Ոչ ոք չի մոռանալու Շուշին, Հադրութը… Բաբաեանը նշել է` որն է հայկական կողմի գերխնդիրը

Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Դաւիթ Բաբաեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է նոյեմբերի 9-ին ստորագրուած եռակողմ յայտարարութեան մէկամեայկին։

Տուեալ ժամանակահատուածը թերևս ամենադժուարն է մեր պատմութեան մէջ, որովհետև լրջագոյն հարուած ենք ստացել, ու թէև Արցախը վիրաւոր է, բայց այս մէկ տարուայ ընթացքում կարողացել ենք պահպանել գոնէ այն, ինչ կայ, և դա մեր առջև այս պահին ծառացած գերագոյն խնդիրն է։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԱՀ արտգործնախարար Դաւիթ Բաբաեանը։

Անդրադառնալով անցած մէկ տարուայ ընթացքում Ադրբեջանի պահուածքին` Բաբաեանն ընդգծեց, որ Ադրբեջանը թէև որոշ պայմանաւորուածութիւններ պահպանում է, սակայն միւս կողմից էլ չի իրականացնում եռակողմ յայտարարութեան մէջ նշուած առանձին կէտեր։

Ըստ նրա` դրական է այն, որ ադրբեջանական կողմի հետ, ինչպէս նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդութեամբ, շարունակւում են զոհուած զինծառայողների աճիւնների որոնողական համատեղ աշխատանքները, որոնց արդիւնքում յայտնաբերուել են նահատակուած բազմաթիւ զինուորականներ։

«Բայց միւս կողմից էլ Ադրբեջանը հրաժարւում է վերադարձնել բոլոր գերիներին և նոյնիսկ պատանդների մասին տեղեկատուութիւն չի տարածում, շարունակում է իր ագրեսիւ ու ապակառուցողական քաղաքականութիւնը, խախտում է զինադադարի ռեժիմը` պատճառ դառնալով նոր զոհերի, իրականացնում է հայկական պատմամշակութային արժէքների ոչնչացում, չի հրաժարւում իր ծաւալապաշտական ու հայատեաց քաղաքականութիւնից»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Նրա դիտարկմամբ` պէտք է հասկանալ, թէ ում հետ գործ ունենք և գիտակցել, որ Արցախն էլ ունի հնարաւորութիւններ պահպանելու այն, ինչ կայ, որովհետև Արցախի յարատևութեան անհրաժեշետութեան հարցը կայ նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային օրակարգերում։ Ըստ նրա` Ռուսաստանի խաղաղապահ առաքելութիւնը վճռորոշ դերակատարում ունի Արցախի անվտանգութեան, տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան պահպանման գործում, և որևէ մէկը չի կարող դա ժխտել։

Վերջում Բաբաեանը ևս մէկ անգամ վերահաստատեց պաշտօնական Ստեփանակերտի ու Արցախի ժողովրդի անփոփոխ, անկոտրում կամքն առ այն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Յիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ յայտարարութիւն ընդունեցին ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ։

Եռակողմ յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (աւելի ուշ այդ ժամկէտը 10 օրով երկարաձգուեց), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնութեամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շօշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտեան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետութեան միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատւում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` երկարացման հնարաւորութեամբ, եթէ յաջորդ հինգ տարուայ համար կողմերը ժամկէտի լրանալուց վեց ամիս առաջ չեն յայտարարում այս դրոյթի կիրառութիւնը դադարեցնելու մասին։

Նշւում է նաև, որ ներքին տեղահանուածները և փախստականները վերադառնում են ԼՂ և յարակից շրջաններ, իրականացւում է ռազմագերիների փոխանակութիւն և միւս պահուող անձանց փոխանակութիւն, ապաարգելափակւում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.