Շարունակելու ենք պատմական արդարութիւնը վերականգնելուն ուղղուած աշխատանքները

MediaHub-ի հետ զրոյցում Փաշինեանին այսպէս արձագանգեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Պատմական հայրենիքից հրաժարումը Նիկոլ Փաշինեանի կարեւորագոյն թիրախներից մէկն է։ Ոչ միայն ՀՀ սահմանն է Հայաստանի Կառավարութեան ղեկավարը որոշել գծել ու յստակեցնել՝ առաւելապէս ի վնաս Հայաստանի, այլ նաեւ պատմաական Հայաստանի քարտէսն է խմբագրում ու ներկայացնում նորովի։

Այսպէս, փորձելով պատասխանել Ալիեւի՝ նախօրէին հնչեցրած յոխորտանքներին, Նիկոլ Փաշինեանն այսօր յայտարարեց, որ «Արեւմտեան Հայաստանն Արմաւիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտեան Հայաստան: Իսկ ահա Արեւելեան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւելեան Հայաստան»:

Փաստացի, Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է պատմական արդարութիւնից, Հայ Դատից, եւ ընդհանրապէս, մեր ինքնութիւնից, հայից ու իրական, կամ որ իր խօսքով է՝ պատմական Հայաստանից։ Հրաժարումների շարքը, վստահաբար, այսքանով չի աւարտուի, մի օր էլ գուցէ, ըստ ցանկութեան, հրաժարուի բոլոր այն հայերից, որոնք կը համարձակուեն Կարսը, Վանը կամ Ալաշկերտն իրենց հայրենիքը համարել։

«Փաշինեանի այս յայտարարութեանը եթերային բառերով արձագանգել ուղղակի չեմ կարող։ Վաղն էլ իր ընտանիքից ու սրբութիւններից կը հրաժարուի, եթէ այդպիսիք ունի։ Բայց եթէ իր ընտանիքից հրաժարուել կարող է, ապա պատմական Հայաստանից, մեր հայրենիքից հրաժարուել չի կարող»,- MediaHub-ի հետ զրոյցում Փաշինեանին այսպէս արձագանգեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Նա նկատեց՝ Փաշինեանի «մտքի լուծը» բաւականին ակտիվ է, եւ իւրաքանչիւր բառին արձագանգելն ուղղակի անշնորհակալ գործ է։

«Այդ մարդը մտքի լուծ ունի, հասկանո՞ւմ էք։ Ինչ ասես կարող է ասել։ Բայց պէտք է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի հրաժարւում ու չի էլ հրաժարուի իր պատմական հայրենիքից, իր պահանջատիրութիւնից»,- վստահ նկատեց պատգամաւորը։

Հարցին՝ արդեօ՞ք ՀՅԴ-ն որեւէ կերպ անդրադառնալու է այս յայտարարութեանը, Գեղամ Մանուկեանն արձագանգեց՝ կրկնելով միտքը, որ Փաշինեանի «մտքի լուծը» այնքան առատ է, որ իմաստ չկայ ամէն անգամ արձագանգել։

Պատգամաւորը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են պատմական արդարութիւնը վերականգնելուն ուղղուած աշխատանքները։

Երբ յիշեցրինք, որ դրա դէմ Փաշինեանն անգամ ընտանեկան փոդքաստով է սկսել պայքարել, եւ իրական ու պատմական Հայաստանների հակադրումն անգամ իրենց՝ ամուսին-կին զրոյցներում կայ, Գեղամ Մանուկեանն արձագանգեց․ «Դէ, աւելի լաւ, թող իրենք իրենցով բաւարարուեն, իրենք իրենց հարցեր տան, իրենք իրենց պատասխանեն։ Կարեւորը հասկանալն է, որ իրենք հայ ժողովրդի ձայնը չեն բարձրացնում, եւ նրա կարծիքը չեն հնչեցնում»։

Comments are closed.