Յարաբերութիւնների կարգաւորման քօղի տակ Թուրքիան կատարում է իր սեւ գործը. Լոքմագեօզեան

Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազատութեան ստոկհոլմեան կենտրոնի զեկոյցին, որում թուարկուել են անցած տարուայ ընթացքում Թուրքիայում հայկական ժառանգութեան ոչնչացման դէպքերը։

Թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանը Ստոկհոլմեան կենտրոնին առաջարկում է աւելի յետ գնալ եւ աւելի ընդգրկուն դարձնել տեղեկութիւնները, որովհետեւ Թուրքիայում հայկական մշակութային հետքերի ոչնչացումը ոչ թէ 2021 թուականի խնդիր է, այլ աւելի քան հարիւր տարի շարունակուող քաղաքականութիւն է։

«Հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Թուրքիայում ի սկզբանէ կրել է սիստեմատիկ բնոյթ։ Այսօր շատ քիչ բան է մնացել, սակայն այդ մնացած կոթողներն էլ ցանկանում են իսպառ վերացնել։ Յատկապէս Արեւմտեան Հայաստանի պատմական տարածքներում գրեթէ հայկական գերեզմանատներ, յուշաքարեր չեն պահպանուել, էլ չենք խօսում մատուռների ու վանքերի մասին։ Եկեղեցիներ հատուկենտ կան, որոնք 1915 թուականից յետոյ սեփականացուել են եւ յայտնուել ինչ-որ մարդկանց տնօրինութեան տակ։ Վերջին տարիներին ոմն թուրքերի պատկանող այդ եկեղեցիները համացանցի միջոցով հանուել են վաճառքի»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց թուրքագէտը` ընդգծելով, որ այդ վանքերը Ցեղասպանութիւնից առաջ ունեցել են ազգային պատկանելութիւն եւ դրանցում մատուցւել են պատարագներ։

Անդրադառնալով այն հարցին, թէ ինչպէս կարելի է հակազդել հայկական մշակութային ժառանգութեան դէմ Թուրքիայի կողմից վարւող նենգ քաղաքականութեանը, Լոքմագեօզեանն ընդգծեց, որ խնդրին Հայաստանը պէտք է անդրադառնայ պետական մակարդակով, քանի որ երեսուն տարի առաջ միայն սահմանափակ կարողություններ ունեցող հայկական սփիւռքն է զբաղուել նման խնդիրներով։ Սակայն սփիւռքը չի կարող առանձին պետութեան անունից խօսել կամ գործել, ուստի Հայաստանը պէտք է Թուրքիայի հետ յարաբերուելիս բարձրաձայնի խնդիրը եւ այդ մասին խօսի նաեւ միջազգային կազմակերպութիւններում։

«Նիկոլ Փաշինեանը վերջին ասուլիսում յայտարարեց, որ Հայ Դատի հարցը թողնուել է սփիւռքի ուսերին։ Դժբախտաբար այդպէս է, եւ գործող կառավարութիւնը կարծում է, թէ միայն սփիւռքն է Ցեղասպանութեան արդիւնք, կարծէք թէ ՀՀ շատ քաղաքացիներ Մեծ Եղեռնից մազապուրծ եղածների շառաւիղները չեն։ Սա արդարացում չէ, որպէսզի կառավարութիւնն այլեւս չզբաղուի Հայ Դատի հարցերով։ Սա անընդունելի տարանջատում է սփիւռքի, Հայաստանի ու Արցախի միջեւ»,- ասաց թուրքագէտը։

Անդրադառնալով այն հարցին, թէ կարո՞ղ է արդեօք հայկական մշակութային ժառանգութեան պահպանման հարցը ներառուել հայ-թուրքական մեկնարկած բանակցութիւնների օրակարգում, Լոքմագեօզեանը շեշտեց, որ երկխօսութեան մէջ առայժմ ընդգրկւում են միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին առնչուող հարցերը եւ ընդհակառակը` ոտնակոխ են արւում մեր շահերը։ Ըստ նրա` մեզ պատրաստում են այն հեռանկարին, որ ճանաչուի Թուրքիա-Հայաստան սահմանը, որ հայկական կողմն ընդունի Կարսի եւ Մոսկուայի պայմանագրերը, հրաժարուի իր պահանջատիրութիւնից` Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից։

Լոքմագեօզեանի կարծիքով` հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի քօղի տակ Թուրքիան նորից կատարում է իր սեւ գործը, ինչը ցոյց է տալիս, որ Թուրքիան ամբողջովին ուրիշ նպատակներ ունի, քան այն, ինչ ներկայացնում է մեզ։ Լոքմագեօզեանի պնդմամբ` Թուրքիան չի կարող իսկապէս բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ, որովհետեւ առաջնորդւում է տիրոջ եւ ծառայի սկզբունքով։

Նշենք, որ «Փոքրամասնութիւնների եւ փախստականների իրաւունքները Թուրքիայում. 2021 թուականի ամփոփում» վերնագրով յօդուածում Ազատութեան ստոկհոլմեան կենտրոնը թւարկել է անցած տարուայ ընթացքում Թուրքիայում հայկական ժառանգութեան ոչնչացման եւ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ աղաղակող իրաւախախտումների դէպքերը։

Յօդուածում նշւում է, որ ԱՄՆ կրոնական ազատության միջազգային յանձնաժողովը Պետդեպին խորհուրդ է տալիս կրօնական անհանդուրժողականութեան, իրաւախախտումների և վանդալիզմի համար յատուկ ցանկում ներառել Թուրքիային։

Leave a Comment

You must be logged in to post a comment.