«Չեմ բացառում Հայաստանի վրայ ռազմական լայնամասշտապ յարձակման հաւանականութիւնը». Վարուժան Գեղամեան
Հայաստանը գտնւում է Մերձաւոր Արեւելքի հիւսիսային հատուածում՝ Հարաւային Կովկասում, որտեղ անցնող տարին եղել է իրադարձութիւնններով լի՝ դիւանագիտական ու քաղաքական ինտենսիւ պայքարով յագեցած։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի, սպասուող հնարաւոր զարգացումների մասին «Հորիզոն»ի թղթակիցը զրուցել է թոււրքագէտ Վարուժան Գեղամեանի հետ։
Հ.- Պարո՛ն Գեղամեան, այժմ տարածաշրջանում ընթացող իրադարձութիւններն ինչպիսի՞ ազդեցութիւն կարող են ունենալ Հայաստանի վրայ։
Վ.Գ.– Ինչպէս ամբողջ Մերձաւոր Արեւելքում, այնպէս էլ Հարաւային Կովկասում, չի հաստատուել կայունութիւն եւ ուժերի այնպիսի հաւասարակշռութիւն, որը թոյլ կը տար ենթադրել, որ առաջիկայում ունենալու ենք համեմատաբար կայուն ու խաղաղ շրջափուլ։ Այս առումով իրավիճակն անկայուն է եւ յղի բազմաթիւ վտանգներով, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին ու հայութեանը, այլեւ ընդհանրապէս ամբողջ տարածաշրջանին։ Հայաստանն ու Հարաւային Կովկասը տարբեր բեւեռների միջեւ աշխարհաքաղաքական մրցակցութեան հիմնական թատերաբեմերից է։ Նոյնիսկ կարելի է ասել՝ Ուքրանիայի, Իսրայէլի, Պաղեստինի հետ միասին՝ աշխարհաքաղաքական ամենակարեւոր մրցակցութեան հարթակներից մէկն է, ուստի այստեղ ինտենսիւ պայքար է ընթանում տարբեր բեւեռների ներկայացուցիչների, նրանց գործընկերների միջեւ՝ ազդեցութեան գօտիներ ձեւաւորելու կամ դրանք պահպանելու, ընդլայնելու համար։
Հ.– Հայ-ռուսկան սրուած յարաբերութիւններն ի՞նչ հետեւանքներ կարող են առաջացնել։
Վ.Գ.– Ռուսաստանը Հարաւային Կովկասում այդ բեւեռներից մէկն է՝ ամենակարեւոր դերակատարներից։ Աւանդաբար վերջին 200-300 տարիների ընթացքում հե՛նց Ռուսաստանն է եղել այս տարածաշրջանի համար առաջին թելադրողը։ Այժմ տեսնում ենք՝ իրավիճակը փոխուել է ոչ միայն այն պատճառով, որ հարեւան խոշոր խաղացողներից՝ Թուրքիայի Հանրապետութիւնը եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շատ աւելի ինտենսիւ կերպով են ներգրաւուած հարաւկովկասեան իրադարձութիւններում։ Նրանց միջոցով այլ դերակատարներ եւս ներգրաւուած են ու այստեղ ընթացող պայքարի, ազդեցութեան գօտիների ձեւաւորման գործում, իսկ դա ազդում է նաեւ Եւրասիայի այլ հատուածներում։ Միւս տեղերում ընթացող իրադարձութիւններն էլ այստեղի վրայ են ազդում, ուստի պատահական չէ, որ Ուքրանիայի պատերազմին զուգահեռ՝ ինտենսիւացաւ Հարաւային Կովկասում Ռուսաստանի դէմ աշխատանքը եւ չեմ կարող ասել, որ այն չի տուել իր պտուղները։ Այդ պտուղներից մէկը Հայաստանում ակտիւօրէն տարածուող հակառուսականութիւնն է, որը ոչ թէ բնականօրէն ծագած է, այլ արհեստածին։ Ռուսաստանի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ խնդրայարոյց է, բայց դա դեռ այնքան բաւարար պայման չէր, որ Հայաստանում բնականօրէն առաջանար այնպիսի հակառուսականութիւն, ինչպիսին կայ այժմ եւ շարունակում է աճել։ Սա նշանակում է՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն այս պահին օգտագործւում են որպէս հակառուսականութեան հիմնական հարթակներից մէկը Ռուսաստանին հարուածելու, թէ ոչ հայերին օգնելու համար։
