Սասունի բազմաթիւ գաղտնիքներից մէկը` արաբախօս հայեր
Սոֆիա Յակոբեան
Սասունն ու Սասունի «արաբացած» հայերի թեման իսլամացուած հայերի պատմութեան ուսումնասիրման համատեքստում, ցաւօք, շարունակում է մնալ ամենաքիչ շօշափուածներից մէկը… Սասունի անառիկ դիրքը, տեղի բնակիչների չափազանց փակ կենսակերպն ու գրաւոր նիւթերի խիստ սակաւութիւնը այն հիմնական դժուարութիւններն են, որոնք ծառանում են հայաստանցի ու սփիւռքահայ ուսումնասիրողների առաջ յատկապէս յետցեղասպանական Սասունն ուսումնասիրելիս։
Ցաւօք, Սասունի արաբախօս հայերի «գաղտնիքը» կապուած է նրանց պատմութեան` ամբողջովին հենց յետցեղասպանական շրջանի զարգացումների արդիւնք լինելու հետ: Իրադարձութիւնների, որոնց մենք՝ Հայաստան կամ Սփիւռք տեղափոխուածներս մասնակից ու ծանօթ չէինք։
Այն, որ ժամանակակից Սասունում առաւել շատ խօսում են հենց արաբերէն, այլ ոչ քրտերէն կամ թուրքերէն, ինչպէս ենթադրում են մեզանում շատերը, առաջին պահին զարմացնում է հենց սասունցի գաղթականների ներկայ սերունդներին, որոնք տարիներ շարունակ իրենց ընտանիքների ներսում յաճախ լսել են «Էրկրի», դրա բնակիչների ու կենցաղի մասին ցանկացած մանրուք՝ մինչեւ անգամ պապական գիւղերի տների քարի գոյնը, սակայն գրեթէ երբեք չեն լսել հոծ արաբ բնակչութեան առկայութեան կամ արաբերէն լեզուի մեծ տարածուածութեան մասին։ Եթէ տնտղենք Սասունի՝ մինչ 1915-ը հայկական գիւղերի ցանկերը սասունցի ազգագրագէտներ Վարդան Պետոյեանի, Գեղամ Կիրակոսեանի եւ այլոց աշխատութիւններում, ապա այստեղ էլ կարող ենք արձանագրել, որ 20-րդ դարի սկզբին Սասունի 500-ից աւելի գիւղերի շրջանում արաբախօս բնակչութիւն ունեցողները չէին գերազանցում մի քանի տասնեակը։ Մինչդեռ այսօր արաբերէն է խօսում գրեթէ ամբողջ կենտրոնական, արեւելեան ու հարաւ-արեւելեան Սասունը։ Մեզ համար այս ամէնը ծայրաստիճան հետաքրքիր է դառնում յատկապէս այն իմաստով, որ հենց այս հատուածներում են կենտրոնացուած Սասունի իսլամացուած կամ ծպտեալ-քրիստոնեայ հայերի հիմնական ու ամենամեծ զանգուածը։
Հենց այստեղ պէտք է արձանագրենք շատ կարեւոր մի փաստ… 20-րդ դարի սկզբին «արաբացել» են ոչ միայն Սասունի հայերի մի ստուար զանգուած, այլեւ Սասուն գաւառն առհասարակ։ Հայոց ցեղասպանութիւնը, քրտական ապստամբութիւններն ու մի շարք այլ՝ հիմնականում քաղաքական ու սոցիալական պատճառներ դարձրին Սասունի զգալի հատուածը արաբախօս, իսկ այստեղ իրենց կեանքը շարունակած հայերը, որպէս տեղի հասարակութեան անքակտելի մաս, չէին կարող չընկնել ընդհանուր հոսանքի տակ։ Դուք կը զարմանաք, սակայն գրեթէ նոյն ժամանակաշրջանում Սասունում «արաբացել» են ոչ միայն հայեր, այլեւ քրտեր։ Այնպէս որ պոպուլիստական թեզը, թէ Սասունի արաբները բոլորը հայ են, քանի որ սկսեցին երեւալ միայն ցեղասպանութիւնից յետոյ՝ ի սկզբանէ դնում ենք մի կողմ ու փորձում վերլուծել Սասուն աշխարհի՝ մեր դասագրքերից դուրս մնացած պատմագրութեան ամբողջական ու ընդգրկուն պատկերը եւ նախ պատասխանենք առաջին կարեւոր հարցին…
Ովքեր են Սասունի արաբները
