Պատերազմի օրերին ՀՕՄ-ը յենարան եղաւ հայրենիքին ու ժողովրդին․ այդ առաքելութիւնը շարունակւում է նաև այսօր

Արցախեան վերջին պատերազմի օրերին Հայ օգնութեան միութիւնն (ՀՕՄ) իր առաքելութեանը հաւատարիմ՝ յենարան եղաւ հայրենիքին ու հայ ժողովրդին։ ՀՕՄի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարինէ Համբարձումեանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ հենց պատերազմի մասին իմացել են, ողջ թիմով շտապել են Արամ Մանուկեանի արձանի մօտ, քանի որ կանչ էր եղել․ պէտք է հաւաքուէին ու հասկանային՝ այդ պայքարի մեջ ինչ ներդրում պիտի  ունենան իրենք։

«Հենց առաջին օրը ճանապարհեցինք հարիւր կամաւորի, և նրանց հայեացքները ես երբեք չեմ մոռանայ։ Նրանք բոլորովին ընկճուած չէին, շատ մարտական տրամադրութիւն ունէին։ Ու երբ յայտարարում էին այս կամ այն ընկերոջ անունը, որպէսզի առաջ գայ ու նստէր մեքենան, բոլորն էլ շատ խրոխտ քայլերով էին գալիս, նստում մեքենան, որ գնային դէպի Արցախ», — պատմեց Մարինէ Համբարձումեանը՝ ընդգծելով՝ պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրուանից մտածել են՝ ինչով կարելի է օգնել մեր բանակին, և, բնականաբար, ջանասիրաբար աշխատել։

«Առաջին իսկ օրուանից մենք օգնել ենք ՀՅԴ կամաւորական գումարտակի ընկերներին։ Դեղամիջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով աջակցել ենք Ստեփանակերտի, Հադրութի, Սիսիանի հիւանդանոցներին։ Այդ  օրերին մենք հաշուի էինք առնում այն հանգամանքը, թէ առաջին հերթին ինչի կարիք կայ, և ըստ այդմ՝ կազմակերպում մեր աշխատանքներն ու օգնում ինչով կարող ենք։ Ճակատից մեր ընկերներից ստանում էինք լուրեր, հասկանում, թէ իրենք ինչի կարիք ունեն ու այստեղ առաւօտից մինչև երեկոյեան ժամը 22-ը մեր ժրաջան ընկերուհիները փաթեթաւորում էին տղաներին անհրաժեշտ իրերը։ Տարբեր անհատներ ու հասարակական կազմակերպութիւնները, որոնք վստահում էին ՀՕՄ-ին, գրասենեակ էին բերում անհրաժեշտ դեղամիջոցներ և այլ պարագաներ», — պատերազմի դառն  օրերը յիշելով՝ պատմեց Մարինէ Համբարձումեանը։

Պատերազմական օրերին ՀՕՄ-ուհիները եղել են նաև հիւանդանոցներում՝ վիրաւորում ստացած մեր քաջերին տեսակցելու։ Այդ օրերին, ցաւօք, ամփոփում էին նաև մեր քաջերի մարմինները, որոնք զոհւում էին յանուն հայրենիքի։

«Այդ օրերին դարձել էինք  անընդհատ թաղում գնացող մարդիկ․․․․Դա շատ դաժան էր։ Ես յիշում եմ՝ կային օրեր, որ մի քանի զոհի մասին էինք լսում։ Մէկ օրուայ ընթացքում վեց զոհ էինք ունեցել, կորցրել էինք վեց ընկերոջ ու ամփոփում էինք նրանց մարմինները Պռոշեանի «Զօրաց» պանթէոնում։ Հոգեբանօրէն շատ ծանր էր, բայց պայքարում էինք։ Դրանից յետոյ սկսեցինք օգնել զոհերի և վիրաւորների ընտանիքներին։ ՀՕՄ-ը երրորդ անգամ է պատերազմ տեսնում․ առաջինն 90-ականներին էր, երկրորդը՝ Ապրիլեան քառօրեայ պատերազմը, իսկ երրորդն՝ այս սարսափելի պատերազմը։ Այս վերջին պատերազմի պէս սարսափելի պատերազմ չէինք տեսել», — ցաւով պատմեց ՀՕՄ ի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհին։

