Սիւնիքի աշխարհաքաղաքական տեղն ու դերը պանթուրանական ծրագրի իրագործումը կասեցնելու գործընթացում

Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սիւնիքը աշխարհաքաղաքական գործընթացների կիզակէտում է եղել դեռեւս Առաջին հանրապետութեան շրջանում, երբ թուրքերը ձգտում էին գրաուել մերձկասպեան շրջանները՝ իրենց թիրախում ունենալով Բաքուի նաւթահորերը։

Սակայն որպէսզի հասկանանք Սիւնիքի կարեւորութիւնը, նախ հակիրճ խօսենք այն մասին, թէ ինչ գործընթացներ են ծաւալւում տարածաշրջանում։

Հայկական բարձրաւանդակի տարածաշրջանը գրեթէ բոլոր ժամանակներում եղել է համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախման գօտի։ Այստեղով են անցնում «հիւսիս-հարաւ» եւ «Արեւելք-արեւմուտք» պայմանական ճանապարհները, որոնք իրար են կապում Արեուելեան Ասիայից մինչեւ Եւրոպա, Հնդկաստանից, Արաբական թերակղզուց ու Իրանից մինչեւ Արկտիկա ու Հիւսիսային ծով ընկած շրջանները։ Այսօր դրանք ստացել են «Մետաքսի մեծ ճանապարհ» եւ «Միջազգային հիւսիս-հարաւ հաղորդակցային միջանցք» անւանումները։

Աշխարհի միաբեւեռ համակարգի փլուզմանը եւ նոր աշխարհակարգի ձեւաւորմանը զուգընթաց՝ համաշխարհային պետութիւններն իրենց շահերը տարածաշրջանում առաջ են մղում միջնորդաւորուած կերպով, որտեղ Արեւմուտքի ֆորպոստի դերում հանդէս է գալիս Թուրքիան։ Ահա թէ ինչու թուրքական քաղաքականութեան էութիւնն ու գործընթացների լրջութիւնը պէտք է առաջին հերթին դիտարկել այս համատեքստում։ Անհրաժեշտ է գիտակցել, որ պանթուրքիստական այն քաղաքականութիւնը, որ վարում է Էրդողանի վարչակարգը, ամբողջովին տեղաւորւում է Արեւմուտքի շահերի տիրոյթում։

Ի՞նչ է պանթիւրքիզմը, եւ ի՞նչ նպատակներ է այն հետապնդում։

Օսմանեան կայսրութեան թուլացմանը զուգընթաց՝ 19-րդ դարում, սկսեց ձեւաւորոուել պանթուրանական գաղափարախօսութիւնը, որն ուղղուած էր թուրքալեզու ժողովուրդների համախմբմանը մէկ պետութեան՝ Մեծ Թուրանի ներքոյ։ Այն նախատեսում էր միաւորել Օսմանեան կայսրութիւնն ու Ռուսական կայսրութեան, Իրանի, Չինաստանի եւ Աֆղանստանի թիւրքախօս հատուածները։

Պանթիւրքիզմը գաղափարական, քաղաքական եւ մշակութային շարժում է, որն ուղղուած է թուրքական բոլոր ժողովուրդների միաւորմանը, ընդհուպ մինչեւ թուրքական պետութիւնների ֆեդերացիա ստեղծելուն՝ հիմնուած ազգային ինքնութեան վրայ։

Պանթուրքիզմը 1918-1920 թթ.

Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանեան Թուրքիան փորձեց լուծել իր առջեւ դրուած խնդիրները՝ իրականացնելով հայութեան աննախադէպ ցեղասպանութիւն եւ հայրենազրկում հայերի հայրենիք Հայաստանի արեւմտեան մասում, որն այսօր յորջորջւում է Արեուելեան Անատոլիա։ Պատերազմից Ռուսական կայսրութեան՝ դուրս գալուց յետոյ մեր տարածաշրջանում Թուրքիան որոշ ժամանակ դարձաւ գլխաւոր գործող ուժը եւ փորձեց հնարաւոր առաւելագոյնը պոկել նոր անկախացած Անդրկովկասից։ Տրապիզոնի բանակցութիւնների ընթացքում Վեհիբ փաշան ասում է, որ պէտք է իր առաջխաղացումը շարունակի այնքան, մինչեւ որ հանդիպի ռուսական զօրքերի. Անդրկովկասում այդ պահին ռուսական զօրքեր չկային, պարզ է, որ թուրքերը մտադրուել էին հասնել առնուազն մինչեւ Հիւսիսային Կովկաս։ Այդ մասին Ա. Խաչատրեանը գրում է. «Բայց թուրք դիւանագէտներին ու ռազմավարներին ոգեւորողն այս պարագային միայն երկրակալական անյագ ձգտումը չէր, այլ նոյնպէս ամէնուն յայտնի համաիսլամական ու համաթրքական շողշողուն հեռապատկերի իրականացման հնարաւորութիւնը»։