Հայաստանի հանդէպ ռուսական քաղաքականութիւնը կարող է է՛լ աւելի փոխուել դէպի բացասականը։ Եթէ ի դէմս Հայաստանի ու հայութեան՝ նրանք ընկալեն ոչ թէ դաշնակից կամ գործընկեր, այլ հակառակորդ ու թշնամի, ապա դա մեղմ ասած՝ լաւ հեռանկար չէ։ Ընդհանրապէս լաւ չէ, երբ որեւէ երկիր քեզ թշնամի կամ հակառակորդ է համարում, իսկ Հայաստանում այս պահին ամէն ինչ արւում է Հայաստանը Ռուսաստանի համար որպէս թշնամու կերպար կերտելու համար։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանի քաղաքականութիւնից չկայ բնական դժգոհութիւն կամ չկան խնդիրներ։ Ոչինչ չի արւում այդ խնդիրները լուծելու համար, հակառակը՝ ամէն ինչ արւում է, որ դրանք սրուեն ու եղածից աւելի ներկայացուեն հանրութեանը՝ որպէս, թերեւս համար մէկ, առաջնային, խնդրայարոյց կէտեր։
Հ.– Անդրադառնանք հայ-իրանական յարաբերութիւններին։
Վ.Գ.– Հայ- իրանական յարաբերութիւնները եւս պէտք է դիտարկել իմ նշած աշխարհաքաղաքական մրցակցութեան ծիրում։ Այդ յարաբերութիւններն ունեն զարգացման ֆանտաստիկ մեծ պոտենցիալ, եւ միեւնոյն ժամանակ՝ մեծ ծաւալով չօգտագործուած պոտենցիալ կայ։ 2020 թուականից յետոյ յատկապէս իրանական կողմից եղել են բազմաթիւ կոչեր, ուղերձներ՝ ուղղուած Հայաստանին, որպէսզի Հայաստանը որդեգրի պայմանականօրէն ասած՝ այնպիսի քաղաքականութիւն, որը կը յանգեցնի հայ-իրանական յարաբերութիւններին ռազմավարական բնոյթ հաղորդելուն, բայց դա տեղի չի ունեցել։
Այո՛, կայ որոշակի դիւանագիտական աշխատանք, բայց այն չի կերպարանափոխւում, տեղային դրսեւորումներ չկան ռազմական, տնեսական, քաղաքական մակարդակներում ու ոլորտներում։ Կարծում եմ՝ դրա ամենավառ վկայութիւնը Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի նոր տարբերակի կառուցման դանդաղկոտութիւնն է, որը, վստահ եմ՝ իրանական կողմից չի գալիս։ Իրանական կողմը պարբերաբար ասում է՝ աւելի քան պատրաստ է այդ ճանապարհը դարձնելու ռազմավարական նշանակութեան։ Մենք տեսնում ենք, որ Իրանի հետ յարաբերութիւնները մեզ մօտ որեւէ մակարդակում՝ հռետորաբանութեան, քաղաքական իրական գործունէութեան կամ դիւանագիտութեան ոլորտում որեւէ դիտանկիւնից ռազմավարական առաջնայնութիւն չունի, հետեւաբար՝ եթէ չկայ ռազմավարական առաջնայնութիւն, չեն կարող իրացուել այն հնարաւորութիւնները, որոնք առկայ են հայ-իրանական յարաբերութիւններում, իսկ դրանք հիմա բացառիկ նշանակութիւն ունեն։
Հայաստանի անվտանգութիւնն այժմ առաւել, քան երբեւէ փոխկապակցուած է Իրանի անվտանգութեան հետ, եւ Իրանում դա լաւ հասկանում են, ուստի պատրաստ են ներդրում անելու հայկական անվտանգային համակարգի զարգացման մէջ՝ ուղիղ եւ անուղղակի, բայց դրա համար Հայաստանի Հանրապետութեան կողմից անհրաժեշտ է քաղաքական կամք, որն այս պահին իմ տպաւորութեամբ (նաեւ իրանագէտներն են դա նշում), չկայ հայկական կողմում։
Հ.– Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապուած՝ ի՞նչ կարելի է սպասել։ Ձեր ֆէյսպուքեան գրառումներից մէկում անդրադառնալով այս թեմային՝ արձանագրել էիք, որ սահմանի հնարաւոր բացման, դրանից բխող հետեւանքների վերաբերեալ հետազօտութիւններ չեն արուել եւ կայացուել է որոշում, մինչդեռ «նորմալ պետութիւնում կը լինէր հակառակ հերթականութիւնը՝ հետազօտութիւն, ապա դրա հիման վրայ որոշում»։ Ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանն այս հարցում շրջահայեաց չլինելու պատճառով։