ՀՕՄ-ը համագործակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։ Այս կենտրոնի երրորդ յարկն ամբողջութեամբ  վերանորոգուել և  այդ յարկի հիւանդասենեակները  կահաւորուել են ՀՕՄ-ի աջակցութեամբ։ Արցախեան վերջին պատերազմի օրերին ևս ՀՕՄ-ը  ֆինանսական միջոցներ փոխանցեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ անհրաժեշտ բժշկական սարքաւորումներ գնելու համար։

«Ինչպէս գիտէք, պրոթեզաւորման նոր կենտրոն է ստեղծւում․ այդտեղ նոյնպէս մեր աջակցութիւնը պիտի ունենանք։ Ցաւօք, այս պատերազմի ընթացքում շատ տղաներ անդամահատուեցին։ Այդքան շատ անդամահատուած մարդ նոյնիսկ երկրաշարժի տարիներին չեմ տեսել», — կսկիծով ու մայրական գորովանքով մեր քաջերի մասին խօսելով՝ պատմեց Մարինէ Համբարձումեանը, որը մինչև հիմա յաճախակի իր ընկերուհիների հետ այցելում է վերականգնողական կենտրոն՝ մեր քաջերին սատարելու, սէր ու քնքշանք տալու։

1990-ական թուականներից ՀՕՄ-ն իրականացնում է «Որբախնամ» ծրագիրը։ Որոշուել է այդ ծրագիրը վերանուանել «Զոհուած հերոսների զաւակներ» ու այդ ծրագրի շրջանակում աջակցել յանուն հայրենիքի զոհուած մեր քաջերի զաւակներին։ Հայաստանի բոլոր մարզերում ՀՕՄ-ն ունի մասնաճիւղեր․ ամէն մասնաճիւղ հաւաքագրում է իր տեղանքի զոհուած հերոսների ընտանիքների տուեալները և ուղարկում  գրասենեակ։

«Կեդրոնական  վարչութեան կողմից  պաշտօնեայ ունենք՝ Անահիտ Մեսրոպեանը, որը ստանում է բոլոր այդ տուեալներն ու փաստաթղթերը։ Այսինքն՝ այս աշխատանքը մենք միասնական ուժերով ենք իրականացնում։ Հիմա տուեալների հաւաքագրման փուլում ենք և պէտք է սկսենք նոր փուլը։ «Զոհուած հերոսների զաւակներ» ծրագիրը, յուսանք, սփոփանք կը լինի  մեր հերոսների ընտանիքների համար, յոյս ունենք, որ թէկուզ փոքրիկ հարցերում կը կարողանանք օգնել իրենց և, ի հարկէ,  ոչ միայն ֆինանսապէս, այլև հոգեպէս իրենց կողքին լիել», — յոյս յայտնեց Մարինէ Հաբարձումեանը։

Նա պատմեց՝ մարտի 8-ին Պռոշեանի «Զօրաց» պանթէոնում տեղի ունեցաւ նորագիր 19 ՀՕՄ-ուհիների՝ Հայ օգնութեան միութեանը միանալու ուխտի արարողութիւնը։  Մարինէ Համբարձումեանի խօսքով՝ ՀՕՄ-ուհին իր կերպարով ու իր կատարած աշխատանքով օրինակ է դառնում միւսների համար, և շատերը հենց  ՀՕՄ-ուհիներին տեսնելով ու նրանց աշխատանքով հիանալով են որոշում դառնալ ՀՕՄ-ուհի։

