Չմարող անցեալը. Միշտ ի գործ և յանուն Հայրենիքի

1920 թուական, 29 օգոստոս

ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

Ոչ կուսակցականներուն

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպէս գիտէք Հայաստանի Հանրապետութեան քսան միլիոնի փոխառութիւնը հրապարակ իջած է ու կը ծախուի գրեթէ Եւրոպայի ամէն կողմը, ու այսօր ալ այդ փոխառութեան մաս մը եկած է Ամերիկայի շրջանը, որը ներկայիս Նիւ Եորք կը մնայ։ Այդ փոխառութեան մասնակցելու համար ձեզ ոչ կուսակցականներդ ալ կը հրաւիրենք սոյն գործին լծուիլ, միասնաբար Ազգային պարտականութիւնը գործադրելու։

Ընկերական բարևներով՝
ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

 

29 օգոստոս 1920

ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

ՍԴՀնչակեան կուսակցութեան Պրենթֆըրտի մասնաճիւղին

Սիրելի ընկերներ,

Ինչպէս գիտէք, Հայաստանի Հանրապետութեան ներքին (ազատութեան) փոխառութեան առթիւ Եւրոպայի ամէն կողմը յանձնախումբեր կազմուած են՝ փոխառութիւնը յաջողութեամբ պսակելու։ Տեղւոյս գաղութը ևս մասնակից ընելու համար կը հրաւիրենք ձեզ եւս որ հաճիք գալ Խրիմեան գրադարանը միասին խորհրդակցելու և շուտափոյթ կարգադրութիւն մը ընել միասնաբար գաղութիս մէջ յաջողութեամբ պսակելու Հայաստանի Հանրապետութեան փոխառութիւնը։

Ընկերական սիրալիր բարևներով՝

ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

 

18 Նոյեմբեր 1920

ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

Միլիոն ռուպլիի կենտրոնական եանձնախումբին

Նիւ Եորք

Հարգելի հայրենակիցներ

Ստացած ենք ուղարկած նամակնիդ, կը ցաւինք որ չկրցանք ձեզ պատասխանել փութով մեր կամքին անկանխաբար հակառակ մեր կրկնակի դիմումներուն, երկար ձգձգելէ վերջ տեղիս ՍԴ Հնչակեան կուսակցութիւնը մեզ կիմացնէ որ չկրնար մասնակցիլ այս խիստ ազգանուիրական  գործին։

Մեր ընկերներու եւ տեղիս չեզոք ազգայիններէ կազմուած է յանձնախումբ մը, որը արդեն յանձնախումբի անունով դիմում կատարած է, որուն հետ կրնաք յարաբերութեան մտնել քարտուղարին անունով որուն հասցեն է 286 P.O.B Brantford Ont. Canada

Հայրենակցական սիրալիր բարևներով

ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ

 

ՀՅԴ Գանատայի արխիւի այս էջերը պատմում են նորաստեղծ Հայաստանի հանրապետութեան վերաշինման գործին համայն հայութեան պատրաստակամութեան և նուիրումի, հայրենիքին օգնելու գաղափարի շուրջ համախմբուելու, միաւորուելու մասին։ Այս էջերը ակնյայտ են դարձնում Հայաստանի առաջին Հանրապետութեան իշխանութեան երկրի կերտմանն ուղղուած այն հսկայ աշխատանքները, որում ամէն հնարաւորն արուել է համայն հայութեանը, երկրից ներս և դուրս, համախմբելու ի նպաստ Հայրենիքի և ի գործ յանուն Հայրենիքի։

Հասկանալու համար արձանագրութիւններում յիշատակուող անկախութեան փոխառութիւնը, որի յաջողութեան համար այդպէս ջանադրօրէն ՀՅԴ մարմինները լծուել են գործի, խօսեցինք պատմական գիտութիւնների դոկտոր, Խ․ Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Խաչատոր Ստեփանեանի հետ․

Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնը 1920 թյունիսի 10-ին հաստատեց նախապէս Խորհրդարանի կողմից ընդունուած «Հայաստանի անկախութեան փոխառութեան (bond) մասին» օրէնքի նախագիծը ։ Օրէնքը նախատեսում էր նորանկախ պետութեան արդիւնաբերական ուժերը և տնտեսութիւնը վերականգնելու և հանրապետութեան թղթադրամի ֆոնտն ապահովելու նապատակով կազմակերպել հանգանակութիւն ։ Ըստ օրէնքի` նախատեսւում էր կնքել 20 մլն. ամերիկեան տոլարի անուանական գումարի պետական փոխառութիւն 6 տոկոսով: Փոխառութեան 75 տոկոսը յատկացնել վերոհիշյալ նպատակին, իսկ 25 տոկոսը գործադրել պետական այլ կարիքների համար : Փոխառութիւնն արուելու էր 10 տարով Հայաստանում և արտասահմանում։ Բաց էին թողնուելու 10, 25, 50, 100, 500 և  1000 տոլարանոց պարտաթղթեր, որոնք ազատ էին լինելու տուրքերից։ Փոխառութիւնն ապահովագրւում էր Հայաստանի Հանրապետութեան ամբողջ գոյքով։ Փոխառութեան գործի կազմակերպումը վստահուեց նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսեանին, ով այդ առաքելութեամբ գործուղուեց արտասահման:

Անկախութեան փոխառութեան գաղափարը մեծ ոգևորութիւն  առաջացրեց թէ Հայաստանում և թէ արտասահմանում: Աշխարհի տարբեր անկիւններից շատերն էին ցանկանում իրենց մասնակցութիւնն ունենալ պետութեան վերաշինման գործում: Հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ, թերթեր, անհատ գործիչներ կանգնեցին ՀՀ կառավարութեան կողքին։ Բոլորը համոզուած էին, որ փոխառութիւնը ցանկալի արդիւնք կ՚ունենայ:

Անկախութեան փոխառութեան ծրագրի բացումը տեղի ունեցաւ 1920 թ օգոստոսի 1-ին Թիֆլիսում և Բաթումում։ Հրատարակուեց «Անկախութեան փոխառութիւն» միօրեայ թերթ, որտեղ գրառումներով հանդէս եկան բազմաթիւ մեծանուն գործիչներ Յովհաննէս Թումանեանը, Դերենիկ Դեմիրճեանը, Ստեփան Լիսիցեանը, Ռուբէն Խանազատը և ուրիշներ ։ Հենց օգոստոսի 1-ին բազմաթիւ անհատներ, հիմնարկութիւններ, խորհրդարանի և կառավարութեան անդամներ տրամադրում են զգալի գումարներ, Կաթողիկոսը Էջմիածնի կողմից տալիս է 1 մլն. ռուբլի: Մի քանի ժամուայ ընթացքում հավաքւում է 45 մլն. ռուբլի:

Վրաստանից յետոյ Ա Խատիսեանն անցաւ Եւրոպա, Եգիպտոս, Զմիւռնիա, որտեղ հանդէս եկաւ յաջող փոխառութիւններ կատարելու վերաբերեալ հրապարակային դասախօսութիւններով ։ Ամենուր գաղութահայութիւնը մեծ ցնծութեամբ ու ոգևորութեամբ էր դիմաւորում Խատիսեանին և վստահեցնում փոխառութեան յաջող ընթացքի մասին; Անկախութեան փոխառութեանը (bond) բաժանորդագրւում էին ոչ միայն ունևորները, այլև հասարակ ժողովուրդը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետութեան անունով կտակներ էին կազմում արտասահմանի հայ մեծահարուստները: Այդպէս, Եգիպտոսի գործարանատէր Մելքոնեան եղբայրները, ընդունելով Հայաստանի քաղաքացիութիւն, իրենց ամբողջ հարստութիւնը` մօտ 6 մլն. տոլար, կտակում են Հայաստանին : Թիֆլիսահայ  մեծահարուստ Ա. Մելիք-Ազարեանը Հայաստանին  է կտակում Թիֆլիսի իր տունը: Այնտեղ էր տեղափոխուելու Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Պաքուի յայտնի դրամատէր Ա. Ղուկասեանը ՀՀ-ին կտակել էր 8 մլն. ռուբլի, որը և փոխանցուեց պետութեանը: Հայ ռամկավարների կուսակցութիւնը Եգիպտոսում որոշել էր ՀՀ-ին փոխանցել «Ռամկավար Հայաստանին օդային տորմիղ»` բաղկացած 50 օդանաւից, ՀՅԴ-ի կողմից ԱՄՆ-ում կազմակերպուած «բանակի հանգանակութիւն»-ից հավաքուեց աւելի քան կես միլոն տոլար: Այդ հանգանակութեան շրջանակներում մեծ քանակութեամբ սննդամթերք ուղարկուեց Հայաստան ։

Հայաստանում ներդրումներ էին անելու Մայիլեան եղբայրները, Փիթոյեանները, Ժամհարեանները և շատ ուրիշներ։ Կառուցուելու էին նոր երկաթուղագծեր, էլեկտրակայաններ և այլն։

Ցաւօք Հայաստանի 1920 թ աշնանը տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմը և Հայաստանի խորհրդայնացումը կիսատ թողեցին բոլոր ծրագերը։ Բայց ակներև էր այն փաստը, որ հայկական գաղութների հնարաւորութիւնները սիրայօժար տրամադրուելու էին Հայաստանի Հանրապետութեան ռազմական, տնտեսական, կրթամշակութային վերելքին։

Գանատայի ՀՅԴ արխիւային նիւթերում խօսւում է այդժամ ոչ միայն ՀՅԴ Գանատայի մէկ միլիոն ռուբլու օժանդակութեան, այլ Հայրենիք ուղարկուած զինուորական հագուստի, այստեղ նշենք, որ ՀՅԴ Գանատայի կառոյցը այդժամ ունեցել է զինուորական տուրք, կեանքի կոչուել եւ գործել է բանակի հանգանակիչ յանձնախումբ, դեղորայքի, գրենական պիտոյքների, հագուստի, սնունդի, ընդհանրապէս այն ամէնի, ինչը հնարաւոր է եղել Հայրենիք ուղարկել։

Դաշնակցութիւնը, Հայրենիքից ներս և դուրս, իր առաքելութեամբ և անկոտրում կամքով միշտ շարունակել է իր երթը ի գործ և յանուն Հարենիքի։

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.