Վ.Գ.- Թէ ինչ գին կարող ենք վճարել, ցոյց է տալիս վերջին 3-4 տարիների պատմութիւնը։ Մենք տեսանք, թէ ինչ ինչ գին կարող է արժենալ անհեռատես քաղաքականութիւնը։ Հայ-թուրքական սահմանի պարագայում միանգամից ասեմ, որ վստահ եմ՝ սահմանը չի բացուելու։ Եթէ կը յիշէք, 2023 թուականի ամրանն էին ասում, որ սահմանը բացուելու է, այն ժամանակ եւս ասում էին՝ չի բացուելու առաջիկայ ժամանակահատուածում։ Սահմանի բացման համար ոչ մի հիմք չկայ․ Թուրքիան օգտագործելու է սահմանի բացման խայծը՝ որպէս Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու կարեւոր միջոց։ Հիմա էլ տեսնում ենք, որ այդ քաղաքականութիւնն իրականացնում է Թուրքիան։
Նախկինում ասում էին՝ Արցախից հայկական զօրքերը հանէ՛ք, եւ սահմանը կը բացուի, դիւանագիտական յարաբերութիւններ կը հաստատուեն։ Երեք տարի է, հայկական զօրքերն Արցախում չեն, բայց սահմանը չի բացուել, դիւանագիտական յարաբերութիւններ չկան։ Հիմա էլ նոր պահանջներ կան Թուրքիայի կողմից։ Անդադար նոր պահանջներ են լինելու՝ այս խայծն օգտագործելով։ Մեզնից կործում են այն զիջումները, որոնք Հայաստանի համար ունեն կրիտիկական նշանակութիւն, իսկ Թուրքիային հնարաւորութիւն են տալիս Հարաւային Կովկասում մեծացնելու իրենց ազդեցութեան գօտին, որը վերջին հաշուով կարող է յանգեցնել հայկական պետականութեան վերացմանը։ Սա է պատճառը, որ Թուրքիան ակտիւօրէն աշխատում է այս ուղղութեամբ։ Հայկական ուղղութիւնն այս պահին թուրքական պետութեան առաջնահերթութիւններից մէկն է։ Առաջիկայում այդ քաղաքականութիւնն է՛լ աւելի է ընդլայնուելու, քանի որ թուրքական կողմում տեսնում են՝ հնարաւորութիւնների այն պատուհանը, որը բացուել է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի նկատմամբ ուշադրութեան պակասի պատճառով՝ ուքրանիական ճակատում Ռուսաստանի զբաղուածութեամբ պայմանաւորուած։ Այդ հնարաւորութիւնների պատուհանը կարող է փակուել, ուստի Թուրքիան ջանում է հիմա Հայաստանից կորզել առաւելագոյնը՝ հնարաւորինս հաստատուել այստեղ, որպէսզի հետագայում ընդլայնեն իրենց հնարաւորութիւնները։ Եթէ նոյնիսկ հիմա հնարաւոր չէ ամբողջութեամբ նուաճել Հայաստանը, ապա կարելի է հիմքեր ստեղծել, որ յետոյ անեն, ինչպէս արել են անցնող բոլոր տասնամեակներում։
Ի վերջոյ, պէտք է հասկանալ, որ Թուրքիային սահմանի բացումն ընդհանրապէս պէտք չէ։ Թուրքիան դրանից ոչինչ չի ստանալու, եւ նպատակ էլ չունի անելու այնպէս, որ Հայաստանն ուժեղ տնտեսութիւն ունենայ։ Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանի տնտեսական ենթադրեալ յաջողութիւնների վերաբերեալ որեւէ ուսումնասիրութիւն չկայ, աւելին՝ ռիսկերը շատ մեծ են։ Այդ մասին նաեւ տնտեսագէտներն են խօսում։
Տարիներ առաջ գերմանական մի ընկերութիւն էր ուսումնասիրութիւն կատարել՝ նշելով, որ Հայաստանի տնտեսութիւնը հայ-թուրքական սահմանի բացման պարագայում տարեկան կարող էր ընդամէնը մէկ տոկոսով աւելի տնտեսական աճ ունենալ։ Իսկ թէ ինչ ռիսկեր կը լինէին հայկական տնտեսութեան համար, տեսական արտադրողների համար, չի ուսումնասիրուել։ Սահմանի բացումը յղի է ոչ միայն տնտեսական վտանգներով, այլեւ անվտանգային, ժողովրդագրական եւ այլ բազմապիսի սպառնալիքներով, որոնց դիմադրելու ռեսուրսներ այս պահին Հայաստանը չունի։ Հետեւաբար՝ մեծ հարց է՝ սահմանի բացումը Հայաստանին ընդհանրապէս պէ՞տք է, թէ՞ ոչ, առաւել եւս այն գնով, որը պահանջում են դրա դիմաց։
