Ջաւախքի մէջ պէտք է ձեւաւորուի առանձին թեմ

Ջաւախքի մէջ առանձին թեմ ձեւաւորելու գաղափարը նոր չէ: Տուեալ գաղափարը քննարկւում էր Կարապետ Արքեպիսկոպոս Բագրատունու ժամանակներից, երբ ժամանակաւոր Վիրահայոց թեմը տեղափոխուել էր Ջաւախք։ Մեր օրերում Ջաւախքում առանձին թեմ ձեւաւորելու գաղափարը եւս մշտապէս քննարկւում է տարբեր մակարդակներում: Ինչպէս Սամցխէ-Ջաւախքի հայ հասարակութիւնը, այնպէս էլ մի շարք հասարակական կազմակերպութիւններ ու մտաւորականներ մշտապէս բարձրացրել են տուեալ հարցը Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Վիրահայոց թեմի առաջնորդի մօտ։

Հարցը նրանում է, որ Սամցխէ-Ջաւախքում առանձին թեմի ձեւաւորումը դրական ազդեցութիւն կ“ունենայ Հայ Առաքելական եկեղեցու հաւատաւոր ժողովրդի վրայ եւ կը նպաստի տարիներով կուտակուած մի շարք խնդիրների լուծմանը: Ինչքան էլ հոգատար ու բարեխնամ լինի Վիրահայոց թեմի առաջնորդը եւ ինչքան էլ յաճախակի այցելի Ջաւախք, միեւնոյնն է, տեղում ունենալը առանձին թեմ լիովին փոխում է հոգեւոր կեանքի պատկերը Ջաւախքում: Այն անկասկած կարող է մտցնել մեծ ակտիւութիւն շրջանի հոգեւոր կեանքի մէջ, ինչի կարիքը մեծապէս զգացվում է Սամցխէ-Ջաւախքի քաղաքներում ու հեռաւոր գիւղերում:

Դրանից բացի առանձին թեմի գոյութեան պարագայում Վրաստանի պետական պիւտճէից յատկացուող գումարների մի մասը կը ծախսուի Սամցխէ-Ջաւախքի եկեղեցական կարիքների վրայ: Խօսքը Վրաստանի պետական պիւտճէից յատկացուող ֆինանսական օգնութեան մասին է, որպէս խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցու կրած նիւթական վնասների փոխհատուցում: Այդպիսի ֆինանսական աջակցութիւնը միանշանակ դրական ազդեցութիւն կ“ունենայ հոգեւոր կեանքի ակտիւացման վրայ: Էլ չենք ասում, որ Մայր Աթոռը, որպէս առանձին միաւորի, յատուկ ուշադրութեան կ“արժանացնի Սամցխէ-Ջաւախքի նորաստեղծ թեմին:

Այսօր Սամցխէ-Ջաւախքում ծառայութիւն է մատուցում հինգից-վեց հոգեւորական, սակայն միայն Ախալքալաքի շրջանում կան մօտ վեց տասնեակից աւել հայ առաքելական գիւղեր։ Նինոծմինդայում նրանց թիւը մօտ երեք տասնեակ է, իսկ Ախալցխայում` մէկ տասնեակից աւել։ Էլ չենք խօսում Ասպինձայում, Ադիգենիում եւ Բորժոմիում գոյութիւն ունեցող հայ առաքելական եկեղեցու հետեւորդների գոյութեան մասին։ Ընդհանուր հաշուով Սամցխէ-Ջաւախքում միասին վերցուած ապրում է մօտ 100.000 հայ առաքելական եկեղեցու դաւանորդ եւ նրանց սպասարկում են ընդամէնը հինգից-վեց հոգեւորականներ։

Առանձին թեմի ձեւաւորման պարագայում տուեալ խնդիրը եւս մասամբ լուծում կը ստանայ եւ ներկայիս հոգեւորականների թիւը առնուազն կը կրկնապատկուի, ինչը նոր զարթօնք կ“ապահովի ամբողջ շրջանի հոգեւոր կեանքի համար։

Համեմատութեան համար կարելի է օրինակ բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն, որի հետեւորդների թիւը պաշտօնապէս աւելի քիչ է Սամցխէ-Ջաւախքի շրջանում, սակայն նոյն ժամանակ եկեղեցին ունի միանգամից մի քանի թեմեր։ Վրաց ուղղափառ եկեղեցին առանձին թեմ ունի Բորժոմիի, Ախալցխայի, Ախալքալաքի եւ Ծալկայի շրջաններում։ Բոլոր թեմերում միասին վերցրած ծառայում է մօտ եօթ տասնեակից աւել հոգեւորական։

Պատմականօրէն Ջաւախքը նախկինում ունեցել է այլ շրջաններից առանձին իր հոգեւոր կենտրոնը: Միջնադարում շրջանը ակտիւ հոգեւոր կեանք է վարել, ինչի վկայութիւնն են բազմաթիւ հին հայկական եկեղեցիները եւ նրանց կողքին գտնուող հարուստ արձանագրութիւններով տապանաքարերը ու խաչքարերը։ 19-րդ դարում Ախալցխան դարձել է առաջնորդանիստ քաղաք, ինչի համապատասխան արձանագրութիւնները պահպանուել են բազմաթիւ արխիւներում, այդ թւում նաեւ եկեղեցիների պատերի արձանագրութիւնների վրայ: Կարապետ Արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդանիստ եկեղեցին այն ժամանակ դարձել է Ախալցխայի Ս. Ամենափրկիչը, որը 20-րդ դարի երկրորդ կէսին մասամբ քանդուել եւ ձեւափոխուել է որպէս սպայի տուն: Այժմ Ս. Ամենափրկիչ եկեղեցու ձեւափոխուած շինութեան մէջ գտնւում է Սամցխէ-Ջաւախքի նահանգապետարանը:

Եկէք կողքի թողնելով պատմութիւնը խօսենք այսօրուայ իրականութեան մասին եւ մտածենք այն հոգեւոր խնդիրների շուրջ, որոնց լուծում կարող է տալ Ջաւախքում ձեւաւորուող առանձին թեմը: Բոլորի համար գաղտնիք չէ, որ հայ առաքելական եկեղեցու ամենախնդրայարոյց թեման Վրաստանում դա վիճելի եկեղեցիների հարցն է: Տուեալ հարցը ծագել է անմիջապէս խորհրդային միութեան փլուզումից յետոյ, քանզի խորհրդային իշխանութեան տարիներին բազմաթիւ եկեղեցիներ քանդուելուց ու ոչնչացուելուց բացի խլուել էին Հայ առաքելական եկեղեցու ձեռքից: Խորհրդային միութեան փլուզումից յետոյ Հայ առաքելական եկեղեցուց բացի տուեալ եկեղեցիներով հետաքրքրուեց նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին, ինչը բարդացրեց եկեղեցիների վերադարձի հարցը:

Վիճելի համարուող եկեղեցիներ կան նաեւ Սամցխէ-Ջաւախքի շրջանում։ Դրանցից ամենայայտնին Ախալցխայի Ս․ Նշան եկեղեցին է, որը 1990-ական թուականներին իր շուրջ համախմբեց շրջանի ամբողջ հայութեանը, սակայն այդպէս էլ չվերադարձուեց Հայ առաքելական եկեղեցուն։ Ջաւախքում առանձին թեմի ձեւաւորումը կարող է դրական ազդեցութիւն ունենալ նաեւ վիճելի համարուող եկեղեցիների խնդրի լուծման վրայ այն իմաստով, որ Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերը միասին համագործակցելով աւելի շատ ջանք կը գործադրեն ու անշուշտ նոր լծակներ ձեռք կը բերեն խնդրի արդարացի լուծման համար։

Ինչպէս տեսնում ենք, Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու առանձին թեմի ձեւաւորումը միայն նպաստելու է տասնամեակներով կուտակուած խնդիրների լուծմանը։ Այն անկասկած ակտիւացնելու է հոգեւոր կեանքը ամբողջ շրջանում եւ նպաստելու է վիճելի համարուող եկեղեցիների լուծման խնդրին։ Անկասկած առանձին թեմի ձեւաւորման պարագայում հոգեւոր կեանքից բացի նոր զարթօնք է ապրելու նաեւ շրջանի մշակութային կեանքը։ Հայ հոգեւորականների աւելացման պարագայում նուազելու է նաեւ աղանդաւորականների թիւը, որը եւս մեծ խնդիր է դարձել Ջաւախքում Հայ առաքելական եկեղեցու համար։

Այս ամէնի հետ հարկ է նշել, որ վերջնական որոշում կայացնողը Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն է Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխաւորութեամբ։ Վերջին անգամ տուեալ հարցը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի մօտ բարձրացրել են Ախալցխայի ուխտաւորները այս տարուայ Յունիսին, որին ի պատասխան Ամենայն Հայոց հայրապետը ասաց, որ առանձին թեմի հարցը մշտապէս քննարկւում է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն Եպիսկոպոս Միրզախանեանի հետ եւ խորհուրդ տուեց ժողովրդին տուեալ հարցի լուծման ուղիները գտնելու համար հարցը քննարկել Վազգէն Եպիսկոպոս Միրզախանեանի հետ։

Հարկ է նաեւ նշել, որ Ջաւախքում առանձին թեմի հռչակումը ըստ ժողովրդավար Վրաստանի սահմանադրութեան՝ դա եկեղեցու ու կրօնական համայնքի ներքին գործն է եւ այդ առումով պետութիւնը համայնքի ներքին հոգեւոր կեանքին միջամտելու իրաւունք չունի, ինչպէս նաեւ նման իրաւունք չունի երկրի տարածքում գործող ոչ մի այլ հոգեւոր հաստատութիւն կամ եկեղեցի։ Այսպիսով կարելի է փաստել, որ ցանկացած խօսակցութիւն, թէ թեմի ձեւաւորմանը դէմ է Վրաստանի Հանրապետութիւնը կամ Վրաց ուղղափառ եկեղեցին, դրանք մեր կողմից թոյլ կամքի դրսեւորումներ են, եւ առանձին թեմի հռչակման պարագայում ոչ մէկը ոչ մի լուրջ փաստարկ կամ նոյնիսկ միջոց չի ունենալու խոչընդոտ հանդիսանալու նորաստեղծ թեմի գոյոեթյանը ու աշխատանքին։

Սամցխէ-Ջաւախքի Մետիա Վերլուծական Կենտրոն

Եդուարդ Այվազեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.