«Ուխտի արարողութեան օրը շատ յուզիչ էր, որովհետև մենք «Զօրաց» պանթէոնում էինք։ Առաջին զոհերից մէկը, որ ունեցանք  90-ականներին, Պետոն էր, Կարօտը․․․ Մենք այցելեցինեք նրանց շիրիմներին։ Գիտէք՝ Կարօտը անհետ կորած է, շիրիմ չունի, բայց մենք նրան էլ այցելեցինք։ Նրանց յուսադրելու էինք գնացել՝ ասելու, որ իրենք հենց այնպէս չեն զոհուել։ Հիմա շատ հարցեր կան․ մտածում ես՝ ինչո՞ւ այսքան հող տրուեց, Շուշին տրուեց, Հադրութը․․․ այդ գիւղերը, և ինչո՞ւ զոհուեցին մեր քաջերը։  Եթէ Պետոն ազատագրել էր Շուշին,  վերջին այս պատերազմում կռուած քաջերը չիմացան՝ ինչու զոհուեցին։ Դա ինձ ցաւ է պատճառում։ Այդ քաջերը չգիտէին, որ հնարաւոր էր այսպէս դաւադրաբար, անմարդկային, ոչ հայեցի լինել․․․․ Այո՛, ոչ հայեցի, այլապէս ինչպէ՞ս կարող էր տալ մեր հողերը, չէ՞ որ այս տղաները գնացել էին մեր  հայրենիքը պաշտպանելու։ Մերոնց հնարաւոր չէր այսպէս «մէջտեղից վերացնել», քանի որ հայ զինուորը, հայ կամաւորը հենց այնպէս չի գնում կռուելու։ Հնարաւոր չէ, որ նրանք պարտութիւն կրէին։ Ես նման պարտութիւն, նուաստացում, գլխիկոր վիճակ երբեք չեմ տեսել։ Հիմա ինչպէ՞ս պիտի դուրս գանք այս իրավիճակից, սա՛ է հարցը», — իր ցաւը մեր թղթակցի հետ կիսելով՝ ասաց Մարինէ Համբարձումեանը։

Հարցազրոյցի վերջում մեր թղթակիցն իր զրուցակցին ուղղեց աւանդական դարձած կարևոր հարցը՝ նայելով ապագային՝ ի՞նչ յոյսեր ունէք և ինչպիսի՞ տեսլական։

ՀՕՄի ատենապետուհի Մարինէ Համբարձումեանը պատասխանեց՝  իրեն լաւատես մարդ է համարում, բայց հիմա չգիտի՝ ինչ սպասել ապագայից․․․ Մարինէ Համբարձումեանը, որը յաճախ է շփւում արցախցիների հետ, ուժ է առնում նրանցից։

«Շատ տեղահանուածների՝ մօտ 60 տոկոսի մէջ կայ այն հաւատը, որ ետ է գնալու իր տուն։ Այս հաւատը, որ ունեն իրենք, մեզ էլ է փոխանցւում։ Այդ լաւատեսութիւնն, իհարկէ, լաւ բան է, բայց դրա հետ մէկտեղ՝ պէտք է ունենանք Կառավարութիւն, որը խելացի կը գտնուի, ես կասէի՝ այսօր պէտք է հեռանայ, տեղ տայ ուրիշներին, որովհետև  հիմա մի հանգոյցի մէջ ենք ու չենք կարողանում դուրս գալ։ Մի գուցէ, փոփոխութիւն կատարուի, աւելի խելացիները գան, քանի որ այս ընթացքում մեր արտաքին քաղաքականութիւնը դարձաւ զերօ, բաւականին վատ վիճակում ենք։  Իմ յոյսը միայն նրա վրայ է, որ երկրում  փոփոխութիւն կատարուի, գան այրեր, որոնք կարող են մեր երկրում իրավիճակը շտկել, քանի որ այս պահին ես տեսնում եմ՝ գնում ենք ներքև,  լաւը չեմ տեսնում։ Ի հարկէ, ուզում եմ տեսնել լաւը, բայց այդ լաւը տեսնում եմ միայն փոփոխութեան պարագայում», — եզրափակեց Մարինէ Համբարձումեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Յասմիկ Բալեյեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.