Հետագայում արդէն Հարաւային Կովկասի շէյխ-ուլ-իսլամ Ախունդ մոլլա Մուհամմեդ Փիշնամազզադէն Տրապիզոնում օսմանեան պատւիրակութեան նախագահին ուղղուած նամակում գրում է. «Մեր ազգը (կովկասեան թաթարներ – Գ. Պ.) միայն մէկ ցանկութիւն ունի, այն է՝ միաւորուել մեր մեծ եղբայր Օսմանեան Բարձր պետութեան հետ եւ հնարաւորինս շուտ Անդրկովկասում (Հարաւային Կովկաս) հիւրընկալել օսմանեան բանակին»։ Իսկ արդէն 1918 թ. մայիսի 7-ին՝ թուրքական շոգենաւի վրայ ճաշկերոյթի ժամանակ, երիտթուրքական կենտրոնական կոմիտէի անդամներից դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, դիմելով հայ պատուիրակերին, ասել է. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթրքական սրբազան իտէալներու իրականացման ճամբուն վրայ, եւ մենք անխուսափելիօրէն կը բախուինք անոնց հետ: Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներէն ու տրամադրութիւններէն: Մենք հարկադրուած ենք տարերայնօրէն ոչնչացնել մեր ճամբուն վրայէն այն ամէնը, ինչ որ արգելք կը հանդիսանայ մեր ազգային սրբազան իտէալներուն… մենք կը հասկնանք կենդանի մարմնի կեանքը, եւ անոր մէջ չկայ մարդասիրութիւն կամ կամքի տկարութիւն»։ Բերուած օրինակները ցոյց են տալիս, որ նպատակ էր դրուած միաւորելու Անդրկովկասի արեուելեան շրջանները Օսմանեան Թուրքիայի հետ, գրաուելու Բաքուն, տիրանալու Բաքուի նաւթին եւ յաղթարշաւը շարունակելու դէպի Միջին Ասիա։ Այս նպատակի իրականացման համար Անդրկովկասը թուրքերի ջանքերով պառակտուեց, եւ Թուրքիայի անմիջական հովանաւորութեամբ ստեղծուեց «Արեուելակովկասեան մուսուլմանական հանրապետութիւնը»՝ Ադրբեջանը։ Կովկասում Ադրբեջան կոչւող միաւոր երբեք չէր եղել։ Իրական Ադրբեջանը, այն է՝ պատմական Ատրպատականը, գտնւում է Իրանի հիւսիսում։ Թուրքերը այս անունով պետութեան ստեղծումով նպատակ էին դրել հետագայում միաւորելու երկու Ադրբեջանները եւ միացնելու իրենց տիրապետութեանը։ Ահա թէ ինչու էր Իրանն այդ ժամանակ պաշտօնական բողոքի նոտա յղել Թուրքիային՝ խոր զարմանք արտայայտելով Ադրբեջան անունով պետութեան ստեղծման կապակցութեամբ եւ պահանջելով վերանայել որոշումը։ Թուրքերը ոչ միայն չվերանայեցին որոշումը, այլեւ 1918 թ. սեպտեմբերի 15-ին գրաուեցին Բաքուն, որը մինչ այդ գտնւում էր հայկական խորհրդային ուժերի իշխանութեան ներքոյ՝ Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ։ Այդ փուլում աւելին անել Թուրքիան չկարողացաւ, քանզի արդէն նոյեմբերի 11-ի Կոմպիէնի զինադադարով աշխարհամարտը աւարտուեց, իսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիան (Քառեակ դաշինքի վերջին մասնակիցը) պարտուեց: Դրանով աւարտուեց թուրքական աշխարհակալական նկրտումների այդ փուլը։

Հայաստանը հնարաւորութիւն ստացաւ կայունանալու եւ ամրապնդուելու։ Սակայն հարկ է նշել, որ, Բաքուն գրաուելով անգամ, թուրքերը չեն կարողացել վերցնել Սիւնիք-Զանգեզուրը, իսկ իրենց զօրքերը տեղափոխել էին Նախիջեւանի երկաթուղով Իրանի տարածքով, որը յետոյ ռազմակալուել էր անգլիացիների կողմից։ Նրանց անհրաժեշտ էր Նախիջեւանից Սիւնիքով կապուել իրենց զօրամիաւորումների հետ։ Այդ պայմաններում Սիւնիք է գալիս զօրավար Անդրանիկը, ով ստանձնում է երկրամասի պաշտպանութիւնը։ Յուլիսին Անդրանիկը թուրքերից մաքրում է Գորիս-Սիսիան ճանապարհը, տեղի թուրքաբնակ գիւղերը (Աղուդի, Վաղուդի) եւն։ Անդրանիկը, սակայն, ըստ պատմաբան Ռիչարդ Յովհաննիսեանի, վճռականօրէն չէր գործում՝ ըստ երեւոյթին սպասելով դաշնակից զօրքերի յաղթանակին ու հաշտութեան կոնֆերանսին։

