Պատերազմ, թթու և ժինկեալով հաց․ իրենց տները հարկադրուած լքած արցախցիների կեանքի մասին

 

Արմինէ Մարտիրոսեան

Ռազմական գործողութիւնների մեկնարկից ի վեր Արցախի բնակիչների մի մասը հարկադրուած լքել են իրենց տներն ու տեղափոխուել աւելի անվտանգ վայրեր, այդ թւում՝ Հայաստան։ Նրանք ստիպուած են եղել արագ փախչել, շատերը լքել են իրենց տներն առանց իրերի, միայն վրան եղած հագուստով։

Նրանց մի մասն ապաստանել է Արցախի այլ հատուածներում, միւս մասը տեղափոխուել է Հայաստան։ Այստեղ նրանց ընդունել են հարազատները, ծանօթները, երբեմն նոյնիսկ՝ անծանօթները։ Ոմանք տեղաւորուել են հիւրանոցներում, որոնք ոչ միայն ընդունել են պատերազմից տուժածներին, այլև իրենց վրայ են վերցրել նրանց ապահովման հարցը՝ սննդով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։

Տեղափոխուածների խնդիրները Հայաստանում այժմ փորձում են լուծել ոչ միայն իշխանութիւններն, այլև՝ տեղացիները։ Եւ որոշ ուղղութիւններով արդէն յաջողւում է սայլը տեղից շարժել։

Մանրամասներ․ ովքե՞ր և ինչպէ՞ս են լուծում պատերազմից փախած մարդկանց խնդիրները, ի՞նչ է լինելու յետոյ։

Քանի՞ մարդ է լքել իր տունը

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարեանի հաշուարկներով՝ շուրջ 90 հազար մարդ լքել է իր բնակավայրը «ադրբեջանական դիտաւորեալ ու չտարբերակուած յարձակումների պատճառով»։ Այս թիւի մէջ ներառուած են ինչպէս ներքին տեղահանուածները, որոնք տեղափոխուել են Արցախի ներսում աւելի անվտանգ բնակավայրեր, այնպէս էլ ժամանակաւորապէս Հայաստանում ապաստան գտածները։

Արցախում, վիճակագրութեան ծառայութեան տուեալներով, 2019 թ-ի Յունուարի 1-ի դրութեամբ բնակւում էր մօտ 148 հազար մարդ։ Այսինքն՝ իր տունն ու տեղը լքել է բնակչութեան մօտ 60 տոկոսը։

Պաշտօնական տարհանում Արցախում չեն յայտարարել։ Մարդիկ տեղափոխւում են ինքնուրոյն, սեփական նախաձեռնութեամբ, ասում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան մամուլի քարտուղար Սօնա Մարտիրոսեանը։

Հետևաբար, յստակ վիճակագրութիւն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխուած անձանց թիւի մասին՝ չկայ։ Հիմնականում նրանք տեղափոխւում են ազգականների և ծանօթների մօտ։ Ընտանիքներ կան, որոնք բնակարան են վարձակալում։

Պիզնեսն օգնութեան ձեռք է մեկնել

Ժամանակաւոր տեղափոխուածներից նրանք, ովքեր չունեն ազգականներ և ծանօթներ, ում տանը կը կարողանար ապաստան գտնել, տեղաւորուել են տարբեր հիւրանոցներում և հանգստեան տներում։ Ընդ որում, դրանց ղեկավարութիւնն ինքն է ցանկութիւն յայտնել ընդունել նրանց։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութիւնը միայն համակարգում է այդ գործընթացը։ Այն հաւաքագրում է այդ հաստատութիւնների տուեալները, հասցէները և այնտեղ ուղարկում մարդկանց, որոնք բնակուելու տեղ չունեն։

«Այդ ամէնն արւում է մասնաւոր կարգով, կառավարութիւնը պիզնեսին չի ստիպում մարդկանց տեղաւորել։ Սա նրանց նախաձեռնութիւնն է», — հաղորդել է նախարարութեան մամուլի քարտուղարը։

Կազմակերպուած ձևով Արցախից դուրս են բերուել միայն ծերանոցի բնակիչները, գիշերօթիկ դպրոցի աշակերտներն ու հոգեբուժարանի հիւանդները, որոնք Հայաստանում տեղաւորուել են համապատասխան հաստատութիւններում։