Սասունում արաբների ներկայութիւնը թուագրում ենք դեռ 9-րդ դարից, երբ տեղի ունեցած պատմական իրադարձութիւնները հիմք են կազմել նաեւ մեր ազգային էպոսի։
Ներկայում Սասունում բնակուող արաբները պնդում են, թէ իրենց նախնիները եկել են Իրաքի Պասրա նահանգից՝ շեշտելով, որ ի սկզբանէ որպէս աշխատուժ վարձկաններ են եղել հայերի համար։ Մի մասն էլ նշում է, որ եկած առաջին արաբները եղել են մուսուլման սէյիտներ, որոնք, համաձայնութեան գալով տեղի հայ ղեկավարների/իշխանների հետ, որոշ հողատարածքներ են ստացել ու խաղաղ պայմաններում բնակութիւն հաստատել այստեղ։
Սակայն, արի ու տես, որ ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբ մենք այս արաբների մասին գրեթէ չենք լսում, չենք քննարկում կամ էլ նրանք լուրջ դեր ունեցած չեն լինում Սասուն գաւառի պատմութեան մէջ։ Աւելին՝ ցայսօր խօսւում է միջնադարում այստեղ քրտացած արաբների մասին, որոնց սերունդները մինչ այժմ ապրում են Սասունում ու խօսում քրտերէն՝ տեղեակ լինելով, սակայն, իրենց նախնիների արաբական ծագման մասին։
Այս համատեքստում կարեւոր ենք համարում քննել Օսմանեան կայսրութիւնում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, ինչպէս նաեւ արդէն 30-ականներին նորաստեղծ Թուրքիայի հանրապետութիւնում տեղի ունեցած մի շարք քաղաքական ու հասարակական զարգացումներ ու դրանցից բխած տարբեր ներքին փոփոխութիւնները։ Այստեղ պիտի արձանագրենք, որ, թէ՛ Թանզիմաթի յայտնի բարեփոխումների շարքը ու դրան յաջորդած յուզումները, թէ՛ աւելի ուշ հենց ազգային ու կրօնական հողի վրայ եղած բախումներն ու կոտորածները լիովին ի վիճակի էին փոխել կայսրութեան մաս կազմած հենց մուսուլման էթնիկ խմբերի կողմնորոշումները, որոնք, մինչ այդ, որոշ տարածքներում դժուարացել են իրար տարբերակել կամ յստակ անուններով չեն կոչուել։ Եթէ վերլուծենք Օսմանեան կայսրութիւնում ու հանրապետական Թուրքիայում ապրող մի շարք ազգութիւնների՝ նոյն շրջանում ապրած վայրիվերումները, կարող ենք այս ամէնը անցկացնել նոյնիսկ այնպիսի հեղինակների գնահատականների պրիզմայով, ինչպիսիք են Էրիկ Հոբսբաումն ու Էրնեստ Գելները, որոնք առաջ են քաշում 19-րդ դարում աշխարհի տարբեր անկիւններում ազգայնական նոր կամ հենց առաջին ալիքների ձեւաւորման ու այդ ընթացքում ի յայտ եկած գաղափարի հիման վրայ «ազգերի» ձեւաւորման թեզը։
Թէեւ ազգերի ձեւաւորման մասին վերոնշեալ հեղինակների թեզերը շատերիս համար մնում են խիստ վիճելի կամ առնուազն չեն համապատասխանում հայերի դէպքին՝ չենք կարող չփաստել, որ, ամէն դէպքում, նոյն տրամաբանութեամբ, Օսմանեան հասարակութեան մաս կազմող բազմաթիւ խմբեր /ու յատկապէս մուսուլման խմբեր/ սկսեցին առանձնանալ իրենց մի շարք մշակութային ու լեզուական իւրայատկութիւններով, յստակ սահմանումներ փնտռել իրենց ոչ միայն կրօնական, այլեւ էթնիկ պատկանելիութեանը, որոշներն էլ, ինչպէս օրինակ քրտերը, բռնեցին քաղաքական ազգ դառնալու ճանապարհը։
Այս համատեքստում հետաքրքրական է քննարկել Սասունի արաբներին, որոնք գրեթէ նկատելի չէին մինչ 20-րդ դարի սկիզբը, սակայն, այսօր կազմում են Սասունի բացարձակ մեծամասնութիւնը։