1920 թ. ապրիլին Ադրբեջանի, իսկ դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումով իրավիճակը փոխուեց։ Թուրք-հայկական պատերազմից յետոյ Հայաստանը թուլացած վիճակում խորհրդայնացուեց։ Թուրքիայում իրեն իշխանութիւն հռչակած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ճարպկօրէն օգտուեց իրավիճակից՝ օգտագործելով Խորհրդային Ռուսաստանի ուժերը։ Թուրքիայի անմիջական օգնութեամբ Ադրբեջանը բռնազաւթեց Նախիջեւանն ու Արցախը։ Տւեալ պահին տարածաշրջանում միակ չխորհրդայնացած երկրամասը, որը պայքարում էր նաեւ թուրք զաւթիչների դէմ, Զանգեզուրն էր։ Այնտեղ ինքնապաշտպանական փառահեղ մարտերը գլխաւորում էր Գարեգին Նժդեհը։ Նա Սիւնիք էր եկել դեռեւս 1919 թ. յունիսին։

Նժդեհը կարողացաւ համախմբել տեղի հայութեանը, բարձրացնել ժողովրդի ինքնապաշտպանական ոգին, հմտօրէն ղեկավարել մարտերը։ Նրա ջանքերի շնորհիւ Սիւնիքը չարժանացաւ Նախիջեւանի եւ Արցախի ճակատագրին։ Սիւնիքի կարեւորութիւնը Նժդեհը գիտակցել է եւ գրել. «Ոչ մի տեղ առանց Սիւնիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզօր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չի կարող»:

Ահա այդ ծանր շրջանում էր, որ թշնամին չկարողացաւ գրաուել Սիւնիքը, անխափան կապ ապահովել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը կործանարար հետեւանքներ կունենար ոչ միայն հայութեան, այլեւ գուցէ տարածաշրջանի ժողովուրդների համար։ Այս ընթացքում կարեւորագոյն հարցը, որ լուծեց Թուրքիան, Ադրբեջան պետութեան ստեղծումն էր, որը դարձաւ պանթուրքիզմի յենարանը տարածաշրջանում։

Պանթուրքիզմը վերադառնում է

Թուրքիայում պանթուրքիզմի վերածնունդը որպէս նորհամաթուրքականութիւն սկսոուեց Թուրքիայի՝ Եւրոմիութեանն անդամակցելու արտաքաղաքական առաջնահերթութեան տապալման հետեւանքով։ Երկրի ներսում քրդական լրջագոյն հարցի սրումն էլ ստիպեց թուրքական իշխանութիւններին նոր քաղաքականութիւն մշակել, նոր գաղափարախօսութեամբ միաւորել երկիրը։ Այդ գործընթացների գաղափարական հիմքը նէոօսմանիզմի ոչ պաշտօնական արտաքին քաղաքական դոկտրինն էր, որը գիտականօրէն եւ տեխնիկապէս զարգացրել էր նախկին արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն իր «Ռազմավարական խորութիւն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատութեան մէջ, թէեւ նէոօսմանիզմի նշանները սկսել էին նկատուել դեռեւս Թուրգութ Օզալի եւ Աբդուլլահ Գիւլի կառավարման ժամանակներից։

Բացի նէոօսմանիզմից՝ Թուրքիայում տարածուեցին այլ գաղափարախօսութիւններ եւս, մասնաւորապէս՝ նէոպանթուրքիզմն ու թուրքական եւրասիականութիւնը։ Այդ դոկտրինների հիմքը պանթուրքիզմն էր, որը համընկաւ երկրի ծաւալապաշտական նկրտումներին, աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։

Դեռեւս 1990-ականների վերջին ԱՄՆ-ում մշակուել էր «Մեծ Մերձաւոր Արեւելք» նախագիծը, որը նախատեսում էր միաւորել Մաղրեբից մինչեւ Պակիստան ընկած տարածքները։ Իրադրութիւնը բարենպաստ էր, քանի որ Խորհրդային Միութեան փլուզումով Միացեալ Նահանգները համաշխարհային միաբեւեռ առաջնորդի դեր էր ստանձնել, եւ տարածաշրջանում ուժային վակուումը անհրաժեշտ էր անմիջապէս լցնել։ Այդ ծրագրի իրականացման համար յարմար գործիք ու հարթակ կարող էր ծառայել պանթուրքիզմը։ Իսկ Թուրքիայի ակտիւ մասնակցութիւնը Ադրբեջանի համար յաղթական արցախեան պատերազմին ակնյայտ ապացոյցը դարձաւ այն բանի, որ Անկարայի արտաքին քաղաքականութեան դոկտրինների հիմքում իսկապէս ընկած են երկու գաղափարախօսութիւններ՝ նորօսմանականութիւնը եւ նորհամաթուրքականութիւնը։ Երկու գաղափարախօսութիւնների նպատակների վերջնարդիւնքը նոյնն է՝ «Մեծ Թուրքիայի» ստեղծումը, իսկ ոմանք պնդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործնականում վարում է այդ երկու ուղղութիւնների սինթեզի քաղաքականութիւն։ Նրա պատերազմները Իրաքում, Սիրիայում եւ Լիբիայում, Յունաստանի հետ ռազմական հակամարտութիւն հրահրելու փորձերը ներկայացւում են որպէս նէոօսմանիզմի դրսեւորում, այսինքն՝ նախկին Օսմանեան կայսրութեան սահմաններում Անկարայի ազդեցութեան վերականգնում։

