւանի կամ դրա մեծ մասի վրայ։ Հայաստանի դէպքում դա եղել է 1919 թ. գարնանը՝ տեւելով մինչեւ նոյն տարուայ Յուլիսը, Թուրքիայի դէպքում՝ 1919 թ. Յուլիսից մինչեւ Նախիջեւանի խորհրդայնացումը։ Փոքր-ինչ այլ է իրավիճակը Իրանի դէպքում, որը միայն 1828 թ. է զիջել Նախիջեւանի խանութիւնը ցարական Ռուսաստանին։

Նախիջեւանը խնդրայարոյց է Ատրպէյճանի համար մի քանի առումներով.

  • Չունի ցամաքային սահման Ատրպէյճանի հետ։
    • Ունի ինքնավար հանրապետութեան կարգավիճակ, ինչը բարդացնում է այն Ատրպէյճանի փաստացի վերահսկողութեան տակ պահելը, յատկապես երբ այնտեղ իշխանութեան է լինում պետական կառավարման փորձ եւ քաղաքական լայն հաւակնութիւններ ունեցող առաջնորդ։
    • Սահմանակցում է Իրանին եւ գտնւում նրա կրօնական եւ տնտեսական բաւական ուժեղ ազդեցութեան տակ։
    • Սահմանակցում է Թուրքիային, գտնւում նրա ոչ միայն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական, այլեւ մասամբ ռազմական ազդեցութեան տակ։
    • Ունի ՀՀ-ի հետ ձգուող բաւական երկար սահման, որի պաշտպանութիւնը նոյնպէս առանց ցամաքային սահմանի կարող է լինել բարդ առաջադրանք։

Ինքնավար հանրապետութեան կարգավիճակը, Ատրպէյճանի հետ սահման չունենալը, Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանակցութիւնը եւ ուղիղ շփումները, ի տարբերութիւն ԱՀ վարչական եւ անգամ տնտեսական շրջանների, Նախիջեւանին կենտրոնի հետ յարաբերութիւններում դարձնում են բաւական տարբեր եւ նոյն այդ կենտրոնից անկախ գործող։ Այդպիսին էր իրավիճակը նախկինում, որոշակի տարբերութիւններով այդպիսին է նաեւ այսօր։

Հայտար Ալիեւը 1990-1993 թթ., երբ Նախիջեւանի խորհրդարանի նախագահն էր, Նախիջեւանում շատ դէպքերում վարում էր կենտրոնից անկախ եւ որեւէ կերպ Պաքուի հետ չհամաձայնեցուած քաղաքականութիւն, կատարում պաշտօնական այցեր հարեւան երկրներ, կնքում պայմանագրեր, վերցնում դրամական վարկեր՝ չունենալով Պաքուի ո՛չ համաձայնութիւնը, ո՛չ թոյլտուութիւնը։ Հայտար Ալիեւի այդ թուականների հարցազրոյցներն ու հետագայ յուշերը այդ շրջանի մասին բացայայտ ցոյց են տալիս Նախիջեւանի դե ֆակտօ անկախութիւնը եւ Հայտար Ալիեւի վարած անկախ քաղաքականութիւնը Նախիջեւանի բոլոր հարեւանների, այդ թւում՝ ՀՀ-ի նկատմամբ։ Օրինակ՝ 1993 թ. Օգոստոսի 10-ին «Собеседник» թերթի թղթակցին տուած հարցազրոյցի ժամանակ Հայտար Ալիեւը այն հարցին, թէ ինչպէս է իրեն յաջողուել Նախիջեւանը զերծ պահել Հայաստանի հետ զինուած հակամարտութեան մէջ մտնելուց, պատասխանել է. «Ես մշտապէս շփման մէջ էի Հայաստանի ղեկավարութեան հետ, եւ ինձ յաջողուեց նրանց հետ ընդհանուր լեզու գտնել։ Նախիջեւանցիները ինձ հենց այդպէս էլ ասացին, որ պատրաստ են դիմանալու թէ՛սովին, թէ՛ ցրտին, միայն թէ չպատերազմեն»։