Թանզիմաթեան բարեփոխումները, դրանից յետոյ թափ առած կրօնական ու ազգայնական ծայրայեղական մի շարք հոսանքներ, Հայոց ցեղասպանութիւնը, քրտական ընդվզումները, 1937-ի ապստամբութիւնը, հայերի զանգուածային բռնագաղթին յաջորդած այլ խմբերի ներգաղթը Արեւմտեան Հայաստան եւ ոչ միայն… այս ամէնը կարող էր իր էական դերն ունենալ Սասունի արաբների՝ հասարակութեան մէջ առանձնացմանն ու յատկապէս հարեւան քուրտ մուսուլմաններից իրենց տարբերակող յատկանիշների ընդգծմանը, որոնք էլ առիթ դարձան նրանց աւելի յաճախ կոչելու ոչ թէ «մուսուլման», այլ հենց արաբ։ Այսինքն՝ տեղին կը լինի ասել, որ արաբները ոչ թէ նոր եկան, այլ նոր սկսեցին «երեւալ»։
Չմոռանանք մի շատ կարեւոր փաստ եւս… 16-րդ դարից սկսած Արեւմտեան Հայաստանի զգալի հատուածում, իսկ հարաւ-արեւելքում ամբողջութեամբ քրտերը մուսուլմանների շրջանում կազմել են բացարձակ մեծամասնութիւն եւ հաստատուած աղայական համակարգի շնորհիւ դարձել պետութեան անմիջական կամ ոչ անմիջական ներկայացուցիչն այդ հատուածներում։ Արաբները, թուրքմէնները, չերքէզները կամ այլ մուսուլման խմբեր տեղ-տեղ այս մեծամասնութեան ընդհանուր ֆոնին գրեթէ չէին երեւում եւ ազդեցիկ ուժ իրենցից ներկայացնել չէին կարող։
Այն փաստը, որ սասունցի բանասացները հիմնականում խօսում ու ներկայացնում էին քրտերին որպէս հիմնական հարեւան՝ նոյնպէս տեղաւորւում է այս տրամաբանութեան մէջ, հաշուի առնելով, որ նրանց հիմնական «կռիւը» քրտերի հետ էր, պետութեան ու իրենց միջեւ կանգնած էին նոյնպէս քրտերը։ Իսկ Սասունում, ուր կրթական համակարգը գրեթէ բացակայում էր, տնտեսական մրցակցութիւնը նոյնպէս՝ հասարակութեանն իրարից զատում էր հիմնականում կրօնը, այսպէս՝ կային հայեր եւ ոչ հայեր։
Հայոց ցեղասպանութիւնն այս առումով կարեւոր դեր է խաղացել Սասունում այլ էթնիկ խմբերի դերերի վերաբաշխման ու պետական մօտեցումների հիմնովին վերանայման իմաստով։ Ի վերջոյ, պետութեան հետաքրքրութիւններն ու պահանջները այստեղ 1915-ից յետոյ մի փոքր այլ էին, գործընկերները՝ նոյնպէս։
Հայ որբերը արաբական աշիրէթներում
Հայոց ցեղասպանութեան տարիներին արաբական աշիրէթներում պատսպարուած հայ որբերի քանակը հաշուելը բարդ է… բաւական է միայն ասել, որ գրեթէ ամէն արաբ ընտանիք Սասունում ունեցել է իր «արմանի»ն՝ որդեգիր որբ տղայ կամ աղջիկ։ Ընդ որում՝ Սասունում արաբական աշիրէթների ներսում տարածուած է եղել նաեւ հայ որբ աղջիկներին ու տղաներին մեծանալուց յետոյ միմեանց հետ ամուսնացնելը, ինչը թոյլ է տուել տեղի հայերին ցեղասպանութիւնից 10-15 տարի անց վերարտադրուել տասնեակ գիւղերում։ Թէեւ ասել, որ արաբ ընտանիքներում յայտնուած բոլոր հայ որբերն էին նման բախտի արժանանում՝ սխալ կը լինի։ Առեւանգուած հայ աղջիկների, որպէս ստրուկ աշխատեցուած հայ մանկահասակ տղաների պատմութիւնները նոյնպէս քիչ չեն։
Եւ այնուամենայնիւ… ինչո՞ւ էր տեղի արաբների ներգրաւուածութիւնը ցեղասպանութեանն աւելի պասիւ, իսկ պաշտպանութիւն գտնելու հարցում հայերն արաբական աշիրէթներում աւելի յուսալի յենարան էին գտնում յաճախ։