Կիպրոս ներխուժումից մինչեւ արցախեան վերջին պատերազմը թուրքական բոլոր գործողութիւնները կարելի է համարել նորպանթուրքիզմի դոկտրինի յաջող կիրառման արդիւնք։

Թուրքական յետդարձ

Դեռեւս Հէյդար Ալիեւի օրօք Ադրբեջանում սկսեց կիրառուել «Մէկ ազգ, երկու պետութիւն» կարգախօսը, որը թուրքական փափուկ ուժի արդիւնքն էր։ Դժուար չէ կռահել, որ նոյն ազգի երկու պետութիւնները ձգտում են առնուազն ընդհանուր սահմաններ ունենալու, ինչի սկիզբը դրուեց Կարսի պայմանագրով, երբ Նախիջեւանը բռնակցուեց Ադրբեջանին։ Ապա նաեւ Ադրբեջանի կազմում ձեւաւորուեց ԼՂԻՄ կոչւող վարչատարածքային միաւորը։ Այդ շրջանում, ինչպէս նշեցինք, Անդրանիկի, ապա Նժդեհի հերոսական գործողութիւնների շնորհիւ Սիւնիքը պոկել հնարաւոր չեղաւ, իսկ արցախեան պատերազմի առաջին շրջանում (1990-1994 թթ.) ազատագրելով Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի մեծ մասը՝ մենք մեծացրինք հայկական ոսկորը, որը մնացել էր երկու պետութիւնների կոկորդում։ Մեր յաղթանակն այդ ընթացքում կարելի է պայմանաւորել նաեւ աշխարհաքաղաքական գործօնով, քանզի Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ձեւաւորուած Ռուսաստանի Դաշնութիւնը կրիտիկական սպառնալիք չէր ներկայացնում Արեւմուտքի համար։

Իրավիճակը գնալով փոխուեց, եւ ռուսական սպառնալիքին դիմակայելու եւ «Ռուսաստանին զսպելու» համար դարձեալ ակտիւացուեց համաթուրքական գործիքը։ Թուրքիան իր հայացքը հառեց դէպի Արեւելք։ Դա կարելի է պայմանաւորել տնտեսական, ռազմաքաղաքական եւ էթնիկ-կրօնական գործօններով։

Տնտեսական առումով Թուրքիան նպատակ ունի թուրքմենական եւ ղազախական գազերը Կասպից ծովից Ադրբեջանով, Մեղրիով, Նախիջեւանով, ապա իր տարածքով դէպի Եւրոպա տարանցելու։ Նշուած ուղղութիւնը ամենակարճ եւ յարմար տարբերակն է։

Ռազմաքաղաքական առումով վերոնշեալը տեղաւորւում է թուրքական իմպերիալիզմի, Ռուսաստանին զսպելու Արեւմուտքի քաղաքականութիւնների տիրոյթում։

Էթնիկական առումով այն ուրուագծում է Թուրքիայի եւ թուրքական ժողովուրդների ապագան։ Դուրս մնալով Եւրոպայից՝ Թուրքիան ձգտում է միաւորուելու թուրքալեզու այլ պետութիւնների հետ եւ ծաւալուելու Արեւելքում։ Արեւելք գնալու համար Թուրքիան օգտագործում է բոլոր հնարաւոր միջոցները։ Առաջին միջոցը Վրաստանն է, որտեղ թուրքական տնտեսական էքսպանսիայի հետեւանքով Աջարիան ամբողջութեամբ յայտնուել է Թուրքիայի ազդեցութեան ոլորտում։ Հայ-վրացական սահմանին ինտենսիւօրէն հիմնւում են ադրբեջանական բնակավայրեր, որտեղ ադրբեջանցիներին տրւում են բնակարաններ, աշխատատեղեր։ Փորձ է արւում հիւսիսից շրջափակել Հայաստանը, իսկ հնարաւորութեան եւ անհրաժեշտութեան դէպքում՝ այդ շրջաններով ապահովելու երկու պետութիւնների կապը։ Նախագիծը էթնիկական, տնտեսական եւ գաղափարական առումներով յաջողւում է։ Այն ապագայում կարող է քաղաքական «դէ իւրէ» գրանցում ստանալ։
Յաջորդը Իրանի հիւսիսային շրջաններով անցումն է դէպի Ադրբեջան, ինչը դեռեւս Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահովուել էր Նախիջեւանի երկաթուղու միջոցով:

Իրանական Ատրպատականի տարածքում բնակւում են շուրջ 20 մլն էթնիկ ադրբեջանցիներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործուել Իրանի պառակտման համար։ Այս ուղղութեամբ թէեւ տնտեսական, քաղաքական հիմքեր դեռեւս չկան, բայց էթնիկ մեծաթիւ համայնքը կարող է ապագայում վճռական դեր խաղալ։

Վերջին միջոցը Հայաստանն է, առաւել ստոյգ՝ Սիւնիքի մարզը։ Քարտէզին նայելիս անգամ կարելի է հասկանալ իրադրութիւնը։ ՀՀ տարածքի ամենաձգուած, ամենանեղ, հաղորդակցութեան առումով ամենախոցելի հատուածը Սիւնիքն է։ Դա այս պահին ամենայարմար տարբերակն է՝ ճեղքելու հայկական ոսկորը եւ միաւորուելու։ Իրավիճակը, ցաւօք, սրուել է 44-օրեայ պատերազմից յետոյ։

