Պէտք է դիմանալ, լինել ուժեղ, յամառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը

Արցախում գիւղատնտեսութեան զարգացման հնարաւորութիւնների, հետպատերազմեան իրավիճակով պայմանաւորուած` որդեգրուած աշխատանքների ուղղութիւնների մասին «Ապառաժ»-ի հարցերին պատասխանում է ԱՀ գիւղատնտեսութեան նորանշանակ նախարար Նորայր Մուսայէլեանը:

—Պարո՛ն Մուսայէլեան, Դուք գիւղատնտեսութեան ոլորտում նոր մարդ չէք: Ինչքանո՞վ է Ձեր փորձն օգնելու նախարարութեան առջև ծառացած խնդիրները լուծելուն:

— Գիւղատնտեսութեան ոլորտում իմ փորձը ներառում է ամբողջ կեանքիս պատմութիւնը, իսկ գիւղատնտեսութեան նախարարութիւնում աշխատած վերջին 13 տարիներն օգնել են ինձ հասկանալու ոլորտի հիմնախնդիրները, հանգամանքները, որոնք խոչընդոտում են մեր յաջողութեանը: Բնականաբար, բնագաւառում երկար տարիների գործունէութեան արդիւնքում ինձ մօտ ձևաւորուել է գիւղատնտեսութեան զարգացման սեփական տեսլականը: Այն իրենից ներկայացնում է գիւղատնտեսութեան երկու հիմնական ճիւղերի՝ բուսաբուծութեան և անասնաբուծութեան համաչափ զարգացումը: Վերջին տարիներին այս ուղղութեամբ արդէն իսկ կատարուել են մեծածաւալ աշխատանքներ, որոնց արդիւնքներն անհամեմատ աւելի ակնառու կը լինէին, եթէ չառերեսուէինք պատերազմի հետ:

Մեր նպատակն է՝ նախ վերականգնել պատերազմի աղիտալի հետևանքները: Անասնաբուծութեան ոլորտում դա գիւղատնտեսական կենդանիների որակական և քանակական յատկանիշների բարելաւումն ու կայուն կերային բազայի ստեղծումն է, իսկ բուսաբուծութեան ոլորտում՝ գիւղատնտեսական նշանակութեան հողերի լիարժէք ու ամբողջական օգտագործումը, բարձրարժէք կուլտուրաների մշակութիւնը, ջերմոցային տնտեսութիւնների զարգացումը՝ հաշուի առնելով ունեցած սակաւ հողային ռեսուրսները, ժամանակակից այգեգործութեանը զարկ տալը: Համատեղ ուժերով կը փորձենք առաջիկայում լուծել այս կարևորագոյն խնդիրները, ինչի արդիւնքում հնարաւոր կը լինի ապահովել գիւղատնտեսութեան համախառն արտադրանքի աւելացումն ու ժամանակի ընթացքում պարենային ինքնաբաւութեան խնդրի լուծումը:

—Գիւղատնտեսութեան ու Էկոնոմիկայի ճիւղերի միացումը բացատրւում էր օպտիմալացման անհրաժեշտութեամբ, այժմ դրանք նորից առանձնացուել են: Ո՞րն է դրանք առանձնացնելու նպատակը:

-Որպէս այդպիսին՝ կառավարութեան կառուցուածքային փոփոխութեան արդիւնքում Էկոնոմիկայի մասի՝ գիւղատնտեսութեան նախարարութիւնից անջատմամբ օպտիմալացման սկզբունքը չի խախտուել, քանի որ էկոնոմիկայի բլոկը նոյն կազմով կցուել է ԱՀ ֆինանսների նախարարութեանը:

Անջատման նպատակայարմարութիւնը թերևս բխում է նշուած ստորաբաժանման գործունէութեան արդիւնաւէտութեան բարձրացումից:

