Ոչ թէ  Ռուսաստանն է մեղաւոր, այլ ՀՀ իշխանութիւնը. քաղաքագէտը` ստեղծուած իրավիճակի մասին

Քաղաքագէտ  Սուրէն  Սուրէնեանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2020 թուականի նոյեմբերի 9-ի` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ յայտարարութեան ստորագրման 1 տարին լրանալու առիթով ՌԴ ԱԳՆ յայտարարութեանը։

ՌԴ–ն թիւ  մէկ  դերակատարն է Ղարաբաղեան հիմնախնդրի  կարգաւորման գործում, ինչն աներկբայ փաստ է, և այդ իրողութեան հետ արդէն ուղղակի կամ անուղղակի կերպով հաշուի են նստում նաև ԱՄՆ–ն ու Ֆրանսիան։

 

Sputnik Արմենիայի հետ զրոյցի ընթացքում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ  Սուրէն  Սուրէնեանցը։

«Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութիւնն ամբողջովին  չի վերականգնուել, և բոլոր հիմնական հարցերը կարգաւորւում են այլ եռեակում  հարթակում` ի դէմս  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի։ Վերջինս առանցքային դերակատարում ունի նաև Մինսկի խմբի համանախագահութեան ձևաչափում։ Անցեալ տարի կրակի դադարեցման գործում Ռուսաստանը նոյնպէս  ունեցաւ  մեծ դերակատարութիւն»,– նշեց քաղաքագէտը։

Սուրէնեանցի դիտարկմամբ` որևէ բանական մարդ չի մտածում, որ Ռուսաստանը խնդիր ունի Արցախը կտրել կամ յանձնել Ադրբեջանին, քանզի եթէ  որևէ մէկը  նման բան մտածէր, ինքնին կասկածի տակ կը դնէր ռուսական խաղաղապահ առաքելութեան մանդատը։

 

«Մեր երկիրը, ցաւօք սրտի, 44-օրեայ պատերազմից յետոյ  վերածուել  է Ռուսաստանի պրոտեկտորատի, բայց այստեղ ոչ թէ  պէտք  է մեղադրել Ռուսաստանին, այլ ՀՀ իշխանութեանը, որի ապաշնորհ քաղաքականութիւնն ի վերջոյ  յանգեցրեց նրան, որ մենք չկարողացանք  կանխել պատերազմի սանձազերծումը, տանուլ տուեցինք այն` յայտնուելով ծանր պայմաններում։ Ի վերջոյ Հայաստանի անվտանգութիւնը դարձաւ  խոցելի, ինչն ուժեղացրեց մեր երկրի միակողմանի կախուածութիւնը Ռուսաստանից»,– ասաց քաղաքագէտը։

 

Սուրէնեանցի կարծիքով` Ղարաբաղեան  խնդիրն այն բացառիկ հիմնահարցերից է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան լուրջ տարաձայնութիւններ  չունեն։ Այո տակտիկական որոշ հարցերում կան վերապահումներ, տարընթերցումներ, բայց յետպատերազմեան շրջանի և անցեալ տարիների փորձը ցոյց  է տուել , որ իրենք կարողանում են շատ արագ կոնսենսուսով լուծել։

 

Ըստ քաղաքագէտի` նոյեմբերի 9-ի յայտարարութեան  ստորագրումից մէկ  տարի անց ունենք տխուր իրավիճակ այն առումով, որ Հայաստանը գրեթէ  ամբողջութեամբ  կորցրել է իր սուբյեկտայնութիւնը, չունի ո՛չ օրակարգ, ո՛չ տեսլական, թէ  ինչպէս պէտք  է կառուցուեն  յարաբերութիւնները  հարևանների հետ, ունենք տարածքի մի հատուած , որն օկուպացուած է Ադրբեջանի կողմից, ռազմագերիները հայրենիք չեն վերադարձուել, այսինքն` նոյեմբերի 9-ից յետոյ պարտուողական  ընթացքը տակաւին  շարունակւում  է, և իշխանութիւնը  չի կարողացել որևէ լուրջ շտկում մտցնել իրավիճակի մէջ։

 

Նշենք, որ 2020 թուականի նոյեմբերի 9-ի` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ յայտարարութեան ստորագրման 1 տարին լրանալու առիթով ՌԴ ԱԳՆ–ն հանդէս  է եկել յայտարարութեամբ։

Ըստ այդմ` ռուսական կողմը չի յաւակնում  Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թէև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ երկար և սերտ բարեկամութիւն, բոլոր ազիմուտներով մեծածաւալ  գործընկերութիւն է կապում։

 

Sputnik Արմենիա

Leave a Comment

You must be logged in to post a comment.