Կովկասից ճանապարհ է բացւում դէպի Կասպից ծով, Պովոլժիէ եւ Կենտրոնական Ասիայի պետութիւններ։ Ճեղքելով Սիւնիքը՝ Թուրքիան անմիջապէս կը յայտնւի Կենտրոնական Ասիայում, կը ձգտի ակտիւացնել Չինաստանի Սին-Ցզեան նահանգում ապրող տարբեր հաշւարկներով 20-50 մլն ոյղուրական (թուրքալեզու) համայնքը։ Դա Չինաստանին զսպելու հաւանական եւ իրագործելի ուղի է, որի համար Թուրքիան անպայմանօրէն ունի Արեւմուտքի հաւանութիւնը։

Թուրքական եւրասիականութիւնը եւ Հայաստանը

1990-ականների սկզբին թուրքական եւրասիականութեան առաջին դրսեւորումը հակառուսական ու արեւմտամէտ էր։ Երկրորդը, որը կարելի է ասոցացնել նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմի (1997-2002 թթ.) հետ, Թուրքիայի ձգտումն էր՝ գտնելու իր դերը Սառը պատերազմի աւարտից յետոյ ստեղծուած աշխարհաքաղաքական իրականութեան մէջ ։ Երրորդ եւ ընթացիկ դրսեւորումը նոյնպէս սկիզբ է առնում 2000-ականների սկզբին եւ կրում է հակաարեւմտեան գաղափարական դիրքորոշման որոշ տարրեր։ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Թուրքիան հասկացաւ, որ Կենտրոնական Ասիայում պոտենցիալ ազդեցութեան գօտի է ձեւաւորուել։ Արեւմուտքի կողմից հովանաւորւող եւրասիականութիւնն այդ շրջանում նշանակում էր, որ Թուրքիան կարող էր առաջատար դեր խաղալ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի նոր անկախ պետութիւնների գործերում։ Հետեւաբար դա նոյնպէս հիմնուած էր Ռուսաստանի հետ մրցակցային օրակարգի վրայ։ Սակայն, չնայած այդ դարակազմիկ զարգացման առաւելութիւններից օգտուելու իր վաղ ցանկութեանը, Թուրքիան չկարողացաւ առաջատար դեր ստանձնել Կենտրոնական Ասիայում։

Արցախեան երկրորդ պատերազմում Ադրբեջանի յաղթանակը (որը մեծ մասամբ հնարաւոր դարձաւ Թուրքիայի անմիջական աջակցութեան շնորհիւ) ոգեշնչել է Անկարային՝ մեր տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում աւելի մեծ դերի ձգտելու: Դրա իրականացման դէպքում, Աֆղանստանում ԱՄՆ-ի հեռանալուց յետոյ իրադարձութիւնների զարգացմանը Թուրքիայի մասնակցութեան ձգտումը կարող է յանգեցնել նաեւ տարածաշրջանում աւելի մեծ դեր խաղալու ցանկութեան։ Այդ նպատակով Անկարան, հաւանաբար, թուրք ժողովուրդների հետ աւելի սերտ յարաբերութիւններ հաստատելու ուղիներ կը փնտրի այնտեղ, ինչը կարող է ակտիւացնել թուրքական աշխարհի գաղափարը՝ որպէս Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ինտելեկտուալ, գաղափարական եւ քաղաքական շարժիչներից մէկը։

Եուսուֆ Աքչուրան, ով Ռուսաստանում է ծնուել եւ թուրքական ազգայնականութեան գաղափարախօսն է, այս սցենարը կանխատեսել էր աւելի քան մէկ դար առաջ։ Նա պնդում էր, որ օսմանեան վերնախաւը պէտք է կենտրոնանայ թուրքական ազգայնականութեան եւ պանթուրքիզմի վրայ, որպէսզի յետ շրջի կայսրութեան ճակատագիրը։ Խորհելով կայսերական համաշխարհային կարգի շրջանակներում թուրքական աշխարհի նման քաղաքականութեան իրականացման մասին՝ Աքչուրան պնդում էր, որ Ռուսաստանը կը լինի հիմնական խոչընդոտն ու հակառակորդը, մինչդեռ Արեւմուտքը հաւանաբար կ’աջակցի այդ քաղաքականութեանը այն հիմքով, որ այն կը թուլացնի Ռուսական կայսրութիւնը, որն իշխում է հսկայական թուրք բնակչութեան վրայ։ Այն, ինչ ճշմարիտ էր այն ժամանակ, արդիական է նաեւ այսօր։ Եթէ աշխարհաքաղաքական եւրասիականութիւնն ու թուրքական աշխարհի գաղափարը յաղթեն Անկարայի արտաքին քաղաքականութեան մէջ, առաջին զոհն անխուսափելիօրէն կը դառնայ գաղափարական եւրասիականութիւնը, որը փորձում է Թուրքիային մերձեցնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ ի հեճուկս Արեւմուտքի։ Այն, ըստ երեւոյթին, փորձ է կատարում ռուսական եւրասիականութեան հետ համադրելու թուրքական շահերը եւ խուսանաուելու Արեւմուտքի եւ Արեւելքի խաղացողների միջեւ։ Այս քաղաքականութեան վառ դրսեւորումներից են ռուսական «S-400» հակաօդային պաշտպանութեան համակարգի գնումները, ռուսների հետ համագործակցութիւնը Սիրիայում, Անդրկովկասում (պատերազմից յետոյ ռուս-թուրքական համատեղ վերահսկողութեան կենտրոնի ստեղծումը) են։ Այս տեսանկիւնից կարելի է բացատրել նաեւ Պեկինի լռութիւնը արցախեան պատերազմի օրերին՝ ենթադրելով հնարաւոր Անկարա-Մոսկուա-Պեկին առանցքի ուրւագծման մասին։ Պեկինը կարող է շահագրգռուած լինել այս հարցում, որպէսզի կարողանայ չէզոքացնել թուրքական վտանգը ոյղուրական հարցի առումով։