Նախ, քրտերը Սասունում հողեր էին ստացել օսմանների, իսկ արաբները՝ հայերի կողմից եւ նրանց հարեւանութիւնն ունէր աւելի երկար դարերի պատմութիւն։ Սա նոյնիսկ մինչ օրս յիշւում ու կարեւորւում է այս աշիրէթների կողմից։
Բացի այդ… մինչ ցեղասպանութիւնը արաբների ու հայերի գիւղերը Սասունում եղել են առանձին, ինչը թոյլ է տուել նրանց խուսափել հողային վէճերից, կրօնական հողի վրայ բախումներից, ինչը չի կարելի ասել քրտերի դէպքում, որոնք յատկապէս Աբտուլ Համիտ Երկրորդի կառավարման շրջանում տեղակայւում էին այնպիսի բնակելի տարածքներում, որտեղից բնական շրջափակման մէջ էին պահում հայ գիւղացուն՝ կամաց-կամաց սեղմելով ձեւաւորուած օղակը։
Եւ ամենակարեւորը… արաբները ցեղասպանութեան շրջանում պետութեան կողմից քրտերի պէս նոյն խոստումներին ու խրախուսումներին չէին արժանացել /քանի որ իրենց քանակի պատճառով լայնամասշտապ գործողութիւններում օգտագործուել չէին կարող/, կանոնաւոր ու զանգուածային կերպով չէին զինուել հենց այդ նպատակով։ Հետեւաբար նրանց մասնակցութիւնը ցեղասպանութեանը կարող էր կրել միայն անհատական, մասնաւոր բնոյթ։
1937-38-ի աքսորը՝ որպէս Սասունի «արաբացման» վերջնական փուլ
Սասունի հայերի «արաբացումը» կամ արաբերէն լեզուի իւրացման հանգամանքները պարզելու համար նախ անհրաժեշտ է հայեացք նետել նաեւ ցեղասպանութիւնից կարճ ժամանակ անց այդ տարածքներում տեղի ունեցած մէկ այլ կարեւորագոյն իրադարձութեան, որը հայ հասարակութեանն առաւել ծանօթ դարձաւ Տերսիմի դէպքերի քննարկման լոյսի ներքոյ։ Քչերն են տեղեակ, որ 1937-ի քրտական ապստամբութիւնները լուրջ ազդեցութիւն ունեցան ոչ միայն տերսիմցիների, այլեւ հարեւան մի շարք գաւառների եւ գլխաւորապէս հենց Սասունի բնակչութեան յետագայ ճակատագրի վրայ։
1937-38 թթ.-ի զինուած ապստամբութիւնն ու դրան յաջորդած զանգուածային աքսորը Սասունի հիմնական հատուածի լիովին արաբախօս դառնալու պատճառ դառնալու հետ միասին ամբողջովին փոխեց գաւառի բնակիչների յետագայ ճակատագիրը։
Թուրքիայի արեւմուտք աքսորուած աշիրէթների զգալի մասը 4-5 տարի անց համաներմամբ վերադարձաւ հայրենի լեռնային գիւղերը, սակայն խաղի կանոնները փոխուած էին, դերերը՝ նոյնպէս։ Թէեւ այս ապստամբութիւնը «քրտական» որակելը վիճելի է եւ յաճախ այս պատմական իրադարձութիւնն ուսումնասիրելիս փաստում ենք դրա՝ Սասունի դէպքում աւելի շատ սոցիալական, քան ազգային դրդապատճառների վրայ հիմնվուած լինելը, սակայն անհերքելի է, որ մինչ այդ Սասունում հիմնական կարեւոր հողատարածքների մեծ մասը քիւրտ աղաների ձեռքում էր, մինչդեռ աքսորից վերադառնալով նրանք այլեւ չէին կարող գտնել նոյն պայմանները։ Զարմանալի չէ, որ այս շրջանում էլ քրտական ֆէոտալիզմը բառի բուն իմաստով իր մահկանացուն է կնքում Սասունում, իսկ մի շարք բարեբեր հողեր բաժին են հասնում պետութեան հանդէպ առաւել հաւատարիմ դիրք ունեցող արաբներին։ Բացի այդ՝ արաբներին «մէջտեղ բերելը» ձեռնտու է եղել պետութեան համար հնարաւոր հայ-քրտական նոր համագործակցութիւնը բացառելու իմաստով։
