«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատուածները  թշնամու դիտարկման ներքոյ են». Որոտանի համայնքապետ

Սիւնիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։

168.am-ի հետ զրոյցում Որոտանի համայնքապետ Սուրէն Օհանջանեանն ասաց, որ վերջին շրջանում բնակիչներին «Ուրալ» մեքենաներն են հասցնում իրենց ուզած վայր, այդ առումով գրեթէ խնդիրներ չկան։

«Նոյեմբերի 10-ից, ինչ թշնամին մաքսակէտ է տեղադրել Որոտանի հատուածում, որոտանցիներից որևէ մէկն այդ ճանապարհից չի օգտուել։ Այլընտրանքային ճանապարհներից օգտուելիս, գործում են նաև աւտոբուսներ, աւտոբուսները մարդկանց բերում են դպրոց, դպրոցից էլ հասցնում են իրենց տուն»,- նշեց Սուրէն Օհանջանեանը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհների անվտանգութեանը և այն մտահոգութիւններին, որ դրանք նոյնպէս գտնւում են թշնամու դիտարկման ներքոյ, Սուրէն Օհանջանեանն ընդգծեց.

«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատուածները  թշնամու դիտարկման ներքոյ են։ Թող ղեկավարութիւնը որոշի, թէ այդ հարցն ինչպէս պէտք է լուծի, դուք բոլորդ էլ ինձանից լաւ գիտէք, թէ այս հարցի միակ լուծումը որն է»։

Յիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին թշնամին մաքսակէտեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատուածում, որոշ ժամանակ անց՝ նաև Կապան-Ճակատեն հատուածում։ Այդ ճանապարհներից տեղի բնակիչներն այժմ չեն օգտւում։

Յիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Որոտանի հատուածը, այնուհետև բացել էր և այդ հատուածում սկսել իրանական բեռնատարների վարորդներից մաքսատուրքեր գանձել՝ յայտարարելով, թէ դրանք անցնում են Ադրբեջանի տարածքով։

Leave a Comment

You must be logged in to post a comment.