Յայտարարութիւն` Ֆրանսայի Հանրապետութեան Ծերակոյտի Կողմից Ընդունուած Բանաձեւի Վերաբերեալ

Ֆրանսայի Հանրապետութեան Ծերակոյտը յունուարի 17-ին, գրեթէ միաձայնութեամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանն աջակցող, Ազրպէյճանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հայ բնակչութեան` Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ: Ստեղծուած իրավիճակում չափազանց կարեւոր է Ֆրանսայի օրէնսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը, Արցախում ազրպէյճանական վերջին նախայարձակման դատապարտում, հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորման անհրաժեշտութիւն, Հայաստանի Հանրապետութեան տարածքների ապաբռնագրաւում, Հայաստանի կողմից իր անվտանգութիւնը, այդ թւում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողութիւնների զարգացում, Պաքուում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատութիւն, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն: Կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը:

Ընդունուած բանաձեւը համահեղինակել են ֆրանսական ծերակոյտի քաղաքական բոլոր խմբակցութիւնների ղեկավարները, ինչը հայութեան հանդէպ ֆրանսական ներքաղաքական համախոհութեան կարեւոր ցուցիչ է:

Այս բանաձեւի ընդունումը մաս է կազմում վերջին շրջանում Եւրոպայում եւ յատկապէս Ֆրանսայում հայկական շահերի պաշտպանութեան ծաւալուն միջոցառումների, որոնց կարեւոր մի մաս ներկայումս առաջ է մղւում «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի միջոցով, որի կազմակերպմամբ` յունուարի 27-ին եւ 28-ին, եւրոպական 15 երկրների աւելի քան 55 քաղաքներում նախատեսուած են տարաբնոյթ միջոցառումներ: Ֆրանսայում միջոցառումներ կ՛անցկացուեն 13 քաղաքներում:

Լիայոյս ենք` ֆրանսական օրէնսդրի կողմից ընդունուած այս բանաձեւն ամբողջապէս ուղենշային կը լինի Ֆրանսայի գործադիր իշխանութեան համար եւ կը վերաճի ամբողջական պետական քաղաքականութեան:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

18 յունուար 2024

Comments are closed.