Հ.– Իրսայէլապաղեստինական հակամարտութիւնն ինչպէ՞ս կարող է ազդել Հայաստանի վրայ։
Վ.Գ.– Այնտեղ տեղի ունեցողը լիարժէք փոխկապակցուած է Հարաւային Կովկասի հետ այն պարզ պատճառով, որ մենք գտնւում ենք նոյն տարածաշրջանում, էլ չեմ ասում՝ այնտեղ ներգրաւուած ուժերը նոյնն են, որոնք ներգրաւուած են Հարաւային Կովկասում։ Ուստի, նրանց գրանցած յաջողութիւններն ու անյաջողութիւններն ազդում են նաեւ այս տարածաշրջանում իրենց ունեցած կշռի վրայ։ Ինչ վերաբերում է հնարաւոր զարգացումներին, շատ բան կախուած է նրանից, թէ այնտեղ՝ ճակատում ինչ կը լինի։
Իմ տպաւորութեամբ առաջիկայ մէկ-երկու ամիսները համեմատաբար հանգիստ են լինելու եւ մերձաւորարեւելեան թէժ քաղաքականութեան հերթական շրջափուլին, հաւանաբար, ականատես կը լինենք 2024 թուականի գարնանը։ Չի բացառւում, որ դրա հիմնական թատերաբեմը լինի ոչ թէ այնտեղ՝ Պաղեստինի ու Իսրայէլի միջեւ, այլ այստեղ՝ Հարաւային Կովկասում՝ յատկապէս Սիւնիքի շուրջ հնարաւոր զարգացումներ, փորձեր ու նախաձեռնութիւններ գուցէ լինեն, որոնք կարող են գալ լրիւ անսպասելի կողմից, այսինքն՝ ոչ միայն Թուրքիայից ու Ատրպէյճանից, այլեւ կարող են նոր տէրութիւններ ներգրաւուել։
Հ.– Այսինքն՝ չէ՞ք բացառում, որ առաջիկայ ամիսների ընթացքում կարող են լայնամասշտապ ռազմական յարձակումներ լինել Հայաստանի վրայ։
Վ.Գ.– 2020 թուականի Նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանի Հանրապետութեան տարածքը ենթարկուել է ռազմական ագրեսիայի։ Առնուազն 300 քառակուսի քիլոմեթր գրաւուած է։ Սա արդէն իսկ բաւարար հիմք է կարծելու, որ նման բաներ էլի՛ կարող են լինել, չէ՞ որ դա եղել է զինադադարից յետոյ եւ «Արցախի հարցի հետ ուղիղ որեւէ առնչութիւն չունի»՝ ըստ ատրպէյճանական, թուրքական ու ՀՀ տէ-ֆակտօ իշխանութեան քարոզչութեան։ Այդ դէպքում ինչո՞ւ են ատրպէյճանական զօրքերը գրաւել Սիւնիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի հսկայական տարածքներ, աւելին՝ այդ գրաւուած տարածքներից վերահսկողութեան տակ են պահում շատ աւելի մեծ տարածքներ՝ այդ երեք մարզերի արեւելեան ու հիւսիսային հատուածներում, ինչը ոչ այլ ինչ է, քան նախապատրաստութիւն աւելի լայնամասշտապ աշխատանքի, որի զսպման ոչ մի մեխանիզմ չկայ՝ բացի բանակի ու դաշնակցային յարաբերութիւնների հզօրացումից։ Ուրիշ ոչ մի իրական երաշխիք չկայ։ Այսինքն՝ որեւէ փաստաթուղթ չի երախշաւորելու, որ Ատրպէյճանն այլեւս չի փորձելու, օրինակ, Ջերմուկը կամ Կապանը վերցնել։
Ես չեմ բացառում լայնամասշտապ Հայաստանի վրայ ռազմական յարձակման հաւանականութիւնը։ Ընդ որում, այդ զարգացումը հնարաւոր եմ համարում գարնան սկզբին։ Կարծում եմ՝ Սիւնիքը, Գեղարքունիքը եւ Վայոց ձորը հաւասարապէս կարող են թիրախ լինել ե՛ւ միաժամանակ, ե՛ւ առանձին վերցուած, քանի որ երեքն էլ գտնւում են այն կրիտիկական տեղերում, որոնք ատրպէյճանական տեսանկիւնից անհրաժեշտ է նուաճել՝ Հայաստանը լիարժէք չէզոքացնելու համար։
Հարցազրոյցը վարեց Յասմիկ Բալէեան
Comments are closed.