Աջակցման կենտրոն

Հայաստանի իշխանութիւնները Երևանում Աջակցման կենտրոն են ստեղծել Արցախից տեղափոխուած անձանց օգնելու համար։ Նրանց այստեղ ապահովում են սննդով, գիշերակացով, այնուհետև տեղափոխում են ժամանակաւոր կացարաններ՝ յստակ հասցէներով, որոնք առկայ են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան տուեալների բազայում։

Աջակցման կենտրոնում մշտապէս ներկայ  են տարբեր գերատեսչութիւնների ներկայացուցիչներ, որոնք տեղեկութիւններ են հաւաքում այն մասին, թէ ինչի կարիք ունեն մարդիկ։ Նրանց հետ աշխատում են սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւում երեխաներին։ Նրանց ուղղորդում են տեղի դպրոցներ և մանկապարտէզներ։

Կրթութեան նախարարութեան մամուլի քարտուղար Օֆելեա Կամավոսեանի խօսքով՝ Հայաստանի բոլոր դպրոցները հասանելի են արցախցի երեխաների համար։ Նրանք պէտք է միայն դիմեն իրենց նոր բնակավայրին ամէնամօտ դպրոց ու առանց որևէ փաստաթղթերի և սահմանափակումների՝ տեղ զբաղեցնեն դասարանում։ Բոլոր անհրաժեշտ գրքերով այդ երեխաներին ապահուում են դպրոցները։

Կամաւորական ցանց

Տեղի բնակիչները՝ իւրաքանչիւրն իր չափով, նոյնպէս փորձում են օգնել փախստականներին։ Նրանք սննդամթերքի, հագուստի և դեղերի հաւաքագրում են կազմակերպում, իրենց ուժերով փորձում են լուծել դրանց բաշխման հարցը։

Կամաւորների գործողութիւնները համակարգւում են հիմնականում սոցցանցերի միջոցով, որտեղ հրապարակւում են անհրաժեշտ օգնութեան մասին յայտարարութիւնները։

«Մարդիկ Հայաստան են տեղափոխուել այն հագուստով, որով եղել են՝ խալաթներով,  զգեստով, հողաթափերով, այդ պատճառով էլ առաջնահերթ խնդիրն այդ մարդկանց հագուստով և սննդով ապահովելն է։ Յատկապէս, որ շատ ընտանիքներ տեղափոխուել են այնպիսի մարդկանց տներ, որոնք իրենք էլ ոչ այնքան բարեկեցիկ են ապրում։

Իսկ տեղափոխուածներից շատերը՝ յատկապէս տարեցները, դեղի կարիք ունեն։ Ընդ որում, տեղափոխուածները չեն ուզում նեղութիւն տալ իրենց ընդունած ընտանիքներին, այդ պատճառով էլ շատ կարևոր է այժմ նրանց համար այս օգնութիւնը կազմակերպելը», — ասում է Երևանի բնակիչ, կամաւոր Ելենա Շուվաևա-Պետրոսեանը։

Նանա Մարտիրոսեանը Հայաստան է տեղափոխուել Մոսկուայից, դեռ արցախեան մարտական գործողութիւններից առաջ, սակայն որոշել է Երևանում մնալ և ընկերների հետ օգնել Արցախից տեղափոխուած ընտանիքներին։

Պատերազմի առաջին օրերից երիտասարդները միջոցների հաւաքագրում են սկսել՝ ժամանածներին օգնելու համար։ Նրանց կոչին արձագանքել են ընկերները տարբեր երկրներից, որոնք փող են ուղարկում արցախցիներին անհրաժեշտ ամէն ինչի գնման համար։ Իսկ կամաւորները չեն մոռանում նաև երեխաների ժամանցի և խաղերի մասին, նրանց համար կազմակերպում են թատերական ներկայացումներ և ֆիլմերի անվճար ցուցադրութիւն։

«Չգիտեմ, թէ երբ, բայց հիմնադրամները կը սկսեն աշխատել, նրանք, հաւանաբար, կ’օգնեն ընտանիքներին, սակայն այդ մարդկանց հենց այսօր է օգնութիւն պէտք։ Խօսքը հիկենայի պարագաների, հագուստի, սննդի, մանկական կերերի և, ի հարկէ, կացարանի մասին է», — ասում է Նանան։

Օգնութիւն՝ աշխատանքի տեսքով

Նանա Մարտիրոսեանի ցուցակում Արցախից ժամանած 500 ընտանիք կայ։ Նրանք հիմնականում տարեցներ, կանայք և երեխաներ են։ Ինչ-որ գումար վաստակել այդ ընտանիքներում կարող են հենց կանայք, և նրանք արդէն գործի են անցել։

