Սեբաստիայէն՝ Թորոնթօ, Թորոնթոյէն՝ Երևան․ հայրենադարձի մը ընտանիքին պատմութիւնը

1910 թուականին Սեբաստիայի Գազի-Մաղարա գիւղում ծնուած, գաղթի ճանապարհով անցած, Եղեռնից մազապուրծ  փրկուած Համբարձում Ճէլլատեան-Տէրտէրեանի կեանքը պայքարող ու հայրենասէր հայի ոդիսական է,  որի մասին միշտ յիշում են նրա զաւակները, թոռներն ու ծոռները։ Նրա թոռնուհին՝ Լոռի Դալար Նաճարեանը,  իրականացրել է պապիկի երազանքներից մէկը․ նա հայրենադարձ է։ 2016-ին Գանատայից Հայաստան է տեղափոխուել՝ ուսանելու, ապա որոշել՝ հաստատուելու է հայրենիքում։

«Հետաքրքիր է, որովհետև նպատակ չունէի տեղափոխուել Հայաստան, այլ եկել էի ուսումս շարունակելու՝ մագիստրատուրա պարարուեստի ոլորտում։ Ուսումս աւարտեցի, ապա աշխատանքի առաջարկ ստացայ «Շիրակացի» ճեմապանից և յետաձգեցի իմ՝ Հայաստաում մնալը։ Դրանից մէկ տարի յետոյ կրկին յետաձգեցի։ Անընդհատ առիթներ էին առաջանում․ այդպէս յետաձգեցի-յետաձգեցի, մինչև հասկացայ, որ ես ուզում եմ Հայաստանում մնալ», —  «Հորիզոն»-ի թղթակցին պատմում է Լոռի Դալար Նաճարեանը՝ յիշելով՝ յատկապէս Արցախեան 44-օրեայ պատերազմի օրերին հասկացաւ՝ երբեք չի կարող հեռանալ Հայաստանից, ուզում է միշտ ապրել հայրենիքում, դժուարին օրերին հայրենիքի սրտում լինել, նրա մի մասնիկը լինել միշտ։

Համբարձումը՝ Դանիէլ և Զարթար Տէրտէրեան-Ճելլատեանների 6 զաւակներից մէկն էր։ Վեց զաւակներից  Սաթենիկը և Յովհաննէսը մանկական հասակում մահացել էին, իսկ չորս զաւակները՝ Գոհարիկը, Սաթենիկը, Համբարձումը և Արևակոյսը իրենց մօտ՝ Զարթարի հետ, ստիպուած եղան 1915-ին գաղթի ճամբան բռնել։

Համբարձումի հայրը՝ Դանիէլը, գիւղի եկեղեցու դպրապետն էր և զինեալ ֆիդայիների հետ զէնքի փոխադրում էր կազմակերպել, որի համար ձեռբակալուել, ապա սպանուել էր։ Գաղթի ճանապարհին Գոհարիկը և Արևալոյսը մահացան, վերապրեցին միայն մայրը՝ Զարթարը և իր երկու զաւակները՝ Համբարձումն ու Սաթենիկը։

Լոռին մտապահել է բոլոր այն դրուագները, որոնց մասին պատմել է իր պապիկը։

«Գաղթի ճանապարհից մի դրուագ կայ, որ միշտ յիշում եմ։ Տատիկս՝ Զարթարը, տեսել է, որ երկու զաւակները՝ Սաթենիկն ու Հաբմարձումը՝ պապիկս, ծարաւ են, գնացել է, թուրքի դուռը թակել։ Թրքուհին տատիկիս ձեռքին  տեսել է ամուսնական մատանին ու մէկ բաժակ ջրի փոխարէն վերցրել այն,  որը միակ բանն էր, որը մնացել էր նրա ընտանիքից», —  պատմում է Լոռին։

Գաղթական Համբարձումը, նրա մայրն ու քոյրը ծանրագոյն օրեր ու տարիներ  են ապրում։  Գաղթականների խումբը  հասնում է  Ուրֆա, յետոյ՝ Այնթապ, որտեղ Համբարձումն ու Սաթենիկը ապաստան են գտնում  ամերիկեան որբանոցում,  իսկ նրանց մայրը անգլիացի զինուորների  ընտանիքում խոհարար էր աշխատում։

1922-ին որբերը շոգեքարշով տեղափոխւում են Լիբանան։ 12-ամեայ Համբարձումը զետեղւում է  Ճիպէյլի «Թռչնոց բոյն» որբանոցում, իսկ քոյրը՝ Սաթենիկը՝ Ղազիրի որբանոցում։ 2 տարի անց՝ 14 Տարեկանում Համբարձումը տեղափոխւում է Սիրիա, մասնաւորապէս՝ Հալէպ՝  մօր ու քրոջ մօտ, որտեղ կոշկակարի մօտ աշակերտ է դառնում։

Յետոյ ուսումնատենչ Համբարձումին ուղարկում են Իրաք՝ յուսալով, որ այնտեղ բնակող ազգականները կը յոգան Համբարձումի մասին, սակայն այնտեղ պատանի Համբարձումին ոչ ոք չի դիմաւորում,  նրա մասին ոչ ոք հոգ չի տանում։ Իրաքի մայրաքաղաք Պաղտատում նա աշխատանքի է անցնում յացագործի մօտ, գիշերն էլ ալիւրների պարկերնին պահակ է կանգնում՝ մի կտոր հացի փոխարէն։