Եթէ առաւել պարզ դատենք՝ ընդվզողների դրդապատճառները քաղաքական լինէին, թէ սոցիալական՝ Սասունում 1915-ից եւ 1937-ից յետոյ «ամենաձեռնտու» ինքնութիւնը արաբականն էր՝ առնուազն կրկին չաքսորուելու կամ յարմար հողատարածքներ զբաղեցնելու համար։
Բոլորովին պատահական չէ, որ բազմաթիւ աշիրէթներ, որոնք մեզ պատմութեան մէջ յայտնի են որպէս քրտեր /Օրինակ՝ Շեկոյի տան քրտերը կամ Կենդոները, Քորամները/ այսօր ներկայանում են արաբ ու խօսում Սասունի արաբերէն բարբառով։ Նոյնիսկ այսօր Սասունի գիւղերում ապրել շարունակող ծեր հայ սասունցիները իրար մէջ նրանց շարունակում են անուանել «քրտի լամուկներ»։ Սասունում ապստամբութիւնից յետոյ արաբախօս դարձած քրտական ծագմամբ աշիրէթների գործօնը արաբացած հայերի ուսումնասիրման համատեքստում կարեւոր է այնքանով, որ մենք, ի վերջոյ, վստահ կարող ենք փաստել… արաբացած հայերի մի մասը անցել է ուծացման երկու եւ անգամ երեք փուլ… սկզբում պաշտպանութեան տակ են առնուել կամ առեւանգուել քրտական աշիրէթների կողմից, յետոյ այդ նոյն քրտերի հետ անցել արաբացման ճանապարհը՝ Սասունի միւս բնակիչների հետ վերապրելով զինուած նոր հակամարտութեան ու դրան յաջորդած աքսորի բարդ տարիները։
Արաբացած եւ քրտացած հայերը նոյն պայմաններո՞ւմ են ապրել
Կարող ենք արձանագրել, որ Սասունում արաբների կողքին կեանքը շարունակած հայ որբերն ու նրանց ժառանգներ թէեւ նոյնպէս բախուել են կրօնական ու ազգային հողի վրա տարատեսակ ճնշումների, սակայն, հիմնականում շատ աւելի բաց են եղել առօրեայ շփումներում հարեւան մուսուլմանների հետ… նրանց կենցաղը ժամանակի հետ գրեթէ նոյնացել է եւ յաճախ տարբերակիչ միակ հանգամանքը մնացել է միայն կրօնը։ Իսկ իսլամացուածների դէպքում տարբերակող գործօնները կենցաղում գրեթէ բացակայում են։ Չնայած դրան՝ բոլորը մշտապէս գիտեն ու յիշում են դիմացինի արմատների մասին եւ թէ՛ կրօնափոխ, թէ՛ քրիստոնեայ հայերն, անշուշտ, ձգտել են կազմակերպել գլխաւորապէս էնդոգեմիկ, ներհամայնական ամուսնութիւններ, ինչին արաբախօս աշիրէթների աղաները հիմնականում չեն միջամտել։ Ի հարկէ, հայ աղջիկներին առեւանգելու դէպքերը այստեղ էլ քիչ չէին, սակայն, դրանք Սասուն գաւառում ունեն աւելի շատ սոցիալան, քան ազգային կամ կրօնական հողի վրայ եղած դրդապատճառներ։
Սասունը միակ վայրը չէ, որտեղ արաբական միջավայրում հայերը համեմատաբար աւելի հանգիստ պայմաններում են վերարտադրուել եւ յաջողել այդ ընթացքում աւելի լաւ պահպանել թէ՛ լեզուն, թէ՛ կրօնը, եւ թէ՛ աւանդոյթները ի տարբերութիւն քրտական միջավայրի, որտեղ ցեղասպանութիւնից յետոյ հայերը կա՛մ լիովին մեկուսանում էին արտաքին շրջապատից ու վարում խիստ փակ ու ինքնապաշտպանողական ռեֆլեքսներով ներհամայնական կեանք, կա՛մ ամբողջովին քրտանում թէ՛ լեզուով, թէ՛ գաղափարախօսութեամբ, թէ՛ կրօնով։
Քրիստոնեայ եւ իսլամացուած արաբախօս հայեր