1999 թ. Հոկտեմբերին մէկ այլ առիթով Հայտար Ալիեւն անդրադարձել է նաեւ Նախիջեւանում եղած ժամանակ իր ունեցած յարաբերութիւններին Իրանի եւ Թուրքիայի հետ՝ մասնաւորապէս նշելով. «Ես մի քանի անգամ Թուրքիա գնացի։ Արտասուոր բան էր, բայց Թուրքիայի այն ժամանակուայ վարչապետ Սուլէյման Տեմիրէլը որոշում ընդունեց 100 միլիոն տոլար վարկ տրամադրելու Նախիջեւանին, որպէսզի դրանով պարեն գնուի եւ բերուի Նախիջեւան։ Դա մեզ համար փրկութիւն էր։ Սակայն Ատրպէյճանում այդ ժամանակ իշխանութիւնը ԱԺՃԿ-ի ձեռքերում էր։ Նախիջեւանում գտնուող նրանց ներկայացուցիչները սրան դէմ հանդէս եկան։ Նրանք ինձ հարցնում էին, թէ ինչպէս եւ երբ եմ վերադարձնելու այդ վարկերը, արդեօք դա յետոյ Ատրպէյճանի հաշուի՞ն եմ վերադարձնելու։ Ասացի. «Եղբա՛յր, քո ի՞նչ գործն է, քո փորն ինչո՞ւ է ցաւում, թէ մենք ինչպէս ենք դա վերադարձնելու»։ Ես գիտէի, որ դա վարկի անուան տակ տրուել է մեզ որպէս օգնութիւն։ Այլ կերպ չէր կարող լինել։ Դա մեր հանդէպ Թուրքիայի վերաբերմունքի մի դրսեւորում էր։ Ատրպէյճանի ղեկավարներն այն ժամանակ իմ մասին այստեղ-այնտեղ ինչեր ասես, որ չէին խօսում։ Ասում էին՝ Հայտար Ալիեւը քանդում է մեր պետականութիւնը, գնում է Թուրքիա, ինքնագլուխ վարկ վերցնում, ինքնագլուխ բաներ անում։

Յետոյ ես գնացի Իրան։ Գնալուցս առաջ բանակցեցինք, Իրանից ելեկտրաէներգիայի գիծ քաշեցինք։ Դա էլ ծանր պայմաններում եղաւ…

Ես գնացի Իրան, որ Նախիջեւանի փրկութեան համար մի օգնութիւն ձեռք բերեմ։ Երբ գնացի այնտեղ, Ատրպէյճանի ԱԳ նախարար Թոֆիք Գասիմովը Իրանին նոտա ուղարկեց, թէ «դուք խախտում էք պետական կարգը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը չունի իրաւասութիւն՝ անկախ արտաքին քաղաքականութիւն վարելու։ Դուք նախագահական ինքնաթիռ էք ուղարկել Նախիջեւան եւ Հայտար Ալիեւին տարել էք Թեհրան»։

Հենց հասայ Իրան, երկրորդ օրը այդ նոտան ինձ ցոյց տուեցին։ Զարմանք արտայայտեցի։ Ասացին, որ «թող նրանք գնան գրողի ծոցը, մենք լաւ գիտենք մեր անելիքը, Նախիջեւանում մեր եղբայրներն են ապրում»»։