Այժմ, երբ առաւել պարզեցուեց թուրքական եւրասիականութիւնը, կարելի է պնդել, որ այն, որոշ փոփոխութիւններով, առաջ է տանում նորպանթուրքիզմի գաղափարները եւ նոյնքան վտանգաւոր է մեզ համար, որքան նորպանթուրքականութիւնը։

Պանթուրքիզմը, Իրանը եւ Սիւնիքը

Վերջին շրջանում սեղմւում է օղակը Իրանի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յայտարարել է, որ Թեհրանը Մոսկուայից արձագանգ է ակնկալում Հարաւային Կովկասում «սիոնիստների եւ ահաբեկիչների» ներկայութեանը: Այս մասին իրանական դիւանագիտութեան ղեկավարն ասել է հոկտեմբերի 5-ի երեկոյեան իրանական «IRNA» լրատուամիջոցին։ Խնդիրն այն է, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ բերեց տարածաշրջան, որպէսզի կարողանայ բեկում մտցնել պատերազմում։ Այդ տեղեկութիւնը հաստատուել էր բազմաթիւ աղբիւրների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, Պենտագոնի, սիրիական հետախուզութեան, ՌԴ արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Սերգէյ Նարիշկինի կողմից: Պատերազմից յետոյ, իհարկէ, ահաբեկիչները չլքեցին տարածաշրջանը, այլ խօսակցութիւններ սկսուեցին, որ ադրբեջանական իշխանութիւնները փորձում են նրանց բնակեցնել Արցախից օկուպացուած տարածքներում։ Իրանն իր անհանգստութիւնը յայտնեց այդ դէպքերի առնչութեամբ։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնում պրոֆեսորադասախօսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ի թիւս այլ անկիւնաքարային հարցերի, նշեց նաեւ, որ Իրանի համար չափազանց կարեւոր են Արցախից գրաւեալ տարածքներում ահաբեկիչների՝ ճամբարներ ստեղծելու եւ բնակութիւն հաստատելու հանգամանքները։ Նա յատուկ ընդգծեց, որ եթէ Իրանի կողմից նման դէպքերը հաւաստանշւեն եւ փաստարկւեն, ապա, առանց Բաքուին եւ Անկարային տեղեակ պահելու եւ զգուշացնելու, Թեհրանը կը դիմի համապատասխան գործողութիւնների։ Սա նշանակում է, որ Իրանը շրջափակւում է թշնամու կողմից։ Այս պարագայում Իրանը փորձում է լողալ, եւ իր միակ հնարաւորութիւնը այս ուղղութեամբ Սիւնիքի (Մեղրիի) միջոցով անխափան կապ ապահովելն է դէպի Եւրոպա եւ Ռուսաստան։ Այսպէս՝ Հայաստանի հետ 42 կմ-անոց ճանապարհը «պաշարուած ամրոց» Իրանի համար այլընտրանքային ելք է դէպի Եւրոպա Վրաստանով եւ Սեւ ծովով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում Ադրբեջանի յաղթանակը յանգեցրել է նրան, որ Թուրքիայի կողմից հովանաւորւող պանթուրքիստներն Իրանին սպառնում են հիւսիսային սահմանի ողջ երկայնքով։ Այս մասին յայտարարել է իրանցի փորձագէտ, միջազգային յարաբերութիւնների հետազօտութիւնների ինստիտուտի աշխատակից Էհսան Մովահեդեանը նոյեմբերի 13-ին «Fars News» լրատուական գործակալութեան հրապարակած յօդուածում: «Պանթուրքիստների միջամտութիւնն արդէն յուզումների պատճառ է դարձել Իրանի որոշ քաղաքներում ադրբեջանական բնակչութեան հետ»,- նշել է Մովահեդեանը:

«Թուրք ծայրայեղական լրագրող Իբրահիմ Քարագուլը «Yeni Şafak» թերթում յօդուած էր գրել, որում յայտարարել էր, թէ Իրանը… այլեւս Լեռնային Ղարաբաղի հետ սահման չունի, եւ այլեւս չպէտք է գոյութիւն ունենայ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը (իմա՝ Սիւնիքի մարզը, այսինքն՝ Մեղրիի շրջանը պէտք է որպէս միջանցք տրամադրւի Ադրբեջանին – Գ. Ե.), իսկ Միջին Ասիա տանող ճանապարհը Թուրքիայի համար պէտք է բաց լինի»։

Սիւնիքի մարզը կարեւոր է նաեւ տնտեսական տեսանկիւնից։ Իրանական ապրանքների մուտքը Հայաստան եւ հակառակը տեղի են ունենում Սիւնիքի մարզի ճանապարհներով։ Օգոստոսին Գորիս-Կապան ճանապարհի փակումը նպատակ ունէր ստուգելու Իրանի արձագանգը եւ հնարաւոր բացասական ազդեցութիւնը Իրանի եւ Հայաստանի տնտեսութիւնների վրայ։

Այսքանից յետոյ զարմանալի չէ, որ Իրանը սկսել է զօրքերի զանգուածային տեղափոխումը սահման՝ ինչպէս հակամարտութեան գօտու, այնպէս էլ Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ։ Ընդ որում, եթէ այնտեղ ՀՕՊ-ի տեղակայումը դեռ կարելի է բացատրել նրանով, որ պէտք է որսալ թուրքական հրթիռային արկերն ու ԱԹՍ-ները, որոնք թռել էին Իրանի տարածք, ապա ցամաքային զօրքերի եւ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի տեղափոխումն ակնյայտօրէն պայմանաւորուած է աւելի լուրջ մտավախութիւններով։ Լրացուցիչ լարուածութիւն են առաջացնում թուրքական գործակալական ցանցի փորձերը՝ սոցիալական ցանցերի միջոցով անկարգութիւններ հրահրելու Իրանի ադրբեջանցիների շրջանում, երկրի հիւսիս-արեւմուտքում բնակւող ադրբեջանցիների ուժերով փակելու Հայաստանի հետ սահմանը։

Նկատի ունենալով Սիւնիքի միջոցով Իրան-Հայաստան կապի բացառիկ կարեւորութիւնը հակաթուրքական պայքարում՝ չի բացառւում, որ Իրանը ստիպուած լինի այդ ուղղութեամբ ուժեղացուած ռազմական ներկայութիւնը պահպանել երկար ժամանակ։

Վերարժեւորելով Սիւնիքը

Սիւնիքը Հայաստանի Հանրապետութեան ցամաքային ամենամեծ մարզն է, որն զբաղեցնում է 4500 կմ2 տարածք։ Սիւնիքի մարզը, բացի ռազմավարական շրջան լինելուց, մեծ կարեւորութիւն ունի նաեւ հետեւեալ առումներով.

Տնտեսական։ Սիւնիքի մարզը կարելի է համարել Հայաստանի տնտեսական զարկերակը։ Այն օգտակար հանածօներով հանրապետութեան ամենահարուստ մարզն է։ Յայտնի են Քաջարանի, Կապանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սւարանցի մոլիբդենի, պղնձի, ոսկու եւ հազւագիւտ այլ մետաղների հանքավայրերը, որոնցից շահագործւում են Քաջարանի, Կապանի, Ագարակի եւ Լիճքի հանքավայրերը: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ երկրորդ ամենախոշոր հարկատուն է, որը պետբիւջէ է վճարում գրեթէ 26 միլիարդ դրամ։

Զգալի են բազալտի, մարմարի, կրի եւ կաւի պաշարները, կան հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներ։

Սիւնիքով է անցնում Իրան-Հայաստան գազամուղը, որը կառուցուել է 2007 թ.։ Սկզբնապէս նախատեսւում էր կառուցել 1200 մմ տրամագծով խողովակաշար, սակայն կառուցման աւարտին գրեթէ կրկնակի նուազեցուել էր լայնութիւնը՝ հասցուելով 700 մմ-ի։ Այն տարեկան կարող է մինչեւ 2 մլրդ մ3 գազ տարանցել դէպի Հայաստան։ 2016 թ. տեղեկութիւններ յայտնուեցին, որ Իրանն ու Վրաստանը համաձայնութեան են եկել, որ Իրանից Հայաստանի տարածքով մինչեւ 500 մլն մ3 գազ արտահանւի Վրաստան, ինչը եւս կասեցուեց։

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն ունի 4 ազատ տնտեսական գօտու քվոտա, որոնցից մէկը գտնւում է Սիւնիքի մարզում՝ Մեղրիի ազատ տնտեսական գօտին, որը եւս չի աշխատում ինչ-ինչ պատճառներով։

Ռազմավարական։ Մարզում կան շուրջ 170 մեծ եւ փոքր գետեր, որոնցից առաւել խոշորներն են Որոտանը, Ողջին եւ Մեղրիգետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարեանի (ջրատարողութիւնը՝ 257 մլն մ3), Տոլորսի (96,8 մլն մ3), Շամբի (13,6 մլն մ3), Անգեղակոթի (3,4 մլն մ3) եւ Գեղիի (15 մլն մ3) ջրամբարները:

Ռազմավարական նշանակութեան են Սիւնիքի անտառները, որոնք կազմում են մարզի տարածքի գրեթէ 20 %-ը։

Սիւնիքում են տեղակայուած մէկ քաղաքացիական եւ երեք ռազմական օդանաւակայաններ։

Աշխարհագրական։ Պանթուրքիզմի դէմ պայքարի համար բնական պատնէշ են Սիւնիքի մարզի լեռնազանգուածները, մասնաւորապէս՝ Զանգեզուրի լեռնաշղթան, Բարգուշատը եւ Մեղրիի լեռները։

Մշակութային։ Սիւնիքը հայութեան օրրանն է եղել պատմական անյիշելի ժամանակներից, եւ այստեղ կառուցուած բազմաթիւ մշակութային կոթողները, վանքերը, բերդերը, ժայռապատկերները հայութեան ինքնութեան ու ինքնաճանաչման համար կարեւորագոյն նշանակութիւն ունեն։

Հոգեբանական։ Սիւնիքի բնակչութեան բարոյահոգեբանական վիճակը շատ աւելի բարձր է, քան հանրապետութեան մնացեալ շրջանների բնակչութեանը։ Այն կապուած է Սիւնիքի տեղանքի, պատմութեան հետ, եւ մարտնչող ոգին Սիւնեաց բարձրաբերձ լեռներից մտել է տեղացիների հոգեկերտուածքի մէջ։

Այսքանով հանդերձ՝ Սիւնիքը Հայաստանի ամենանոսր բնակեցուած մարզերից է։ Սիւնիքի մարզում է գտնւում ՀՀ ամենանեղ հատուածը՝ մօտաւորապէս 25-26 կմ, որի շրջակայքում ընդամէնը մէկ բնակավայր կայ։

Թուրքական ծաւալապաշտական նկրտումների դէմ Սիւնիքը կարող է պայքարել, սակայն անհրաժեշտ են ռազմավարական լուծումներ այս եւ այլ խնդիրներին։

Սիւնիքի մարզի բնակչութեան համար պիտի ստեղծւեն առաւելագոյնս բարենպաստ պայմաններ՝ բնական աճը խթանելու համար։ Պէտք է կառուցւեն նոր բնակավայրեր։

Ռազմավարական առումով անվտանգային հարց է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որը կը փոխի տարածաշրջանային հաղորդակցութիւնների եւ անվտանգային քարտէզը։ Այդպիսի փոփոխութիւնների մասին արդէն խօսում են Իրանում։ Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին գրել էր, որ Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտէզը շուտով կը փոխւի: Նա նշել էր, որ կովկասեան միջանցքի եւ Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը կը լուծւի։ Հայկական կողմը պէտք է հասնի նաեւ երկաթուղու կառուցմանը։

Անհրաժեշտ է յստակեցնել, որ թուրքական քաղաքականութեան դէմ պայքարող սուբիեկտ լինել կարող է միայն Հայաստանի զօրեղ ու կենսունակ հանրապետութիւնը, իսկ Սիւնիքն այն երակն է, որը պէտք է առաւելագոյնս սնուցի հանրապետութիւնը՝ պանթուրքիզմի դէմ յաղթանակելու համար։

Սիւնիքի բացառիկ կարեւորութիւնը հասկացել եւ բարձրաձայնել է ՀՀ ազգային հերոս Վազգէն Սարգսեանը, ով 1999 թ. որպէս ՀՀ վարչապետ Սիւնիք այցի ժամանակ ասել է հետեւեալ խօսքերը. «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եւ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրայ։ Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հէնց Երեւանի կենտրոնում»։

Ամփոփելով ցանկանում ենք ընդգծել, որ Սիւնիքն այսօր այն միակ սեպն է, որ խանգարում է թուրքական աշխարհին միաւորուել։ Այն ռազմաքաղաքական կարեւորագոյն լծակ է, որը կարող է կանգնեցնել նորհամաթուրքական շարժումը, կանխել դրա տարածումը դէպի Արեւելք, Կենտրոնական Ասիա։ Սիւնիքն այսօր նոյնքան կարեւորութիւն ունի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան համար, որը ստիպուած է մի քանի ճակատներով կռուել թուրքական էքսպանսիայի, իսրայէլական սպառնալիքի, արեւմտեան պատժամիջոցների եւ հնարաւոր ինտերւենցիաների դէմ։

Եթէ Սիւնիքում Հայաստանը զիջի միջանցքի հարցում, ապա Թուրքիան կը դառնայ աշխարհաքաղաքական կարեւորագոյն գործօն, իսկ Հայաստանը կը կորցնի ինքնիշխանութեան իր վերջին բեկորները։

ԳԱԳԻԿ ԵԿՄԱԼԵԱՆ

ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի, բակալաւրիատի 4-րդ կուրսի ուսանող։ Սոյն ուսումնասիրութեան համար Գագիկ Եկմալեանը արժանացել է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի «Դէպի Սիւնիք» ծրագրի մրցանակի:

Leave a Comment

You must be logged in to post a comment.