-Ինչպե՞ս էք տեսնում Արցախում գիւղատնտեսութեան զարգացումը ադրբեջանական սադրանքների և ոռոգման ջրի սակաւութեան պայմաններում:

— 44-օրեայ պատերազմի հետևանքով գիւղատնտեսութեան ոլորտը ամենաշատ տուժածներից է. կորսուել են հազարաւոր հեկտար գիւղատնտեսական նշանակութեան վարելահողեր, մեծ քանակութեամբ անասնագլխաքանակ, գիւղատնտեսական տեխնիկայ և, ամենացաւալին գիւղատնտեսութեան համար, գրեթէ բոլոր ջրամբարները: Դրանց գումարած, ռազմական գործողութիւնների դադարից առ այսօր մենք յաճախակի ենք ականատես լինում թշնամու սադրանքներին՝ գիւղաբնակ խաղաղ բնակչութեան ուղղութեամբ կրակելուց մինչև դաշտում հողը մշակող գիւղացուն սպանելը:

Սրանք լուրջ մարտահրաւէրներ են ցանկացած արցախցու համար, քանի որ մենք մեր պապական հողերը մշակելու համար այս ժամանակահատուածում ստիպուած ենք երբեմն կեանքով վճարել: Բայց պէտք է դիմանալ, լինել ուժեղ, յամառ և, ամենակարևորը, միասնական, քանի որ ընտրել ենք Արցախում ապրելը:

Ոռոգման ջրի խնդրի մասին. թէպետ գիտենք, որ ոռոգման ջրի վերաբերեալ քաղաքականութիւնը մշակում և վարում է այլ կառոյց, բայց պէտք է նշեմ, որ ջրային ռեսուրսների անբաւարարութեան հարցը գտնւում է Արցախի իշխանութիւնների սևեռուն ուշադրութեան կենտրոնում: Դիտարկւում են ոռոգման այլընտրանքային եղանակների ստեղծման բոլոր հնարաւորութիւնները, արտեզեան հորերի քանակների և աշխարհագրութեան ընդլայնումը, մեր տիրապետութեան տակ գտնուող գետերի ջրերի ամբարման հնարաւորութիւնները:

—Հետպատերազմեան նոր իրողութիւններով պայմանաւորուած՝ ի՞նչ փոփոխութիւններ են նախատեսւում գիւղատնտեսական ծրագրերի առումով:

— Առաջին հարցի շրջանակում  արդէն խօսել ենք հետպատերազմեան Արցախի գիւղատնտեսութեան հիմնախնդիրների մասին: Մեր ծրագրերն ուղղուած են դրանց լուծմանը:  Այժմ ընթացքի մէջ է բուսաբուծութեան և անասնաբուծութեան ոլորտների զարգացմանն ուղղուած ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը: Հաստատուելուց յետոյ հանրութիւնը կ’իրազեկուի բոլոր ծրագրերի մասին, կը հրապարակուեն դրանցից օգտուելու պայմանները, կը մեկնարկի յայտերի ընդունման փուլը:

Փոփոխութիւնները ծրագրերի մէջ էական բնոյթ չեն կրում: Այս փուլում մենք հետևում ենք պատերազմից յետոյ որդեգրած քաղաքական գծին. դա պատերազմի հետևանքների վերացումն է, ջերմատնային տնտեսութիւնների կառուցման և այգեգործութեան խթանումը և տեղական նախրի բարելաւումը: Այս նպատակով կը գործեն համապատասխան ծրագրեր և դրանցից բխող միջոցառումներ, ակտիւօրէն կը կիրարկուեն սուբսիդաւորման մեխանիզմներ: Պարտաճանաչ և ոչ պարտաճանաչ շահառուների դասակարգման ու այլ զսպող մեխանիզմների կիրառման միջոցով կ’ապահովուի պետական ֆինանսական միջոցների նպատակային ծախսումը:

-Խօսւում է ցանկապատուած տարածքներում անասնապահութեան և ջերմոցային տնտեսութիւնների զարգացման մասին: Ձեր կարծիքով՝ հնարաւո՞ր է լրիւութեամբ անցում կատարել դրանց:

-Ցանկապատուած տարածքներում անասնապահութեան իրականացումը նպատակահարմար է կազմակերպել սահմանամերձ տարածքներում՝ կանխելով կենդանիների անցումը թշնամու վերահսկողութեան տակ գտնուող տարածք:

Ջերմոցային տնտեսութիւնների հիմնումը բխում է պատերազմի հետևանքով գիւղատնտեսական նշանակութեան հողերի թիւի կտրուկ կրճատմամբ: Մենք ստիպուած ենք փոքր հողակտորներից ստանալ կրկնակի քանակութեամբ բերք, ինչը հնարաւոր է ջերմոցային տնտեսութիւնների հիմնմամբ և այդ մշակոյթի զարգացմամբ:

—Տարիներ շարունակ Արցախում, պետական որևէ ծրագրով պայմանաւորուած, մարդիկ տարերայնօրէն այս կամ այն մշակաբոյսն էին մշակում՝ առանց բնակլիմայական և այլ պայմանները հաշուի առնելու: Հիմա էլ շատերը միայն պետական աջակցութիւնից օգտուելու համար ջերմոցներ են կառուցում: Չէ՞ք կարծում, որ առանց վերահսկողութեան տրուող այդ գումարները մսխւում են: Ի՞նչ քայլեր են ձեռնարկւում այս ոլորտի վերահսկման, մասնագիտական մօտեցման ապահովման ուղղութեամբ:

-Արդէն ասել եմ, որ ջերմոցային տնտեսութիւնների կառուցման խթանումը մեծապէս պայմանաւորուած է գիւղատնտեսական նշանակութեան հողերի կրճատմամբ. այսօր մեզ պէտք է փոքր միաւոր հողակտորից մեծ քանակութեամբ բերք ստանալ:

Ինչ վերաբերում է պետական միջոցների մսխմանը, ապա դա այնքան էլ այդպէս չէ: Ջերմոցային տնտեսութիւնների հիմնման ծրագիրը մեկնարկել է միայն 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այդ կարճ ժամանակահատուածում Արցախի Հանրապետութիւնում հիմնուել են, ընդհանուր առմամբ, 26400 քմ ջերմոցային տնտեսութիւններ, որից աւանդական՝ 24040 քմ և ժամանակակից տեխնոլոգիաներով յագեցուած՝ 2360 քմ: Յատկանշական է, որ մինչ այդ ծրագրի մեկնարկը գործող ջերմոցային տնտեսութիւնների արտադրական մակերեսը կազմում էր 48000 քմ (աւանդական եղանակով): Այսինքն, 2 ամսուայ ընթացքում կտրուկ աճել է ջերմատնային տնտեսութիւնների քանակն ու որակը:

Վերահսկողութեան պահով՝ պէտք է նշեմ, որ պետական միջոցները յայտատուներին փոխհատուցւում են միայն ջերմոցային տնտեսութեան կառուցումից և նախարարութեան մասնագէտների կողմից ծրագրի պահանջներին համապատասխանութիւնը ստուգելուց յետոյ: Հատուցւում է՝ աւանդական եղանակով կառուցուած ջերմոցային տնտեսութեան դէպքում՝ 1 քմ դիմաց 8000 դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով յագեցուած ջերմոցային տնտեսութեան դէպքում՝ 1 քմ դիմաց 22000 դրամ: Նախքան ջերմոցի կառուցումը և շահագործման ողջ ընթացքում քաղաքացիները կարող են մեր մասնագէտներից ստանալ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվութիւն: Պէտք է նշեմ նաև, որ ծրագրով սահմանուած է, որ պետական ծրագրից օգտուած յայտատուն պարտաւոր է 3 տարի ժամկէտով շահագործել ջերմոցը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.