Այդ հացատնից հաց գնող մի քրիստոնեայ ատամնաբոյժ, իմանում է, որ Համբարձումը անտէր հայ է, նրան իր խնամքի տակ է առնում, դարձնում իր օգնականն ու դեղագործութիւն ուսուցանում։ Համբարձումը Պաղտատում ապրում է 10 տարի, որտեղ անդամագրում է ՀՅԴ-ին ու հասնում Կեդրոնական կոմիտէի ատենադպրութեան պաշտօնին։

10 տարի անց նա վերադառնում է Հալէպ՝ մօր ու քրոջ մօտ։ Սաթենիկը 1934-ին ամուսնանում է մի սեբաստացու հետ և ունենում 4 զաւակ,  իսկ Հաբարձումը՝ 1948-ին ամուսնանում է սեբաստացի մի աղջկայ՝ Սաթենիկի հետ, ապա նրանք ունենում են 6 զաւակ՝ Դանիէլ, Հուրի, Սօսի, Վիգէն, Սևակ, Տիգրան։ 1968-ին Համբարձումի ընտանիքը տեղափոխւում է Գանատա՝ Թորոնթօ։

«Հօրս մեծագոյն հպարտութիւնն իր ընտանիքը և վեց զաւակներին տեսնելն էր՝ իր սեղանի շուրջ։ Ինձ թւում է՝ սա իր մեծագոյն յաղթանակն էր՝ թուրքի ջարդարար Ցեղասպանութեան նկատմամբ։ Հայրս տեսաւ իր երկու թոռներին՝ Դրոյին ու Լոռիին։ Իր մահուանից յետոյ ունեցաւ երեք թոռներ ևս։ Հօրս համար մայիս ամիսը յատուկ նշանակութիւն ունէր։ Նա ծնուել էր մայիսին, նշանուել էր մայիսին՝ 1947-ին, ամուսնացել էր մայիսի 23-ին՝ 1948 թուականին և մահացաւ 1991 թուականի  մայիսի 31-ին։ Հայրս միականի էր։ Եղեռնի օրերին մի թուրքի ձեռքով կորցրել էի իր մէկ աչքը։ Վստահ եմ՝ նա ամէն օր յիշում էր այդ վայրագութիւնը, սակայն իր միականի լինելը չէր խանգարել շարունակել իր ընթերցանութիւնները, ինքնազարգացումը։ Ինքնաշխատութեամբ զարգացրել էի անգլերէնի իմացութիւնը,  որոշակիօրէն գիտէր նաև գերմաներէն ու ֆրանսերէն։ Շատ լաւ ուսումնասիրել էր հայոց պատմութիւնն ու ազգերի պատմութիւնը», – «Հորիզոն»-ին պատմում է Լոռիի մայրիկը՝ Հուրի Նաճարեանը՝ ընդգծելով՝  իր հայրը կրթութիւն ստանալու հնարաւորութիւն էր ունեցել միայն հինգ տարի, երբ գտնւում էր Ճիպէյլի «Թռչնոց բոյն» որբանոցում։

Տիկին Հուրին  յիշում է, թէ ինչպէս էր իր հայրը խստօրէն հետևում, որ  իր զաւակները տանը խոսեն միայն հայերէն։ Համբարձում Ճէլլատեան-Տէրտէրեանն իր հայրենասիրութիւնը, ազգասիրութիւնը, հայ մշակոյթն ու  հայոց պատմութիւնից ունեցած իր գիտելիքները փոխանցում էր իր զաւակներին։ Ցաւօք, նա չկարողացաւ Թորոնթոյից  Հայաստան գնալ,  առողջական խնդիրների պատճառով բժիշկները թոյլ չէին տալիս, բայց նա մեծ ուրախութիւն ունեցաւ՝ ի տես Հայաստանի վերանկախացման ու Արցախի ազատագրման։

Լոռին ևս վստահ է՝ հայրենիքն այսչափ սիրելը, հայրենիքով ու հայերէնով ապրելու այս ձգտումը ժառանգել է իր պապիկից, իսկ պապիկը  իր պապիկից էր ժառանգել։ Նա նշում է՝ հիմա մեր հայրենիքը ծանրագոյն օրեր է ապրում, բայց ամենքս պիտի միասնական լինենք։

«Մենք միայն այսօրուայ համար չենք ապրում։ Մենք ապրում ենք նաև մեր յաջորդ սերունդների համար․ պէտք է կարողանանք նուիրուել մեր հայրենիքին ու ապրել այս մտքով», — նշում է Լոռին։

*

Վերապրող Համբարձում Ճելլատեան-Տէրտէրեանի վկայութիւնը և մօտ 100 այլ վկայութիւն գտնւում են ՀՅԴ Գանատայի կեդրոնական կոմիտէի արխիւներում։ Վկայութիւնները հաւաքել են Գանատայի Հայ Դատի յանձնախմբի գործիչները:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.