Չափազանցրած չենք լինի, եթէ ասենք, որ Սասունի արաբ կամ արաբախօս աշիրէթներում կեանքը շարունակած հայերը ցեղասպանութիւնից յետոյ կրօնը եւ մայրենին իրաւամբ ամենաերկարը պահպանած հայերի խմբերից են Արեւմտեան Հայաստանի ամբողջ տարածքում։ Բացառութեամբ մանկահասակ որբերի, որոնք յաճախ իսլամացել են շատ փոքր տարիքում՝ միւս սասունցիները հիմնականում յաջողել են ինքնակազմակերպուել ու էնդոգեմիկ/ներհամայնական ամուսնութիւնների միջոցով կրկին վերարտադուել, այսպիսով համայնքային փոքրիկ կղզեակներ ձեւաւորելով Սասունի լեռնային տասնեակ գիւղերում։
Սասունի անառիկ դիրքն ու փակ կենսակերպը, խառն ամուսնութիւնների բացառման խիստ սկզբունքը, ինչպէս նաեւ Սասունում աղայական/ֆէոդալական հասարակարգի՝ մինչ վեջերս իր ուժը կորցրած չլինելը ապահովեց այս հայերի ֆիզիքական գոյութիւնը։ «Սա իմ հայն է» /Այսինքն՝ մեր որդեգրած, մեր կողմից պաշտպանութեան տակ առնուած/ արտայայտութիւնը Սասունում շատերին է ծանօթ… սա առիթ էր, որ հայերի հետ հողային վէճեր կամ այլ խնդիրներ ունեցած բազմաթիւ մուսուլման աղաներ յետ քաշուեն, երբ խօսքը գնում էր մէկ այլ աշիրէթի «պատկանող» հայի ու նրա ունեցուածքի մասին։
Բացի այդ, քանի որ հայերը աշիրէթական կարգով երբեւէ չեն ապրել, իսլամանալուց յետոյ էլ նրանք այդ ցեղախմբի անդամ չէին ընկալւում եւ առանձին կարգավիճակ էին ունենում գիւղում, ինչը պատճառ էր դառնում, որ ոչ ոք, այդ թւում հենց հայերը, երբեւէ չմոռանան իրենց իսկական ծագման մասին։
Բոլոր այս հանգամանքները, ինչպէս նաեւ սասունցիների յամառութիւնն ու ընտանեկան չափազանց սերտ կապերը, ծառայեցին նրան, որ Սասունում հայերը ոչ միայն կարողանան ցեղասպանութիւնից յետոյ բաւականին երկար ժամանակ չձուլուել, այլեւ վերարտադրուեն ու բազմանան։
Սասունում փրկուած հայերի զգալի մասը առանց գործող եկեղեցիների ու քահանաների պահպանել են կրօնն ու եկեղեցական աւանդոյթները ընդհուպ մինչեւ 1970-ականներ։
Ազգային, կրօնական նոր ճնշումները, որոնք Թուրքիայում նոր թափ առան 1950-ականներից, սակայն, Սասունում իրենց գագաթնակէտին հասան 1970-80-ականներին, պատճառ դարձան ուրբանիզացիոն հզօր ալիքի, որը դէպի Թուրքիայի արեւմուտք տարաւ իր հետ սասունցիների հոծ զանգուածների՝ իրենց հետ հայրենի գիւղերից տանելով թէ՛ աւանդոյթները, թէ՛ բարբառը։
Այսպիսով՝ հայրենի գիւղերում այլեւս աւելի մեկուսի ու սակաւ քանակով մնալով, բազմաթիւ քրիստոնեայ ու իսլամացուած հայերի կենցաղում սկսեց գերակշռել արաբերէնը, ինչի հետեւանքով այդ տարիներին ծնուած երեխաները հայրենի բարբառին այլեւս չեն տիրապետում։
Քրիստոնեաների հիմնական հոսքն ուղղուած էր դէպի Սթանպուլ, ուր կար եկեղեցի եւ հայկական դպրոց, իսկ մի մասն էլ հենց այդ տարիներին հարկադրուած իսլամացաւ՝ ընտանեկան հողատարածքներից չզրկուելու կամ ճնշումներից խուսափելու համար։
Այո, Սասունի հայերի իսլամացման ամենաուժգին ալիքը 1915 թ.-ը չէր… իսլամացման ամենաուժգին ու վերջնական հարուածը Սասունն ապրեց արդէն 1980-ականներին, իսկ 1990-ականներին Սթանպուլ եկան վերջին քրիստոնեայ արաբախօս ընտանիքները՝ յետեւում թողնելով միայն 4 քրիստոնեայ ընտանիք, որոնք մինչ օրս ապրում են ժամանակակից Սասունի 3 տարբեր գիւղերում եւ խօսում, ցաւօք, միմիայն արաբերէն։