Կամաւորները նրանց կապել են գործարարների հետ, որոնք պատրաստ են օգնութիւն ցուցաբերել։ Եւ այժմ նրանցից ոմանք կարուձևի սրահներում են արդէն, սովորում և միաժամանակ աշխատում, աշխատավարձ ստանում, ոմանք ռեստորաններում թթու են դնում, ոմանք ղարաբաղեան ժինկեալով հաց են թխում։

Գործարարները նրանց աշխատանքից ստացուած գումարից աշխատավարձ են վճարում նրանց, մնացած գումարը փոխանցում են որպէս օգնութիւն՝ միւս տուժած ընտանիքներին։

Իսկ նրանք, որոնք ապրում են հիւրանոցներում, ամառանոցներում և անվճար տրամադրուած բնակարաններում, որպէս շնորհակալութիւն, նոյնպէս սկսել են աշխատել, օրինակ՝ աւանդական արցախեան ուտեստներ պատրաստել և թխել։ Վաճառքից ստացուած գումարը նրանք տալիս են այն հաստատութիւններին, որտեղ բնակւում են։ Օրինակ՝ Դիլիջանի «Հովեր» հիւրանոցում ապաստանած արցախցի կանայք օրական 1000 հատ ժինկեալով հաց են թխում։

Սեփական պիզնես՝ զրոյից

Իր նախկին՝ պատերազմական կեանքում Արմինէ Աղաբեկեանն աշխատել է Ստեփանակերտի կենտրոնական շուկայում, ղարաբաղեան յայտնի ժինկեալով հաց է թխել։

Սեպտեմբերի 27-ի համար մեծ պատուեր է ունեցել զբոսաշրջիկներից, այդ պատճառով էլ ողջ գիշեր աշխատել է։

«Ոչ ոք պատուերի հետևից չեկաւ, քանի որ վաղ առաւօտից քաղաքը սկսեցին ռմբակոծել, և պատուիրատու զբոսաշրջիկները միանգամից Հայաստան մեկնեցին», — պատմում է Արմինէն։

Որոշ ժամանակ անց աշխատանքի դուրս գալը վտանգաւոր է դարձել։ Ստեփանակերտի բնակիչները սկսել են ռմբակոծութիւնից թաքնուել շէնքերի նկուղներում։ Օրեցօր իրավիճակը սրուել է։ Ութերորդ օրը քաղաքը հրետակոծուել է 5-6 ժամ անընդմէջ։

«Առողջութիւնս կտրուկ վատթարացաւ, ամուսինս մեքենայ գտաւ և ինձ Երևան ուղարկեց հողաթափերով։ Այստեղ ինձ մի քանի անգամ սնունդ են բերել որպէս օգնութիւն, որից սկսեցի աւելի վատ զգալ։ Այս ի՞նչ իրավիճակում եմ յայտնուել։ Հիմա, ի՞նչ է, այսպէ՞ս եմ ապրելու», — սկսել է մտահոգուել Արմինէն։

Այդ ժամանակ նա որոշել է ինչ-որ գործ սկսել՝ գումար վաստակելու համար։ Իր և իր գաղափարի մասին գրել է Ֆէյսպուքում, և մարդիկ արձագանքել են, օգնել տեղի հարցում, որպէսզի նա կրկին սկսի զբաղուել նրանով, ինչն ամէնից լաւն է կարողանում անել՝ ժինկեալով հաց թխելով։

«մէկ ժինկեալով հացի արժէքը 600 դրամ է, սակայն շատերն աւելին են վճարում, մէկը՝ 1000 դրամ, միւսը՝ 5 հազար, ոմանք էլ նոյնիսկ՝ 10 հազար դրամ։ Որոշակի գումար ինձ վրայ եմ ծախսում, մնացածը փոխանցում եմ Համահայկական հիմնադրամին՝ օգնութիւն բանակին։ Չգիտենք, թէ երբ կ’աւարտի պատերազմը, բայց պէտք է կարողանանք պահել մեզ և մեր զինուորներին օգնել», — ասում է նա։

Արցախեան թթու՝ Երևանեան ռեստորանում

Իրինա Օբորինան ամուսնացել է արցախցու հետ, և 2017 թ-ին Սլաւեանսկից տեղափոխուել Ստեփանակերտ։ Ամուսինը զինուորական է, չորս երեխայ ունեն։

Սեպտեմբերի 27-ի առաւօտեան Իրինան պատրաստւում էր շուկայ գնալ՝ գնումների, սակայն ինչ-որ պայթիւններ է լսել, բայց չի հասկացել, որ արկեր են պայթում։

