Ողջ հայութիւնը միասնական աղօթք յղեց առ Աստուած․ «Գնացէ՛ք, ծառայէ՛ք հայրենիքը պաշտպանող հայ զինուորին՝ ով ինչով կարող է»

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսեանը հոկտեմբերի 2-ին կոչով դիմել էր ողջ հայութեանը՝ յորդորելով մէկ բռունցք դառնալ ու աջակցել արցախահայութեանն ու պաշտպանութեան բանակին։ , Պարգև սրբազանը կոչ էր արել Երևանի ժամանակով ժամը 18-ին միասնական աղօթք հնչեցնել յաջողութեան, խաղաղութեան ու յաղթանակի համար։
Այս պահին  արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով  թէժ մարտերը շարունակւում են: Հակառակորդը յաճախակի հրետակոծում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի գիւղերը։ Ողջ հայ ազգն այս օրերին աղօթում է, որ պատերազմը վայրկեան առաջ աւարտուի։

Հետևելով սրբազանի կոչին՝ ողջ հայ ազգը հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18-ին, Գարեգին Բ վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ համազգային զօրակցութեան  աղօթք  հնչեց բոլոր եկեղեցիներում, աղօթք՝ մեր զինվորների, բանակի, յաջողութեան, խաղաղութեան ու յաղթանակի համար։

Ինչպէս բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ներսում և բակում ևս հոծ բազմութիւն էր հաւաքուել։ Բոլորը՝ մեծից փոքր, լուռ աղօթում էին ու խաչակնքում։

Սուրբ Սարգիս եկեղեցում միասնական աղօթքից յետոյ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանն ուղերձով դիմեց հաւատավոր հայ ժողովրդին։

«Հաւատավո՛ր հայ ժողովուրդ, ծանրագոյն փորձութեան ժամ է։ Մենք հոգով, մտքով, սրտով, էութեամբ մեր զինուորների հետ ենք։ Երբ 105 տարի առաջ մեզ կոտորում էին, դաւանանքի, սեռի, տարիքի տարբերութիւն չէին դնում։ Նոյնն էլ հիմա է։ Մեր նախնիների թափած արիւնը գծագրում է մեր առաքելութեան ու պարտականութեան ճանապարհը։ Այսօր էլ պահը ահարկու է և մեր միասնական աղօթքերը Աստծոյ տան մէջ առաքում ենք ի վեր, բարձրացնում ենք առ Աստուած, որպէսզի Տէրը իր զօրաւոր աջով առաջնորդի մեզ դէպի յաղթանակ․․․

​​​​​​​Հաւատում ենք, որ մեր աղօթքն ուժ ունի։ Ուրեմն՝ գնացէ՛ք, ծառայէ՛ք հայրենիքը պաշտպանող հայ զինուորին՝ ով ինչով կարող է, —  իր ուղերձում նշեց Նավասարդ արքեպիսկպոս Կճոյեանը։

Իր ընտանիքի անդամների հետ միասին՝ առ Աստուած իր աղօթքը յղելու էր եկել նաև տիկին Ռիման։ Նրա որդին՝ Մկրտիչը և թոռնիկը՝ Վազգէնն, այժմ ռազմի դաշտում կռւում են յանուն հայրենիքի։ Տիկին Ռիման, որն իրապէս մարմնաւորում է հերոսական հայ մօր կերպարը,  հպարտօրէն նշեց՝  իր որդին շատ քաջ է, թոռնիկը՝ ևս, աւելին՝ նա մեր քաջ սպարապետի անունն է կրում, նրանք չեն կարող պարտուել։

«Ես որպէս մայր և տատիկ՝ գիտեմ՝ մեր տղաներն անյաղթելի են,  ուրեմն՝ վստահաբար վերադառնալու են յաղթանակած, միայն թէ, թո՛ղ պատերազմը շուտ աւատուի», —   լուսէ հաւատով սրտի կսկիծին ու արցունքներին յաղթելով՝ ասաց տիկին Ռիման։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.