Հետեւաբար Սիւնիքի հանդէպ Ատրպէյճանի հաւակնութիւնների ու ոտնձգութիւնների խորքում ընկած հիմնական պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանից պարզապէս նոր տարածքներ պոկելն է, որքան Նախիջեւանի հետագայ կարգավիճակի եւ այդ տարածքը Ատրպէյճանի վերահսկողութեան տակ պահելու հարցի լուծումը։ Իլհամ Ալիեւը չունի որեւէ երաշխիք, որ վաղը Նախիջեւանում չի կրկնուի այն, ինչ տեղի է ունեցել 1991-1993 թթ.՝ իր հօր ղեկավարման տարիներին, երբ Նախիջեւանը փաստացիօրէն դուրս էր եկել Ատրպէյճանի վերահսկողութիւնից։ Այդ սցենարի կրկնութեան հարցն այնքան նուրբ է ու Ատրպէյճանի համար այնքան վտանգաւոր, որ Իլհամ Ալիեւը չհամարձակուեց անգամ թոշակի ուղարկել Վասիֆ Թալիպովին այն դէպքում, երբ 2 տարի առաջ բուն Ատրպէյճանում ազատուեց, այսպէս կոչուած, բոլոր «հինգվարդիականներից»։ Դժուար չէ կռահել, թէ ինչպէս էր արձագանգելու Վասիֆ Թալիպովը, եթէ Ալիեւը որոշեր նրան էլ արժանացնել Ռամիզ Մեհդիեւի ու միւսների ճակատագրին։

Նախիջեւանին յատուկ են երեւոյթներ, որոնք մշտապէս ԱՀ հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպութիւնների եւ լրագրողների ուշադրութեան կենտրոնում են։ Դրանցից են, օրինակ.

  • Խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիպովի, նրա որդու եւ այդ կլանի միահեծան իշխանութիւնը Նախիջեւանում եւ հսկայական ֆինանսական միջոցների, տնտեսական կառոյցների տիրապետումը։
    • ՆԻՀ առանձին համազօրային բանակի հրամանատար Քեարամ Մուստաֆաեւի եւ նրա թիմի մեծ ազդեցութիւնը Նախիջեւանի ողջ տարածքում։
    • Ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ ՆԻՀ առանձին համազօրային բանակում տիրող իրավիճակը բացասական իմաստով էականօրէն տարբեր է Ատրպէյճանի մնացած տարածքում եւ ԱՀ ԶՈՒ-ում տիրող իրավիճակից։ Համարւում է, որ Նախիջեւանում հաստատուած բռնատիրական կարգերն իրենց բովանդակութեամբ գերազանցում են ալիեւեան բռնատիրութեանը։
    Միւս հետաքրքրական փաստն այն է, որ Ատրպէյճանում թէ՛ քաղաքական, թէ՛ հասարակական տարբեր շրջանակներ ունեն վախեր առ այն, որ Նախիջեւանում կարող է ամէն պահի տեղի ունենալ շրջադարձային փոփոխութիւն, անցկացուել անկախութեան հանրաքուէ եւ հռչակուել Ատրպէյճանից բացարձակ անկախութիւնը։ Այս թեմայով խօսակցութիւնները ակտիւացել էին յատկապէս 2020 թ. Մայիս-Յունիս ամիսներին, եւ այդպիսի վտանգի մասին հեռուստատեսային մի քանի հարցազրոյցների միջոցով ակտիւօրէն բարձրաձայնում էր Ատրպէյճանի լիպերալ-դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Ֆուատ Ալիեւը՝ ընդգծելով, որ նման սցենարի դէպքում դրանում մեծ է լինելու արտաքին ուժերի դերը, եւ հենց արտաքին ուժերի կողմից է հնարաւոր նմանատիպ գործընթացի հրահրումն ու իրականացումը։

Ամփոփելով պէտք է ընդգծել, որ 44-օրեայ պատերազմից յետոյ ՀՀ տարածքների, յատկապէս Սիւնիքի հանդէպ դրսեւորուող ատրպէյճանական սուր հաւակնութիւնները, տարածքային պահանջների առաջքաշումը, դրանց համար գաղափարական եւ պատմական հիմքերի ակտիւ փնտռտուքը պէտք է դիտարկել ոչ միայն Ատրպէյճանի պարզ ծաւալապաշտութեան եւ հակահայկական քաղաքականութեան, ինչպէս նաեւ պատերազմից յետոյ բացուած ախորժակի համատեքստում, այլեւ ԱՀ տարածքային խնդիրների եւ այդ տարածքների հետագայ կարգավիճակի հեռանկարների ու ռիսկերի, դրանցից բխող խնդիրների շրջանակներում։

Արտիոմ Տոնոյեան

Դրօշակ, թիւ 8(1654), Օգոստոս, 2021 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.