Յայտարարութիւն

Արցախի Հանրապետութեան նախագահի դէմ ուղղուած Ադրբեջանի դատախազութեան՝ վերջերս արուած յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականութեան դէմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից սպառնալիքի և հայատյացութեան հերթական դրսևորում:

Չնայած ներքին քաղաքական կեանքում Արցախի Հանրապետութեան նախագահի հետ ունեցած մեր տարաձայնութիւններին՝ առաջնորդուելով բացառապէս հանրային ու պետական շահերով՝ չենք կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետութեան պետականութեան ինստիտուտներից որևէ մէկի նկատմամբ բացայայտ ոտնձգութեան հանդէպ:

1990-ական թուականներից մեր ժողովրդի դէմ ագրեսիա սանձազերծած և այդ ընթացքում բազմաթիւ ռազմական յանցագործութիւններով յայտնի դարձած Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են քօղարկել իրենց մեղքերը: 2020 թուականի աշնանը պարտադրուած նոր պատերազմի ու դրա արդիւնքում ունեցած ծանր կորուստների խորապատկերի վրայ Արցախի Հանրապետութեան նախագահի հանդէպ քրէական հետապնդման գործընթաց սկսելու հաւակնութիւնների մասին յայտարարութիւնը ցինիկ մարտահրաւէր է բոլոր այն կառոյցներին ու երկրներին, որոնց ջանքերով կանխվել է նոր ցեղասպանութիւն իրականացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը:

Ստեղծուած պայմաններում յորդորում ենք հայութեան բոլոր հատուածներին ու ազգային կառոյցներին հակարշաւ նախաձեռնել և Ադրբեջանի ձեռնարկած հերթական հակաարցախեան ահաբեկչական նկրտումների մասին իրազեկել բոլոր պատկան մարմիններին ու քաղաքական շրջանակներին: Կասկած չկայ, որ այդ քայլով ադրբեջանական կողմը նպատակ է դրել արժէզրկել տարածաշրջանում կայունութիւն հաստատելու կոչուած խաղաղարար ուժերի ջանքերը և նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով կարգաւորելու մանդատ ունեցող Մինսկի խմբի համար:

Արցախի Հանրապետութեան իրաւապահ մարմիններից պահանջում ենք գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ՝ որպէս պատերազմի իրական յանցագործների՝ միջազգային արդարադատութեան առջև կանգնեցնելու համար:

Կոչ ենք անում «խաղաղութեան դարաշրջանով» ոգևորուած ուժերին սթափուել և կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգութիւնը սեփական ուժերով կազմակերպելու վրայ:

Արցախի դէմ տարուող բոլոր ծրագրերը հայոց պետականութեան ամրութիւնը սասանելու միտում ունեն: Վստահ ենք, որ Արցախի ժողովուրդը հաւատարիմ կը մնայ անցած տասնամեակների որդեգրած սկզբունքներին և արժանապատւօրէն կը հակազդի հակառակորդի կողմից նախաձեռնած սադրանքներին ու ահաբեկչական գործողութիւններին:

 

ՀՅ Դաշնակցութեան Արցախի կառոյց

Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն

Արդարութիւն կուսակցութիւն

Ք. Ստեփանակերտ

16 փետրուարի, 2022թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.