Մշակոյթի Գործիչները Լռում Են, Երբ Կեղծ, Հակագիտական Հիմնաւորումներով Հակադրւում Են Հայրենիքն Ու Պետութիւնը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Ինչո՞ւ են լռում մշակոյթի գործիչները:
Ամիսներ առաջ, երբ օրէնքով վերացրին պատուաւոր կոչումները, իսկ արդարադատութեան մի տգէտ փոխնախարար ԱԺ ամբիոնից ամենայն համոզումով յայտարարեց, թէ ով է Վլադիլեն Բալեանը` նրան ոչ ոք չի ճանաչում, մշակոյթի գործիչները լռեցին:
Մշակոյթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսութեան» ենթարկուեցին պատմութեան ու գրականութեան դասագրքերը` խեղելով պատմական իրողութիւններ, մեր ինքնութեան առանցքային հիմքերը:
Մշակոյթի գործիչները շարունակում են լռել, երբ ամէն օր կեղծ, հակագիտական հիմնաւորումներով հակադրւում են հայրենիքն ու պետութիւնը, ազգայինն ու պետականը:
Լռում են, երբ անարգում են Հայ առաքելական եկեղեցին ու փորձում թիրախաւորել նրա հայրապետին, բայց փառասիրաբար յայտնւում են միւռոնօրհնէքի ծէսի առաջին շարքերում…
Լռում են ու շարունակում «Արշակ 2րդ», «Ինկած Բերդի Իշխանուհին» կամ «Մուսա Լերան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի Ողբը» երգել, «Արարատ» նկարել…:
Լռում են…` որոշները պատերի տակ խօսելով, բայց իշխանական կերակրատաշտից հաճոյքով օգտուելով:
Եւ ահա, մեր քաղաքակրթական ժառանգութեան, նոյնն է, թէ մեր դէմ պայքարն հասաւ մշակութային կազմակերպութիւններին:
Առանց յօդաբաշխ հիմնաւորման ՔՊն` միասնական կուռ համոզումով, Նիկոլ Փաշինեանի յանձնարարականով, ԿԳՄՍ (կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւն) մի ոչ-ադեկուատ (ոչ-պատշաճ) փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպութիւններին Օրէնքով զրկուեց այդ կարգավիճակից:
Ազգային կարգավիճակը նրանց շնորհուել էր տասնամեակների մշակութային առաքելութեան եւ գործունէութեան համար` շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հէնց պետութեան կողմից դրանց առանձնակի արժեւորումը. Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր (նուագախումբ), Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտութեան Ազգային կենտրոն…
Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպութիւնների գեղարուեստական ղեկավարներին եւ տնօրէններին պաշտօնական նամակով դիմեցի` հրաւիրելու ԱԺ` ԿԳՄՍի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնաւորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնութիւնը, անգամ խոստացուած փակ քննարկման պարագայում, վախեցաւ, խուսափեց եւ տարբեր քստմնելի պատճառաբանութիւններով չեկաւ փակ քննարկմանը:
Մի քանիսն անկեղծօրէն խոստովանեց, որ յետոյ վրէժ կը լուծեն, կը հետապնդեն, սեւ ցուցակում կը յայտնուեն, կը զրկեն փողից…
Նոյնիսկ չգիտես` կարեկցե՞լ, ինչպէ՞ս վերաբերուել այս ինքնանսեմացող տեսակին, յաւերժ ներկայ ու համակերպուող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տէրեր ու կուսակցութիւններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրուայ ռեժիմի (վարչակարգի) հաւատարիմ ծառան…
Իրականում, որքան էլ ցաւալի է, բայց անսպասելի բան չկայ. սա լիուլի տեղաւորւում է մեր օրերի տրամաբանութեան ու «մշակոյթ»ի մէջ:
Պաշտօնական Հայաստանը լռում է` Բաքուի բանտերում մոռանալով խոշտանգուող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու աւելի վատ չլինի»:
Ալէն Սիմոնեանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղութեան»ը, որի օրօք Հայաստանը ֆաշիստ է հռչակւում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ են:
Դէ «ազգային» մշակոյթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգութիւնը, որովհետեւ չեն ուզում դուրս գալ յարմարաւէտութեան գօտուց…
«Տուն ենք պահում կամ քաղաքականութեամբ չեմ զբաղւում» կենցաղային, չգոյութեան փիլիսոփայութիւնը խժռել է բոլորին:
Իսկ շատերը միամտաբար համոզուած էին, թէ սահմանը` ներքին սահմանը, ինքնութեամբ են պահում: Ու անղեկ հասարակութիւնը շարունակում է հարցնել` իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան (ընտրանին): Ո՞ւր է…
Ու այսպէս կորցնում ենք արտաքին ու նաեւ ներքին սահմանը` հեռացնելով մեզ մեզանից…
Յ. Գ.- Դժուար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարուի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան` իր ազգային պատմութեան թանգարանից… Ու ֆրանսիացին, անգլիացին կամ աւստրիացին լռի…
Լիլիթ Գալստեան՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Comments are closed.