«Ես չէի պատկերացնում, որ նման բան հնարաւոր է։ Ինձ թուաց, թէ հրավառութիւն է։ Սակայն երբ պատշգամբից հարևանուհուս հետ ծխի քուլաներ տեսանք, նա ասաց, որ պատերազմ է․ ստեփանակերտցիներին ծանօթ են այդ ձայները դեռ առաջին պատերազմից»։

Երեք օր Իրինան երեխաների և թաղամասի միւս բնակիչների հետ ապաստարանում է մնացել։ Այնուհետև ամուսինը նրան ու երեխաներին Երևան է ուղարկել, որտեղ նրանց ընդունել է անծանօթ ընտանիք։

«Տնից դուրս ենք եկել, ինչպէս հագնուած էինք այդ պահին, ոչ հագուստ ենք հետներս բերել, ոչ կոշիկ։ Այստեղ բարի մարդիկ ապաստան են տուել, հագուստ բերել։ Ես այսօր էլ Ստեփանակերտ կը վերադառնամ, եթէ ամուսինս ասի՝ արի։ Շատ եմ նրա համար անհանգստանում, լինում է, որ երկու օր լուր չեմ ունենում։ Իսկ երբ զանգահարում է, հարցնում եմ, թէ ինչպէս է, միշտ պատասխանում է՝ նորմալ»։

Այժմ Իրինան աշխատում է «Մեր տունը» երևանեան ռեստորանում։ Այն յայտնի է դարձել նրանով, որ այստեղ արցախցի կանայք թթու են պատրաստում և ապրուստի միջոց վաստակում։

Ապագայի պլաններ

Արցախից եկածներն անընդհատ խօսում են վերադարձի մասին՝ չնայած որ ռազմական գործողութիւնները դեռ չեն դադարում։

«Ոչ ոք չգիտի, թէ երբ է աւարտուելու պատերազմը, որպէսզի այդ մարդիկ իրենց տուն վերադառնան, այդ պատճառով էլ որոշ սոցիալական հարցեր, նրանց սննդով, հագուստով, հիկիենայի պարագաներով ապահովելու հոգսն իրենց վրայ են վերցրել այն համայնքները, որտեղ նրանք տեղաւորուել են», — ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան մամուլի քարտուղար Սօնա Մարտիրոսեանը։

Կառավարութիւնը մտադիր է որոշակի գումար յատկացնել այն տների և հաստատութիւնների տէրերին, որոնք ապաստան են տուել արցախցիներին, մասնաւորապէս՝ կոմունալ ծախսերը հոգալու համար։

Իսկ զբաղուածութեան պետական ծառայութիւնն այն անձանց տուեալների բազայ է ստեղծում, որոնք այժմ արդէն ցանկութիւն են յայտնել պատերազմից յետոյ Լեռնային Ղարաբաղ մեկնել և մասնակցել շինարարական և վերականգնողական ախատանքներին։ արդէն աւելի քան 600 մարդ է գրանցուել։

Թէ որքանով Հայաստանին կը յաջողուի լուծել ստեղծուած խնդիրները, ըստ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանդ Միքայէլեանի, կախուածէ նրանից, թէ որքան երկար մարդիկ չեն կարողանայ վերադառնալ իրենց տներ։

Որքան երկար նրանք ստիպուած լինեն մնալ այն վայրերում, ուր տեղափոխուել են, այնքան մեծ է հաւանականութիւնը, որ նրանց պէտք է ինչ-որ կարգավիճակ շնորհուի և համապատասխան ապահուում յատկացուի։

«Սակայն, այո, ակնյայտ է, որ խնդիրներ լինելու են։ Հայաստանն, առանց այն էլ, խորը տնտեսական ճգնաժամի մէջ էր, իսկ այժմ նաև մեծ տնտեսական վնաս է կրել պատերազմից։

Հետևաբար, տեղափոխուած անձանց ապահովումը լրացուցիչ բեռ է լինելու։ Սակայն այդ մարդկանց անհնար է չօգնել, միջոցներ կը գտնուեն։ Սփիւռքը կ’ օգնի փախստականների համար մարդասիրական ծրագրերին, մասնաւորապէս, տեղափոխուած անձանց պահպանմանն ու նրանց կացարանային պայմանների բարելաւմանը», — կարծում է փորձագէտը։

JAM-News

Leave a Comment

You must be logged in to post a comment.