Նիկոլը, Ճակատագրական Սպառնալիքներն Ու Ընդդիմութիւնը

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած

Յուլիս 2022

2022 թուականի. Ապրիլ-Յունիս ամիսներին Հայաստանում ընթացաւ հայրենիքի փրկութեան կարգախօսներով հրապարակ իջած դիմադրական շարժման երկրորդ փուլը: Ճիշտ չի լինի ասել, թէ շարժումը պարտութիւն կրեց, քանի որ այն ունեցաւ մի շարք ձեռքբերումներ եւ ընդլայնեց իր շրջանակները Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում: Միւս կողմից` իրականութիւնից հեռու կը լինի եզրակացնելը, թէ շարժումը յաղթանակ տարաւ, քանի որ այն չհասաւ իր գլխաւոր նպատակին` Նիկոլ Փաշինեանի ու ապազգային իշխանական համակարգի հեռացմանը:

Իսկ կարելի՞ է մտածել, թէ յաղթեց Նիկոլ Փաշինեանը: Իհարկէ, իրականութիւնը նա այդպէս կը ներկայացնի թիմակիցներին, հանրութեանը, ինչպէս եւ արտաքին շահագրգիռ ուժերին, որպէսզի թոյլ չտայ թիմի թուլացումն ու քայքայումը, երկրի ներսում դիմադրական շարժման ընդլայնումը եւ միեւնոյն ժամանակ արտաքին ուժերին համոզի, թէ նրանք պէտք է շարունակեն իր հետ գործ ունենալ, քանի որ երկրի լեգիտիմ իշխանութիւնն է ներկայացնում, եւ ընդդիմութեան ներուժը համարժէք այլընտրանք չէ

Իր իշխանութեան համար: Թէ՛ սեփական թիմը եւ թէ՛ արտաքին ուժերը, իհարկէ, որոշ ժամանակ կը ձեւացնեն, թէ հաւատում են այս պնդումներին, թէեւ միայն Նիկոլի անվտանգութիւնն ապահովող միջոցառումները բաւական են փաստելու, որ նա ինքը վստահ չէ իր իշխանութեան կայունութեան հարցում: Նիկոլ Փաշինեանը լաւ գիտի, որ այլեւս չի կարողանալու սեփական երկրում ազատօրէն կատարել ղեկավարի իր պարտականութիւնները, այլեւս մերժուած է Հայաստանի հասարակական, մտաւորական ու, քաղաքական ակտիւ հատուածի, եկեղեցու, Արցախի ու Սփիւռքի կողմից: Այլ խօսքով` որպէս պետութեան ղեկավար եւ ժողովրդի առաջնորդ` նա կորցրել է իր լեգիտիմութիւնը եւ, ըստ էութեան, սեփական երկրում մեկուսացած վիճակում է` գլխում մշտապէս կրելով մեծ բանտից փոքր բանտ տեղափոխուելու վախը:

Վերջնականապէս կորցնելով երբեմնի համաժողովրդական աջակցութեան վերականգնման յոյսը`ներքին կեանքում իշխանութիւնը պահպանելու համար նրա քաղաքական յենարանը մնում է արտաքին շահագրգիռ ուժերի աջակցութիւնը, ինչի երաշխիքն էլ բոլոր շահագրգիռ կողմերի` անգամ իրար հակասող նպատակներին ու շահերին ծառայելու նրա պատրաստակամութիւնն է:

Իհարկէ, իր գաւառական խորամանկութեամբ, անսկզբունքայնութեամբ, բոլորին խոստանալու եւ բոլորին խաբելու խուսանաւումներով Փաշինեանը հասցրել է բացարձակապէս անվստահելի դառնալ բոլորի համար, միւս կողմից` նմանուել է Նիքարակուայի երբեմնի դիկտատոր Սամոսային, որի մասին ամերիկացիները (ենթադրաբար նախագահ Ռեյկընը) ասել են «Աամոսան շան որդի է, բայց մեր շան որդին է»: Իհարկէ, բոլոր տեսակի սամոսաները պէտք են, քանի դեռ հնարաւոր է նրանց օգտագործել, որից յետոյ դառնում են աւելորդ ու յաճախ խանգարող: Արտաքին ուժերի աջակցութեան միւս պատճառը ընդդիմութեան նկատմամբ եղած կասկածներն են:

