Սա Բոլոր Դիկտատորների Տրամաբանութեան Կարմիր Գիծն Է…

Օրերս Նիկոլ Փաշինեանը իր հանգամանքին անյարիր՝ կրկին փորձեց ցեխարձակել 130-ամեայ կուսակցութեան հասցէին, առանց դոյզն իսկ գիտակցելու ՀՅԴ արժեհամակարգային նշանակութիւնը մեր պատմութեան աւելի քան մէկդարեայ ճակատագրական հոլովոյթում:

Ինչեւիցէ, այս հարցի շուրջ փորձեցինք ճշտել ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի տեսակէտը, ով մեզ հետ զրոյցում խօսեց կատարւածից եւ յաւելեց.-«Նման միտք կարող է արտայայտել միայն անգրագէտ մարդը կամ ամբոխավարը:

Եթէ վերջապէս իրենք՝ իշխանութիւնները հասկացել են, որ իրավիճակը հասցրել են տագնապալի կէտի եւ պէտք է ազգային միասնութիւն, ինչո՞ւ այդ ուղղութեամբ քայլեր չեն վերցնում: Չէ՞, որ արդէն երկու տարի է վարչապետը հետեւողականօրէն գնում է պառակտման ուղիով եւ այսօր էլ շարունակում է այն:

Օրինակ, նա կարող էր հաւաքել քաղաքական բոլոր ուժերին, հրաւիրել անհատ գործիչների խորհրդակցական հանդիպումների եւ ձեւակերպել միասնական ծրագրեր: Բայց նա ինքնասիրահարւածի պէս միայն իր ձայնն է լսում, իսկ միւսները պիտի հիացմունքով ծափահարեն կամ լռեն:

Աւելին, ասում են արտակարգ վիճակ է, տագնապ է եւ պէտք է լռել, իսկ քննադատելը դաւաճանութիւն է:

Սա ծայր աստիճանի գռեհիկ ու յետադէմ մօտեցում է: Սա բոլոր դիկտատորների տրամաբանութեան կարմիր գիծն է՝ լռէք, եթէ ոչ՝ դաւաճան էք:

Եթէ դու քննադատում ես եւ քո բողոքի արտայայտութիւնը ընթանում է օրէնքի սահմաններում, ապա դա ոչ միայն դաւաճանութիւն չէ, այլ պարտականութիւն է: Ընդհակառակը՝ չքննադատելն է դաւաճանութիւն, որովհետեւ լուռ մնալով դու խրախուսում ես դիկտատուրան:

Ապա, եթէ երկրիդ ղեկավարը հէնց ինքն է տագնապի աղբիւրը, կամ այն խորացնողը, ինչ պիտի անես՝ լռե՞ս: Այդ լռելն ու համակերպւելը բացարձակ անընդունելի է:

Դա միայն կարելի է վերագրել նրա ինքնասիրահարւածութեանը կամ անտեղեակութեանը:

Եթէ վարչապետը ՀՅԴ-ի հետ կապւած մեր ժամանակակից պատմութիւնից անտեղեակ է կամ դրանից դասեր չի քաղել՝ ուրեմն, ցաւօք, ոչ մի այլ պատճառ չկայ բացի վերոնշեալ գնահատականներից:

Յանուն հայ ժողովրդի ազատագրութեան առաւել քան մէկ դար ՀՅԴ-ն պարտաւորւել է պայքարի դուրս գալ երեք կայսրութիւնների դէմ՝ միաժամանակ:

Օսմանեան, Ցարական եւ Պարսկաստանի Ղաջար թագաւորութեան, ապա Սովետական ժամանակաշրջանի արհաւիրքները յաղթահարելու տանջալի ճանապարհին արիւն է տւել, բանտ նստել, չարչարանք կրել, բայց չի ընկրկել եւ իր բոլոր հնարաւորութիւնները ազգին ու հայրենիքին է նւիրել ու նւիրում է: Մոխիրների միջից Հանրապետութիւն է կերտել, Սփիւռք է կազմակերպել եւ այսօր էլ համայն հայութեան ամենահզօր կազմակերպութիւնն է:

Չգիտես ինչպիսի չհիմնաւորւած ինքնավստահութեամբ է վարչապետը իրեն թոյլ տալիս նման անպատասխանատու արտայայտութիւն եւ փորձում է -կամ երազում- ՀՅԴ-ի վերջը կանխատեսել»,- եզրակացրեց Վ. Բաղումեանը:

Ա. Է.

«ԱԼԻՔ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.