Մի ընդդիմութիւն, որը կախման մէջ չէ որեւէ արտաքին ուժից եւ, ըստ էութեան, վարում է ազգային-ազատագրական պայքար, բացառում է Արցախի ներառումը Ատրպէյճանի կազմում, խստօրէն քննադատում է պարտուած վարչապետի կնքած պարտուողական պայմանագրերը, յաղթելու դէպքում կարող է շատ խաղաթղթեր իրար խառնել, զգուշաւորութեան է մղում շահագրգիռ բոլոր կողմերին: Միւս կողմից` դեռեւս մշուշոտ է ընդդիմութեան յաղթելու հաւանականութիւնը, եւ նման պարագայում օտարները չեն կարող հաշուի նստել կասկածելի հեռանկարի հետ` այդպիսով դէպի հակառակ բեւեռ վանելով սկզբունքներից ու ազգային պատասխանատուութիւնից զուրկ քաղաքական բախտախնդիրների իշխանութեանը:

Իհարկէ, երկրի ներսում, իշխանութեան եւ յատկապէս քաղաքական առաջնորդի ֆիզիքական անվտանգութիւնը աչալրջօրէն ապահովում են ուժային կառոյցները, սակայն ժողովրդային աճող դժգոհութեան, խորացող քաղաքական, տնտեսական ու այլ հիմնահարցերի պայմաններում մարում է որեւէ մէկին մինչեւ վերջ վստահելու եւ ապաւինելու կասկածամիտ ու անհաւասարակշիռ ղեկավարի հաւատը:

Ներկայումս, երբ ընդդիմադիր հրապարակային շարժումը տեղատուութեան մէջ է, իշխանութիւնն ու նրա առաջնորդը ձգտում են առաւելագոյնն անելու` շարժման նոր եւ անխուսափելի մակընթացութեանը հնարաւորինս նախապատրաստուելու, դրա թափի վրայ ազդելու համար: Վարչապետի աթոռի պահպանման հետ ապագան կապած ղեկավարը շարունակում է կեդրոնացնել իշխանութիւնը առաւել վստահելիների նեղացող շրջանակի ձեռքում: Աւտորիտար իշխանութեան գոյութեան երկարաձգմանն են ծառայում օրէնսդրական փոփոխութիւնները, ակտիւ ընդդիմադիրների ձերբակալութիւններն ու դատական հետապնդումները, ուժային կառոյցների օգտագործումը որպէս ներքաղաքական պայքարի գործիք:

Իշխանութեան անբարոյ էութեան հերթական ապացոյցն է աչքի ընկնող մի շարք ընդդիմադիր գործիչների զօրակոչումը եռամսեայ հաւաքների: Զինուորական ծառայութիւնից հիմնականում խուսափած օտարասուն իշխանաւորների խառնախումբը հայրենիքին ծառայութիւնը դարձրել է ընդդիմադիր բազմաթիւ գործիչների գործունէութիւնը ժամանակաւորապէս կասեցնելու միջոց: Հետապնդած նպատակի համարվարչապետը դիմում է նաեւ մրցակից ճամբարը պառակտելու, շանտաժի եւ այլ մեթոդներով անհատ գործիչներին չէզոքացնելու` իրեն հոգեհարազատ գործելակերպին: Պէտք է սպասել, որ մոլագար ղեկավարի մթագնած ուղեղը նորանոր դաւեր ու դաւադրութիւններ կը նիւթի սեփական իշխանութեան ժամանակը երկարաձգելու համար:

Միեւնոյն ժամանակ նա իր առջեւ տեսնում է ի յայտ եկող նորանոր հիմնահարցեր, որոնք բարդացնում են իր ստեղծած ոստիկանապետութեան անօրինական գործելակերպը: Որքան էլ որ արտաքին պատուիրատուները փորձեն աչք փակել Հայաստանում ծաւալուող հակաժողովրդավարական ու հակաօրինական գործընթացների վրայ, ի վերջոյ ստիպուած են արձագանգել դրանց աղաղակող դրսեւորումներին: Իհարկէ, անհասկանալի է մնում, թէ ինչու հակադարձելով իշխանութիւնների քայլերին` ընդդիմութիւնը լուրջ քայլեր գրեթէ չի ձեռնարկում բռնապետական իշխանութիւնների հակաժողովրդական գործունէութեան փաստերի փաթեթը ներկայացնելու համապատասխան բոլոր միջազգային ատեաններին, կառավարութիւններին ու խորհրդարաններին, համապատասխան ատեաններում չի պայքարում ժողովրդավարութեան ու խաղաղութեան հաստատման կեղծ կարգախօսերի ներքոյ Հայաստանը թշնամիների առջեւ ծնկի բերելու ծրագրի բացայայտման ուղղութեամբ: Չէ՞ որ այս դէպքում հարցը ոչ թէ իշխանութեան համար պայքարին է վերաբերում, այլ Հայաստանի ու Արցախի փրկութեանը ներքին թշնամուց:

Ընդդիմութիւնն առհասարակ չի կարող յաջողութեան հասնել, եթէ դիմադրական շարժմանը թափ հաղորդելուց առաջ յստակ չլինի յաղթանակի ճանապարհային քարտէսը` մինչեւ վերջնակէտ:

Այդ քարտէսը, իր գործադրողներով հանդերձ, հնարաւորինս յստակ պէտք է ներկայացուի նաեւ հանրութեանը` ցրելու նպատակով գերիշխող այն անորոշութիւնը, թէ ինչ է լինելու Նիկոլ Փաշինեանի հեռացումից յետոյ:

Շարժման յաջողութեան ակնկալիք չպէտք է ունենալ նաեւ այն դէպքում, եթէ դիմադրութեան ալիքը չտարածուի հանրապետութիւնով մէկ, իսկ եթէ դա հնարաւոր չհամարուի, ապա աւելի լաւ է չսկսել գործընթացները:

Շարժումը պէտք է ներկայացնի երկիրը համապարփակ ճգնաժամից դուրս բերելու ամբողջական ծրագրեր` լուծումներ անվտանգութեան, սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների վերաբերեալ:

Այն պէտք է ձգտի ձեռնպահ մնալու այնպիսի գործընկերների հետ գործակցութիւնից, որոնք խոցելի են:

Աւելորդ է կրկնելը, որ գործող իշխանութեան օր առաջ հեռացումով է պայմանաւորուած հայրենիքի ու ազգային շահերի առաւելագոյնը փրկելու հնարաւորութիւնը: Ամէն սթափ մտածող մարդու համար պէտք է պարզ լինի, որ եթէ ատրպէյճանա-թրքական տանդեմը հնարաւոր բոլոր ճանապարհներով, այդ թւում` պատերազմի միջոցով, դեռեւս չի համարձակւում դիմել Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր յաւակնութիւնների իրականացմանը, ապա դա ոչ թէ Հայաստանի իշխանութիւնների, այլ ռուսական պարտադրանքի հետեւանք է: Իհարկէ, ռուսերը ոչ թէ մեր գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց շահերից ելնելով թոյլ չեն տալիս, որ թուրքական եղբայրական դաշինքը Հայաստանից կորզի այնպիսի զիջումներ, որոնցից յետոյ ռուսական զինուորական ուժերի ու առհասարակ ռուսների ներկայութիւնը Անդրկովկասում կը դառնայ անիմաստ: Ռուսերը հնարաւորինս զսպում են սադրանքների ու ռազմական գործողութիւնների սանձազերծումը երկրորդ ճակատում, եւ այս վիճակի պահպանման հնարաւորութիւնը ուղղակիօրէն պայմանաւորուած է ռուսական ուժերի կայուն յաջողութիւններով ուկրաինական ճակատում: Սրանով հանդերձ` անակնկալ եւ կարճաժամկէտ պատերազմի հաւանականութիւնը չի բացառում անգամ Հայաստանի իշխանութիւնը, որը մինչ այդ տարփողում էր տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու իր «մեծ առաքելութեան» մասին:

Լաւ ճանաչելով Հայաստանի այսօրուայ իշխանութիւնների հակազգային, խարդախ բնոյթը` հաւանական է թւում նաեւ, որ պատերազմի մասին իշխանաւորների հնչեցրած ենթադրութիւնները ունեն հանրային կարծիքը նախապատրաստելու միտում: Չի բացառւում, որ, Արեւմուտքի օրհնութեամբ կամ առանց դրա, Ատրպէյճանը դարձեալ Թուրքիոյ աջակցութեամբ կայծակնային եւ լոկալ պատերազմ սկսի անկլաւ ճանաչած հայկական բնակավայրերի, ինչպէս եւ միջանցքի հարցը լուծելու համար: Այդ դէպքում Նիկոլ Փաշինեանը դարձեալ հնարաւորութիւն կ’ունենայ արդարանալու, որ եթէ հող յանձնող լինէր, կը յանձնէր առանց պատերազմի: Իսկ մինչ այդ, քանի դեռ ռուսներն էլ զբաղուած են պատերազմով, ադրբեջանցիներն ու թուրքերը հապճեպօրէն դէպի «սեփական խաղադաշտեր»- հանդիպումների են քարշ տալիս Հայաստանի պատասխանատու պաշտօններ զբաղեցնող անձանց` վստահ լինելով, որ լաւ սեղմելու դէպքում սրանց կարելի է պարտադրել ամէն ինչ:

Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած են ճակատագրական սպառնալիքներ, որոնք ազգային ուժերին պարտադրում են դրութիւնը փրկելու քայլեր: Այլապէս գլխներիս կախուած բախտորոշ վերջին պարտութիւնից յետոյ, թե՛ ընդդիմութեան ուշացած քայլերը եւ թե՛ ինքը` ընդդիմութիւնը, այլեւս կը կորցնեն իրենց նշանակութիւնը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.